
2018-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, շաբաթ, 8 հոկտեմբերին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ մաս կը կազմէ Ե. խմբակին, Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ հիւրընկալեց Ռումանիան:
Հայրենի կազմը պաշտօնական մրցումներուն ընթացքին կրեց իր ամէնէն ծանր պարտութիւնը` 5-0 արդիւնքով:
Մրցումը հազիւ սկսած (3-րդ վայրկեանին), օրուան իրաւարարը փենալթի մը սուլեց յօգուտ հիւր կազմին` նկատի ունենալով, որ Գոռ Մալաքեան մեծ քառակուսիին մէջ ձեռքով դպաւ գնդակին: Ան ուղղակիօրէն կարմիր քարտ մը ստացաւ: Փենալթին կոլի վերածեց Պոկտան Սթանքու:
Ա. կիսախաղը աւարտեցաւ 4-0 արդիւնքով` նկատի ունենալով, որ Ռումանիա նշանակեց երեք կոլ եւս` շնորհիւ Ատրիան Փոփայի (10-րդ), Ռազվան Մարինի (12-րդ) եւ Նիքոլայ Սթանսիուի (29-րդ): Ռումանիա իր 5-րդ կոլը նշանակեց 59-րդ վայրկեանին` շնորհիւ Ալեքսանտրու Շիփսիուի:
Պէտք է ըսել, որ Մալաքեանի ստացած կարմիր քարտը ամբողջութեամբ տակնուվրայ ըրաւ գլխաւոր մարզիչ Վարուժան Սուքիասեանի հաշիւները` նկատի ունենալով, որ հայրենի կազմին մօտ բաւական խառնաշփոթ վիճակ մը տիրեց, որմէ մեծապէս օգտուեցաւ հիւր կազմը:
Այսպիսով, Հայաստան այս մրցաշարքին գծով կրեց իր երկրորդ յաջորդական պարտութիւնը. առաջինը` Դանիայէն (4 սեպտեմբեր), 1-0 արդիւնքով:
Ա. կիսախաղին թրիպիւններէն կը լսուէին Եուրա Մովսիսեանի եւ Վարդան Մինասեանի անունները, մինչ ուրիշներ կը կանչէին «Սուքիասեան, հեռացի՛ր»:
Հայաստանի յաջորդ մրցակիցն է Լեհաստան: Մրցումը տեղի պիտի ունենայ երեքշաբթի, 11 հոկտեմբերին, վերջինիս դաշտին վրայ:
Ստորեւ կու տանք Ե. խմբակին դասաւորումը.
ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Մոնթենեկրօ | 2 | 1 | 1 | 0 | 6 | 1 | 4 |
| 2.- Ռումանիա | 2 | 1 | 1 | 0 | 6 | 1 | 4 |
| 3.- Լեհաստան | 2 | 1 | 1 | 0 | 5 | 4 | 4 |
| 4.- Դանիա | 2 | 1 | 0 | 1 | 3 | 3 | 3 |
| 5.- Ղազախստան | 2 | 0 | 1 | 1 | 2 | 7 | 1 |
| 6.- ՀԱՅԱՍՏԱՆ | 2 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 0 |


