

Ֆրանսայի թենիսի կրան շլեմի (Ռոլան Կարոս) միջազգային բաց մրցաշարքին տղոց քառորդ աւարտականի ճակատումներուն արձանագրուեցաւ մեծագոյն անակնկալներէն մէկը, երբ 8-րդ դասուած զուիցերիացի Սթանիսլաւ Վաւրինքա, 6-4, 6-3 եւ 7-6 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով մրցաշարքէն դուրս ձգեց իր ազգակիցը` 2-րդ դասուած Ռոժէ Ֆետերերը:
Կիսաւարտականի իր տոմսը ապահովեց նաեւ 14-րդ դասուած ֆրանսացի Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա, որ 6-1, 6-4, 4-6, 3-6 եւ 6-3 արդիւնքով յաղթեց 5-րդ դասուած ճափոնցի Քէյ Նիշիքորիի:
Ինչ կը վերաբերի աղջկանց քառորդ աւարտականի մրցումներուն, 13-րդ դասուած Լիւսի Սաֆարովա (Չեխիա) 7-6 եւ 6-3 արդիւնքով յաղթեց Կարպին Մուկուրուզա Պլանքոյի (Սպանիա, 21-րդ), իսկ Աննա Իվանովիչ (Սերպիա, 7-րդ)` Էլինա Սվիթոլինայի (Ուքրանիա, 19-րդ)` 6-3 եւ 6-2 արդիւնքով: