ՊԱՐՈՅՐ ՍԱՆԹՐՈՍԵԱՆ
Օգոստոսի 16-ին Վահան Յովհաննիսեանի ծննդեան օրն էր: Ան պիտի ըլլար 59 տարեկան: Այս առիթով «Երկիր»-ը հրապարակեց անոր յիշատակին Պարոյր Սանթրոսեանի յուշերը, զորս կը ներկայացնենք շարունակաբար:
Նախաբան
Ես չգիտեմ, թէ իմ կեանքն ինչպէս կը դասաւորուէր, եթէ 22 տարեկանում չհանդիպէի Վահան Յովհաննիսեանին: Չէ, մի բան հաստատ կը դառնայի, ասենք` վաճառական կամ գուցէ լաւ չինովնիկ: Բայց որ այլ տեսակ կը լինէի, այլ կերպ կ՛ապրէի ու կը մտածէի, դրանում համոզուած եմ: Իսկ արդեօ՞ք դա ինձ պէտք էր: Դէ, անշառ, գլուխս շառի տակ չդնելու ու տաքուկ ապրելու իմաստով, երեւի` այո՛: Բայց այնպիսին, ինչպիսին ինձ ճանաչում էք, գուցէ նաեւ սիրում կամ յարգում, որոշ դէպքերում` ատում, հաստատ չէի լինի:
Յուշերը գրում են օր ծերութեան, երբ փորձում են իրենցից յետոյ ինչ-որ բան թողնել սերունդներին: Այդքան դեռ չեմ ծերացել: Օրը կը գայ, գուցէ գրեմ թոռներիս համար: Բայց Աստծուց առաջ չընկնենք: Այս պատմութիւններն իմ մասին չեն: Սրանք յիշողութիւններ են Վահան Յովհաննիսեանի մասին, ընկեր Վահանի…, Վահանի:
Յիշելու շատ բան կայ: Բաներ կան, որ թղթին ու հանրութեան դատին չես յանձնի: Դեռ դրա ժամանակը չի եկել: Բայց կան դրուագներ, որ կ՛օգնեն ընթերցողին հասկանալ վահանի տեսակն ու մեծութիւնը: Վստահաբար, կան մարդիկ, ովքեր ինձնից աւելի շատ բան գիտեն նրա մասին ու շատ աւելի լաւ կը գրեն: Քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանի մասին թող խօսեն քաղաքական գործիչներն ու քաղաքագէտները, ազատամարտի մասնակից Վահան Յովհաննիսեանի մասին` նրա մարտական ընկերները, հնագէտ Վահանի մասին` պատմաբանները: Ես կը գրեմ իմ բաժինը: Գուցէ մէկին պէտք գայ: Գուցէ մէկը մի օր հաւաքի բոլորի գրածները, խմբաւորի ու հրատարակի: Ու սա անելու եմ ոչ թէ, որովհետեւ պատիւ ու երջանկութիւն եմ ունեցել նրա հետ երկար աշխատելու ու նաեւ ընկերը լինելու, ես ուզում եմ, որ իմ էրեխեքն իմանան, որ այսպիսի մարդ է եղել, ու որ եթէ այսօր իրենք դեռ խաղաղ ապրում են Հայաստան աշխարհում, դրանում իրենց հօր աւագ ընկերն ահագին դերակատարութիւն է ունեցել:
Հանդիպումը
1991-ին մօրիցս թաքուն դիմում գրեցի` Դաշնակցութեանն անդամագրուելու համար: Մայրս վախ ունէր ու որոշակի վերապահումներ, քանի որ դեռ խորհրդային տարիներին նրա ղաչաղ հօրեղբայր թոռնիկին, ով նոյնպէս դաշնակցական էր, աքսորել էին Սիպիր: Բայց թոռնիկը պինդ տղայ էր ու աքսորավայրից վերադարձել էր, ընտանիք կազմել ու արդէն ծոռներ ունէր: Վեց ամիս փորձաշրջան անցնելուց յետոյ` 1992-ի մայիսի 28-ին, վերջապէս երդում տուեցի ու դարձայ ՀՅԴ անդամ` «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան կազմում: Նոյն ամրանն էլ մի խումբ տղերքի, որոնց թւում նաեւ ես էի, յանձնարարուեց մէկ ամիս շարունակ շրջել Արեւմտեան Ամերիկայից Հայաստան ժամանած` Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան երգչախմբի եւ պարախմբի պատուիրակութեան հետ, որի կազմում հիմնականում անչափահաս ամերիկահայ երեխաներ էին: Երեւի յանձնարարութիւնը վատ չկատարեցի: Ու արդէն ձմրանն առաջարկեցին շատ պատասխանատու կուսակցական աշխատանք. ինձ վիճակուած էր դառնալ ՀՅԴ Բիւրոյի Երեւանի գրասենեակի գործավարը: Դաշնակցութեան գրասենեակներում գործավարը գործերի կառավարիչն էր, գրասենեակի պատասխանատուն, որը զբաղւում էր ամէն ինչով, բացառութեամբ ֆինանսական հարցերի: Իմ գործառոյթների մէջ մտնում էր նաեւ ամենակարեւոր գործը` Բիւրոյի նիստերի արձանագրութիւնների կազմումը: Նիստերի ընթացքում քննարկւում էին բոլոր կուսակցական ու քաղաքական հարցերը: Այդ տարիներին ինձ բախտ վիճակուեց անձամբ ծանօթանալ ժամանակի դաշնակցական կարկառուն գործիչների հետ` Հրայր Մարուխեան, Հրաչ Տասնապետեան, Երուանդ Մոնոֆարեան եւ ուրիշներ: 1993-ի յունուարին «Ազատամարտ» շաբաթաթերթի խմբագրութեան մի փոքրիկ սենեակից ՀՅԴ Բիւրոյի գրասենեակը տեղափոխուեց Սարեանի արձանի հարեւանութեամբ գտնուող բնակելի շէնքի վերջին յարկը, որտեղ էլ տեղի ունեցաւ իմ առաջին հանդիպումը Վահան Յովհաննիսեանի հետ: րասենեակն արդէն ձեւաւորուած էր, բայց Վահանը գործուղման մէջ էր: Այնքան բան էի նրա մասին լսել, որ չգիտէի, թէ մեր առաջին հանդիպմանը ինձ ինչպէս պիտի պահեմ: վերջապէս Վահանը վերադարձաւ գործուղումից ու եկաւ գրասենեակ: Վահանին ինձ ներկայացրեց տղերքից մէկը, ով նոյնպէս գրասենեակի աշխատակից էր ու Վահանին վաղուց էր ճանաչում: «Պարոյրն ինքն ա, կարգին տղայ ա»,- բառացի ասաց նա: Իմ ահուդողը միանգամից անցաւ, երբ Վահանը մեկնեց ձեռքն ու, ժպիտը դէմքին, ասաց. «Բարով եկար, ընկե՛ր»: Ղեկավարի հետ առաջին հանդիպումը բոլորովին այլ կերպ էի պատկերացնում` մի տեսակ պաշտօնական: Իսկ Վահանն իր ճինսէ տաբատով, հաստ սուիթրով եւ ծխած` ամերիկեան Lucky Strike ծխախոտով պարզ էր ու անմիջական:
Գրասենեակը
1993-ի ձմեռն էր… Օրներս բացւում էր գրասենեակում ու աւարտւում այնտեղ: Տներում լոյս չկար ու ցուրտ էր: Իսկ գրասենեակը հա՛մ վառարան ունէր, հա՛մ դվիժոկ (ելեկտրածին շարժակ): Էլ չեմ ասում համակարգիչների մասին: Համակարգչով աշխատել սովորելու ընթացքում երկու անգամ ամբողջ ծրագիրը ջնջեցի ու արարքս ստորաբար գցեցի դվիժոկի փոփոխական հոսանքի վրայ: Ու բնաւ պատահական չէ, որ մինչ օրս Armenian Typewriter ստեղնաշարով եմ աշխատում: Անցած դարի սերունդ եմ, ներողամիտ եղէք: Ու այնպէս ստացուեց, որ համակարգչային «փայլուն» գիտելիքներս պէտք եկան նաեւ 1999-ին: Ազգային ժողովի parliament.am կայքում Վահանի էլեկտրոնային հասցէի գաղտնաբառը միասին ընտրեցինք: Գրեց թղթին ու յաջորդ օրը կորցրեց թղթի այդ կտորը: Բարեբախտաբար, ես մտապահել էի գաղտնաբառը, ու Վահանը որոշեց, որ իր էլեկտրոնային փոստարկղը ես եմ ստուգելու: Ինքը «զահլա» ու ժամանակ չունէր: Ու ամէն առաւօտ իմ գործը Վահանի էլեկտրոնային փոստարկղը բացելն էր, ստացուած նամակների մասին նրան տեղեկացնելը…
Անյատակ յիշողութիւն ունենալով հանդերձ` կարողանում էր իր համար անկարեւոր բաներով ուղեղը չծանրաբեռնել: Այնուամենայնիւ, որոշ ժամանակ յետոյ Վահանը վերջապէս մտապահեց իր գաղտնաբառը, ու գործս թեթեւացաւ…
Փորձութիւն
1993-ին ծանր վիրաւորուեց «Արաբօ»ի Ճուտը` Արթուր Օվչեանը, ով վարում էր Վահանին կցուած «Նիւա» մակնիշի կիսաքանդ մեքենան, ու ես, մի կարգին վարել չիմանալով, ինձ վրայ վերցրեցի էդ պարտականութիւնը, յատկապէս, որ օրը մի քանի անգամ Արթուրի մօտ հիւանդանոց գնալու անհրաժեշտութիւն կար: Անկեղծ ասած, իմ այս խանդավառութիւնը երկու հանգամանքով էր պայմանաւորուած. առաջինը` Ճուտն իմ ընկերն էր, երկրորդը գրասենեակային` երբեմն միօրինակ կեանքից փախչելու ու ամբողջ օրը Վահանի հետ լինելու բուռն ցանկութիւնն էր: Փորձում էի Վահանից հնարաւորինս հմտօրէն թաքցնել վատ վարորդ լինելուս հանգամանքը, բայց քանի որ նա ընդհանրապէս մեքենայից գլուխ չէր հանում (էդ յետոյ էր, որ Մօրուք Հովօն Վահանին քիչ թէ շատ մեքենայ վարել պիտի սովորեցնէր), սխալներս ու ստեղծածս վթարային իրավիճակները աննկատ էին մնում:
Այդ ժամանակ էր, որ ծանօթացայ նաեւ Վահանի ընտանիքի անդամների` մօր` տիկին Սիւվայի, կնոջ` տիկին Լաուրայի ու էն ժամանակ դեռ շատ փոքր զաւակների` Հայկի ու Աննայի հետ: Հօրը` ժամանակի մեծ հայրենասէրներից մէկին` Էդուարդ Յովհաննիսեանին, աւելի ուշ պիտի հանդիպէի, երբ օրուայ իշխանութիւնները կը հեռանային, ու նա հայրենիք վերադառնալու հնարաւորութիւն կ՛ունենար: Դէ, իսկ մի օր էլ մանկութեան ընկերներին այցելելու ժամանակն էր: Ընկերներից երկուսին` դիմածնօտային ճանաչուած վիրաբոյժ Գրիգոր Խաչատրեանին` Գրիշին, ու տիկնիկային թատրոնի գեղարուեստական ղեկավար Ռուբէն Բաբայեանին հիմա էլ եմ ժամանակ առ ժամանակ հանդիպում: Բնականաբար, խօսակցութեան հիմնական թեման Վահանն է: Ինչքա՜ն կարօտ կայ աշխարհ տեսած ու իրենց լաւագոյն ընկերոջը կորցրած էս մարդկանց աչքերում: Վահանի երրորդ ընկերոջը, ով մահացել էր երիտասարդ տարիքում, եւ որին Եոժ էին ասում (Սերգէյ Օհանջանեան), չեմ ճանաչել: Բայց Վահանն ինձ պատմեց նրա մասին, երբ միասին գնացինք Եոժի գերեզմանին: Ասում էր, որ իւրայատուկ մարդ է եղել:
15 օր տեւեց իմ երանութիւնը: Ղեկավարութիւնը տղերքից մէկին յանձնեց մեքենան, իսկ ինձ հետ կանչեց գրասենեակ: Այդ 15 օրում ես արդէն կարգին մեքենայ վարել էի սովորել: Բայց կարեւորն ուրիշ բան էր: Այդ 15 օրում Վահանն ինձ մի լաւ տնտղեց: 15 օրն էն փորձութիւնն էր, որ ես անցայ Վահանի հետ իմ հետագայ յարաբերութիւնները կառուցելու ճանապարհին: Այդ օրերին էր, որ Վահանն ինձ կնքեց Պարոյր անունով…
Աղդամ
Դուք երբեւէ տեսե՞լ էք Վահան Յովհաննիսեանին` սափրուած: Նրանք, ովքեր բախտ են ունեցել, կը հաստատեն, որ սափրուած Վահանը լրիւ այլ մարդ էր: Չէ, խօսքն, անշուշտ, միայն արտաքինի մասին է:
1993-ի ամրանն էր: Ղարաբաղ էր գնալու մի քանի օրով ու առաջին անգամ որոշել էր ինձ էլ իր հետ տանել: Առաւօտեան գրասենեակում սպասում էինք Վահանին: Ուշանում էր: Հերթական այցելուն թակեց գրասենեակի դուռը: Տնտեսուհին բացեց ու, այցելուին չճանաչելով , ներս թողեց:Ու եթէ Վահանը չծիծաղէր, ներկաներից շատերը, այդ թւում` նաեւ ես, բաւական երկար ժամանակ պիտի գլուխ կոտրէինք, թէ ո՞վ էր այդ, մարզական գլխարկը մինչեւ աչքերը քաշած, անծանօթ տղամարդը: Սափրուած Վահանին, բառիս բուն իմաստով, չէին ճանաչում նաեւ Ստեփանակերտի գրասենեակի շատ այցելուներ: Իսկ ինքը կարծես հաճոյք էր ստանում դրանից. նստում էր գրասենեակի մի անկիւնում ու գլխարկի տակից հետեւում մարդկանց:Յուլիսի 23-24-ին ազատագրուեց Աղդամը: Յաջորդ օրը սափրուած Վահանը մտաւ Աղդամ…
Թուրք Լրագրողները
1993 թուականի վերջն էր կամ 1994-ի սկիզբը: Հայաստան էին այցելել մի խումբ թուրք լրագրողներ: Այլ հանդիպումների թւում նաեւ Վահանի հետ հանդիպելու ցանկութիւն էին յայտնել ու այցելել Բիւրոյի երեւանեան գրասենեակ: Խօսեցին, տուեցին իրենց հարցերը: Սենեակի պատին ծովից ծով Հայաստանի քարտէսն էր, որի վրայ Վահանը կապոյտ ու կանաչ դրօշակներով նշել էր հայկական քաղաքները` Արեւելեան ու Արեւմտեան Հայաստանի տարածքներում: Քարտէսին նայելով` թուրք լրագրողներից մէկը չդիմացաւ ու նշեց, որ կապոյտ դրօշներով նշուած քաղաքներն արդէն հայկական են, իսկ կանաչ դրօշներով նշուած քաղաքները գրաւելը գուցէ դաշնակների ծրագրային նպատա՞կն է: Վահանը իրեն յատուկ սարկազմով ու ժպիտով պատասխանեց, որ իր կապոյտ դրօշակները պարզապէս վերջացել են, ու ստիպուած է եղել միւս մեծ քաղաքները կանաչ դրօշակներով նշել: Իսկ ես հոգուս խորքում այն ժամանակ էլ համոզուած էի, որ թուրք լրագրողը հասկացել էր Վահանի երազանքը: Տարիներ անց Վահանը պիտի յայտարարէր, որ իր համար ամենացանկալի պաշտօնը Կարսի նահանգապետ լինելն է…
(Շար. 1)