
ՆԻԿՈԼԱՅ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ
Նիկողայոս (Նիկոլայ) Նիկողոսեանը Հայաստանի ամենանշաւոր արուեստագէտներէն մէկն է: Անոր ամենաճանչցուած գործը ազատութեան երգիչ Միքայէլ Նալբանդեանի արձանն է, որ կարծէք իբրեւ ծաղր, կամ բողոք, դրուած է Երեւանի նախկին Քա. Կէ. Պէ. շէնքի դիմաց: Ան հեղինակ է նաեւ Չարենցի եւ կամ Իսահակեանի նման շարք մը դէմքերու նուիրուած յուշարձաններուն: Ն. Նիկողոսեանը այժմ իննիսունութ տարեկան է եւ կը շարունակէ աշխատիլ երիտասարդական աւիւնով:
Ապրելով Մոսկուա` ան կը համարուի Ռուսիոյ ամենամեծ քանդակագործ-նկարիչներէն մէկը: Ռուսիոյ Գեղարուեստի ակադեմիայի ակադեմիկոսի եւ ժողովրդական նկարիչի կոչումներ ունի: Ըլլալով բազմակողմանի տաղանդի տէր, Նիկողոսեանը, բացի քանդակէ, գեղանկարէ եւ գծանկարէ, կը զբաղի նաեւ գրական գործունէութեամբ:
Ստորեւ կը ներկայացնենք անոր յիշողութիւնները հայ թատրոնի մեծագոյն աստղերէն մէկուն` Արուս Ոսկանեանի մասին, որ մեծ դեր խաղացեր է երիտասարդ Նիկոլայի արուեստի աշխարհի նուիրուելու գործին մէջ:
Երկար տարիներ հոգու պարտք եմ համարել գրել մեր թատրոնի ականաւոր դերասանուհի Արուս Ոսկանեանի մասին: Անցած տասնամեակները չեն խամրել նրա պածառ պատկերը իմ յիշողութեան մէջ:
Առաջին անգամ նրան տեսայ 1935 թուականի գարնանը: Տասնվեց տարեկան էի: Աբովեան փողոցով անցնում էր մի կին, որի վրայ բեւեռուած էին բոլոր անցորդների հայեացքները: Իրար հրմշտկելով, փսփսալով` ցոյց էին տալիս Արուսին. «Արուսն է, ի՜նչ գեղեցիկն է մեր դերասանուհի Ոսկանեանը»: Մինչեւ այդ անծանօթ ու անհասկանալի մի զգացմունք պատեց ինձ: Ուզեցի հետեւել նրան: Անդիմադրելի ուժ, մագնիսի նման ձգում էր դէպի իրեն: Արուսը գնում էր գլուխը բարձր, խիստ ու հպարտ կեցուածքով, անհասանելիօրէն գրաւիչ: Ես տղայօրէն, յամառ հետեւեցի նրան, մինչեւ անյայտացաւ Աբովեան փողոցի փոքրիկ բակերից մէկում:
Արուսին նորից տեսնելու հնարաւորութիւններից մէկը թատրոնն էր: Արցունքներ քամող, ցնցող, իմ առաջին տպաւորութիւնը թատրոնից, ստացայ Վահրամ Փափազեանի երեւանեան հիւրախաղերի ժամանակ, երբ դժուարութեամբ, առանց տոմսի սողոսկել էի ներս: Տեզտեմոնան Արուսն էր: Նրա կանացի հրապոյրը եւ հերոսուհու նրբագոյն ու ողբերգական մարմնաւորումը վերջնականապէս գերեցին ինձ:
Այսուհետեւ, յաճախ, Աբովեան փողոցի անկիւնում դարանակալում էի նրան: Արդէն գիտէի առաւօտները ո՛ր ժամին էր գնում թատրոն եւ երբ էր վերադառնալու: Ես տասը քայլ հեռաւորութեամբ ուղեկցում էի նրան դէպի թատրոն եւ թատրոնից դէպի տուն: Նա ինձ համար այնքան անհասանելի էր, որ նոյնիսկ վախենում էի աւելի մօտենալ, էլ չեմ ասում` հետը խօսել: Վերջ ի վերջոյ ես որոշեցի ընդունուել թատրոն աշխատանքի, որպէսզի կարողանամ ամէն օր տեսնել նրան:
Երկու տարի աշխատեցի թատրոնի «բեմիրեր» կոչուած պաշտօնում եւ շատ անգամ հնարաւորութիւն կար մօտենալ իրեն, բայց չէի համարձակւում: Թւում էր, թէ նա այնքան խիստ է եւ անմատչելի, որ ինձ հետ խօսելու բան չի կարող ունենալ:
Մեր ծանօթութիւնը եղաւ անսպասելի: Թատրոնի բուֆետում ձիթապտուղ էին ստացել: Դերասանների, յատկապէս Պոլսից եկածների մէջ, մեծ աշխուժութիւն էր տիրում: Բոլորը հերթի էին կանգնել: Իւրաքանչիւրին մէկ քիլոկրամ էին տալիս: Կեանքումս առաջին անգամ ձիթապտուղ էի տեսնում, գինն էլ ինձ համար թանկ էր: Ուզեցի նախ համտես անել: Երբ փորձեցի, անմիջապէս դուրս թքեցի.
– Թո՜ւ, ի՛նչ զզուելի բան է: Եւ սրա համար է՞ք այդքան աղմուկ եւ հրմշտկոց սարքել:
Լսելով իմ խօսքերը` Արուսը մօտեցաւ ինձ եւ կամաց ասաց.
– Երիտասա՛րդ, եթէ դուք չէք ուզում, խնդրում եմ, ձեր բաժինը զիջէք ինձ:
Պատկերացնո՞ւմ էք, ինչպիսի՜ ուրախութեամբ համաձայնեցի:
Գնելով ձիթապտուղը` տուեցի Արուսին: Այդ պահին ձեռքս պատահաբար դիպաւ նրա ձեռքին: Շնորհակալութիւն յայտնեց եւ քնքշօրէն շոյեց գլուխս. ես երջանիկ էի:
Չնայած մեր այս կայացած ծանօթութեանը` ես խուսափում էի նրա հետ հանդիպել: Վախենում էի, որ կը զգայ եւ կը հասկանայ թէ ի՛նչ է կատարւում իմ սրտում: Ես երբեք ինձ թոյլ չէի տալիս նրա հանդէպ մտերմութիւն կամ ազատութիւն ցուցաբերել: Ամէն անգամ երբ տեսնում էի նրան, խիստ տխրում էի, սիրտս ճմլւում էր ինչ-որ անծանօթ տանջանքից, սակայն, միեւնոյն ժամանակ, ուրախանում էի, որ այդքան իշխանութիւն ունի ինձ վրայ:
Աշխատանքի բերումով ներկայ էի լինում թատրոնի փորձերին եւ երեկոյեան ներկայացումներին: «Բեմիրերը» մի պարտականութիւն է թատրոնում, որը ապահովում է ներկայացումը բոլոր անհրաժեշտ իրերով: Մէկին պէտք է տուփ տալ, միւսին հովանոց: Սեղանին պէտք է դնել արհեստական մրգեր, կեղծ գինի` համապատասխան պիտակներով եւ այլն: Ես շատ կապուեցի թատրոնին եւ սիրեցի իմ աշխատանքը: Շուտով եռանդիս եւ հնարամտութեաս շնորհիւ դարձայ դերասանների սիրելին:
Ես յաճախ յիշում եմ թատրոնի կախարդական ու խորհրդաւոր վարագոյրը: Հէնց Խորհրդաւոր, որովհետեւ երբ այն բացւում էր, բեմում ուրիշ կեանք էր սկսւում, ուրիշ դարաշրջան, ուրիշ պայմանական աշխարհ: Թագաւորը նստում էր գահին, ինչպէս` ամենազօր թագաւոր, իսկ նրա կողքին անմատչելի ու վեհերոտ իշխանուհին` իր նազելի կեցուածքով: Բեմում ճեմում էր հպարտ վաճառականը եւ այլն: Բայց երբ վարագոյրն իջնում էր, սկսւում էր իրական կեանքը: Թագաւորը վերափոխւում էր մի հասարակ դերասանի, միայն թագաւորի հագուստով, իսկ հարուստ վաճառականը` մարդու, առանց հարստութեան: Իշխանուհին նոյնպէս վերածւում էր մի ուրիշ անձնաւորութեան` պատրաստ բռնկուելու, կրքոտ խանդելու կամ նեղսրտելու: Այդ կախարդական վարագոյրը, որը վերափոխում էր ամբողջ աշխարհը, ընդմիշտ գերեց իմ հոգին: Դա թատրոնն էր, որը ամէն անգամ ցնցում էր իմ երիտասարդ սիրտը պարգեւելով ուրախութիւն եւ սէր: Դա իմ առաջին թատերական ընկալումների հեքիաթային եւ քաղցր կեանքով լի թատրոնն էր:
Այդ ժամանակներում ծաղկում էր մեր թատրոնը: Ողջ էին թատրոնի մեծագոյն վարպետներ` Հրաչեայ Ներսիսեանը, Միքայէլ Ջանանեանը, Յասմիկը, Վաղարշ Վաղարշեանը, Գուրգէն Գաբրիելեանը, Օլգա Գուլազեանը, Աւետ Աւետեանը, Գրիգոր Աւետեանը, Գուրգէն Ջանիբեկեանը եւ այլն: Նրանց խաղացած ներկայացումները գերում էին հանդիսատեսին: Երեւանցիների համար այն ժամանակ թատրոնը շատ աւելին էր, քան այսօր է:
Դասական խաղացանկի բոլոր հերոսուհիներին ներկայացնում էր Արուս Ոսկանեանը: Երբ նա բեմ էր դուրս գալիս, ուղղակի ճառագայթում էր: Ջերմութեամբ եւ քնքշանքով շողշողում էին նրա խելացի, պայծառ ու մեծ աչքերը: Նրա խօսքը երաժշտական էր, մաքուր, հրաշալի հայկական առոգանութեամբ, հմայիչ ու գեղեցիկ:
Բեմի յուշարարի խցիկում, որ ծովախեցու էր նման, նստում էր յուշարար Սոկրատը:
Արուսի ելոյթների ժամանակ ես խնդրում էի նրան ինձ թոյլ տալ նստել իր կողքին: Շունչս պահած հետեւում էի իմ սիրելի դերասանուհու խաղին: Ընդհանրապէս, ես չէի պատկերացնում ներկայացումը առանց յուշարարի:
Ինչ որ անհասկանալի ուժ քաշում էր ինձ դէպի Արուսը: Դա հաւանաբար աւելի խելացի բնազդն էր, որը տանում էր դէպի ճակատագիր: Ես հասկանում էի, որ ինձ համար մեծ երջանկութիւն կը լինի մտերիմ լինել այդպիսի մեծ դերասանուհու հետ: Սկզբում յոյս էլ չէի կարող ունենալ, բայց, որոշ ժամանակից յետոյ նրան սկսեց դուր գալ իմ նուիրուածութիւնը եւ միւս դերասանների նկատմամբ դէպի իրեն ցուցաբերած նախապատուութիւնը: Նրա կողմից սկսեցի զգալ դէպի ինձ յատուկ վերաբերմունք, ջերմութիւն, հոգատարութիւն, նոյնիսկ` մայրական քնքշանք: Այս բոլորը իմ մէջ առաջացնում էին երկիւղածութեան հասնող զգացմունքներ: Մեր այս մտերմութիւնը դերասանների մօտ դժգոհութիւն առաջացրեց: Ես տեսնում ու կարդում էի նրանց դէմքերին, թէ ինչպէս նենգօրէն էին նայում մեզ եւ մտքով դատապարտում Արուսին: Սկսուեցին բամբասանքներ, որոնք մենք ընդունում էինք կատարեալ անտարբերութեամբ: Մեր յարաբերութիւնները բիւրեղի պէս մաքուր էին: Ես երկրպագում էի նրա գեղեցկութեանը եւ տաղանդին, ինչպէս կարող էի երկրպագել Աստուածամօր առաջ:
Այդ օրերին մեզ հետ պատահեց մի շատ անախորժ դէպք: Ցերեկային փորձից յետոյ ես Արուսին ուղեկցում էի տուն: «Կոմայգի» կոչուած պարտէզում, մեզ շրջապատեցին բաւական խմած, երեք հոգի: Յետոյ ես իմացայ, որ նրանցից երկուսը Չարենցն ու Ակսել Բակունցն էին: Ամենակռուարարը ոչ բարձրահասակ, մեծ քթով եւ ուռած աչքերով մէկն էր: Նա սկսեց վիրաւորել Արուսին եւ ձեռքերին ազատութիւն տալ:
– Արուս քեզ չեմ թողնի գնաս, մինչեւ դու այս նստարանի վրայ ինձ հետ…
Եւ փորձեց գրկել Արուսին:
– Եղի՛շ, ամօթ է, ինչպէ՞ս չես ամաչում:
– Իսկ դու չե՞ս ամաչում յանձնուել այս տղային, իսկ ինձ` Չարենցիս թոյլ չե՞ս տալիս… Չեմ թողնի…
Կայծակի արագութեամբ, գազանի պէս, յարձակուեցի նրա վրայ եւ ուժեղ հարուածով ետ մղեցի Արուսից:
– Ես քեզ կը խեղդեմ… ինչպէ՞ս ես համարձակւում:
– Թո՛ղ երիտասարդ … – Խառնուեց իրար միւս տղամարդը, որը Ակսել Բակունցն էր:- Սա մեր մեծագոյն բանաստեղծն է…
Արուսը եւս գոչեց.
– Կոլեա՛, պէտք չէ, գնանք: Շատ խմած է, չի գիտակցում, թէ ի՛նչ է ասում: Նա ինձ շատ յարգում ու սիրում է:
– Յետո՞յ ինչ, որ սիրում է: Եւ դեռ բանաստեղծ է: Ինչո՞ւ է իրեն այդպէս պահում:
Այս դէպքից յետոյ լուռ գնացինք դէպի տուն: Ես ընկճուած, վիրաւորուած էի եւ ամաչում էի Արուսից: Տուն չմտայ, ինչպէս սովորաբար լինում էր, դրան մօտ հրաժեշտ տուեցի ու հեռացայ: Ես ինձ բոլորովին կորցրել էի:
Յաջորդ օրերին չէի կարողանում մօտենալ Արուսին եւ չտեսայ նրան ամբողջ չորս օր: Բայց յետոյ, երեկոյեան ներկայացումից յետոյ, նա ուրախ, կարծես ոչինչ չէր եղել, մօտեցաւ ինձ եւ խնդրեց ուղեկցել տուն: Ամբողջ ճանապարհին աշխուժօրէն խօսում էր Չարենցի մասին:
– Չարենցը ճակատագրով ընտրուած այն բանաստեղծներից է, որոնք չեն կարող ապրել առանց վէճի ու կռուի: Բայց յետոյ նրանք ապրումներ կ՛ունենան, կը տառապեն, անքուն գիշերներ կ՛անցկացնեն եւ այդպիսով իրենց մեղքը կը քաւեն: Դու գիտե՞ս, Կոլեա՛, մեր հետ ունեցած պատահարից յետոյ, յաջորդ օրը, Չարենցը բերեց ինձ բանաստեղծութիւնների տետր` «Գովք Արուսին»: Նա նորից սէր է բացատրւում: Ես նրան ներեցի: Հանճարներին պէտք է ներել, նրանք մեղադրանքի ենթակայ չեն:
Ես այդպէս էլ չկարողացայ գիտակցել, թէ ի՛նչ էր իմ սէրը դէպի Արուսը: Առաջին վայրկեանից, երբ նրան տեսայ Աբովեան փողոցում, դիւթել էր ինձ իր անըմբռնելի հմայքով: Հետագայում մօտիկ շփուելով իր հետ` իմ զգացմունքները շատ աւելի խորացան: Ինձ հրապուրում էր իր արդէն կազմաւորուած արուեստագէտի ներաշխարհը: Ես մեծագոյն եւ կատարեալ հաճոյք էի զգում նրա հետ զրուցելիս` նախազգալով, որ երբեւիցէ մեր ուղիները կը հատուեն արուեստի աշխարհում: Այդ զրոյցների ընթացքում ըմբռնում էի նրա ուժեղ եւ իշխող անյատակութիւնը: Ես լսում էի նրան` իւրացնելով ամէն ինչ, ոչ մի միտք բաց չթողնելով եւ երբեք չառարկելով իրեն: Նայում էի նրա մեծ, կապոյտ աչքերին եւ մտովին ասում` «Եթէ միայն գիտենայիք, Արո՛ւս, թէ ձեզ ինչքա՜ն եմ սիրում»: Մեր մտերմական կապը Արուսի հետ օրից օր աւելի ու աւելի էր ուժեղանում: Միտքս մի բանով էր միայն զբաղուած. ամէն օր, ամէն րոպէ տեսնել Արուսին: Տեսնելիս ուրախութիւնից դողում էի, երջանկութիւնից հալւում: Այդպէս էլ նա չլսեց ոչ մի խօսք իմ սիրոյ մասին: Հնարաւոր է, որ միայն գուշակում էր, թէ ինչ է կատարւում ինձ հետ:
Նա առիթը չէր բաց թողնում զբաղուել իմ դաստիարակութեամբ:
– Կոլեա՛, դու չախազանց բարձր ես խօսում եւ խօսակցութեան ժամանակ թափահարում ես ձեռքերդ: Դա վատ սովորութիւն է: Սկզբում ձեւաւորիր մտքերդ, յետոյ խօսիր: Աշխատիր խօսել ցածր եւ դանդաղ: Բացի այդ, խօսիր առանց ձեռքի աւելորդ շարժումների:
Այդ խօսքերը երբեմն ինձ վիրաւորում `էին:
– Արո՛ւս, դա ինձնից կախուած չէ: Այս բնաւորութիւնը ժառանգել եմ հօրիցս: Ես զգում եմ, որ իմ խօսելու ձեւը եւ իմ վարմունքը այնտեղից են գալիս: Ես չեմ կարող խօսել ցածր ձայնով, թող ինձ ընդունեն` ինչպէս որ կամ:
– Բայց կեանքում քեզ անհրաժեշտ է սովորել լաւ վարուեցողութիւն: Հրաժարուիր բոլոր անհարկի սովորութիւններից, որոնք վայրենութիւններ են եւ անյարմար դրութեան մէջ են գցում շրջապատի մարդկանց: Եթէ սովորեցիր քեզ ճիշտ պահել, հասարակութիւնը քեզ կ՛ընդունի արժանի յարգանքով: Հասարակութեան կարծիքը մի՛ արհամարհիր, սա շատ կարեւոր է: Ձգտիր նայել մարդկանց եւ աշխարհին արդարացիօրէն ու ներողամիտ: Կարեւոր չէ, որ դու չես կարողանում պարզ արտայայտել մտքերդ, դա սարսափելի չէ, սարսափելի է գռեհիկ երեւալը:
Այդ խօսակցութիւները ինձ մտքերի մէջ էին գցում եւ անհանգստացնում:
Ինչպէ՞ս է, որ իմ շրջապատի կրթուած, մտաւորարական անձնաւորութիւնները կարողանում են իրենց թոյլ տալ վիճաբանել, քրքջալ, ուրախանալ, յիմար կատակներ անել, սակայն նրանց մտքերի եւ հոգիների մէջ ամէն ինչ կատարեալ է ու հարթ, իսկ իմ գլխում` քաոս:
– Ինձ թւում է, թէ երբեմն ձեզ ձանձրալի է ինձ հետ: Չունեմ հետաքրքիր մտքեր եւ գեղեցիկ արտայայտուելու կարողութիւն: Ես մի անկիրթ, հասարակ տղայ եմ եւ դա ձեզ երեւի չի բաւարարում:
– Սիրելի՛ս, խելօք խօսքերը թատերական ձեւականութիւնները ինձ ձանձրացրել են: Ես նախընտրում եմ բնական խելքը, թող նոյնիսկ զարգացած չլինի: Դու շատ երիտասարդ ես, բայց` շատ բարի եւ տաղանդաւոր: Քեզ հետ շփուելով` ես երիտասարդանում եմ, քո կողքին գտնուելը ինձ համար երջանկութիւն է:
Ամէնօրեայ այս հոգատարութիւնը ինձ մտածել տուեց, որ ես իր համար աւելին եմ, քան` իր շրջապատի մի ոեւէ բարեկամ:
1937 թիւ… Սարսափելի եւ ճակատագրական տարի ժողովրդի համար:
Սկսուեցին մտաւորականութեան ամենատաղանդաւոր մասի, այդ թւում դերասանների ձերբակալութիւնները: Ամէն օր դրութիւնը դառնում էր աւելի ու աւելի տագնապալի: Մարդիկ դադարեցին իրար հետ հաղորդակցուել: Մէկը միւսից վախենում էր: Սկզբում քիչ էր նկատելի, յետոյ աւելի ու աւելի բացայայտ դարձաւ: Արուսի մօտ յայտնուեց հետապնդուելու մտավախութիւն: Նա յաճախ ասում էր. «Հիմա գալու են ինձ տանելու»: «Տանելը» դարձել էր օրինաչափ: Եթէ ոեւէ մէկին ձերբակալում եւ յայտարարում էին «ժողովրդի թշնամի» եւ դու կապ ունէիր «թշնամու» հետ, քո մօտ գտել են նամակներ, լուսանկարներ` այդ մարդու հետ կապուած, քեզ առանց տատանուելու կարող էին տանել: Ես տեսնում էի` ինչպէս էր սարսափում Արուսը: Նա աստիճանաբար անտարբերութեան, ապատիայի մէջ ընկաւ: Կեանքը դարձաւ անտանելի: Նրա մէջ առաջացել էր վրդովմունք եւ ատելութիւն թատերական ղեկավարութեան եւ իշխանութիւնների նկատմամբ:
Մի անգամ նա ինձ տուն հրաւիրեց: Տեսնում էի, որ յուզուած է, հոգին խռովուած, աչքերի փայլն անյայտացել էր:
– Արո՛ւս, ինչու՞ էք այդպէս գունատուած, ձեզ հետ ի՞նչ է պատահել:
– Հաւատա՛ ինձ, Կոլեա՛, շատ եմ տանջւում, ինձ թւում է, որ ես խելագարւում եմ, այլեւս ուժ չկայ դիմանալու: Ի՜նչ ժամանակներում ենք ապրում, դադարել են ինձ մօտ գալ թատրոնի իմ ընկերները, բոլորը վախենում են, բացի Գուրգէն Ջանիբեկեանից: Նա միակն է, որ օրը մէկ գալիս է ինձ մխիթարելու: Կոլեա՛, սիրելի՛ս, չեմ ուզում հանդիպել ոչ ոքի հետ, եւ նոյնիսկ գնալ թատրոն փորձի կամ մասնակցել ներկայացումներին: Ոչինչ չեմ ուզում: Ինձ այլեւս ոչինչ չի հետաքրքրում:
Զգացւում էր, որ ինձ մի կարեւոր բան է ասելու:
Նա երկար տատանւում էր: Յետոյ գնաց միւս սենեակը եւ վերադարձաւ ձեռքերի մէջ ամուր սեղմած Չարենցի բանաստեղծութիւնների ձեռագրով աշակերտական տետրը` «Արուսի գովքը» վերնագրով:
– Կոլեա՛ ջան, Չարենցին ձերբակալելուց յետոյ ձեռքս չի բարձրանում այրել այս թանկագին բանաստեղծութիւնները: Ես միայն քեզ եմ վստահում: Վերցրու սրանք: Թաքցրու խորը եւ պահպանիր ինչպէս աչքիդ լոյսը:
Նա համբուրեց ինձ, եւ ես տանից դուրս եկայ: Արագ վազում էի, ամուր պահելով թեւիս տակ բանաստեղծութիւնների ձեռագիրը: Ինձ թւում էր, թէ ահա ինձ կը կանգնեցնեն եւ կը հարցնեն. «Ին՞չ է թեւիդ տակինը»: Այդ դրութեան մէջ վազեցի ամբողջ ճանապարհը: Յոգնածութիւնից ջարդուած ու սարսափից սփրթնած հազիւ-հազ հասայ տուն: Իմ առաջ յառնեց մի ուրիշ խնդիր, որտե՞ղ թաքցնեմ ռումբի նման վտանգաւոր ձեռագիրը, որ տնեցիները չիմանան, եւ օտարները չկարողանան գտնել: Երկար մտածելուց յետոյ ես այն թաքցրի իմ ներքնակի բրդերի մէջ:
1937 թուի յուլիսին ես մեկնեցի Լենինկրատ` ընդունուելու գեղարուեստի ակադեմիա: Վերցրել էի հետս պալեթի դպրոցի աւարտական ատեստատը, մի փոքր պայուսակ եւ դրամ, որը հաւաքել էի ճանապարհի համար: Բարեմաղթութիւններից յետոյ Արուսն ասաց.
– Կոլեա՛, ես գիտեմ, քեզ համար շատ դժուար կը լինի Լենինկրատում, միջոցները հերիք չեն անի, բայց դու պէտք է գիտենաս, կեանքի համար լաւ դաս է աղքատութիւնը:
Ինձ ակադեմիա չընդունեցին, բայց բաւականին նախապատրաստուելուց յետոյ ընդունուեցի եւ սկսեցի սովորել ակադեմիային կից գեղարուեստի դպրոցում:
Լենինկրատում սովորելու ժամանակ նամակագրութիւն ունէի Արուսի հետ, բայց` ոչ յաճախ: Մի անգամ, 1940 թուին նրանից ստացայ նամակ, որի մէջ դրուած էր իր 30-ամեայ ստեղծագործական գործունէութեանը նուիրուած երեկոյի հրաւիրատոմսը: Հասկացայ, որ վտանգը մեղմացել է: Նամակը յուզիչ էր: Գրում էր, որ կարօտում եւ յաճախ իմ մասին է մտածում: Շատ կ՛ուզէր, որ իր յոբելեանին ներկայ լինէի: Իմ յուզմունքին եւ ուրախութեանը չափ չկար: Նամակը շատ անգամ կարդացի: Որքա՜ն թարմ էին իմ մէջ Արուսի մասին յիշողութիւնները: Անսահմանօրէն ծանր էր գիտակցել, որ չեմ կարող ներկայ լինել յոբելեանին, չեմ տեսնի նրան, չեմ լսի նրա ձայնը: Այդ ժամանակ ես պատրաստւում էի Գեղարուեստի ակադեմիա ընդունուելու քննութիւններին: Կարողացայ միայն շնորհաւորանքի հեռագիր ուղարկել:
1941 թիւն էր: Սկսուեց պատերազմը: Ճակատագիրը նորից ինձ գցեց Երեւան: Ես անմիջապէս գնացի Արուսի մօտ: Դրան զանգին Արուսը ինքը բացեց: Մենք ամուր ողջագուրուեցինք: Ես նրա հարազատն էի… Նրա այտերը վառւում էին կարմրութիւնից: Ես յուզուեցի: Նա երկու ձեռքով բռնեց գլուխս ու քնքշօրէն համբուրեց ճակատս:
– Տղա՛ս, ես այնքան ուրախ եմ, որ նորից տեսնում եմ քեզ:
– Իսկ եթէ միայն գիտենայիք, թէ ինչքան ես եմ երջանիկ, որ վերջապէս ձեզ տեսայ:
Նրա բարեհամբոյր, ուրախ ժպիտը, նուրբ հայեացքը, բարի վերաբերմունքը ուրախութեամբ պարուրել էր իմ հոգին:
Մի քանի հանդիպումներից յետոյ իմ մէջ ցանկութիւն առաջացաւ պատրաստել Արուսի դիմաքանդակը: Նա ուրախութեամբ համաձայնուեց մի քանի սէանս յատկացնել: Յաջորդ օրն էլ նրա տուն տարայ պատուանդանը եւ կաւը: Դա իմ առաջին բնորդային քանդակն էր ակադեմիայից յետոյ, որը ես պէտք էր ստեղծէի ինքնուրոյն: Չունէի ո՛չ փորձ, ո՛չ վարպետութիւն: Ես նայում էի բնօրինակին ու հիանում: Նա գլուխը պահում էր բարձր,` քիչ թեք, հիանալի իր արուեստագէտի կերպարի վսեմութեամբ:
Ինձ մօտ ոչինչ չստացուեց: Ես չկարողացայ վերարտադրել այս գեղեցկութիւնը: Ես կառչում էի մանրամասներից եւ իզուր փորձում ընդօրինակել բնօրինակը:
– Սիրելի՛ս, մի՛ նայիր այս կախ ընկած այտերին, ձգտիր նրանց չնկատել: Քո առաջ կանգնած է մի դերասանուհի, ոչ թէ տարեց կին: Նա շրջելով` վեր բարձրացրեց գլուխը , ափերով կարգի բերեց այտերը եւ շարունակեց.
– Նայի՛ր, նայիր ուշադիր: Հանդիսատեսը այս չի տեսնում բեմում, նա տեսնում է իմ հերոսուհու ոգին,` Արուս դերասանուհու ոգին: Իմացիր, դու պէտք է ամէն օր ստեղծագործես, եւ ոչ միայն այն դէպքում, երբ ձեռքերով կաւի հետ ես աշխատում, ամէնուր եւ նոյնիսկ այն ժամանակ, երբ անկողին ես մտնում: Միշտ պէտք է աշխատի միտքդ:
Խօսակցութեան ժամանակ նա ժպտում էր, իսկ մեծ, կապոյտ աչքերը փայլում էին եւ պարուրում ինձ իրենց լոյսով:
– Երբեք մի՛ կասկածիր, երբ քեզ յուշում է սիրտդ, նա չի կարող խաբել: Դա բարոյականութեան չափն է: Միշտ վստահիր քո տաղանդին:
– Արո՛ւս ջան, ի՞նչ տաղանդի մասին է խօսքը: Ես տաղանդ չունեմ: Տեսնո՞ւմ էք, ինչքան եմ աշխատում, բայց ոչինչ չի ստացւում:
– Ձգտիր չհասկացածդ իմաստաւորել, ձգտիր հասկանալ եւ հաւատալ ինքդ քեզ, սրա մէջ է ամբողջ գաղտնիքը:
– Բայց դուք էլ տեսնում էք, ինչպիսի ցանկութեամբ եմ ես աշխատում, բոլոր ուժերս ներդնում եմ, ձգտում եմ որսալ էականը, բայց ինձ մօտ ոչինչ չի ստացւում: Ստացւում է ձանձրոյթ, խամրածութիւն, չնայած` աշխատում եմ ոչ անտարբերութեամբ:
– Կոլեա՛, երջանկութեան անսպառ աղբիւր է, երբ սիրում եւ հպատակւում ես քո մասնագիտութեանը:
Ինչպիսի հաճոյք էր, երբ այդքան հասկանում էինք իրար: ինչպիսի ուրախութիւն էր ինձ համար` իր հետ խօսել արուեստի մասին:
– Համբերի՛ր ու ձգտիր հասնել նպատակներիդ: Չեմ յիշում` ով է ասել. «Տառապանքն ու տանջանքը վեհացնում են հոգին, իսկ սիրտն արիանում է դժբախտութեան մէջ»: Ճի՞շդ է, որ լաւ է ասուած:
Նա խօսում էր թատրոնի, գրականութեան, կերպարուեստի մասին, նրանց օրէնքների եւ ընդհանուր օրինաչափութիւնների մասին: Ինչպիսի կատարեալ հաճոյքով էի լսում, նրան, երբ խօսում էր արուեստի մասին:
– Ինձ թւում է, թէ ձեր բացատրութիւններից յետոյ իմ առաջ բացւում է աշխարհը փակող վարագոյրը: Հիմա պարզ տեսնում եմ, թէ ինչ պէտք է անեմ: Ոչ ոք ինձ այդպէս պարզ ու հասկանալի չի ասել: Ես երջանիկ եմ լսել ստեղծագործութեան համար այդքան կարեւոր մտքեր:- Ես կամաց շարունակեցի.
– Միթէ՞ կարող եմ երբեւիցէ ձեզ մոռանալ, երդւում եմ ձեզ սիրել ամբողջ կեանքումս, ինչպէս սրտիս գանձ:
Արուսը լաւ գիտէր բեմական արուեստը եւ շատ պահանջկոտ էր իր նկատմամբ: Նրան գիտէին եւ գնահատում էին ոչ միայն սեղմ շրջանակի մարդիկ, ճանաչում եւ սիրում էր ողջ ժողովուրդը, փոքրից մեծը: Դա բացատրւում էր նրա փայլուն տաղանդով, սեփական սրտի թրթիռը հանդիսատեսին հասցնելու կարողութեամբ:
Չնայած տարիքին` նա գեղեցիկ ու հրապուրիչ էր: Այնքան հրապուրիչ, որ մոռանում էիր նրա վիճակը, երբ այդ զարմանալի արքայական կինը բարձրանում էր բեմ` ոգեւորուած, կրքոտ, կամ էլ տխուր, առինքնող հայեացքով: Ես նայում էի եւ հիանում նրա խաղով: Հպարտութիւնը համակում էր ինձ. Իմ Արուսն է, իմ սէրը:
Ես պաշտում էի թատրոնը եւ Արուսի մասնակցութեամբ ոչ մի ներկայացում բաց չէի թողնում:
Յաճախ միջնարարներում աննկատելիօրէն մտնում էի նրա արդուզարդի սենեակը եւ տեսնում նրան կանգնած հայելու առաջ: Նա զգուշութեամբ դէմքի քրտինքն էր սրբում: Ես դիտում էի նրան թիկունքից եւ մտածում` ինչքա՛ն ուժ ու կրքեր է հաղորդում հանդիսատեսին, եւ սկսեցի խղճալ նրան: Յանկարծ տեսնելով ինձ հայելու մէջ եւ գլուխը ետ չշրջելով` հարցրեց.
– Գործողութիւնը ծանր էր եւ լարուած: Ինչպէ՞ս է հանդիսատեսի տպաւորութիւնը:
– Հանդիսատեսը շատ գոհ է: Մարդկանց աչքերում արցունքներ կային: Դուք կախարդական դերասանուհի էք, բոլորը հիանում են ձեզանով:
Տեսնում էի հայելու մէջ նրա գոհունակութիւնը եւ թէ ինչպէս հազիւ նկատելի ժպտում էր ինձ:
Առաջին հայեացքից աննշան թուացող մի օր, ներկայացումից յետոյ, Արուսին ուղեկցում էի դէպի տուն: Մենք քայլում էինք լուռ, ես դեռ գտնւում էի փիեսի ուժեղ տպաւորութեան տակ:
– Արո՛ւս ջան, խնդրում եմ` պատմեցէք ներկայացման մասին:
– Կոլեա՛ ջան, ես հիմա չեմ կարող խօսել: Հոգիս դատարկուած է, ամէն ինչ` ե՛ւ իմ ապրումները, ե՛ւ արցունքներս հանդիսատեսի մօտ թողեցի: Հիմա ես քայլում եմ բոլորովին ուժասպառ, չեմ ուզում խօսել եւ նոյնիսկ մտածել:
Ես հասկանում էի նրան:
Թեթեւ սառնամանիք էր: Փողոցը` համարեա ամայի: Լապտերների աղօտ լոյսի տակ երեւում էր կապտաւուն, փափուկ ձիւնը: Փողոցները, տանիքները, ծառերը ծածկուել էին ձիւնէ սաւանով: Մենք լուռ գնում էինք տխուր ու դատարկ փողոցներով, ոտքերի տակ կամաց ճռճռում էր ձիւնը: ներկայացումը մտքիցս դուրս չէր գալիս: Այսպէս, համարեա առանց բառ ասելու հասանք տուն: Տխրութեամբ պարուրուած ձմեռային այդ երեկոն Արուսի հետ չեմ կարողանում մոռանալ երբեք:
Պատերազմի ծանր օրերին բոլոր արուեստագէտներն ու դերասանները ընդգրկուեցին վիրաւորներով լեցուն զինուորական հիւանդանոցի եւ զօրամասերի շէֆական աշխատանքի մէջ: Արուսն աշխատում էր օր ու գիշեր: Նա գիտէր, որ իւրաքանչիւր տան մէջ վիշտ կայ: Պատերազմը, քայքայումը, ժողովրդի տառապանքը նրա հոգում խորը արձագանգ էին գտնում: Իր արտագնայ աշխատանքին Արուսը նուիրուել էր ամբողջովին: Վիրաւորները անձկութեամբ սպասում էին նրա ելոյթներին եւ մեծ յարգանքով էին վերաբերւում իրեն: Դերասաններին վիճակուած էր մեծ, ազնիւ առաքելութիւն: Արուս Ոսկանեանը իր ջերմ սրտի մի մասը թողնում էր վիրաւոր զինուորներին: Նա յաճախ կրկնում էր.
– Դուք չէք պատկերացնում, ինչ է նշանակում կորցնել ձեռքը, ոտքը, եւ յատկապէս` տեսողութիւնը: Պէտք չէ խնայել մեր ուժերը, պէտք է զբաղեցնել նրանց մտքերը, մոռացնել տալ իրենց տառապանքը:
Այդ ելոյթների ժամանակ Արուսը միշտ դառնում էր ամենակարեւոր եւ կենտրոնական դէմքը:
– Զինուորին պէտք է հասցնել խօսքի ճշմարտութեան զգացումը: Եթէ քո ստեղծագործութեան մէջ դրան հասնես, այն ժամանակ կ՛օգնես նրանց յաղթահարել իրենց վիճակի դժուարութիւնները:
1943 թիւը ծանր ժամանակ էր Արուսի համար: Զգայուն սիրտը իր մէջ էր ընդունում շրջապատի ամէն մի տառապանք` խոր ցաւ պատճառելով եւ քայքայելով առողջութիւնը:
Իմ վերջին հանդիպումը Արուսի հետ եղաւ նրա տանը: Նա իրեն վատ էր զգում ու շատ տխուր էր: Մեր զրոյցը տեւեց երկու ժամից աւել, եւ մենք ոչ մի կերպ չէինք կարողանում բաժանուել: Վերջապէս ես ասացի.
– Արո՛ւս ջան, ես գնում եմ գիւղ, բնութեան մէջ աշխատելու, ամսից աւել մենք իրար չենք տեսնելու:
Տխուր հրաժեշտ տուինք:
Իմ աշխատանքի վերջին օրերը գիւղում դժուարացան: Կարօտում էի Արուսին: Մռայլ մտքեր էին պաշարել ինձ: Աչքիս առաջ էր գալիս նրա նիհարած ու դալուկ դէմքը: Վերցրի նկարչական պիտոյքներն ու գնացի դաշտ` նկարելու: Աշխատում էի առանց ոգեւորութեան, համարեա մեխանիկօրէն պատճէնահանելով բնութիւնը, երկինքը, լեռները, ծառերը, բոլորը, ինչ տեսնում էի շուրջս: Պայծառ օր էր, բայց բնապատկերն ստացուեց շատ թոյլ: Չարացած` սկսեցի կտաւի վրայից քերել ներկերը: Երբ վրձինները փաթաթում էի հին օրաթերթի մջ, տեսայ մեծ տառերով գրուած «Արուս Ոսկանեան»: Կարդացի: Չհաւատացի, սուտ է: Նորից կարդացի. «1943 թուի յուլիսի 20-ին մահացաւ Հայկական ՍՍՀ ժողովրդական դերասանուհի Արուս Ոսկանեանը»:
Շուրջս դատարկութիւն տիրեց, ոչինչ չեմ տեսնում ու յանկարծ սկսեցի հեկեկալ, դէմքով ինձ գետին գցեցի ու սկսեցի բռունցքներով խփել գետնին: Ո՛չ, նա չի կարող մահանալ: Սուտ է: Նա ողջ է:
Ես երկար ժամանակ պառկած էի: Յետոյ զգացի, որ իմ մէջ ինչ-որ բան պակասում է, շուրջս ոչ մի մարդ, ոչ մի կենդանի էակ, որին կը հաղորդէի իմ վիշտը, ոչ ոք, որը կը կարողանար հասկանալ ինձ: Ինչպիսի՜ վիշտ: Դեռ մի ամիս առաջ նա լիքն էր երազանքներով, յոյսերով ու աշխատանքի ծրագրերով: Երազում էր խաղալ
Մարիա Սթիւարթ: Նա համոզմունքով ասում էր. «Դժուար ժամանակներում պէտք է Մարիա Սթիւարթ խաղալ: Այդ դերում ես լաւագոյն զգացմունքներ կ՛արթնացնեմ ծեր եւ երիտասարդ հանդիսատեսների սրտերում»:
– Սիրելի՛ Արուս, ողջերի մէջ չկաս այլեւս, բայց հոգուցս եւ յիշողութիւնիցս քեզ պոկել անհնար է: Դու մնացիր իմ յիշողութեան մէջ այնպիսի պայծառ ու լուսաւոր բացառիկ դէմքով, որը լինում է միայն հազուագիւտ ընտրեալների մօտ::
Ես այլեւս չկարողացայ մնալ գիւղում եւ վերադարձայ Երեւան:
Անցան տարիներ, բայց ես առաջուայ նման սիրում եմ նրան, ինչպէս հարազատի, ինչպէս` անկրկնելի հոգեւոր ու մարդկային գեղեցկութեան տէր տաղանդաւորագոյն դերասանուհու :
2015թ.