Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Խոջալուի «Գլխաւոր Վկան Վերադարձաւ Տուն. Ազրպէյճանի Առաջին Նախագահ Այազ Մութալիպովի 20-ամեայ Վտարանդիութիւնը

July 14, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Այն երկրները, որտեղ նախկին նախագահները ենթարկւում են քաղաքական հետապնդումների ու հալածանքների, չեն կարող համարուել ժողովրդավարական: Աւելի՛ն. այն երկրները, որտեղ նախկին նախագահները ֆիզիքական անվտանգութեան ապահովութիւնը հաշուի առնելով` ստիպուած են լինում լքել հայրենիքը եւ ապրել վտարանդիութեան պայմաններում, կարելի է դասել մենատիրական եւ ամբողջատիրական պետութիւնների շարքին: Ազրպէյճանը, որ 1991 թուականի անկախութիւնից ի վեր ունեցել է չորս նախագահ, կարելի է դասել հէնց ամբողջատիրական երկրների շարքում: Եթէ Ազրպէյճանի առաջին երկու նախագահները` Այազ Մութալիպովն ու Ապուլֆազ Էլչիպէյը (ծնունդով ազգանունը` Ալիեւ) երկիրը կառավարել են 1991-ից մինչեւ 1993-ի յունիս` երկու տարուց էլ պակաս, ապա հայր եւ որդի Հայտար եւ Իլհամ Ալիեւները բնական պաշարներով հարուստ Ազրպէյճանում իշխում են արդէն գրեթէ քսան տարի:

Ապուլֆազ Էլչիպէյը քաղցկեղից վախճանուել է 2000-ին, Հայտար Ալիեւը սրտի տագնապից` 2003-ին: Առաջին նախագահ Այազ Մութալիպովը ռուսական ռազմական ուղղաթիռով Պաքուից հեռացել էր 1992-ի մայիսին` ստիպուած լինելով իշխանութիւնը յանձնել Ժողճակատին ու նրա առաջնորդ Էլչիպէյին: Ինքը` Էլչիպէյը, մէկ տարի նախագահելուց յետոյ ստիպուած եղաւ իշխանութիւնը յանձնել Հայտար Ալիեւին: 1993-ի յունիսից Ազրպէյճանում իշխանութեան է եկել Ալիեւների հարստութիւնը: Այն կարող է ձգուել դեռ երկար տարիներ ու տասնամեակներ:

Մի քանի օր առաջ` յուլիսի 8-ին, Մութալիպովը հնարաւորութիւն ունեցաւ հայրենիք վերադառնալ: Նրա վերադարձը հնարաւոր դարձաւ այն բանից յետոյ, երբ այս տարուայ մայիսին Ազրպէյճանի խորհրդարանը գրեթէ միաձայն ընդունեց «Նախկին նախագահի եւ նրա ընտանիքի անդամների ապահովման մասին» սահմանադրական օրէնքը: Տպաւորութիւն է ստեղծւում, որ այս օրէնքը ընդունուել է Մութալիպովի Պաքու վերադարձի ճանապարհը հարթելու, ինչպէս նաեւ` Իլհամ Ալիեւին եւ իշխող ալիեւեան վարչախմբին մտահոգում է իրենց ապագան:

Մութալիպովը, ով նախագահի աթոռից զրկուել էր 1992-ի յեղաշրջման արդիւնքում, շուրջ երկու տասնամեակ բնակուեց Մոսկուայում: Այդ ընթացքում նրա նկատմամբ Ազրպէյճանում յարուցուեց մի քանի քրէական գործ: Պաշտօնական Պաքուն բազմիցս փորձել է հասնել նրան, որ Ռուսաստանը Մութալիպովին յանձնի Ազրպէյճանի իրաւապահ մարմիններին, սակայն ապարդիւն:

Անցեալ տարի Մութալիպովին հնարաւորութիւն էր տրուել մի քանի օրով այցելել Պաքու` մասնակցելու որդու յուղարկաւորման արարողութեանը: Հէնց այդ օրերին էլ Մութալիպովը այցելել էր նաեւ Հայտար Ալիեւի շիրիմին եւ ընդգծել վերջինիս մեծ աւանդը Ազրպէյճանի պետականաշինութեան գործում: Երկու շաբաթ առաջ 74-ամեայ Մութալիպովը յայտարարել է, որ հեռանում է Ազրպէյճանի Ընկերվար-ժողովրդավար կուսակցութեան համանախագահի պաշտօնից եւ քաղաքականութիւնից` ընդհանրապէս:

Մութալիպովի նախագահութեան ոչ երկարատեւ ժամանակահատուածը չափազանց կարեւոր է առնուազն մէկ իրադարձութեան համար, որն այսօր դարձել է Ազրպէյճանի հակահայ քարոզչութեան գլխաւոր զէնքը: Խօսքը 1992 թուականի փետրուարի Խոջալուի ողբերգական դէպքերի մասին է: Այդ օրերի նախագահ Մութալիպովի հարցազրոյցները ազրպէյճանական քարոզչամեքենան խնամքով թաքցնում է: Կասկած չկայ, որ 20-ամեայ վտարանդիութիւնից յետոյ հայրենիք վերադառնալու հնարաւորութիւն ստացած Մութալիպովը կը փորձի վերաշարադրել այն, ինչ ասել է 20 տարի առաջ: Դա կը լինի նրա փոխհատուցումը Իլհամ Ալիեւին ու ազրպէյճանական հակահայ քարոզչամեքենային:

Քսանամեայ վաղեմութեան հարցազրոյցներից մէկը Մութալիպովը տուել է չեխ լրագրողուհի Դանայ Մազալովային Խոջալուի ողբերգական դէպքերից մէկ ամիս անց, որը տպագրուել է Մոսկուայի «Նեզաւիսիմայա կազեթա» (թարգմանաբար` «Անկախ թերթ») օրաթերթում: Հարցին, թէ ի՞նչ է մտածում Խոջալուի դէպքերի մասին, Մութալիպովը պատասխանել է. «Ինչպէս ասում են փրկուած խոջալուցիները, այս ամէնը կազմակերպուած էր իմ հրաժարականի համար առիթ ստեղծելու նպատակով: Ինչ-որ ուժ գործում էր յանուն նախագահի վարկաբեկման: Չեմ կարծում, թէ նման իրավիճակին յստակ եւ բանիմաց մօտեցում ցուցաբերող հայերը թոյլ տային, որպէսզի ազրպէյճանցիներն իրենց ֆաշական արարքներում մերկացնող փաստեր ձեռք բերուեն: Եթէ ես յայտարարում եմ, որ դա ազրպէյճանական ընդդիմութեան մեղքն է, ապա կարող են ասել, որ ես զրպարտում եմ: Սակայն դատողութիւնների ընդհանուր պատկերն այսպիսին է. հայերը, այնուամենայնիւ, թողել էին մի միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ: Այդ դէպքում հայերը ինչու՞ պէտք էր կրակէին: Հէնց որ Խոջալուն շրջապատուեց զրահամեքենաներով, անմիջապէս հարկաւոր էր դուրս բերել բնակչութեանը: Աւելի վաղ ես նման յանձնարարութիւն էի տուել Շուշիի առիթով. քաղաքում թողնել տղամարդկանց, իսկ կանանց եւ երեխաներին դուրս բերել: Սա էլ է պատերազմի օրէնքներից. մարդկանց պէտք է փրկել: Իմ վարքագիծն առարկայական էր եւ միանշանակ. ես այդպիսի յանձնարարութիւն տուել եմ, սակայն ինչու՞ դրանք Խոջալուում չկատարուեցին, ինձ համար պարզ չէ»:

Մոսկովեան վտարանդիութեան տարիներին եւս, որոշ սրբագրումներով, Մութալիպովը շարունակել է պնդել, որ հայերը խաղաղ բնակչութեան հեռանալու համար միջանցք թողել են: 2002 թուականի փետրուարին Պաքուի «Զերքալօ» (թարգմանաբար` «Հայելի») ռուսալեզու օրաթերթի հետ զրոյցում Մութալիպովը ասել է.  «Փետրուարի 25-ի երեկոյեան ինձ զեկուցեցին տեղի ունեցածի մասին, բայց` առանց մանրամասների, հանգուցեալ ներքին գործերի նախարար Թոֆիկ Քերիմովը: Նա ասաց, որ մի քանի հարիւր մարդ գնդակահարուել են հէնց Խոջալուում: Այն ժամանակ ես առաջին բանը, որ արեցի, վերցրի հեռախօսը եւ զանգահարեցի Ղարաբաղի ղեկավար Արթուր Մկրտչեանին: Ես նրա հետ ծանօթ չէի, երբեք չէի տեսել, բայց ազգանունը գիտէի: Ես նրան զայրացած հարցրեցի, թէ ինչպէ՞ս է հնարաւոր Խոջալուում գնդակահարել գրեթէ հազար խաղաղ բնակիչների: Իսկ նա պատասխանեց բառացիօրէն հետեւեալը. «Ին՞չ յիմարութիւններ, մենք Խոջալուում ոչ մէկին չենք գնդակահարել: Մինչեւ Խոջալուն վերցնելն այնտեղ ոչ ոք արդէն չկար, քանի որ մենք միջանցք էինք տուել, եւ բնակիչները հեռացել են: Իսկ խոջալուցիների մի մասը մնացել է մեզ մօտ: Նրանք արհեստների ուսումնարանի շէնքում են: Մենք նրանց կերակրում ենք, թէեւ մեզ իսկ մթերքները չեն բաւականացնում: Ի դէպ, «Մեմորիալ» իրաւապաշտպան կենտրոնի զեկոյցում սեւը սպիտակի վրայ գրուած է, որ միջանցք տրամադրելու մասին անձամբ իմացել է Խոջալուի քաղաքապետ Էլման Մամետովը»:

1992-ի մարտի 3-ին` Խոջալուի դէպքերից ընդամէնը մէկ շաբաթ անց, Ազրպէյճանի  խորհրդարանում ընդդիմութեան ճնշման տակ ցուցադրուեցին այդ ողբերգութեան մասին պատմող  ազրպէյճանցի լրագրող Չինկիզ Մուսթաֆայեւի նկարահանումները. մի տղամարդ հեկեկալով գրկել է կարմիր բաճկոնով երեխայի դիակը, ցեխի ու հալուող ձեան մէջ ընկած են վառ գլխաշորերով եւ վերարկուներով գիւղացի կանայք: Ընդամէնը երկու ամիս անց Մուստաֆայեւը սպաննուեց:

Խոջալուի դէպքերի հետ կապուած եւս մէկ ուշագրաւ իրադարձութիւն. ազրպէյճանցի լրագրող Էյնուլլահ Ֆաթուլաեւը 2005թ. այցելեց Լեռնային Ղարաբաղ: Պաքու վերադառնալով` նա պատրաստեց յօդուածների շարք, որոնցից մէկում գրեց. «Սրանից մի քանի տարի առաջ ես հանդիպեցի Նաւթալանում բնակուող խոջալուցիների հետ: Նրանք խոստովանեցին, որ գրոհն սկսելուց մի քանի օր առաջ հայերն բարձրախօսներով նախազգուշացնում էին ծրագրուող գործողութեան մասին եւ քաղաքացիական անձանց առաջարկում հեռանալ աւանից` դուրս գալ շրջափակումից մարդասիրական միջանցքով` Կարկար գետի երկայնքով: Խոջալուցիների խօսքերով, իրենք օգտագործել են այդ միջանցքը եւ իրականում հայ զինուորները, ովքեր գտնւում էին միջանցքից այն կողմ, կրակ չեն բացել խոջալուցիների վրայ: Ժողճակատի զինուորականները, չգիտես ինչու, խոջալուցիների մի մասին դուրս են բերել դէպի Նախիջեւանիկ գիւղ, որը հայերի վերահսկողութեան տակ էր: Միջանցք իրականում եղել է, այլապէս ամբողջութեամբ շրջափակուած եւ արտաքին աշխարհից կտրուած խոջալուցիները չէին կարող ճեղքել օղակը եւ դուրս գալ շրջափակումից: Խօջալուցիների մի մասը, չգիտես ինչո՛ւ, ուղղուել է դէպի Նախիջեւանիկ: Թւում է` Ժողճակատի գումարտակները ձգտում էին ոչ թէ խոջալուցիների փրկութեանը, այլ մեծ արեան` Մութալիպովին գահընկէց անելու ճանապարհին»:

Յօդուածների հրապարակումից անմիջապէս յետոյ լրագրող Էյնուլլահ Ֆաթուլայեւի դէմ սկսուեց վարկաբեկման արշաւ: Նրան մեղադրեցին դաւաճանութեան, անգամ հայկական գործակալ լինելու մէջ: Կարճ ժամանակ անց նա ձերբակալուեց թմրանիւթեր պահելու մեղադրանքով եւ բանտում անցկացրեց մի քանի տարի: Միայն Եւրոպայի Խորհրդի ճնշման տակ Ալիեւի վարչակարգը ստիպուած եղաւ ազատ արձակել Ազրպէյճանի շուրջ 90 քաղբանտարկեալներից մէկին` Ֆաթուլայեւին:

 

Յատուկ «Ազդակ»ի համար

Նախորդը

ԼԵՄ-ի Պաշտօնաթերթը. «Ռազմիկ»

Յաջորդը

Ա. Սէ. Միլան Իպրահիմովիչն Ու Թիակօ Սիլվան Կը Ծախէ Փարիզ Սեն Ժերմենի

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.