Հայաստան,
Մեծն Տիգրանի երկիր,
Մեր հայրենիք:
Դու, որ քո հողից ես ինձ ծոցուորել,
Ու նորից հողդ պիտի դառնամ,
Ծնուել եմ քո ժեռուտից,
Ոգեւորւում եմ քո ոգով,
Ապրում եմ քո օրով.
Որպէսզի ստուերդ տարածեմ…
Կը վերկառուցեմ քեզ
Արարատ առ Արարատ,
Սրտիս աղիւսները դարսելով
Իրար վրայ:
Կը դառնամ տանիքիդ ամուր սիւնը,
Իմ հասակի կմախքով,
Ոսկորներիս հենքով
Եւ ղուղովս կենդանարար,
Որ ծուծդ ու արիւնդ են կրում:
Իմ բառերով կը ներկեմ սրբազան տարածքդ,
Որով խօսքերս ես ընդարձակել,
Որպէս քո ու
Ազգիդ պատմութիւն,
Իմ կենսագրութիւնը:
Ես փառաւորութեամբ եմ կանգնում գրկումդ,
Իմ երիտասարդութեամբ,
Եւ վարդեր ու ծաղիկներ,
Այլեւ կաղնի ու եղեւնի են աճում,
Գեղեցկացնելով քեզ
Որպէս մայրս սրբազան:
Իմ կեանքի կրակը
Դու ես վառել,
Հայրենիք,
Եօթներանգ ծիածանով,
Որպէս սիրութեան հրաբուխ:
Ես շնչում եմ քո օդը,
Խմում եմ քո վճիտ ջուրը,
Որոնցով անմահանում է ազգդ
Որ քո պահապանն է ու տէրը:
Հայրենիք,
Ես որ ազգդ եմ,
Կը վերակառուցեմ քեզ
Արարատի չորս բոլորը,
Որի կրծքից
Արեւը ծագում է,
Բարձրանում ու շողշողում է քո երկնքում:
Դու կը պսպղաս արեւիդ,
Լուսնիդ ու աստղունքիդ հետ,
Որ զարդարես կեանքս
Ու երկիրը,
Որ շարունակի երկնածիր պարը
Կաթնծիրում,
Եւ մարդկութիւնը հիանայ:
Հայրենիք… մեր հայրենիք:



