«Պէտք չէ վախենալ մահից: Մահը սարսափելի չէ: Սարսափելի է անտարբերութիւնը, որն աննկատ, աստիճանաբար, ասես ճառագայթում, թափանցում է մեր մէջ եւ ներսից քայքայում»
ՌՈՒԲԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Պաքուի զնդաններից մէկի խցից
17 դեկտեմբեր, 2025
Սկզբում ես երկմտում էի այս յօդուածը գրելու հարցում, քանի որ այս թեման ինձ համար անձնական է եւ արդէն երկար ժամանակ պաշտպանել եմ այն սկզբունքը, որ ներհայաստանեան քաղաքական հարցերին առնչուող յօդուածներում պէտք է խուսափել անհատների վրայ կենտրոնացումից` ուշադրութիւնը կենտրոնացնելով ոչ թէ առանձին դերակատարների, այլ քաղաքական գործընթացների եւ խնդիրների վրայ: Սակայն այս դէպքում ես կ՛անեմ բացառութիւն: Ես կը խօսեմ Ռուբէն Վարդանեանի անձի մասին այնպէս, ինչպէս ես նրան ճանաչել եմ վերջին քսան տարիների ընթացքում:
Անտարբերութիւնը միշտ եղել է Ռուբէն Վարդանեանի նեմեսիսը: Երեւանի Բաղրամեան 6 հասցէում գտնուող Ռուբէն Վարդանեանի հիմնադրամներից մէկի գրասենեակում, որտեղ կազմակերպում էինք բազում հանդիպումներ, խորհրդաժողովների սենեակներից մէկի պատին գրուած է Էլի Վիզելի (Elie Wiesel) հետեւեալ մէջբերումը, որ եղել է «Աւրորա» (Aurora) մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ.
«Սիրոյ հակառակը ատելութիւնը չէ, այլ` անտարբերութիւնը:
Գեղեցկութեան հակառակը տգեղութիւնը չէ, այլ` անտարբերութիւնը:
Հաւատի հակառակը հերետիկոսութիւնը չէ` այլ անտարբերութիւնը:
Եւ կեանքի հակառակը մահը չէ, այլ` անտարբերութիւնը»:
Այսօր հայ ժողովրդի ամենաաններելի ամօթներից է այն փաստը, որ մենք պարզապէս ընդունելի ենք համարում հայ քաղբանտարկեալների ներկայութիւնը Պաքուի զնդաններում: Ես սարսափում եմ պատկերացնել, թէ ինչպէ՛ս Ռուբէնը կը համակերպուէր այսօրուայ Հայաստանի իրավիճակի եւ ամբողջ հայ ազգի շրջանում տիրող համատարած բարոյալքման եւ անտարբերութեան հետ: Եթէ նա ազատութեան մէջ լինէր, Ռուբէնը երբեք չէր լռի նրանց ճակատագրի մասին, անկախ այն փաստից, թէ արդեօք հաւանո՞ւմ էր նրանց, համաձա՞յն էր նրանց հետ, թէ՞ յարգում էր նրանց` որպէս անհատների: Նա հրաժարուեց լքել Արցախը, երբ դրա հնարաւորութիւնն ունէր, որովհետեւ չէր ուզում լքել միւսներին: Ես անձամբ կարող եմ վկայել սրա մասին` հիմնուելով վերջին օրերին նրա հետ ունեցած իմ խօսակցութիւնների վրայ, մինչեւ իր ձերբակալութիւնը: Եթէ նա ազատութեան մէջ լինէր, նա կ՛օգտագործէր իր բոլոր միջոցները` թէ՛ նիւթական, թէ՛ իր միջազգային կապերի ազդեցութիւնը, նրանց ազատութիւնն ապահովելու համար:
Եւ իր հայրենակիցներին ազատ արձակելու նրա մղումը չի սահմանափակւում ներգրաւուած մի քանի անհատներով. նա խորապէս համոզուած է, ինչպէս որ ես եմ համոզուած, որ Պաքւում դատւում են ոչ միայն տասնհինգ անհատները, այլ` ողջ հայ ազգը: Դա կը լինէր նրա գործելու յետեւում թաքնուած շարժառիթը: Ու թէեւ կան անհատներ եւ հասարակական կազմակերպութիւններ, որոնք մտահոգուած են Պաքւում պահուող մեր բանտարկեալների ազատութեան հարցով, ցաւօք, չկայ լայնածաւալ հանրային վրդովմունք, եւ մեր կառավարութիւնը նոյնպէս չի նախաձեռնում որեւէ արդիւնաւէտ քայլ` նրանց ազատութիւնն ապահովելու համար:
Առաջին անգամ Ռուբէն Վարդանեանին հանդիպեցի քսան տարի առաջ` Զուիցերիայի Տաւոս քաղաքում` Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում: Այդ ժամանակ ես տաւոսեան մի շարք քննարկումների համակարգող էի եւ աշխուժօրէն փնտռում էի հայ մասնակիցների: Համաշխարհային քաղաքական եւ տնտեսական հարիւրաւոր առաջնորդների իրարանցման մէջ գտայ Ռուբէն Վարդանեանին: Չնայած համեմատաբար երիտասարդ լինելուն` նա լի էր գաղափարներով եւ լիովին ազատ ու ինքնավստահ էր զգում իրեն համաշխարհային ղեկավարների այդ շրջանակում:
2020 թուականի պատերազմից յետոյ մենք շատ աւելի մտերմացանք, եւ մեր յարաբերութիւնները վերածուեցին յաճախակի հանդիպումների եւ յետպատերազմեան Հայաստանի վիճակի վերաբերեալ քննարկումների` թէ՛ խմբերով, թէ՛ առանձին: Ես նրա կողքին էի, երբ որոշեց տեղափոխուել Արցախ: Դա բացառապէս նրա որոշումն էր, եւ դրա շարժառիթը մէկն էր` փորձել կանխել Արցախի հայաթափումը:
Այն ամէնի հակառակը, որի համար արժէ պայքարել, անտարբերութիւնն է: Եւ թւում է` մենք կորցրել ենք կամքը պայքարելու այն բազմաթիւ արդար դատերի համար, որոնց համար ժամանակին պայքարել ենք եւ հէնց այդ պայքարի շնորհիւ ենք գոյատեւել ու պահպանել ազգային ինքնութեան զգացումը: Այսօր կան որոշ հրապարակախօսներ, որոնք կասկածի տակ են դնում մեր ազգային ինքնութեան, պատմութեան եւ արժէքների կարեւորութիւնը: «Ո՞ւմ ինքնութիւնը», հեգնանքով հարցնում են նրանք: «Ի՞մը, թէ քոնը»: «Մենք 200 տարի զոհաբերել ենք մեզ` պաշտպանելով այս ինքնութիւնը, մի՞թէ դա բաւարար չէ», հարցնում են նրանք:
Եւ մեր հանրութեան միամիտ անդամները հաւատում են այս քարոզչութեան` չգիտակցելով, որ իրենց տանում են ազգի գաղափարախօսական սպանդանոց: (Փարատոքսալ է, սակայն մեր անվտանգութեանն ու ազգային արժէքներին սպառնացող վտանգների հանդէպ հանրային անտարբերութիւնը որոշ չափով սնուցուել է նաեւ այն յաջողութիւններով, որոնք գրանցուել են անվտանգութեան քաղաքականութիւնից դուրս ոլորտներում` հիմնականում սփիւռքի նախաձեռնութիւնների շնորհիւ` կրթութեան, առողջապահութեան, գիտութեան եւ արհեստագիտութիւնների ոլորտներում):
Ռուբէնը իմ ճանաչած ամենասկզբունքային մարդկանցից մէկն է: Իր արժէքների հարցում Ռուբէնը անզիջում է: Նրա համար կարմիր գծերը կարմիր գծեր են, որոնք ենթակայ չեն քննարկման եւ բանակցման: Ազրպէյճանական բանտերում աւելի քան երկու տարի անմարդկային պայմաններում անցկացնելուց յետոյ նա յանդգնում է յայտարարել. «Արցախը եղել է, կայ եւ կը լինի», հէնց այն բանտից, որտեղ նրան բանտարկել են իր պատմական հայրենիքին նուիրուածութեան համար: Այդ յայտարարութիւնը ոմանց կարող է միամիտ, անխոհեմ եւ անպատասխանատու թուալ այսօրուայ Հայաստանում, իրականում` շատերի համար, բայց դա այդպէս չէ: Այն սկզբունքային է: Այն աւելի անկեղծ է, քան` այսօրուայ մեր հանրային խօսոյթում հնչող անյոյս պարտուողական յայտարարութիւնների մեծ մասը:
Ռուբէնը բանտից մի քանի ուղերձներ է ուղարկել` իր ընտանիքի անդամներին ուղղուած հեռախօսազանգերի միջոցով: 2025 թուականի մայիսի 30-ին` Ռուբէնի ծննդեան օրուայ կապակցութեամբ, Ռուբէնի ընկերների եւ գործընկերների կողմից կազմակերպուել էր «Երկխօսութիւն Ռուբէնի հետ» խորագրով քննարկում: Ինձ համար պատիւ էր ներկայ գտնուել այս հանդիպմանը, եւ իմ ելոյթի ժամանակ վերլուծեցի Ռուբէնի բանտից ուղարկած հաղորդագրութիւնները: Ուստի այստեղ դրան մանրամասն չեմ անդրադառնայ:
Սակայն անհնար է չմէջբերել նրա` բանտից ուղարկած ուղերձներից մէկը. «Ես պատրաստ եմ մինչեւ վերջ հաշտ լինել ինքս ինձ հետ եւ լիովին երջանիկ լինել»: Եւ սա ասում է մի մարդ, որ բոլոր պատճառներն ունի դառնանալու աշխարհից, նոյնիսկ եւ յատկապէս` Հայաստանի Հանրապետութիւնից եւ իր հայրենակիցներից: Այնուամենայնիւ, իր բանտարկութիւնից ի վեր նա ոչ մի դառը կամ բացասական խօսք չի ասել Հայաստանի կամ հայերի մասին: Նա օրինակելի հայի մարմնաւորումն է` իսկական հայրենասէր, որ հաւատարիմ է իր սկզբունքներին ու ազգային արժէքներին եւ չի կոտրւում իր նկատմամբ կիրառուող ծանր ֆիզիքական ու հոգեբանական ճնշումներից:
Սա, կարծում եմ, առնուազն մէկն է այն պատճառներից, թէ ինչո՛ւ Ալիեւը որոշեց նրան դատել միւսներից առանձին: Մէկ այլ պատճառ էլ այն փաստն է, որ Ռուբէնն այսօր աշխարհում ամենայայտնի եւ ամենայարգուած հայերից մէկն է: Այս դատավարութեան միջոցով Ալիեւը ցանկանում է չէզոքացնել «Ռուբէն Վարդանեան երեւոյթը», ոչ թէ` պարզապէս նրա անձը:
Այսօրուայ Հայաստանում տիրող համատարած անտարբերութիւնն ինձ յիշեցնում է «խաշուող գորտի» առակը, որն այն մասին է, թէ ինչպէ՛ս եռացող ջրի մէջ նետուած գորտը դուրս կը ցատկի, բայց դանդաղ տաքացուող սառը ջրի մէջ նետուած գորտը կը մնայ մինչեւ եռալը` մինչեւ մահ, ինչը ցոյց է տալիս, թէ ինչպէ՛ս են մարդիկ աստիճանաբար յարմարւում զարգացող վտանգաւոր իրավիճակներին, մինչեւ շատ ուշ լինի: Իրականում, կենդանի փորձերի ժամանակ նոյնիսկ սառը ջրում գտնուող գորտերը, երբ աստիճանաբար տաքանում էին, դուրս էին ցատկում: Սակայն կարծես, մեր ազգը յարմարուել է այն ջրի ջերմաստիճանի բարձրացմանը, որի մէջ գտնւում ենք: 2020 թուականի 44-օրեայ պատերազմի կորուստները պէտք է լինէին ասացուածքային ջրի ջերմաստիճանի ամենանշանակալի բարձրացումը եւ հանդէս գային որպէս սթափուելու եւ զգաստանալու կոչ: Սակայն դրանք ինչ-որ կերպ ընդունուեցին որպէս անխուսափելի արդիւնք, իսկ աւելի ուշ պաշտօնական հռետորաբանութեան միջոցով աստիճանաբար նուազեցուեցին դրանց նշանակութիւնը: Ի վերջոյ, մեր կորուստները արդարացուեցին այն փաստարկով, որ մենք ի սկզբանէ սխալ կռուի մէջ էինք, եւ որ` Արցախի պաշտպանութիւնը խոչընդոտ էր հանդիսացել հայկական պետականութեան համար:
Այս մօտեցումը օգտագործուեց հանրութեանը նոր պատերազմներով վախեցնելու նպատակով: Մինչեւ գլխաւոր ցնցումը` 2023 թուականին Արցախի իրական կորուստը, հանրութիւնն արդէն անզգայացած էր եւ յուսալքուած, կորցրել էր հետաքրքրութիւնը Արցախի նկատմամբ, այդ թւում` հանրային հռետորաբանութեան միջոցով: Հայաստանի գրաւուած ռազմավարական տարածքները, որոնք ցանկացած բնական երկրում կը լինէին հանրային քննարկման հիմնական եւ մշտական խնդիր, կորցրեցին իրենց նշանակութիւնը:
Այս ընթացքում տեղի ունեցան նաեւ` մեր հիմնական ազգային խորհրդանիշների վերացումը, Ցեղասպանութեան լուսանցքայնացումը, պատմութեան եւ դրա դասերի անտեսումը, ազգային ինքնութեան, արժէքների եւ արժանապատուութեան նուաստացումը եւ աւելի վերջերս` կառավարութեան եւ Եկեղեցու միջեւ կործանարար եւ ամօթալի հակամարտութիւնը եւ Հայաստանում ներքին քաղաքական բանտարկեալների թուի աճը, որը շարունակում էր բարձրացնել ջրի ջերմաստիճանը, մինչդեռ մեր ազգը ներքաշւում էր թշնամիների հետ խաղաղութեան եւ շարունակական տնտեսական բարգաւաճման խոստման անմիտ պատրանքի մէջ:
Մենք հիմա հասել ենք այն կէտին, որ գուցէ նոյնիսկ ուժ չունենք եռացող ջրից դուրս ցատկելու: Երեւան այցելող շատ մարդկանց համար հնարաւոր է դժուար լինի հաւատալ, բայց հիմա մենք գտնւում ենք այդ գոյաբանական խաչմերուկում` որպէս ազգ եւ որպէս ինքնիշխան պետութիւն: Երեւանի տեսանելի բարեկեցութիւնը եւ տնտեսական ու գիտական առաջընթացը, որոնք այսօր հանրութեանը լաւատեսութիւն են հաղորդում, կարող են մի ակնթարթում անհետանալ:
Սա այն անտարբերութիւնն է, որից Ռուբէնն ամենաշատն էր վախենում: Սա այն է, ինչի դէմ նա պայքարում էր եւ ինչին փորձում էր հակազդել իր օրինակով` տեղափոխուելով Արցախ` լիովին գիտակցելով իր որոշման բոլոր ռիսքերն ու հետեւանքները: Քանի որ այս յօդուածը անձնապէս Ռուբէնի մասին է, իմ կողմից սխալ կը լինէր, որ չյիշատակէի նրա ընտանիքին. մասնաւորապէս կնոջը` Վերոնիկա Զոնաբենդին եւ աւագ որդուն` Դաւիթ Վարդանեանին: Նրանք անսահման խոհեմութեամբ, արժանապատուութեամբ եւ ուժով դիմագրաւել են եւ շարունակում են յաղթահարել Ռուբէնի պահման ամենասարսափելի պայմանները եւ նրա մասին պարբերաբար հրապարակուող
սրտաճմլիկ լուրերը: Վերոնիկան շարունակում է մեծ եռանդով եւ ոգեւորութեամբ աջակցել Ռուբէնի հետ նախաձեռնած ծրագրերին, ինչպիսիք են` Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Դիլիջանի եկեղեցին, Տաթեւում, Գորիսում եւ Դիլիջանում զբօսաշրջութեան զարգացումը, ինչպէս նաեւ` բազմաթիւ այլ նախագծեր:
Իր ազգային նկարագրից եւ արժէքներից զրկուած Հայաստանն արդէն պարտուած է, նոյնիսկ եթէ խաղաղութեան մէջ լինի հարեւանների հետ, քանի որ այն կը լինի չէզոքացուած Հայաստան, կմախք, պարզապէս քարտէզ` առանց հոգու` անտարբեր իր պատմութեան, մշակոյթի, իրաւունքների, ինքնութեան եւ ամենակարեւորը` իր ազգային արժանապատուութեան նկատմամբ: Գիտեմ, որ շատերը կը ծաղրեն այս մտքերը, եւ նրանք իրենց ծաղրը կը հիմնեն «ինչի՞ հասանք 34 տարուայ անիմաստ պայքարի արդիւնքում» մտքի վրայ, բայց մեր պատմութիւնը շատ աւելի երկար է, քան` 34 տարին: Մեր պայքարն աւելի երկար է, քան` երեք հազար տարին: Ազգերի պատմութեան մէջ 34 տարին ընդամէնը մի ակնթարթ է: Ազգերը յաղթում են, քանի որ պահպանում են պայքարելու կամքը:
Ռուբէն Վարդանեանը հանդուրժում է իր բանտապահների կողմից ամենածանր ֆիզիքական եւ հոգեբանական վերաբերմունքը` առանց կորցնելու իր հաւատը: Պաքուի կեղծ դատավարութիւնների դատախազը պահանջել է նրա ցմահ ազատազրկումը: Բայց նոյնիսկ դա չի փոխել Ռուբէնին: Նրա հաւատն արդար դատի համար պայքարելու հարցում չի մարել: Ինչպէս նաեւ` նրա հաւատը մեր հայրենիքում մեր ազգային արժանապատուութիւնը վերականգնելու հարցում, որը չի կարող չափուել միջազգայնօրէն ճանաչուած քառակուսի քիլոմեթրերով: Իսկական պատրանքը «միջազգայնօրէն ճանաչուած քառակուսի քիլոմեթրերն» են, այլ` ոչ թէ մեր հայրենիքի հասկացութիւնը: Հայրենիքը իրական է, այն պատմական է, այն քանդակուած է քարի վրայ եւ փորագրուած է մեր ազգի հաւաքական յիշողութեան մէջ: Նոյնիսկ թուրքերի եւ ազրպէյճանցիների կողմից մեր պատմութիւնը Արեւմտեան Հայաստանից, Նախիջեւանից եւ այժմ նաեւ Արցախից ջնջելու բոլոր փորձերից յետոյ, ապացոյցները գոյութիւն ունեն եւ դրանք անհերքելի են: Ռուբէնի խօսքերը վերաձեւակերպելով` մենք եղել ենք, կանք եւ կը լինենք:
Թոյլ տուէք ընդգծել, որ սա պատերազմի կոչ չէ: Սա նաեւ խաղաղութեան օգուտների ժխտում չէ: Սակայն սա այն գաղափարի ժխտումն է, որ խաղաղութեան հասնելու համար մենք պէտք է ազատուենք` մեր ազգային ձգտումներից, արդարացի նպատակներից, պատմութիւնից, իրաւունքներից, խորհրդանիշներից եւ ինքնութիւնից:
Մենք չենք կարող անտարբեր լինել այդ ամէնի նկատմամբ եւ մնալ անկախ: Մենք չենք կարող անտարբեր լինել պատմական փաստերի եւ մեր իրաւունքների նկատմամբ միայն այն պատճառով, որ դրանք այսօր անհասանելի են: Դա խաղաղութիւն չի լինի: Դա կը լինի ամենավատ տեսակի անտարբերութիւն: Դա կը լինի պարտուողականութիւն, կը լինի յանձնուել եւ թշնամու պահանջներին համապատասխանել: Դա անվտանգութիւն չի բերի, եւ դա հաստատ անկախութիւն չի լինի:
Ես յոյս ունեմ, որ Ռուբէնը մօտ ապագայում կը վերամիաւորուի իր ընտանիքի եւ ընկերների հետ: Մինչդեռ, եթէ «Ռուբէն Վարդանեան երեւոյթը», որից Ալիեւը այդքան վախենում է եւ փորձում է չէզոքացնել, ոգեշնչի նոյնիսկ հայ հասարակութեան մի հատուածին, Ռուբէնը յաղթում է, եւ իր օրինակով նա բանտից աւելին է անում մեր համընդհանուր ազգային գործի համար, քան մեր քաղաքական գործիչների մեծ մասը կարողացել է անել իրենց իշխանական դիրքերից:



