Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մենք. Տխրութեան Եւ Ոչ Մի Ակնարկ

November 28, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Աշունն այս տարի բացառիկ է` լուսաւոր ու հեզ, ինքնամատոյց լինելու չափ անկեղծ: Պատշգամբից գրեթէ տուն մտած թխկին ամէն օր այդ մասին է յիշեցնում ինձ: Նա այդտեղ է տարուայ բոլոր եղանակներին, բայց հիմա` աշնան արեւի մէջ շիկնող ու աննահանջ մերկացող նրա ներկայութիւնը պարտադրող է, յարգարժան: Լուսամուտիս տակ դեղին-կարմիր տերեւների գորգ է` մթնող քաղաքի երեկոյեան լոյսերի մէջ խենթացնող, կեանքի աղմուկին այդքան մօտ ու այդքան հեռու:

Ի~նչ լաւ է, որ այս բակով հաւաքարարներ չեն անցնում ու ամէն երեկոյ, յատկապէս զուսպ անձրեւից յետոյ վայելում եմ պատշգամբից տունս մտած աշունը` հողի, օդի ու ջրի հոտով: Տխրութեան եւ ոչ մի ակնարկ` կեանքը հիասքանչ է, բղաւում է աշունը, կեանքը հիասքանչ է` հաստատում եմ ես ու որոշում օրս նուիրել աշնանային Երեւանին` առանց քաղաքականութեան, առանց հարցազրոյցի, առանց ֆէյսպուքի եւ նոյնիսկ միասնական թեկնածուի մասին անպտուղ տագնապի:

Ժամը տասն է, սուրճ եմ վերցնում, հիւրանոց յիշեցնող նախաճաշ ու տեղաւորւում սրճարանի բացօթեայ հատուածում:

Հիւսիսային պողոտան դեռ չի արթնացել. հարուստները երկար են քնում, իսկ եւրոպացի հատուկենտ զբօսաշրջիկները, գուցէ եւ ինչ-որ միջազգային խորհրդաժողովի մասնակիցներ, առաւօտուայ մերկութեան մէջ փորձում են ընկալել պողոտայի յարձակողապաշտ յօրինուածքն ու հաստատ զարմանալ մայրաքաղաքի այդ պահի դատարկութեան վրայ: Նրանք զարմանալու մի բան էլ ունեն` պողոտայի երկայնքով տեղաւորուած շքեղ ու ժամանակակից խանութ-սրճարանների ճնշող մեծամասնութիւնը հայերէն ցուցանակ չունի: Պողոտայի կենսագրութիւնը նրանց անյայտ է, այն ընդամէնը արձակուրդի մի գեղեցիկ պատառիկ է, սոսկ տեսողական բացիկ: Տխրութեան եւ ոչ մի ակնարկ:

Մեղմ անձրեւը կատարեալ է դարձնում աշունն ու հողի, օդի ու ջրի արթուն հոտը պարտադրում գեղեցիկ բաներ մտածել, մօտաւորապէս կեանքը հիասքանչ է խորագրի ներքոյ:

«Կը մրսես, ներս գնա», լսում եմ ինձ ուղղուած ծանօթ ձայնն ու հայացքս բարձրացնում սեղանները մաքրող անորոշ տարիքի հաւաքարարի ուղղութեամբ: «Չէ, ուզում եմ դրսում լինել», պատասխանում եմ ես` փորձելով հասկանալ, թէ որտեղից է ծանօթ: Անմիջապէս էլ յիշում եմ, գերադասելով ցոյց չտալ, բայց արդէն ուշ է, գրեթէ անհնար: Լռութիւնը նա է փրկում: Տարիներ առաջ Գրողների միութեան «Մուտք» մատենաշարով նրա պատմուածքների ժողովածուն էր լոյս տեսել, ու դեռ ես էլ` հայ արձակում խոստումնալից մուտքի համար «Յակոբ Կարապենց» կրթաթոշակ էի յատկացրել: Նա դարձեալ փրկում է վիճակը, շարունակելով. «Երեխեքիս պիտի պահեմ, հէրը բանի պէտք չէր»: «Քեզ հաւանում էի», փորձում եմ «ոչինչ չի պատահել» հնչերանգով շարունակել զրոյցը, ու նա գրեթէ մխիթարում է ինձ` «Վատ չի, գոնէ ապրում ենք»: Քիչ յետոյ սրճարանի խոհանոցից վերադառնում է` ձեռքին պատմուածքների մի բարակ գրքոյկ ու մեկնում ինձ. «Ընկերներս են օգնել, որ տպագրուի»: Ամէն ինչ կարգին է, ժպիտով համբուրում եմ նրան ու միմեանց խնայելով` բաժանւում ենք: Տխրութեան եւ ոչ մի ակնարկ:

Շարունակում եմ սուրճս,  շարունակւում է նաեւ մեղմ անձրեւը` կատարեալ դարձնելով աշունը, իսկ հողի, օդի ու ջրի արթուն հոտը պարտադրում գեղեցիկ բաներ մտածել, մօտաւորապէս կեանքը հիասքանչ է խորագրի ներքոյ:

Պողոտան կամաց-կամաց արթնանում է. հարուստների երեխաներին զբօսանքի հանած դայեակներ են յայտնւում, դասից փախած գիւղացի ուսանողներ, վաղուց թոշակի անցած, բայց շուտ արթնանալն արդէն վարժութիւն դարձրած հին, մտաւորական երեւանցիներ, պողոտայի խանութներում ու ճաշարաններում աշխատող երկարոտ ու երկարամազ, մոտելատիպ աղջիկներ ու էլի հատուկենտ զբօսաշրջիկներ:

Աշխուժանում է նաեւ պողոտայի միակ ու մեծ` սփիւռքահայերին ու տեղացի հարուստներին ուղղուած պարէնային խանութը: Խանութի մուտքին աչքիս է ընկնում զինուորականի հագուստով միջին տարիքի մուրացկանը ` թանձր, հաստ բժշկական ակնոցով, յենակին թիկնած: Մուրացկանները վաղուց են մեր քաղաքի անբաժանելի մասը դարձել, չեմ զարմանում, անգամ` անհանգստանում, բայց զզուելու չափ նեարդայնանում եմ, որովհետեւ գրեթէ վստահ եմ, որ շահարկում է զինուորական հագուստը:

Անցորդներն անտարբեր են ինձ պէս, մուրացկանների սովոր: Բաւական անց տուփում յայտնւում է առաջին ողորմութիւնը ու գրեթէ երեք րոպէ է ձգւում, մինչ մուրացկանը մի կերպ հաւաքում է անդամալոյծ ոտքն ու յենակին կռթնած, ստուարաթղթէ տուփից հանում ողորմութիւնը: Եւս տաս րոպէ եւ ինքն իրեն քարշ տալով դուրս է գալիս խանութից ու գերագոյն լարումով բացում հէնց նոր գնած ծխախոտի տուփը: Ծխախոտատուփի սելոֆանը պոկւում է դողացող ձեռքից ու եւս մի քանի րոպէ, որ այն կարողանայ նետել աղբամանի մէջ:

Սուրալով նրա կողքով անցնում է անդէմ մի երիտասարդ (սրանցից յատկապէս կենտրոնում լիքն են)` ճմռթելով գետին է նետում ծխախոտի տուփն ու իրեն գցում խանութի մուտքին իրեն սպասող ճիփը:

Այս ամէնին հետեւում եմ հեռուից, մեղմ ու լուսաւոր անձրեւի տակ սուրճ խմելով: Անձրեւը շարունակում է գալ` կատարեալ դարձնելով աշունը, պարտադրելով գեղեցիկ բաներ մտածել, մօտաւորապէս կեանքը հիասքանչ է խորագրի ներքոյ` առանց քաղաքականութեան, առանց հարցազրոյցի, առանց ֆէյսպուքի ու նոյնիսկ միասնական թեկնածուի մասին անպտուղ տագնապի:

Իսկ խորհրդարանում նիստ է ու իմ ընկեր Արծուիկ Մինասեանը, այս էլ վեց տարի պայքարում է, որ նուազագոյն աշխատավարձը գոնէ 54,000 դրամ դառնայ:

35,000ով էլ կարելի է ապրել, պատասխանում են երկրի տէրերը, որոնք տարուայ բոլոր օրերին ապրում են կեանքը հիասքանչ է խորագրի ներքոյ` առանց տագնապի, առանց միասնական թեկնածուի մասին անպտուղ յոյզերի: Տխրութեան եւ ոչ մի ակնարկ®

 

 

Նախորդը

28 Նոյ. 1967 – 28 Նոյ. 2012. Ազգային Բարերար Սոֆիա Յակոբեան (Մահուան 45-ամեակին Առիթով)

Յաջորդը

Այսօրուան Մեր Գերխնդիրը Սուրիահայութեան Օգնութեան Փութալն Է. Քանատայի Տարածքին Ցարդ Հանգանակուած Է 135 Հազար Տոլար

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.