Ստորեւ կու տանք ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի պաշտօնին առաջադրուած Թուրքիոյ թեկնածուին ընդդիմացող Հայ դատի Կեդրոնական խորհուրդի 6 նոյեմբերի յայտարարութիւնը.
«Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամներին եւ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետութիւնների կառավարութիւններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիտուն Սինիրլիօղլուի թեկնածութեան առաջադրումը ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնում:
«Գլխաւոր քարտուղարը պէտք է լինի ՄԱԿ-ի կանոնադրութեան անաչառ պահապանը եւ զանգուածային վայրագութիւնների դէմ առաջին ձայնն աշխարհում: Պարոն Սինիրլիօղլուի գործունէութիւնը վկայում է հակառակի մասին. տասնամեակներ շարունակ նա առաջ է մղել թուրքական կառավարութեան քաղաքական օրակարգերը, այդ թւում` Հայոց ցեղասպանութեան ժխտումը հէնց ՄԱԿ-ում շրջանառուող փաստաթղթերում:
«2020-ի հոկտեմբերի 16-ին, լինելով ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, պարոն Սինիրլիօղլուն ստորագրել է գլխաւոր քարտուղարին ուղղուած նամակ (ՄԱԿ-ի փաստաթուղթ A/75/525-S/2020/1024): Դրանում նա պնդում էր, թէ 1915-ի իրադարձութիւնները ցեղասպանութիւն չեն եղել եւ շարունակում են մնալ «օրինական բանավէճ»-ի առարկայ: Նա այդ նամակն ուղարկել էր Արցախի դէմ Ազրպէյճանի յարձակման երրորդ շաբաթում: Դրանում նա «անհիմն» էր որակել հակամարտութեան գօտում օտարերկրեայ մարտիկների առկայութեան մասին տեղեկութիւնները, թէեւ Ռուսաստանը, Ֆրանսան եւ Միացեալ Նահանգներն արդէն հաստատել էին, որ այնտեղ սուրիացի վարձկաններ են տեղակայւում: Նամակում նաեւ առանց որեւէ ապացոյցի մեղադրւում էին հայկական սփիւռքի կազմակերպութիւնները` «բարեգործութեան քողի ներքոյ» մարտիկներին ռազմաճակատ տեղափոխելու մէջ: Երեք տարի անց աւելի քան 100.000 հայ բռնի տեղահանուեց Արցախից:
«Սա միակ դէպքը չէր: 2010-ին, լինելով Թուրքիայի արտաքին գործոց փոխնախարար, պարոն Սինիրլիօղլուն մեկնել է Ուաշինկթըն` աշխատելու Ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանութիւնը վերահաստատող բանաձեւի դէմ: Այնուհետեւ նրա նախարարութիւնը Հայաստանի Սահմանադրական դատարանին մեղադրեց հայ-թուրքական արձանագրութիւնների նկատմամբ «նախապայմաններ» առաջադրելու մէջ, ինչը պատրուակ դարձաւ Անգարայի համար` կասեցնելու դրանց վաւերացումը:
«2026-ի յուլիսին, լինելով ԵԱՀԿ-ի գլխաւոր քարտուղար, պարոն Սինիրլիօղլուն, զրոյցի ընթացքում, համոզուած լինելով, որ խօսում է Հայաստանի վարչապետի հետ, ասել է, որ «կ՛ուսումնասիրի», թէ ինչպէ՛ս կարող է ԵԱՀԿ-ն աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտօնանկ անելուն: Մարդու իրաւունքների եւ կրօնական ազատութեան չորս միջազգային կազմակերպութիւններ դատապարտել են այդ խօսքերը` որակելով դրանք նրա պաշտօնի հետ անհամատեղելի, եւ կոչ են արել նրան հետ վերցնել դրանք:
«Պարոն Սինիրլիօղլուն ի վիճակի չէ նաեւ ապահովել քաղաքական այն չէզոքութիւնը, որ պահանջում է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնը: Նա լայնօրէն յայտնի է որպէս նախագահ Էրտողանի մտերիմ վստահելի անձ, առաջադրուած` անձամբ նրա կողմից: ՄԱԿ-ի կանոնադրութեան 100-րդ յօդուածն արգելում է գլխաւոր քարտուղարին որեւէ կառավարութիւնից ցուցումներ խնդրել կամ ստանալ: Մինչդեռ գրեթէ իւրաքանչիւր ճգնաժամում, որով պէտք է զբաղուի յաջորդ գլխաւոր քարտուղարը, նրա սեփական կառավարութիւնը հանդիսանում է հակամարտութեան կողմ կամ գլխաւոր դերակատար` Կիպրոս, Հարաւային Կովկաս, Սուրիա, Ուքրանիա: Թուրքիան շարունակում է բռնագրաւուած պահել ՄԱԿ-ի անդամ պետութեան` Կիպրոսի տարածքի աւելի քան մէկ երրորդը` ի հեճուկս Անվտանգութեան խորհրդի բանաձեւերի: Միեւնոյն ժամանակ, նաեւ գլխաւոր քարտուղարն է, որ պէտք է առաջնորդի այդ հակամարտութիւնների խաղաղ կարգաւորումը:
«Ցեղասպանութեան համաձայնագրի հարցում գլխաւոր քարտուղարը խօսում է ամբողջ աշխարհի անունից: ՄԱԿ-ը չի կարող ղեկավարուել մի մարդու կողմից, ով ՄԱԿ-ում շրջանառուած պաշտօնական գրութեամբ ժխտել է Ցեղասպանութիւնը եւ իր ողջ ասպարէզը նուիրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան մասին ճշմարտութիւնը լռեցնելուն: Նրան ՄԱԿ-ի բարձրագոյն պաշտօնը վստահելը կործանարար ուղերձ կը յղի զանգուածային վայրագութիւններից վերապրածներին ամէնուր:
«Ուստի մենք կոչ ենք անում`
«1.- Անվտանգութեան խորհրդի անդամներին, յատկապէս մշտական անդամներին, չաջակցել պարոն Սինիրլիօղլուի թեկնածութեանը, ո՛չ պաշտօնական քուէարկութիւններում, եւ ո՛չ էլ խորհրդում պաշտօնական առաջադրութեան ընթացքում:
«2.- ՄԱԿ-ի բոլոր անդամ պետութիւններին պնդել, որ յաջորդ գլխաւոր քարտուղարն ունենայ ցեղասպանութիւնների կանխարգելման եւ 100-րդ յօդուածով պահանջուող անկախութեան նկատմամբ անվերապահ նուիրուածութեան ապացուցուած անցեալ:
«3.- Պարոն Սինիրլիօղլուին հրապարակաւ յայտարարել, թէ արդեօք նա շարունակո՞ւմ է պաշտպանել իր 2020-ի նամակում տեղ գտած` Հայոց ցեղասպանութեան ժխտումը եւ արդեօք յե՞տ է վերցրել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին պաշտօնանկ անելուն աջակցելու իր առաջարկը:
«Մենք համերաշխ ենք այն կառավարութիւնների, համայնքների եւ քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների հետ, որոնք մտահոգութիւն են յայտնել այս թեկնածութեան կապակցութեամբ: Աշխարհասփիւռ հայութեանն ու հայ ժողովրդի բարեկամներին կոչ ենք անում դիմել իրենց երկրների կառավարութիւններին եւ ընտրուած ներկայացուցիչներին»:
Նշենք, որ յունական «Փրոթոթեմա» կայքը հաղորդեց, որ Սինիրլիօղլուի թեկնածութիւնը Ապահովութեան խորհուրդին մէջ ոչ պաշտօնական քուէարկութեան ընթացքին միայն 3 թեր եւ 8 դէմ քուէներ ստացած է: Չորս անդամներ ձեռնպահ մնացած են: Ապահովութեան խորհուրդի 5 մնայուն անդամներէն (Միացեալ Նահանգներ, Ռուսիա, Չինաստան, Ֆրանսա եւ Բրիտանիա) ոչ մէկը զօրակցած է անոր թեկնածութեան:
Յունաստանի արտաքին գործոց նախարար Ճորճ Կերափեթրիթիս յայտնած է, որ յունական կառավարութիւնը չի կրնար անոր թեկնածութեան զօրակցիլ, որովհետեւ Թուրքիան չ՛ընդունիր ՄԱԿ-ի որոշումները, եւ Կիպրոսի հարցը ատոր ամէնէն ականաւոր օրինակն է: Ոչ պաշտօնական քուէարկութիւնը որեւէ թեկնածուի պաշտօնապէս բացառման չի յանգեցներ, եւ Ապահովութեան խորհուրդը վերջնական արդիւնքը պաշտօնապէս չի հրապարակեր:


