ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
ՎԱՀԷ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ
Լիբանանի Այնճար հայաբնակ աւանն այսօր շուրջ 3000 բնակիչ ունի: Չհաշուած փոքրամասնութիւն կազմող արաբներին` Այնճարի հայութիւնը ներկայացնում է 3 համայնք` առաքելական, կաթողիկէ ու աւետարանական:
Այնճարցիները մուսալեռցիներ են, որոնք այստեղ վերաբնակեցուել են 1939-ի սեպտեմբերին ֆրանսական իշխանութիւնների աջակցութեամբ: Ի սկզբանէ հայերի թիւը 5125 էր (1205 ընտանիք): Քանի դեռ Այնճարում տներ չէին կառուցուել, մի քանի ամիս մարդիկ ապրում էին վրանների մէջ: Այս պայմաններում կեանքը հեշտ չէր, կար խմելու ջրի եւ սննդի պակաս: Գաղթականների մի մասն այս ամէնի պատճառով ցրուեց հարեւան բնակավայրերի մէջ: 1205 ընտանիքից մնաց 1050-ը (803 առաքելական, 165 կաթողիկէ, 82 աւետարանական): Սակայն նոյնիսկ վրանային պայմաններում մուսալեռցիները կրթում էին իրենց երեխաներին ու կատարում եկեղեցական արարողութիւններ:
Այնճարի ժամացոյցը` նախկինում եւ այսօր
Աւելի ուշ իւրաքանչիւր համայնք Այնճարում հիմնեց իր եկեղեցին ու դպրոցը:
3 համայնք, 3 եկեղեցի, 3 դպրոց
Արծուի տեսք ունեցող յատակագծով Այնճարի «գլխամասում» Ս. Պօղոս առաքելական եկեղեցին է, «թեւերի» վրայ` կաթողիկէ (Ս. Վարդարանի Տիրամայր) ու աւետարանական եկեղեցիները:
Ս. Պօղոս առաքելական եկեղեցին ու «Գալուստ Կիւլպէնկեան» սրահը
1941-ին կառուցուել է աւետարանական եկեղեցին, 1954-ին օծուել է Ս. Վարդարանի Տիրամայրը, իսկ 1960-ին օծուել է Ս. Պօղոսը: Ընդ որում` վրաններից դուրս գալուց յետոյ մի որոշ ժամանակ առաքելականներն իրենց եկեղեցական արարողութիւնները կատարում էին վարժարանի շէնքում, իսկ կաթողիկէները` փայտաշէն եկեղեցում:
Ս. Վարդարանի Տիրամայր կաթողիկէ եկեղեցին ու «Աղաջանեան» կենտրոնը
Այնճարի քաղաքապետ Սեդրակ Հաւաթեանն ասում է, որ այսօր համայնքի հայութեան 90 տոկոսը առաքելականներ են, բայց թէ՛ նրանք, թէ՛ կաթողիկէներն ու աւետարանականները մուսալեռցիներ են:
Մուսա Լերան հերոսամարտին նուիրուած յուշահամալիրը
«Մենք ընդհանրապէս տարբերութիւն չենք դնում,- ասում է «Հետք»-ի զրուցակիցը,- երբ Մուսա Լերան մեր հերոսամարտի տօնակատարութիւնն ենք անում, հարիսայ պատրաստելիս երեք համայնքներն էլ, երեքի հոգեւորականներն էլ ներկայ են լինում` կողք կողքի նստած: Մեր բոլոր ձեռնարկներում իրար յարգում ենք: Երբ դեկտեմբերի 25-ին նշում են կաթողիկէ համայնքի Սուրբ Ծնունդը, մենք միւսներով գնում ենք շնորհաւորելու, փոխադարձաբար յունուարի 6-ին իրենք են գալիս մեզ շնորհաւորելու: Միշտ սերտ ու ջերմ յարաբերութիւններ են: Մէկ ընտանիքի պէս ենք ապրում այստեղ:
Հարիսան պատրաստւում է այս վառարաններում
Եկեղեցիներ կառուցելուց աւելի շուտ հայ առաքելականները, կաթողիկէներն ու աւետարանականները դպրոցներ (վարժարաններ) են հիմնել իրենց նոր բնակավայրում:
Առաքելականները, մասնաւորապէս, 1939-ին Այնճար հասնելուց շատ չանցած, մի քանի արաբական մեծ վրան էին իրար միացրել ու այդտեղ էին կրթում երեխաներին: Վարժարանն այդպէս էլ կոչում էին` «վրան-վարժարան»: 1940-ին Փարիզի «Յառաջ» օրաթերթի խմբագիր Շաւարշ Միսաքեանի նախաձեռնութեամբ, ֆրանսահայութիւնը գումար հանգանակեց, որով էլ կառուցուեց Ազգային Յառաջ վարժարանը: Այն բացուեց 1941-ին` ունենալով 755 աշակերտ: Այստեղ էր, որ ժամանակաւորապէս արարողութիւններ էին կատարում առաքելական հոգեւորականները: Պատահական չէ, որ վարժարանի բակում տեղադրուած է դրա հիմնադիր համարուող Շ. Միսաքեանի կիսանդրին:
Այդուհանդերձ, Բ. Համաշխարհային պատերազմից յետոյ դէպի Խորհրդային Հայաստան սկսուած հայրենադարձութիւնն ազդեց թէ՛ Այնճարի բնակիչների, թէ՛ Յառաջ վարժարանի աշակերտների թուի վրայ: Ի տարբերութիւն բացման տարուայ` 1954-1955 ուստարում այստեղ ընդամէնը 135 սովորող կար: Մինչեւ 1959 թ. կրթութիւնը 6-ամեայ էր, իսկ 1959-ից` 12-ամեայ (այս կրթութեամբ առաջին շրջանաւարտները վարժարանից դուրս են եկել 1965-ին): Այլ կերպ ասած` 1959-ից Յառաջը երկրորդական վարժարան է (սա համարժէք է ՀՀ ներկայիս աւագ (12-ամեայ) դպրոցներին):
Ուսման երկարելը նշանակում էր նաեւ աշակերտների թուի աւելացում: Ընդ որում` մանկապարտէզը եւս վարժարանում էր տեղայակուած, սակայն դպրոցականների քանակական աճի խորապատկերին 1960-ականների կէսերին այն տեղափոխուեց ծննդատան (մայրանոցի) շէնք: 1969-ին սկսուեց վարժարանի նոր` երկյարկանի շէնքի շինարարութիւնը, որտեղ պիտի տեղաւորուէին 7-12-րդ դասարանների աշակերտները: Շէնքը կառուցուեց «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի աջակցութեամբ: Եւ այսօր 2 մասնաշէնքից բաղկացած կրթական հաստատութիւնը կոչւում է Յառաջ-Գ. Կիւլպէնկեան ազգային երկրորդական վարժարան:
Արմէն Թաշճեանը, որը 2005 թ.-ից վարժարանի տնօրէնն է, «Հետք»-ի հետ զրոյցում պատմում է, որ նախկինում աշակերտների թիւը տատանւում էր 200-230-ի միջակայքում, բայց երկրում շարունակուող տնտեսական ճգնաժամի խորապատկերին (լիբանանեան լիրան 2019-ից սրընթաց արժեզրկուել է) արտագաղթի միտում կայ, եւ 2025-2026 ուստարում աշակերտների զգալի նուազում է եղել. վերջին 20 տարիներին առաջին անգամ նրանց թիւն իջել է 200-ից` հասնելով 185-ի:
Վարժարանում հայկական առարկաները (հայոց լեզու, Հայոց պատմութիւն, կրօն, Հայաստանի աշխարհագրութիւն) դասաւանդւում են հայերէն, ընդհանուր առարկաները (օրինակ` բնագիտութիւն, ֆիզիքա, քիմիա, կենսաբանութիւն)` անգլերէն, կան նաեւ արաբերէն ուսուցանուող առարկաներ (կրթութիւնը վարժարանում վճարովի է):
Տնօրէն Թաշճեանն ասում է, որ Այնճարում նուազել է ծնելիութեան մակարդակը, ինչի պատճառ են դարձել` տնտեսական ճգնաժամը, «Քորոնա» ժահրի համավարակը, Լիբանանում տիրող քաղաքական-տնտեսական անկայուն իրավիճակը:
Մանկապարտէզը, որը վարժարանի հարեւանութեամբ է, արդէն 16 տարի ղեկավարում է Լենա Աշգարեան-Սթամպուլեանը, որն այստեղ աշխատում է 2000 թուականից: Ներկայում մանկապարտէզն ընդամէնը 37 սան ունի, անձնակազմն էլ բաղկացած է 8 հոգուց: Տիկին Լենան հաստատում է Արմէն Թաշճեանի միտքը, որ Այնճարում ծնունդները նուազել են: Ըստ նրա, պատճառը ընտանիքների արտագաղթն է երկրից կամ տեղափոխութիւնը Այնճարից Պէյրութ: Յիշում է, որ մօտ 20 տարի առաջ մանկապարտէզը 130-ից աւելի սան ունէր, բայց թիւն աստիճանաբար նուազել է:
Ինչպէս ասուեց, նախկինում մանկապարտէզի տեղում ծննդատուն է գործել: Ժամանակի ընթացքում կրթօճախի տարածքն ընդլայնուել է: Այսօր այստեղ են յաճախում 2-6 տարեկան փոքրիկները: Կայ 4 խումբ կամ դասարան` «Ծիլ» (2-3 տարեկաններ), «Բողբոջ» (3-4), «Կոկոն» (4-5), «Ծաղիկ» (5-6):
«Երեխաների թիւը բնակչութեան ընդհանուր թուի հետ նուազում է, լուծումը չգիտեմ, ղեկավարները պէտք է որոշեն, բայց իմ կարծիքով, Այնճարում մէկ մանկապարտէզը բաւական է, միւս (աւետարանական – հեղ.) մանկապարտէզում էլ 34 երեխայ կայ,- ասում է Լենա Աշգարեան-Սթապուլեանը,- այնտեղ մեծամասնութիւնը հայեր են, բայց կան նաեւ օտարազգիներ: Մեր պարագայում օտարազգի սան չունենք»:
Երկար տարիներ իր վարժարանն ունէր Այնճարի հայ կաթողիկէ համայնքը: Այն բացուել էր 1940-ին` շնորհիւ կաթողիկէ քոյրեր Լորենցիա Ալեքսանդրեանի, Մատլեն Ճռնազեանի եւ Պերճուհի Աւետիսեանի ու կոչւում էր Հայ կաթողիկէ քոյրերի վարժարան: Ինչպէս Յառաջ վարժարանում, այստեղ եւս սկզբնապէս կրթութիւնը 6-ամեայ էր, ընդ որում` կային արական ու իգական առանձին բաժիններ, որոնք աշակերտների նուազման պատճառով 1954-ին միաւորուեցին: 1970-ականներին վարժարանի շէնքն ընդլայնուեց, եւ այն դարձաւ միջնակարգ (9-ամեայ) կրթօճախ:
Այնճարի քաղաքապետ Սեդրակ Հաւաթեանի տեղեկացմամբ, կաթողիկէ վարժարանն արդէն մի քանի տարիէ չի գործում: Պատճառը Լիբանանի տնտեսական ճգնաժամն է:
1973-ին կաթողիկէ եկեղեցու հարեւանութեամբ մանկատուն (որբանոց) է բացուել, որը կրում է կարտինալ Աղաջանեանի անունը («Կարտինալ Աղաջանեան սանուց տուն», տես ստորեւ): Ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային Կաթողիկէ եկեղեցու նշանաւոր ներկայացուցիչ, կարտինալ Գրիգոր Պետրոս Աղաջանեանը 1937-1962 թթ. հայ կաթողիկէների կաթողիկոս-պատրիարքն էր, իսկ 1958-ին ու 1963-ին եղել է պապապիլ` Հռոմի պապի թեկնածու: 2017-ին մանկատունը վերանորոգուել է, իսկ 2018-ին այստեղ խաղահրապարակ է բացուել:
Ինչ վերաբերում է աւետարանական համայնքի վարժարանին, ապա դրա հիմքերը դրուել են 1940-ին: 1950-ականներին այն ընդարձակուել է` ունենալով մանկապարտէզ, նախակրթարան (1-6-րդ դասարաններ), միջնակարգ (7-9-րդ) եւ երկրորդական (10-12-րդ) բաժիններ: Հայ աւետարանական երկրորդական վարժարանն ունի նաեւ` գիշերօթիկ բաժին, եւ քաղաքապետ Հաւաթեանն ասում է, որ հէնց այս հանգամանքն է օգնում կրթօճախին շարունակել գործունէութիւնը: Գիշերօթիկի շնորհիւ վարժարանն, ըստ Հաւաթեանի, աշակերտներ ունի նաեւ Պէյրութից, Սիրիայից, արաբական երկրներից (ի տարբերութիւն սրա` Յառաջ-Գ. Կիւլպէնկեան ազգային երկրորդական վարժարանում միայն այնճարցի հայեր են սովորում):
Այնճար-Երեւան
(Շար. 3)
«Հետք»


