ՀԻԼՏԱ ՉՈՊՈՅԵԱՆ, ՀՐԱՅՐ ՊԱԼԵԱՆ, ՐԱՖՖԻ ԱՐՏԱԼՃԵԱՆ
Վերջին ամիսներին Հայաստանի կառավարութեան մի շարք քայլեր սահմանադրական լուրջ մտահոգութիւններ են առաջացրել: Դրանց թւում են` պետութեան բացայայտ միջամտութիւնը Հայ առաքելական եկեղեցու գործերին, իրաւական գործիքների չարաշահումը քաղաքական ընդդիմախօսների ու քննադատների նկատմամբ, ինչպէս նաեւ` այն երաշխիքների թուլացումը, որոնք կոչուած են պաշտպանելու արդար դատաքննութիւնն ու հաստատութենական անկախութիւնը: Այս քայլերն առանձին-առանձին կարող են ներկայացուել որպէս մեկուսի կամ ընթացակարգային խնդիրներ, սակայն միասին վերցրած` դրանք վկայում են յստակ օրինաչափութեան մասին, որը պահանջում է ոչ թէ հերթական քաղաքական բանավէճ, այլ` սահմանադրական արձագանգ:
Հայաստանի ընդդիմութիւնը կանգնած է պարզ, բայց անյարմար ճշմարտութեան առաջ: Եթէ այն շարունակում է մնալ մասնատուած` կուսակցական շահերով եւ առաջիկայ ընտրական հաշուարկներով պայմանաւորուած, ապա կառավարութիւնը գործում է արագ ու համակարգուած` իշխանութիւնը կենտրոնացնելով իր ձեռքում: Այսպիսի պահերին ժամանակը չէզոք չէ. ձգձգումը միայն ամրապնդում է գործադիրի ուժային ընդլայնումը եւ թուլացնում հանրապետութիւնը:
Այնուամենայնիւ, արդէն կան գործակցութեան հնարաւորութեան առաջին նշանները: Թէեւ այս յօդուածում մենք Սահմանադրական դատարանն ենք դիտարկում որպէս ընդդիմութեան գործողութիւնների առանցքային հարթակ, սակայն աջակցում ենք նաեւ քաղաքական տարբեր ուժերի նախաձեռնութիւններին` միմեանց հետ երկխօսութեան հարթակներ ստեղծելու ուղղութեամբ: Հայ յեղափոխական դաշնակցութեան եւ Հայ ազգային քոնկրեսի վերջին հանդիպումը, ինչպէս նաեւ «Հայաքուէ», «Նժար» եւ այլ քաղաքացիական նախաձեռնութիւնների շփումները ցոյց են տալիս, որ ձեւաւորւում է ըմբռնում, ժողովրդավարական կառավարմանն սպառնացող վտանգները պահանջում են համագործակցութիւն` քաղաքական գծերից անդին, անգամ` այն դերակատարների միջեւ, որոնց տարաձայնութիւնները տարիների պատմութիւն ունեն: Այժմ հարցն այն է, թէ արդեօք այս քայլերը կ՛անցնե՞ն խորհրդանշական մակարդակից եւ կը վերածուե՞ն երկարաժամկէտ համակարգման ու միասնական սահմանադրական հակազդեցութեան:
Ժողովրդավարական կանոնների խախտումները, պետութեան միջամտութիւնը Եկեղեցու գործերին եւ քաղաքացիական ու քաղաքական իրաւունքների աստիճանական քայքայումը այլեւս պատահական շեղումներ չեն: Դրանք ամբողջութեան մէջ յստակ միտում են, որը վտանգում է Հայաստանի սահմանադրական կարգը: Վտանգն առաւել խորանում է, քանի որ քաղաքացիական հասարակութեան որոշ հատուածներ եւ միջազգային հանրութեան մեծ մասը լռում են` չնայած տարիներ շարունակ Հայաստանում ժողովրդավարական հաստատութիւններին ցուցաբերած աջակցութեանը: Լռութիւնը չի նշանակում, որ անտեղեակ են. այն բխում է աշխարհաքաղաքական նպատակայարմարութիւնից: Սահմանադրական կարգը պաշտպանելու բեռն այսօր ամբողջութեամբ դրուած է Հայաստանի քաղաքական ընդդիմութեան եւ մտահոգ հաստատութիւնների ուսերին:
Եթէ Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է շարունակի մնալ «ինքնիշխան, ժողովրդավարական, ընկերային եւ իրաւական պետութիւն» (Սահմանադրութիւն, յօդուած 1), ապա Սահմանադրական դատարանը պէտք է անյապաղ դառնայ ընդդիմութեան գործողութիւնների կենտրոնը, եւ դատարան պէտք է դիմել առանց յետաձգման:
Սահմանադրական դատարանը վճռորոշ դեր կարող է ունենալ վարչապետ Փաշինեանի վարչակազմի եւ Եկեղեցու միջեւ սրուող հակամարտութեան կարգաւորման հարցում: Դատարանը կարող է հանդէս գալ որպէս վերջնական իրաւավար` գնահատելով, թէ արդեօք պետութեան գործողութիւնները, օրինակ` Եկեղեցու ղեկավարութեան փոփոխութեան փորձերը կամ ներքին գործերին ազդեցութիւն գործադրելը, հակասում են սահմանադրութեամբ ամրագրուած Եկեղեցու եւ պետութեան տարանջատման սկզբունքին: Այն կարող է յստակեցնել պետութեան միջամտութեան սահմանները Եկեղեցու ներքին կառավարման հարցերում, այդ թւում` իր ղեկավարներին ինքնուրոյն ընտրելու իրաւունքը: Իրաւաբանների գնահատմամբ, կաթողիկոսին փոխարինելու նպատակով պետութեան կողմից կազմակերպուած որեւէ յանձնաժողով հակասում է սահմանադրութեան 17-րդ յօդուածին: Թէեւ սահմանադրութիւնը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու «բացառիկ դերը» ազգային կեանքում, դատարանը պէտք է սահմանի դրա բովանդակութիւնը` հաշուի առնելով պետութեան աշխարհիկ բնոյթը, յատկապէս` այն իրավիճակներում, երբ Եկեղեցին ընդդիմանում է կառավարութեան քաղաքականութեանը, օրինակ` Ազրպէյճանի հետ խաղաղութեան գործընթացին: Բացի այդ` դատարանը կարող է երաշխաւորել, որ Հայաստանը պահպանի իր միջազգային պարտաւորութիւնները, այդ թւում` Մարդու իրաւունքների եւրոպական հռչակագրի 9-րդ յօդուածը, որը պահանջում է պետութեան չէզոքութիւն եւ անաչառութիւն կրօնական հարցերում:
Յետհամայնավարական Եւրոպայի օրինակներ
Սա աննախադէպ իրավիճակ չէ: Յետհամայնավարական Եւրոպայի մի շարք երկրներում սահմանադրական դատարանները դարձել են գործադիր իշխանութեան լիազօրութիւնների վերազանցումների եւ ժողովրդավարական յետընթացի դէմ վճռորոշ արգելակներ: Պուլկարիայում Սահմանադրական դատարանը չեղարկեց լայնածաւալ բարեփոխումները, որոնք առաջ էին տարւում առանց պատշաճ սահմանադրական լիազօրութիւնների: Ռումանիայում դատարանը անվաւեր ճանաչեց նախագահական ընտրութիւնների արդիւնքները` արտաքին զանգուածային միջամտութեան եւ ապօրինի քարոզչական մեքանիզմների ապացոյցների հիման վրայ: Քոսովոյում կասեցուեցին օրէնքներ, որոնք թոյլ էին տալիս գոյքի բռնագրաւում` առանց պատշաճ դատավարութեան` կանխելով գործադիրի չարաշահումները: Իսկ Խրուաթիայում Սահմանադրական դատարանը միջամտեց` արգելելով գործադիրի հակասահմանադրական քայլերը, որոնք խարխլում էին իշխանութիւնների բաժանման սկզբունքը:
Այս դէպքերի մեծ մասում ընդդիմադիր ուժերը ստանձնել են միասնական եւ առանցքային դեր` դատարաններում ընդդիմանալով գործադիր իշխանութեանը, որը հակուած էր դառնալ ժողովրդավարական յետընթացի շարժիչ ուժը:
Հայաստանի խնդիրները բացառիկ չեն. երկիրը կանգնած է սահմանադրական դիմադրունակութեան արդէն յայտնի փորձութեան առջեւ:
Խօսքը քաղաքական դաշինքի մասին չէ
Երբ խօսում ենք սահմանադրական միասնական ճակատի մասին, նկատի չունենք խորհրդանշական քայլ կամ թուլացած քաղաքական դաշինք: Խօսքը վերաբերում է հրատապ, համակարգուած եւ համատեղ իրաւական գործողութեանը, որի շրջանակում ընդդիմադիր ուժերը Սահմանադրական դատարանում կը վիճարկեն որոշակի պետական քայլեր` յստակ ձեւակերպուած իրաւական հիմքերով: Մասնաւորապէս այդ քայլերը պէտք է քննութեան առարկայ դառնան սահմանադրութեան 17-րդ եւ 18-րդ յօդուածների լոյսի ներքոյ, որոնք ամրագրում են կրօնական կազմակերպութիւնների եւ պետութեան տարանջատումը, ինչպէս նաեւ` 4-րդ յօդուածի շրջանակում, որը սահմանում է իշխանութիւնների բաժանման եւ հաւասարակշռութեան սկզբունքը` որպէս հանրապետութեան ժողովրդավարութեան հիմնաքար: Քննութեան պէտք է ենթարկուեն` Եկեղեցու եւ պետութեան յարաբերութիւնների խախտումները, գործադիր լիազօրութիւնների չարաշահումները, արդար դատաքննութեան իրաւունքների ոտնահարումները, նախնական կալանքի չարաշահումը, ինչպէս նաեւ` Սահմանադրութեան 2-րդ գլխով («Մարդու եւ քաղաքացու հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները») պաշտպանուող հաստատութենական անկախութեան թուլացումը: Այս քայլով պայքարը քաղաքական հռետորաբանութեան դաշտից տեղափոխւում է սահմանադրական դատողութեան հարթութիւն, որտեղ գործադիր իշխանութիւնը սահմանափակւում է ոչ թէ խօսքերով կամ փողոցային ճնշմամբ, այլ` օրէնքով, եւ ոչ թէ` մրցակցող զուգահեռ նախաձեռնութիւններով: Միասնական եւ հրատապ սահմանադրական դիմումը թէ՛ անհրաժեշտ է, թէ՛ իրատեսական:
Գործադիրից կախուած դատարան դիմելն անիմաստ չէ
Քննադատները կ՛ասեն, որ գործադիրից «կախուած» կամ «գրաւուած» Սահմանադրական դատարանի պայմաններում նման քայլն անիմաստ է: Այս թերահաւատութիւնը հասկանալի է, բայց այն անտեսում է ռազմավարական անհրաժեշտութիւնը: Դատարան դիմելը ստեղծում է անժխտելի իրաւական արձանագրում եւ դատական համակարգին կանգնեցնում ընտրութեան առաջ` սահմանադրութի՞ւն, թէ՞ գործադիրի կամք: Նոյնիսկ եթէ դատարանը չգործի, գործընթացը սպառում է ներպետական իրաւական միջոցները եւ ստեղծում է միջազգային քննութեան համար անհրաժեշտ առարկայական նախադրեալներ, օրինակ` Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում: Նպատակը հայկական արդարադատութեան իրական վիճակը ի ցոյց դնելն է, փաստական հանգամանքներն ու իրաւական սկզբունքները անտեսող որոշումը դառնում է համակարգային ձախողման իրաւական ապացոյց:
Նման միասնական սահմանադրական ճակատը պէտք չէ սահմանափակուի միայն քաղաքական կուսակցութիւններով: Այն պէտք է ներառի` նախկին նախագահներին, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, հեղինակաւոր իրաւաբաններին եւ վստահելի քաղաքացիական գործիչներին: Թէեւ դատարանի գործընթացը իրաւական է, սակայն լայն աջակցութիւնն ունի քաղաքական ծանրութիւն: Հայաստանը մեկուսացուած քաղաքական միաւոր չէ:
Նախկին երեք նախագահները` Լեւոն Տէր Պետրոսեանը, Ռոբերտ Քոչարեանը եւ Սերժ Սարգսեանը, ընդդիմադիր կուսակցութիւնների ու հանրային գործիչների հետ միասին ունեն ե՛ւ իրաւասութիւնը, ե՛ւ պատասխանատուութիւնը համատեղ գործելու: Սա անցեալի քաղաքական վէճերը վերակենդանացնելու կամ հին համակարգերը վերականգնելու մասին չէ: Խօսքը վերաբերւում է սահմանադրական այն մեքանիզմների կիրառմանը, որոնք դեռ գոյութիւն ունեն, քանի դեռ դրանց կիրառումը իմաստ ունի: Այս համագործակցութիւնը չի պահանջում ընդդիմադիր տարբեր կազմակերպութիւնների մշտական միաւորում կամ գաղափարական տարբերութիւնների ջնջում: Մենք կոչ ենք անում գործնական «նպատակի միասնականութենէ` խաղի կանոնները պաշտպանելու համար: Մրցակից խմբերը պարտաւոր չեն համաձայնել անցեալի շուրջ, որպէսզի համաձայնեն մէկ բանում` սահմանադրութիւնը պէտք է մնայ բարձրագոյն իշխանութիւնը: Որոշակի այս իրաւական մարտահրաւէրի համար հակասութիւնները մի կողմ դնելով` ընդդիմութիւնը կարող է ցոյց տալ, որ հանրապետութեան պահպանումը վեր է անձնական յաւակնութիւններից:
Խնդիրը ոեւէ մէկ առաջնորդի ճակատագրի մասին չէ: Իրական հարցն այն է` կը մնա՞յ Հայաստանը սահմանադրական հանրապետութիւն` գործադիր իշխանութեան սահմանափակումներով, թէ՞ կը շարունակի սահել դէպի գործադիրի գերիշխանութիւն եւ օրէնքի խտրական կիրառում: Պետութեան միջամտութիւնը Հայ առաքելական եկեղեցու գործերին երկրորդական թեմա չէ: Դա սահմանադրութեան խախտում է` իրաւական եւ քաղաքակրթական լուրջ հետեւանքներով: Նոյնը վերաբերւում է` քաղաքական ճնշումներին, արդար դատաքննութեան խախտումներին եւ իրաւունքների ոտնահարումների աստիճանական նորմալացմանը:
Մինչ օրս ընդդիմութիւնը չի կարողացել ձեւաւորել միասնական ճակատ անգամ գոյաբանական նշանակութիւն ունեցող ընտրութիւններից առաջ: Սակայն այսօր համատեղ սահմանադրական գործողութիւնը կարող է ստեղծել այն քաղաքական թափը, որը մինչ այժմ չի ապահովուել ընտրական ճանապարհով: Դա կը հաղորդի կարգապահութեան, լրջութեան եւ անձնական յաւակնութիւններից վեր կանգնելու ազդակ:
Պատմութիւնը ընդդիմութեանը չի դատի այն բանի համար, թէ որքան յաճախ է նա վտանգների մասին զգուշացրել կամ դժգոհել: Կը դատի, թէ արդեօք գործե՞լ է այն պահին, երբ սահմանադրական ահազանգը հնչում էր յստակ ու բարձր: Գործիքակազմը կայ: Ժամանակը սուղ է: Պատասխանատուութիւնը` հաւաքական: Եթէ Հանրապետութիւնը պէտք է փրկուի, այն պէտք է պաշտպանուի հէնց հիմա:


