Մի քանի օր առաջ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ճոն Քերրին, խօսելով, այսպէս կոչուած, սառեցուած հակամարտութիւնների մասին, յայտարարել է, որ Հայաստանի եւ Ազրպէյճանի ղեկավարները պատրաստ չեն ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը:
Նրա խօսքով, ղարաբաղեան հակամարտութեան հարցում դեռեւս հեռանկարներ չկան, ընդ որում, Ճոն Քերրին նշել է, թէ պաղեստինա-իսրայէլեան հակամարտութիւնը կարգաւորման աւելի մեծ կարելիութիւններ ունի:
Բնականաբար Քերրիի խօսքերին կարելի է տարբեր կերպ մօտենալ: Այն գնահատել որպէս ամերիկացի միջնորդի «յուսահատութեան ճիչ», ճիչ, որ ծնուել է առարկայական ճշմարտութիւնից, եթէ հաշուի առնենք կողմերի դիրքորոշումների բեւեռացուածութիւնը: Կամ` բանակցային գործընթացի ձգձգման պատասխանատուութիւնը զուտ հակամարտող կողմերի վրայ բարդելու միջոց: Հնարաւոր է եւ միջազգային միջնորդների` հաւասարութեան արատաւոր սկզբունքին հաւատարիմ մնալու հերթական արտացոլում, երբ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների խաղաղարար ջանքերի խաթարման համար մեղքը հաւասարապէս դրւում է հակամարտութեան բոլոր կողմերի վրայ, թէեւ, առաւել քան ակնյայտ է, որ հիմնախնդրի չլուծուած լինելու ու նրա ներկայ, ըստ էութեան, անլուծելիութեան համար հիմնական պատասխանատուութիւնն ընկած է միայն ու միայն Ազրպէյճանի վրայ: Քանզի յայտնի է, որ հայկական երկու կողմերը միշտ հանդէս էին գալիս հակամարտութեան փոխզիջումային կարգաւորման օգտին, այն դէպքում, երբ պաշտօնական Պաքուն զիջումների մասին չի էլ ակնարկում: Աւելի՛ն. անընդհատ շիկացնելով իրադրութիւնը շփման գծում ընդհուպ մինչեւ լայնածաւալ ռազմական գործողութիւնների սանձազերծում` շարունակ եւ անյուսալիօրէն յետ է շպրտում կարգաւորման հեռանկարը, ինչի մասին էլ ասաց Ճոն Քերրին:
Հարկ է նկատել, որ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարի խօսքը քննադատութեան ենթարկուեց ռուսաստանեան միջնորդի կողմից: Մեկնաբանելով Ճոն Քերրիի յայտարարութիւնը` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ոչ առանց որոշակի խայթող հնչերանգի, ընդգծել է, որ «կարգաւորումը շահում է ոչ թէ յայտարարութիւններից, այլ` գործնական աշխատանքից, որով մենք զբաղւում ենք»: «Գործնական աշխատանքին», որով «զբաղւում են», առայժմ չենք անդրադառնայ, պարզապէս նշենք, որ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարի եզրակացութիւնների նրա գնահատականում առկայ անթաքոյց մեղադրանքը կարելի է դիտարկել, աւելի շուտ, ռուս-ամերիկեան ներկայ յարաբերութիւնների պարունակում, որոնք վերջերս որոշակի ճգնաժամ են ապրում` կապուած Սիրիայի իրավիճակի հարցով Մոսկուայի ու Ուաշինկթընի միջեւ տարաձայնութիւնների հետ: Այս դիտանկիւնից ղարաբաղեան հիմնախնդրի հարցով Քերրիի մեկնաբանութիւնների վերաբերեալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան դիրքորոշումը դեռ կարելի է հասկանալ: Բայց ահա ինչը դժուար է հասկանալ` պաշտօնական Պաքուի դժգոհութիւնն է Քերրիի ասածից:
«Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ճոն Քերրիի` լեռնայինղարաբաղեան հակամարտութեան լուծմանը ղեկավարների պատրաստ չլինելու մասին յայտարարութիւնը զարմացնում ու վշտացնում է մեզ», այս մասին յայտարարել է Ազրպէյճանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամետովը: Նրա խօսքով, գերտէրութեան արտաքին գործերի նախարարի կողմից նման յայտարարութեան տարածումը զարմանք է յարուցում. «Ազրպէյճանական հողերի ազատագրման համար Միացեալ Նահանգները նոյնպէս քուէարկել էր ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի չորս բանաձեւերի ընդունման օգտին: ԵԱՀԿ Մինսքի խմբի անդամ երեք երկրների նախագահները յայտարարել են, որ սթաթիւս-քուոն պէտք է փոխուի: Հիմք ընդունելով այս ամէնը` նրանք պէտք է ինչ-որ բան ասէին կամ հանդէս գային Լեռնային Ղարաբաղի շուրջ եօթ շրջանների ազատագրման դիրքորոշմամբ ու նոր միայն ասէին, թէ ղեկավարները պատրաստ չեն հակամարտութեան կարգաւորմանը: Այդ իսկ պատճառով Ազրպէյճանը չի ճանաչում Ճոն Քերրիի յայտարարութիւնը»: Ապա վշտացած Մամետովը Միացեալ Նահանգներից պահանջեց պարզաբանել Քերրիի յայտարարութիւնը «լրիւութեամբ, այնպէս, որ իւրաքանչիւրի համար այն հասկանալի լինի»:
Ազրպէյճանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավարի դժգոհութիւնն ամբողջովին ներգծւում է ռուսական յայտնի «Ով ինչի մասին, ոջլոտը` բաղնիքի մասին» ասացուածքի հենքում: Ահա ուրեմն, «ոջլոտ» Նովրուզը, ով Միացեալ Նահանգներից բացատրութիւն է պահանջում արտաքին գործերի նախարարի յայտարարութեան ամբողջական ընկալման համար, իրեն անխելահաս երեխայի տեղ է դրել ու դարձեալ անցել, այսպէս կոչուած, «բռնագրաւուած տարածքներ»-ի մասին ազրպէյճանական ձանձրալի երգին: Կարծում ենք` Մամետեարովն ամէն ինչ կը հասկանար եւ առանց լրացուցիչ բացատրութիւնների, եթէ Քերրին յանուն առարկայականութեան փոխէր շեշտադրումները` ընդգծելով հակամարտութեան կարգաւորմանը հէնց ազրպէյճանական կողմի պատրաստ չլինելը: Կարո՞ղ է Մամետեարովը պարծենալ հիմնախնդրի փոխզիջումային լուծմանը եւ միջազգային իրաւունքին իր դիւահար նախագահի հաւատարմութեամբ, իրաւունք, որը Պաքուն անընդհատ եւ լկտիաբար վկայակոչում է: Բնական է` ոչ: Իսկ Ալիեւի ու նրա վարչակարգի ներկայացուցիչների` ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի յայտնի չորս բանաձեւերի վերաբերեալ բոլոր աղիողորմ ողբերգերը, ի ցաւ իրենց, Մինսքի խմբի համանախագահների մօտ արցունք չեն յարուցում, քանի որ նրանք շատ լաւ ծանօթ են այդ փաստաթղթերի ինչպէս բովանդակութեանը, այնպէս էլ նպատակներին: Իսկ գլխաւոր նպատակն այն էր, որ բոլոր չորս բանաձեւերը որպէս հրամայական` պահանջում էին ռազմական գործողութիւնների անյապաղ դադարեցում, ինչն Ազրպէյճանը մինչ օրս չի կատարում` անգամ դրանց ընդունումից աւելի քան երկու տասնամեակ անց:
Այդ դէպքում ո՞ւմ է մեղադրում Պաքուն ի դէմս, տուեալ պարագայում` Նովրուզ Մամետովի: Ճակատագրի հեգնանքը նրանում է, որ միաժամանակ նա փորձում է սովորեցնել ուրիշներին. «Մարդու իրաւունքների ու միջազգային իրաւունքի մասին խօսող մեծ պետութիւնները թող իրենց նայեն հայելու մէջ»: Ինչը, ի դէպ, չէր խանգարի եւ հէնց իրեն` դպրոցական տարիներից յիշելով այն մասին, թէ` «հայելուն ի՞նչ մեղք, եթէ մռութդ ծուռ է»: Իսկ ինչպիսին «մռութն» է, այնպիսին էլ յայտարարութիւններն են: