«Չեմփիընզ լիկ»-ի առաջին հանգրուանի 8-րդ եւ վերջին շաբթուան մրցումները շատ պարզ կամ դիւրին կը կարծուէին, բայց անգամ մը եւս փաստուեցաւ, թէ դիւրին մրցում չկայ, եւ դաշտին վրայ պայքարող խումբը, խմբային ներդաշնակ ֆութպոլ կիրարկող խումբը եւ մասամբ մըն ալ բախտը կ՛օգնեն յաղթելու որեւէ մրցակիցի:
Ռէալ Մատրիտ, որ 3-րդ դիրքը կը գրաւէր, 4-2 արդիւնքով պարտութիւն կրեց Լիզպոնի մէջ` Պենֆիքայի «Էշթատիօ տա լուշ» դաշտին վրայ: Հետաքրքրականը այն է, որ եթէ Պենֆիքա 3-2 արդիւնքով յաղթէր, ինք նոյնիսկ դուրս պիտի մնար: Իրաւարարը 5 յաւելեալ վայրկեաններ տուած էր, երբ մրցումը «տաքցաւ»:
Ռաուլ Ասենսիօ մրցակից մը գետին բերելէ ետք վտարուեցաւ դաշտէն` իր երկրորդ դեղին քարտը ստանալէ ետք: 95-րդ վայրկեանին Ռոտրիկօ իրաւարարին բողոքելէ ետք դեղին քարտ մը ստացաւ… Պրազիլցին աւելի եւս «տաքցաւ», եւ իրաւարարը այս անգամ զինք վտարեց դաշտէն:
97-րդ վայրկեանին Ճուտ Պելինկհամ բիրտ ֆաուլ մը կատարեց` պատճառ դառնալով Պենֆիքայի պատմական կոլին: 98-րդ վայրկեանին նորվեկիացի միջնապահ Ֆրետրիք Աուրսնես օդէն երկար փոխանցում մը կատարեց դէպի Ռէալ Մատրիտի մեծ քառակուսին, ուր կը գտնուէր Պենֆիքայի ուքրանացի բերդապահ Անաթոլի Թրուպին: Թրուպին գլխու հարուածով գրաւեց Թիպօ Քուրթուայի բերդը` խումբը բարձրացնելով 24-րդ դիրք, 1 կոլով գերազանցելով Մարսէյը եւ հասնելով փլէյ-օֆ:
Ռէալ Մատրիտ իր կարգին գրաւեց 9-րդ դիրքը եւ դուրս մնաց առաջին 8-էն:
Կրնայ ըլլալ, որ այսօրուան վիճակաձգութենէն ետք խումբերը անգամ մը եւս մրցին իրար դէմ:
Անցեալ տարուան տիտղոսակիր Փարիզ Սեն Ժերմեն իր կարգին դուրս մնաց առաջին 8-էն, երբ իր դաշտին վրայ 1-1 արդիւնքով հաւասարութիւն արձանագրեց Նիւքեսըլի դէմ:
Նորվեկիոյ անակնկալ խումբը` Պոտօ Կլիմթ 2-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ Աթլեթիքօ Մատրիտի դաշտէն եւ իր կարգին մտաւ փլէյ-օֆ:
Լիվըրփուլ 6-0 արդիւնքով ջախջախիչ յաղթանակ արձանագրեց Ազրպէյճանի Քարապաղին վրայ, ուր Ալեքսիս Մաքալիսթըր (2), Ֆլորիան Վիրց, Մոհամետ Սալահ, Ուկօ Էքիթիքէ եւ Ֆետերիքօ Քիեզա նշանակեցին «կարմիրներ»-ուն կոլերը: Օրուան միակ վատ լուրը Երեմի Ֆրիմփոնկի վիրաւորուիլն էր: Տակաւին անցեալ դեկտեմբերին վերադարձած Ֆրիմփոնկ 9 մրցում կատարեց, բայց 4-րդ վայրկեանին վիրաւորուելով դուրս եկաւ դաշտէն:
Ստորեւ` 18 մրցումներու արդիւնքները եւ վերջնական դասաւորումը.
Տորթմունտ – Ինթեր Միլան 0-2
Փարիզ Սեն Ժերմեն – Նիւքեսըլ 1-1
Պենֆիքա – Ռէալ Մատրիտ 4-2
Մանչեսթըր Սիթի – Կալաթասարայ 2-0
ՓՍՎ Այնտհովըն – Պայերն Միւնիխ 1-2
Լիվըրփուլ – Քարապաղ 6-0
Նափոլի – Չելսի 2-3
Պարսելոնա – Ֆ. Ք. Քոփենհակըն 4-1
Պայեր Լեւերքուզըն – Վիարէալ 3-0
Արսենալ – Քայրաթ Ալմաթի 3-2
Աթլեթիքօ Մատրիտ – Պոտօ Կլիմթ 1-2
Սենթ Ժիլուազ – Աթալանթա 1-0
Մոնաքօ – Եուվենթուս 0-0
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Թոթենհամ 0-2
Ֆ. Ք. Պրիւժ – Մարսէյ 3-0
Այաքս Ամսթերտամ – Օլիմփիաքոս 1-2
Աթլեթիք Պիլպաօ – Սփորթինկ Լիզպոն 2-3
Փաֆոս – Սլաւիա Փրակա 4-1
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Արսենալ | 24 (23-4) |
| 2.- Պայերն Միւնիխ | 21 (22-8) |
| 3.- Լիվըրփուլ | 18 (20-8) |
| 4.- Թոթենհամ | 17 (17-7) |
| 5.- Պարսելոնա | 16 (22-14) |
| 6.- Չելսի | 16 (17-10) |
| 7.- Սփորթինկ Լիզպոն | 16 (17-11) |
| 8.- Մանչեսթըր Սիթի | 16 (15-9) |
| 9.- Ռէալ Մատրիտ | 15 (21-12) |
| 10.- Ինթեր Միլան | 15 (15-7) |
| 11.- Փարիզ Սեն Ժերմեն | 14 (21-11) |
| 12.- Նիւքեսըլ | 14 (17-7) |
| 13.- Եուվենթուս | 13 (14-10) |
| 14.- Աթլեթիքօ Մատրիտ | 13 (17-15) |
| 15.- Աթալանթա | 13 (10-10) |
| 16.- Պայեր Լեւերքուզըն | 12 (13-14) |
| 17.- Տորթմունտ | 11 (19-17) |
| 18.- Օլիմփիաքոս | 11 (10-14) |
| 19.- Ֆ. Ք. Պրիւժ | 10 (15-17) |
| 20.- Կալաթասարայ | 10 (9-11) |
| 21.- Մոնաքօ | 10 (8-14) |
| 22.- Քարապաղ | 10 (13-21) |
| 23.- Պոտօ Կլիմթ | 9 (14-15) |
| 24.- Պենֆիքա | 9 (10-12) |
«Չեմփիընզ լիկ»-էն դուրս մնացին Մարսէյ, Փաֆոս, Սենթ Ժիլուազ, ՓՍՎ Այնտհովըն, Աթլեթիք Պիլպաօ, Նափոլի, Քոփենհակըն, Այաքս Ամսթերտամ, Այնթրախթ Ֆրանքֆորթ, Սլաւիա Փրակա, Վիարէալ եւ Քայրաթ Ալմաթի:


