Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Բարգաւաճ Հայաստանի Անսպասելի Քայլը. Գագիկ Ծառուկեանը Չի Կարողացել Պաշտօնազրկել Վարչապետ Տիգրան Սարգսեանին

May 25, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Կատարուեց անսպասելին:

Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը (ԲՀԿ) հրաժարուել է ընդունել նախագահ Սերժ Սարգսեանի` համաձայնական նոր կառավարութիւն ձեւաւորելու առաջարկը:

Կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանի այս քայլը անսպասելի էր ոչ միայն ներքաղաքական շրջանակների ու լրատուամիջոցների, այլ անգամ իր մօտ շրջապատի շատ ու շատ գործիչների համար:

Առաջիկայում բազմաթիւ յօդուածներ ու վերլուծականներ են գրուելու, ենթադրութիւններ են արուելու, թէ ինչո՛ւ Ծառուկեանը հրաժարուեց համաձայնական կառավարութիւն կազմել Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) հետ: Այս ամէնի հետեւում տեսնելու են դաւադրութիւն, փնտռելու են երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի դերակատարութիւնը: Անշուշտ, բոլոր կարծիքներն ու վերլուծութիւնները «ապրելու» իրաւունք ունեն:

Բայց շատ կարեւոր է իմանալ, թէ ի՞նչ է տեղի ունեցել իրականում:

Իսկ տեղի է ունեցել հետեւեալը: Մայիսի 23-ի երեկոյեան սկսուել եւ ժամեր շարունակ ընթացել է նախագահ Սերժ Սարգսեանի եւ Գագիկ Ծառուկեանի միջեւ հանդիպում հէնց համաձայնական կառավարութիւն ձեւաւորելու, այսինքն` իշխանութիւնը կիսելու (անշուշտ, ոչ հաւասար չափաբաժիններով) հարցերի շուրջ:

Նախ յիշեցնենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւններում, ըստ պաշտօնական տուեալների, Սերժ Սարգսեանի գլխաւորած ՀՀԿ-ն ստացել էր քուէների մօտ 44 տոկոսը, իսկ նրա համաձայնական կառավարութեան գործընկեր ԲՀԿ-ն` 30 տոկոսը: ՀՀԿ-ն նոր խորհրդարանում ունենալու է 69 պատգամաւոր 131-ից, այսինքն` կէսից աւելին, հետեւաբար, այդ կուսակցութիւնը կարող է միայնակ կազմել կառավարութիւն եւ կարիք չունի ո՛չ ԲՀԿ-ի եւ ո՛չ էլ որեւէ այլ ուժի աջակցութեան: Սակայն Սերժ Սարգսեանը ձգտում էր հասնել նրան, որ նոր կառավարութիւնը լինի համաձայնական, որպէսզի ինը ամիս յետոյ` 2013 թուականի փետրուարին կայանալիք նախագահական ընտրութիւններում, ԲՀԿ-ն նախագահի իր թեկնածուն չունենայ եւ աջակցի իրեն: Գագիկ Ծառուկեանը այս տարբերակին դէմ չէ: Աւելին, համաձայնական կառավարութեան ձեւաւորումը այնքան հաւանական էր, որ մի շարք ԲՀԿ-ականներ, ովքեր պատգամաւոր են ընտրուել, արդէն պատրաստւում էին հրաժարուել իրաւագրերից, քանի որ պատրաստւում էին ստանալ նախարարական աթոռներ:

ԲՀԿ-ի ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանեանը, ինչպէս նաեւ մի քանի այլ ԲՀԿ-ականներ, ովքեր խստիւ դէմ էին համաձայնական կառավարութեան ձեւաւորմանը, ի նշան իրենց անհամաձայնութեան, պատրաստւում էին լքել ԲՀԿ-ի շարքերը: Յամենայն դէպս, այդպիսի տպաւորութիւն էր ստեղծւում նրանց հրապարակային յայտարարութիւններից:

Եւ ահա Սերժ Սարգսեան-Գագիկ Ծառուկեան մայիսի 23-ի հանդիպումը փոխել է իրադարձութիւնների ընթացքը: Բայց պատճառը ոչ թէ այն էր, որ ԲՀԿ-ն այլեւս չէր ուզում համաձայնական կառավարութիւն կազմել, այլ որովհետեւ նախագահ Սարգսեանը չի ընդունել Ծառուկեանի առաջարկներից եւ ոչ մէկը: ԲՀԿ առաջնորդը, ով նաեւ Հայաստանի խոշորագոյն գործարարներից է, խիստ դժգոհ է վարչապետ Տիգրան Սարգսեանի տնտեսական քաղաքականութիւնից: Ծառուկեանը մտածել է, որ նոր համաձայնական կառավարութիւն կազմելու եւ նախագահական ընտրութիւններում Սերժ Սարգսեանին աջակցութիւն խոստանալու դիմաց Հայաստանի նախագահը գոնէ վարչապետ Տիգրան Սարգսեանին պաշտօնանկ կ՛անի: Սերժ Սարգսեանը յայտնել է, որ վարչապետի պաշտօնում մնալու է Տիգրան Սարգսեանը, փոխարէնը ԲՀԿ-ին առաջարկել է աւելի շատ նախարարական աթոռներ: Ծառուկեանը չի համաձայնուել: Ահա եւ այս պատճառով նոր համաձայնական կառավարութիւն կազմելու շուրջ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդների միջեւ պայմանաւորուածութիւն ձեռք չի բերուել:

Անշուշտ, ԲՀԿ-ն եւ նրա առաջնորդ Ծառուկեանը ձգտում էին հասնել նրան, որ հէնց ԲՀԿ-ին հասնի վարչապետի պաշտօնը: Միւս կողմից, Ծառուկեանը համաձայն էր մէկ այլ ՀՀԿ-ականի նշանակումին որպէս նոր վարչապետ, բայց ոչ մի դէպքում համաձայն չէր Տիգրան Սարգսեանի պաշտօնավարութեան շարունակմանը: Հայաստանեան լրատուամիջոցներում յայտնւում էին տեղեկութիւններ, որ հնարաւոր է նոր վարչապետի աթոռը զբաղեցնի խորհրդարանի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Յովիկ Աբրահամեանը, ով բարդ ու լարուած յարաբերութիւններ ունի Տիգրան Սարգսեանի հետ: Աւելորդ չէ նշել, որ Յովիկ Աբրահամեանի որդին եւ Գագիկ Ծառուկեանի դուստրը ամուսիններ են:

Երբ մայիսի 23-ի ուշ երեկոյեան բանակցութիւնները Սերժ Սարգսեանի եւ Գագիկ Ծառուկեանի միջեւ աւարտուեցին ձախողումով, յաջորդ օրը ԲՀԿ առաջնորդը տարածեց յայտարարութիւն, որում  բացատրում էր, թէ ինչու նպատակայարմար չի համարում համաձայնական կառավարութիւն կազմել ՀՀԿ-ի հետ: Կրկնենք, սակայն, որ աւելի քան երկու շաբաթ, Գագիկ Ծառուկեանը եւ Սերժ Սարգսեանը, պատրաստւում էին համաձայնական դաշինքի նոր կառավարութիւն համաձայնագիր ստորագրել, որին միանալու էր նաեւ Օրինաց երկիր կուսակցութիւնը:

Ծառուկեանի տարածած յայտարարութեան մէջ ասւում էր. «Ես  իմ բոլոր հանդիպումների ժամանակ յայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականութիւն` չեմ հետապնդում որեւէ անձնական շահ: Աւելի՛ն, ես յայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահութիւնը սրբօրէն պահպանելու եմ: Խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում  Բարգաւաճ Հայաստանը ստացաւ մօտ կէս միլիոն ձայն: Այդ մարդիկ քուէարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ եւ պահանջելով երկրի ընկերային-տնտեսական կեանքում իրական, տեսանելի փոփոխութիւններ: Ընտրութիւնների արդիւնքներով` ԲՀԿ-ն չունի կառավարութիւն ձեւաւորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարաւորութիւն: Ելնելով վերը նշեալից` ես պաշտօնապէս յայտարարում եմ, որ ԲՀԿ-ն նպատակայարմար չի գտնում մասնակցել համաձայնական կառավարութեան ձեւաւորմանը: ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կեանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հաւասարակշռող դերակատարութիւն եւ մասնակցութիւն երկրի հասարակական-քաղաքական կեանքում: Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ աշխուժ եւ գործունեայ խմբակցութիւն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամաւորները մշտապէս լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարաւոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրաւունքներն ու շահերը»:

Առաջիկայում լրատուամիջոցների ուշադրութեան կենտրոնում մնալու է ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի գործունէութիւնը: Բնական է, որ կասկածներ են նաեւ հնչելու. արդեօք ԲՀԿ-ն չի՞ պատրաստւում առաջիկայ նախագահական ընտրութիւններում` կեղծ ընդդիմութեան քօղի տակ պաշտպանել Սերժ Սարգսեանին: Կամ` ԲՀԿ-ի` համաձայնական կառավարութիւն կազմելուց հրաժարուելը արդեօք չի՞ նշանակում, որ գործընթացների հետեւում կանգնած է երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը, ով, ի դէպ, լաւ յարաբերութիւններ ունի ինչպէս Ծառուկեանի, այնպէս էլ` Օսկանեանի հետ: Կը լինեն նաեւ հակասական, անտրամաբանական այլ մեկնաբանութիւններ ու կարծիքներ անշուշտ:

Եւս մի իրողութիւն, որը կարող է լոյս սփռել Հայաստանում ընթացող ներքաղաքական ներկայ գործընթացների վրայ:

Խօսակցութիւնները, թէ ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Ծառուկեանը կատարում են Ռոպերթ Քոչարեանի հրահանգները, մեղմ ասած, ուռճացուած են, եթէ չասենք` ճիշդ չեն: Ծառուկեանը այս ընտրութիւններում ստացել է 30 տոկոս քուէ, ինչը, համաձայնէք, պատկառելի թիւ է: Այո, Ծառուկեանն ու Օսկանեանը լաւ կապեր ու յարաբերութիւններ ունեն Քոչարեանի հետ, սակայն նաեւ հասկանում են, որ ունեն 30 տոկոս քուէ կամ գրեթէ կէս միլիոն մարդու աջակցութիւն: Աւելի՛ն, համաձայնական կառավարութիւն չմտնելով, ԲՀԿ-ի ու նրա առաջնորդների վարկանիշը աւելի է բարձրանալու:

Եւս մէկ իրողութիւն: Ճիշդ է, 2008-ին Քոչարեանը ամէն ինչ արեց, որ հէնց Սերժ Սարգսեանը դառնայ Հայաստանի նախագահ, եւ ոչ Լեւոն Տէր Պետրոսեանը, սակայն այդ օրերից չորս տարի անց նա հիասթափուած է նախագահ Սարգսեանից ու նրա տնտեսական խումբի քաղաքականութիւնից: Անշուշտ, սա չի նշանակում, որ Քոչարեանը դուրս կը գայ իր երկար տարիների գործընկեր Սարգսեանի դէմ: Աւելի՛ն,եթէ ընտրութիւնը կրկին լինի Տէր Պետրոսեանի ու Սարգսեանի միջեւ, ապա Քոչարեանը կը պաշտպանի Սարգսեանին: Սակայն արդեօ՞ք Քոչարեանը առաջիկայ նախագահական ընտրութիւններում կը պաշտպանի Սարգսեանին, եթէ ներքաղաքական դաշտում ի յայտ գա նախագահի իրական այլ թեկնածու:

Չշտապենք, ինն ամիս է մնացել մինչեւ 2013-ի փետրուար:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար 

 

Նախորդը

Եւրոպական Խորհրդարանը Կը Դատապարտէ Ազրպէյճանի Մարդկային Իրաւանց Խախտումները

Յաջորդը

Սպանիոյ Խորհրդարանը Մերժած Է Հայոց Ցեղասպանութեան Օրինագիծը

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.