Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տնօրէն Հայկ Դեմոյեանը Դիմատետրի իր էջին վրայ անդրադարձած է «Զուարթնոց» օդակայանին` զայն համեմատելով Վիեննայի օդակայանին հետ: Ան նշած է, որ օդակայանի ժամանման սրահը կը հանդիսանայ տուեալ երկրի այցետոմսը ու ցուցադրական-ծանուցողական առաջին տարածքը` հազիւ Հայաստան հասած: Ըստ անոր, Հայաստան հասնող զբօսաշրջիկները օդակայանին մէջ կը տեսնեն խաղատուներու ծանուցումներ, ինչ որ դրական տպաւորութիւն չի կրնար ստեղծել: Ան կոչ ուղղած է վերջ տալու Հայաստան երկիրն ու մշակոյթը վարկաբեկող ստորացուցիչ ու նողկալի դրսեւորումներուն:
Հայկ Դեմոյեան գրած է հետեւեալը.
«Բարի Եկաք Casinoland

Ընդունուած է համարել, որ տարբեր երկրներում օդակայանի ժամանման սրահը հանդիսանում է տուեալ երկրի այցեքարտն ու առաջին ցուցադրական-գովազդային տարածքը, որտեղ այցելուների մօտ առաջին տպաւորութիւններն են ձեւաւորւում այդ երկրի, այնտեղ ապրող ժողովրդի ու թողած մշակութային ժառանգութեան մասին:
Օրինակ, Վիեննա ժամանելուց յետոյ, ուղեբեռը ստանալու ընթացքում զբօսաշրջիկները հէնց ուղեբեռը ստանալու ժապաւէնի յետնամասի գովազդային վահանակներից տեղեկանում են, թէ ինչ մշակութային իրադարձութիւններ են սպասւում Վիեննայում, կամ ինչ նոր ցուցադրութիւններ կան Վիեննայի նշանաւոր թանգարաններում:
Օդակայանի պատերից մէկի վրայ կարելի է նոյնիսկ տեսնել Մոցարթի գործերի նոթաները: Այլ կերպ ասած, աւստրիացիները շատ ճիշդ ու գրագէտ բրենդաւորել են իրենց մշակութային այցեքարտը եւ այն հրամցնում են իրենց երկիր ժամանած օտարերկրացիներին, ովքեր, ի դէպ, իրենց արդէն զգում են Վիեննայում` Շթրաուսի հանրայայտ գործերի հնչիւնների ներքոյ «Աւստրիական աւիաուղիներ»-ի օդանաւերի սրահ մտնելով:
Իսկ ի՞նչ են տեսնում եւ ի՞նչ տեղեկութիւն են ստանում Երեւանի «Զուարթնոց» օդակայանի ժամանման սրահում յայտնուած զբօսաշրջիկները: Կատարեալ մի խայտառակութիւն: Օդակայանի սպասասրահը ողողուած է տարբեր քազինոներ գովազդող մեծադիր վահանակներով ու պաստառներով: Դրանք ամէնուր են, բոլոր անկիւններում: Ու պատկերացրէք, թէ ինչպէս են ժամանողների մօտ յօդս ցնդում Մատենադարանի, Խաչատուրեանի, Գառնի-Գեղարդի ու առաջին քրիստոնեայ երկրի մասին պատկերացումները: Առաւել զաւեշտական է, երբ քազինոների գովազդները մէկտեղուած են Ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցի առիթով զետեղուած գովազդային վահանակների հետ:
Անձնագրային ստուգում անցնելիս եւ Հայաստանի Հանրապետութեան սահմանը հատելիս մեր երկիր այցելած հիւրերին ողջունող առաջին գովազդային մեծադիր վահանակը միայն ռուսերէնով եւ անգլերէնով գովազդում է… Տուպայի «Քեմփինսքի» հիւրանոցը: Այս պարագայում տեղին կը լինի հիւրերի այն հարցը, թէ արդեօ՞ք իրենց պատկերացրած հին մշակոյթ ունեցող երկիրն են ժամանել:
Ահաւասիկ լուսանկարներ «Զուարթնոց» օդակայանի քազինոակենտրոն ժամանման սրահից` համեմատուած Վիեննայի օդակայանի նոյն սրահի հետ:
Որքան որ տեղեակ եմ, արդէն երկու տարի է` ինչ աշխատանքներ են տարւում Հայաստանի ու մեր մշակոյթի բրենդաւորման ուղղութեամբ` զբօսաշրջիկների մեծ հոսք ապահովելու նպատակով: Բիզնեսը, բիզնես, բայց սա այն դէպքն է, երբ խօսքը վերաբերում է ազգային արժանապատուութեանը, անցած սերունդների թողած ժառանգութիւնը ներկայացնելու փոխարէն` մեր երկիրն ու մեր մշակոյթը քազինոներով ներկայացնելու անընդունելի փաստին:
Ներկայ պահին, ցաւօք, չունենք ազգային փոխադրող օդանաւային ընկերութիւն, որն իր հերթին պէտք էր դառնար մեր երկրի ու մեր մշակոյթի այցեքարտն ու գովազդողը: Չնայած այս հանգամանքին` պէտք է վերջ տալ մեր երկիրն ու մշակոյթը վարկաբեկող այսպիսի ստորացուցիչ ու նողկալի դրսեւորումներին: Իսկ դա պէտք է լինի համապատասխան պետական մարմինների ուշադրութեան կենտրոնում…»: