ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
Ամիսներ առաջ, երբ օրէնքով վերացրին պատուաւոր կոչումները, իսկ արդարադատութեան մի տգէտ փոխնախարար Աժ ամբիոնից ամենայն համոզումով յայտարարեց, թէ ով է Վլադիլեն Բալեանը, նրան ոչ ոք չի ճանաչում, մշակոյթի գործիչները լռեցին:
Մշակոյթի գործիչները լռեցին ու պատմաբաններին մենակ թողեցին, երբ կրթական նոր չափորոշիչներով «վերատեսութեան» ենթարկուեցին պատմութեան ու գրականութեան դասագրքերը` խեղելով պատմական իրողութիւններ, մեր ինքնութեան առանցքային հիմքերը:
Մշակոյթի գործիչները շարունակում են լռել, երբ ամէն օր կեղծ, հակագիտական հիմնաւորումներով հակադրւում են հայրենիքն ու պետութիւնը, ազգայինն ու պետականը:
Լռում են, երբ անարգում են Հայ առաքելական եկեղեցին ու փորձում թիրախաւորել նրա հայրապետին, բայց փառասիրաբար յայտնւում են միւռոնօրհնէքի ծէսի առաջին շարքերում…
Լռում են ու շարունակում «Արշակ 2-րդ», «Ինկած բերդի իշխանուհին», կամ «Մուսա Լերան 40 օրը» բեմադրել, «Կիլիկիա» կամ «Ատանայի ողբը» երգել, «Արարատ» նկարել…
Լռում են… որոշները պատերի տակ խօսելով, բայց` իշխանական կերակրատաշտից հաճոյքով օգտուելով:
Եւ ահա, մեր քաղաքակրթական ժառանգութեան, նոյնն է, թէ մեր դէմ պայքարն հասաւ մշակութային կազմակերպութիւններին:
Առանց յօդաբաշխ հիմնաւորման, ՔՊ-ն` միասնական կուռ համոզումով, Նիկոլ Փաշինեանի յանձնարարականով, ԿԳՄՍ մի ոչ յարմար փոխնախարարի ներկայացմամբ, ազգային կարգավիճակ ունեցող բոլոր մշակութային կազմակերպութիւններին օրէնքով զրկուեց այդ կարգավիճակից:
Ազգային կարգավիճակը նրանց շնորհուել էր տասնամեակների մշակութային առաքելութեան եւ գործունէութեան համար` շեշտելով նրանց բացառիկ վաստակն ու հէնց պետութեան կողմից դրանց առանձնակի արժեւորումը. Ազգային օփերա, Ազգային Ֆիլհարմոնիկ նուագախումբ, Ազգային ակադեմական երգչախումբ, Սունդուկեանի անուան ազգային ակադեմական թատրոն, Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային գրադարան, Ազգային գեղագիտական կենտրոն, Սենեկային երաժշտութեան ազգային կենտրոն…
Երբ երկու ամիս առաջ այս կազմակերպութիւնների գեղարուեստական ղեկավարներին եւ տնօրէններին պաշտօնական նամակով դիմեցի` հրաւիրելու ԱԺ` ԿԳՄՍ-ի հետ քննարկելու, ընդդիմանալու, հիմնաւորելու այս նսեմացնող, թշնամական քայլը, նրանց ճնշող մեծամասնութիւնը, անգամ` խոստացուած փակ քննարւկման պարագայում, վախեցաւ, խուսափեց եւ տարբեր քստմնելի պատճառաբանութիւններով չեկաւ փակ քննարկմանը:
Մի քանիսն անկեղծօրէն խոստովանեց, որ յետոյ վրէժ կը լուծեն, կը հետապնդեն, սեւ ցուցակում կը յայտնուեն, կը զրկեն փողից…
Նոյնիսկ չգիտես` կարեկցե՞լ, ինչպէ՞ս վերաբերուել այս ինքնանսեմացող տեսակին, յաւերժ ներկայ ու համակերպուող այս անդէմ տեսակին, որ անցնող քսան-երեսուն տարիների ընթացքում մի քանի տէրեր ու կուսակցութիւններ է փոխել, կենացներ ասել ու եղել օրուայ վարչախմբի հաւատարիմ ծառան…
Իրականում, որքան էլ ցաւալի է, բայց անսպասելի բան չկայ, սա լիուլի տեղաւորւում է մեր օրերի տրամաբանութեան ու «մշակոյթի» մէջ:
Պաշտօնական Հայաստանը լռում է` Պաքուի բանտերում մոռանալով խոշտանգուող հայ ռազմագերիներին, «որ չխանգարի ու աւելի վատ չլինի»:
Ալեն Սիմոնեանը չի գործածում Արցախ բառը, որ չվնասի այն «խաղաղութեանը», որի օրօք Հայաստանը ֆաշիստ է հռչակւում, իսկ Հայաստանի քթի տակ թուրք-ազրպէյճանական զօրավարժութիւններ են:
Դէ, «ազգային» մշակոյթի գործիչներն էլ լռում են ու կորցնում նախորդներից ստացած ժառանգութիւնը, որովհետեւ չեն ուզում դուրս գալ յարմարաւէտութեան գօտուց…
«Տուն ենք պահում կամ քաղաքականութեամբ չեմ զբաղւում» կենցաղային, չգոյութեան փիլիսոփայութիւնը խժռել է բոլորին:
Իսկ շատերը միամտաբար համոզուած էին, թէ սահմանը` ներքին սահմանը, ինքնութեամբ են պահում: Ու անղեկ հասարակութիւնը շարունակում է հարցնել` իսկ ո՞ւր է ազգային մշակութային վերնախաւը: Ո՞ւր է…
Ու այսպէս կորցնում ենք արտաքին ու նաեւ ներքին սահմանը` հեռացնելով մեզ մեզանից…
Հ. Գ.
դժուար է պատկերացնել, որ Ֆրանսան հրաժարուի իր Ազգային օփերայից, Բրիտանիան իր ազգային պատկերասրահից, կամ Վիեննան` իր ազգային պատմութեան թանգարանից…
ու ֆրանսացին, անգլիացին կամ աւստրիացին լռի…


