Իր մարզական ասպարէզին մէջ առաջին անգամն ըլլալով նետերլանտցի վարորդ Մաքս Վերշթափեն իր «Ռետ Պուլ»-ով կրցաւ ամբողջական շաբաթավերջ մը ունենալ շաբաթ օր շահելով սփրինթի մրցումը եւ կիրակի օր` Կրան Փրին: Ան շահած էր նաեւ երկու մրցումներուն փոլ փոզիշընը:
Վերշթափեն 7.335 երկվայրկեանի առաւելութիւն ունեցաւ Ֆեռարիի Շարլ Լըքլերի վրայ, մինչ ախոյեանութեան պարագլուխի դիրքը գրաւող Քիմի Անթոնելլի գրաւեց երրորդ դիրքը` ամբողջացնելով պատուոյ հարթակը:
4 անգամ աշխարհի ախոյեան Վերշթափեն 2015-էն ի վեր (Թորօ Ռոսոյի օրերէն) 9 նախկին փորձերուն ձախողած էր փոլ փոզիշընի կամ կրան փրիին առաջին դիրքը գրաւել Մարինա Պէյի (Սինկափուր) մէջ:
«Քիչ մը ժամանակ առաւ, բայց պէտք է ըսել, որ այս Կրան Փրին բաւական յաջող էր: Արագ էինք կակուղ եւ միջակ անիւներով եւ անշուշտ շատ ուրախ ենք, որ յաղթեցինք», ըսաւ Վերշթափեն, որ շաբաթ մը առաջ ալ կրցած էր յաղթել Մալեզիոյ մէջ (տարուան իր առաջին յաղթանակը):
Մաքլարէնի զոյգը` Լանտօ Նորիս եւ Օսքար Փիասթրի 4-րդ եւ 5-րդ դիրքերը գրաւեցին իրենց ետին ձգելով 2-րդ Ֆեռարին` Լուիս Համիլթընի որ երրորդ դիրքէն նահանջեց 6-րդի` անիւին լաւ ձեւով չտիրապետելէ ետք:
Անթոնելլիի խմբակից Ճորճ Ռասըլ, որ վերջին դիրքէն սկսած էր, 9-րդ դիրքը գրաւեց:
Անթոնելլի այժմ 102 կէտերով կը գերազանցէ Ռասըլը, որուն յոյսերը` աշխարհի ախոյեան դառնալու կրան փրիէ կրան փրի կը նուազին:
Ստորեւ դասաւորումը աւարտէն 6 կրան փրիներ առաջ.
| ԿԷՏ | |
| 1.- Քիմի Անթոնելլի (Իտալիա) Մերսետես | 340 |
| 2.- Ճորճ Ռասըլ (Բրիտանիա) Մերսետես | 238 |
| 3.- Լուիս Համիլթըն (Բրիտանիա) Ֆեռարի | 229 |
| 4.- Մաքս Վերշթափեն (Նետերլանտներ) Ռետ Պուլ | 221 |
| 5.- Շարլ Լըքլեր (Մոնաքօ) Ֆեռարի | 215 |
| 6.- Լանտօ Նորիս (Բրիտանիա) Մաքլարէն | 201 |
| 7.- Օսքար Փիասթրի (Աւստրալիա) Մաքլարէն | 138 |
| 8.- Իզաք Հաժժար (Ֆրանսա) Ռետ Պուլ | 97 |
| 9.- Լիամ Լոսըն (Նոր Զելանտա) Ռէյսինկ Պուլզ | 75 |
| 10.- Փիեր Կասլի (Ֆրանսա) Ալփին | 41 |
| ԽՄԲԱՅԻՆ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Մերսետես | 578 |
| 2.- Ֆեռարի | 444 |
| 3.- Մաքլարէն | 339 |
| 4.- Ռետ Պուլ | 332 |
| 5.- Ռէյսինկ Պուլզ | 100 |
| 6.- Ալփին | 68 |
| 7.- Հաաս | 30 |
| 8.- Աուտի | 23 |
| 9.- Ուիլիամս | 12 |
| 10.- Ասթոն Մարթին | 7 |


