ՎԼԱԴԻՄԻՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ԻՐԱՒԱԲԱՆ
Ձեւը եւ բովանդակութիւնը, որպէս կանոն, արտացոլում են ոչ թէ իրականութիւնը կամ երեւոյթները, այլ` միայն նրանց էութիւնը: Իսկ ո՞րն է առաջնային. ձե՞ւը, թէ՞ բովանդակութիւնը: Ի հարկէ իտէալական կը լինի, եթէ միմեանց հետ կապուած այդ հասկացութիւնները համապատասխանեն իրար: Ամէն դէպքում, ձեւը փոխւում է բովանդակութեան հետ մէկտեղ` խստօրէն ազդելով վերջինիս վրայ:
Վերջերս համացանցում վիճաբանութեան նիւթ է դարձել, որ մեզ համար շահեկան կը լինի, եթէ «Լեռնային Ղարաբաղ»-ի փոխարէն օգտագործենք «Արցախ» եզրոյթը: Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնները եւ նրանց սպասարկող զանգուածային լրատուութեան միջոցները խնդրին նայում են իրենց ակնոցներով` «Լեռնային Ղարաբաղ»` առանց «Հանրապետութեան» եզրոյթի: Ի դէպ, Ազրպէյճանը հարցին իւրայատուկ է մօտեցել` հրաժարուելով բուն Ղարաբաղի բարձրադիր մասին տրուած «Լեռնային» բնութագրումից, դրանով իսկ «Լեռնային Ղարաբաղ» վարչաքաղաքական միաւորը տարրալուծելով եւ այն տրոհուած ձեւով մտցնելով ղարաբաղեան տնտեսական շրջանի մէջ: Թւում է` Ազրպէյճանը հասել է նրան, որ արցախեան հակամարտութեան լուծման հիմնական խաղացողները գլխաւորապէս օգտագործում են «Ղարաբաղ» եզրոյթը: Օրինակները բազմաթիւ են. հէնց միայն վերջերս (25.07.23 թ.) Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Ս. Լաւրովի` Ազրպէյճանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցութիւնների արդիւնքների մեկնաբանութեան մէջ հինգ անգամ օգտագործուել է «Ղարաբաղ» եւ երկու անգամ` «տարածաշրջան» եզրոյթները: Փաստօրէն, Ռուսաստանն անտեսելով իր իսկ միջնորդութեամբ Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ ստորագրուած 2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեան 1-ին, 3-րդ, 6-րդ եւ 7-րդ կէտերը, որտեղ յստակ նշուած է «Լեռնային Ղարաբաղ» եզրոյթը, այս անգամ եւս ընդառաջել է Ազրպէյճանին եւ, վերջինիս նման, Լեռնային Ղարաբաղը ներկայացրել որպէս նախկին աշխարհագրական տարածք կամ տնտեսական շրջան: Տպաւորութիւն է ստեղծւում, որ Ռուսաստանը «միջնորդ» չէ, այլ` Ազրպէյճանի դաշնակիցը: Կան նաեւ այլ մօտեցումներ: Այսպէս, Լաւրովի մեկնաբանութիւնից մէկ օր անց (26.07.2023 թ.) Եւրոմիութեան արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան Գերագոյն յանձնակատար Ժոզեփ Պորելը պաշտօնապէս յայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ապրող հայերի մարդասիրական հարցերը պէտք է լուծուեն, եւ Ազրպէյճանը պէտք է բացի Լաչինի միջանցքը: Իսկ դա նշանակում է, որ Եւրոմիութիւնը ճանաչում է ԼՂԻՄ-ի սահմաններով վարչաքաղաքական միաւորի գոյութիւնը:
Իսկ մենք ի՞նչ ենք անում. բան ու գործ թողած` ընկել ենք եզրաբանութեան, աւելի ճիշդ` նման հաւի եւ ձուի պատմութեան յետեւից: Տրամաբանական կը լինի, եթէ խնդիրը քննարկուի, թէ աւելի վաղ ո՞ր եզրոյթն է ծագել, ԽՍՀՄ օրէնսդրութեան համաձայն, օրինակա՞ն է արդեօք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ստեղծումը, նրան բնորոշող ո՞րն եզրոյթն է միջազգային իրաւական փաստաթղթերում ընդուած, դրանցից ո՞րն է արտացոլում երեւոյթի ճիշդ իրավիճակը, նոր իրողութիւնների պայմաններում ո՞ր եզրոյթը եւ այն ի՞նչ բովանդակութեամբ պէտք է բանակցութիւններում առաջ մղուի, ի՞նչ փաստերով կարող ենք հակադարձել Պաքուի անօրինական որոշումներին, Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան ինչպիսի՞ դիրքորոշումներն են նպաստելու հակամարտութեան արդարացի լուծմանը եւ այլն: Դիմենք փաստերին:
Ոչ միայն հայկական, այլեւ օտար աղբիւրները վկայում են, որ Արցախը պատմական Մեծ Հայքի նահանգներից մէկն է եղել: Այն` որպէս 10-րդ նահանգ, նշուած է 7-րդ դարի աշխարհագրական երկի` Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»-ում եւ ունեցել է 12 գաւառ: Պատմա-աշխարհագրական ճշգրտումների համաձայն, պատմական Արցախ նահանգի տարածքը կազմել է աւելի քան 15.500 քառ. քմ: Համեմատութեան համար նշենք, որ Հայաստանի Հանրապետութեան ներկայիս տարածքը շուրջ 30.000 քառ. քմ է: Պատմութեան քառուղիներում հայոց պատմական Արցախ նահանգը տարբեր անուններ է ունեցել` Արցախամուր աշխարհ, Առան, Ծաւդեք, Խաչէն, Փոքր Սիւնիք, Խորին աշխարհ հայոց, Ղարաբաղ, Խամսու (հինգ մելիքութիւնների) երկիր եւ այլն:
«Ղարաբաղ» (պարսկերէն` Սեւ այգի) եզրոյթը գործածական է դարձել 13-14-րդ դարերում եւ նկատի է ունեցուել Կուր գետի աջափնեակը` հայ Աղուանքը: «Լեռնային Ղարաբաղ» եզրոյթն աւելի քան 100 տարուայ պատմութիւն ունի: Այն առաջին անգամ օգտագործուել է 1919 թ. օգոստոսի 12-22-ը Շուշի քաղաքում տեղի ունեցած Ղարաբաղի հայութեան 7-րդ համագումարի 4-րդ նիստում, որտեղ ընդունուած հիմնական փաստաթուղթը կրել է «Լեռնային Ղարաբաղի հայութեան ժամանակաւոր համաձայնութիւնը Ազրպէյճանի կառավարութեան հետ» անուանումը: Փաստաթղթից նկատելի է, որ Լեռնային Ղարաբաղն ընդգրկում է Շուշիի, Ջիւանշիրի եւ Ջէբրայիլի գաւառների լեռնային մասը, որտեղ բնակիչները հայեր են: Այն մասնակիօրէն համընկնում էր պատմական Արցախի Դիզակի, Վարանդայի, Խաչէնի եւ Ջրաբերդի մելիքութիւնների տարածքների հետ: Փաստաթղթից դուրս էր մնացել Գիւլիստանի մելիքութեան տարածքը, որն այդ ժամանակ Ջիւանշիրի գաւառի մէջ չէր մտնում: Համագումարի կողմից «ժամանակաւոր» համաձայնութիւնը հաստատուելուց յետոյ, «Լեռնային Ղարաբաղ» եզրոյթը եւ նրա «տարածքը» (Դիզակի, Վարանդայի, Խաչէնի եւ Ջրաբերդի գաւառակները) կեանքի իրաւունք ստացաւ եւ հետագայ տարիներին, մասնաւորապէս, Խորհրդային Միութեան կուսակցական, պետական եւ օրէնքներով իրաւական բոլոր փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղն իր ինքնավար կարգավիճակով հանդէս էր գալիս որպէս ԽՍՀՄ ժողովուրդների սոցիալիստական ազգային պետականութեան ձեւերից մէկը:
«Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ» վարչաքաղաքական միաւորը կազմաւորուեց Ռուսաստանի Համայնավար կուսակցութեան կովկասեան բիւրոյի 1921 թ. յուլիսի 5-ի եւ Խորհրդային Ազրպէյճանի Կենտրոնական գործադիր կոմիտէի 1923 թ. յուլիսի 7-ի որոշումների հիման վրայ: Նրա տարածքում իրենց գործադիր կոմիտէներով ստեղծուեց 5 շրջան` Դիզակի (Հադրութ գիւղկենտրոնով), Վարանդայի (Ճարտար գիւղկենտրոնով), Խաչէնի (Խանքենդի գիւղկենտրոնով), Ջրաբերդի (Մարտակերտ գիւղկենտրոնով) եւ Շուշիի (Շուշի քաղաքային կենտրոնով): Հետագայում Դիզակի շրջանը վերանուանուեց Հադրութի, Վարանդայինը` Մարտունու, Ջրաբերդինը` Մարտակերտի եւ Խաչէնինը` Ստեփանակերտի շրջանների: Վերջինս 1978 թ. վերանուանուեց Ասկերանի շրջանի:
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) իրաւական կարգավիճակը նախատեսուած էր Խորհրդային Միութեան 1977 թ. սահմանադրութեամբ, Խորհրդային Ազրպէյճանի 1978 թ. սահմանադրութեամբ եւ այդ երկու սահմանադրութիւններից բխող Խորհրդային Ազրպէյճանի` «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին» 1981 թ. յունիսի 18-ի օրէնքով: Վերջինիս 3-րդ յօդուածի համաձայն, «Ինքնավար մարզի տարածքը չի կարող փոփոխուել առանց ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի խորհրդի համաձայնութեան»:
Ղարաբաղեան շարժման իրաւական գործընթացը սկսուեց Խորհրդային Միութեան վերակառուցման տարիներին, երբ 1988 թուականի փետրուարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամաւորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց դիմել Ազրպէյճանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ Գերագոյն խորհուրդներին` դրականօրէն լուծելու ԼՂԻՄ-ն Ազրպէյճանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ մտցնելու հարցը: Հայաստանի Գերագոյն Խորհուրդը հարցին դրական արձագանգեց, իսկ Ազրպէյճանի եւ ԽՍՀՄ գերագոյն խորհուրդները` բացասական, պատճառաբանելով, որ միութենական հանրապետութեան տարածքը (տուեալ դէպքում` Ազրպէյճանի) չի կարող փոփոխուել առանց նրա համաձայնութեան:
Ազրպէյճանը, նպատակ ունենալով վերացնել հայկական ինքնավար մարզը, բացայայտ հակաիրաւական քայլեր ձեռնարկեց մարզի դէմ` 1989 թ. սեպտեմբերի 17-ին ընդունելով սահմանադրական օրէնք` Խորհրդային Ազրպէյճանի ինքնիշխանութեան մասին, որի մէջ արձանագրուեց, որ Ազրպէյճանն իր տարածքում ինքնավար միաւորումներ ստեղծելու եւ վերացնելու իրաւունք ունի: Ակնյայտ է, որ եթէ այդ օրէնքն Ազրպէյճանի համար «իրաւական» հիմք էր` ինքնավար մարզը հետագայում լուծարելու համար, ապա Խորհրդային Միութեան համար` հակասահմանադրական, որովհետեւ դեռեւս գործում էր ԽՍՀՄ սահմանադրութիւնը, որում ինքնավար մարզերին երկու օրէնք էր յատկացուած:
Ղարաբաղեան շարժման տարիներին միջպետական առաջին փաստաթուղթը` Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի N 1650-XI համատեղ որոշումն էր` Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին: Սակայն որոշումը մնաց միայն թղթի վրայ եւ հետագայում միս ու արիւն չստացաւ:
Այսպիսով, Խորհրդային Միութեան օրէնսդրութիւնը բաւական կոշտ վերաբերմունք ունէր միջազգային իրաւունքի հանրաճանաչ սկզբունքներից մէկի` ազգերի, ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի նկատմամբ, եւ իւրաքանչիւր շարժում դիտւում էր որպէս ծայրայեղական, ազգայնական: Այդ առումով, Լեռնային Ղարաբաղի համար ճակատագրական եղաւ 1990 թ. ապրիլի 3-ի` «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութիւնների դուրս գալու հետ կապուած հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրէնքը, որում նախատեսում էր ազգային ինքնավարութիւններին իրաւունք տալ ինքնուրոյն կերպով որոշելու սեփական պետաիրաւական կարգավիճակը ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութեան դուրս գալու դէպքում: Ինքնավար կազմաւորումների կողմից սեփական պետաիրաւական կարգավիճակի հարցի որոշման կարգը, ըստ այդ օրէնքի 3-րդ յօդուածի, սահմանւում էր հետեւեալ կերպ. «Իր կազմում ինքնավար հանրապետութիւններ, ինքնավար մարզեր եւ ինքնավար օկրուգներ (Շրջաններ, Ա.) ունեցող միութենական հանրապետութիւնում հանրաքուէն անցկացւում է իւրաքանչիւր ինքնավարութիւնում առանձնաբար: Ինքնավար հանրապետութիւնների ու ինքնավար կազմաւորումների ժողովուրդները պահպանում են ԽՍՀՄ կազմում կամ անջատուող միութենական հանրապետութեան կազմում մնալու մասին հարցը ինքնուրոյն որոշելու, ինչպէս նաեւ իր պետաիրաւական կարգավիճակի մասին հարց բարձրացնելու իրաւունքը:
Այն միութենական հանրապետութիւնում, որի տարածքում կան տուեալ տեղանքում բնակչութեան մեծամասնութիւնը կազմող հաւաք բնակուող ազգային խմբեր, հանրաքուէի արդիւնքներն ամփոփելիս քուէարկութեան արդիւնքներն այդ վայրերում հաշուարկւում են առանձնաբար»: Յօդուածի այս 2-րդ պարբերութիւնը կիրառելի էր Շահումեանի շրջանի եւ Գետաշէնի ենթաշրջանի համար:
Ինչպէս նկատելի է, ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութեան դուրս գալու դէպքում, օրէնքն ինքնավար մարզին երեք տարբերակ էր ընձեռում` մնալ ԽՍՀՄ կազմում կամ անջատուող միութենական հանրապետութեան կազմում, կամ էլ իրաւունք ունենալ իր պետաիրաւական կարգավիճակի մասին հարց բարձրացնելու:
1991 թ. օգոստոսեան պետական յեղաշրջմամբ Խորհրդային Միութիւնը հոգեվարքի մէջ մտաւ, եւ նրա փլուզումն արդէն անխուսափելի էր: Խորհրդային Ազրպէյճանի Գերագոյն խորհուրդն օգոստոսի 30-ի արտահերթ նստաշրջանում ընդունեց հռչակագիր` Ազրպէյճանական Դեմոկրատական Հանրապետութեան (1918 մայիսի 27-ից մինչեւ 1920 թ. ապրիլի 28-ը) անկախութեան վերականգնման մասին` մերժելով խորհրդային պետաիրաւական ժառանգութիւնը եւ հրաժարուելով լինել Խորհրդային Ազրպէյճանի ժառանգորդը: Նոյն սահմանադրական աքթի 3-րդ յօդուածի ուժով անվաւեր էր ճանաչւում 1922 թ. դեկտեմբերի 30-ի` ԽՍՀՄ կազմաւորման մասին պայմանագիրը, իսկ 1920 թ. ապրիլի 27-28-ին խորհրդային Կարմիր բանակի մուտքն Ազրպէյճան` որակւում իբրեւ «Ռուսաստանի կողմից Ազրպէյճանի բռնագրաւում»: Պահը լուրջ էր: Արցախն Ազրպէյճանի Դեմոկրատական Հանրապետութեան մաս չի կազմել: Դա հաստատուած է Ղարաբաղի հայութեան համագումարների որոշումներով: Այն արդէն խորհրդայնացուած Ազրպէյճանին բռնակցուել է ՌԿ(բ)Կ Կովկասեան բիւրոյի 1921 թ. յուլիսի 5-ի կուսակցական որոշմամբ: Հետեւաբար ինքնավար մարզն իր պետաիրաւական կարգավիճակը բարձրացնելու օրինական գործընթաց սկսեց, որի կապակցութեամբ ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի Մարզային եւ Շահումեանի Շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունեց հռչակագիր` ինքնավար մարզի եւ յարակից Շահումեանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն հռչակելու մասին:
Համաձայն հռչակագրի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքում մինչեւ ԼՂՀ սահմանադրութեան եւ օրէնքների ընդունումը` գործում են ԽՍՀՄ սահմանադրութիւնը եւ օրէնսդրութիւնը, ինչպէս նաեւ` այն օրէնքները, որոնք չեն հակասում հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին եւ հանրապետութեան առանձնայատկութիւններին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումը, իրաւական տեսակէտից, անխոցելի է: Այն տեղի ունեցաւ Խորհրդային Միութեան օրէնսդրութեան, ինչպէս նաեւ միջազգային իրաւունքի հանրաճանաչ սկզբունքներից մէկի` ազգերի, ժողովուրդների ինքնորոշման իրաւունքին համապատասխան: Միանշանակ կարելի է պնդել, թէ ինչպէս Ազրպէյճանն է դուրս եկել ԽՍՀՄ կազմից, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղը` Ազրպէյճանի կազմից:
Չկարողանալով պատերազմի դաշտում ծնկի բերել անկախութիւն հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդին, Ազրպէյճանը շարունակեց իր հակաիրաւական քայլերը, եւ նրա Գերագոյն խորհուրդը 1991 թ. նոյեմբերի 23-ին ընդունեց օրէնք` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը լուծարելու. «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ կազմաւորելու մասին» Ազրպէյճանի Կենտգործկոմի 1923 թ. յուլիսի 7-ի որոշումը եւ «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին» 1981 թ. յունիսի 18-ի Ազրպէյճանական ԽՍՀ օրէնքն ուժը կորցրած ճանաչելու մասին: Այդ հրէշաւոր օրէնքով Ստեփանակերտ, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքները վերանուանուեցին համապատասխանաբար Խանքենդի, Աղդարա եւ Խոջաւանդ թրքահունչ անուններով: Նախկին ինքնավար մարզի տարածքի Մարտակերտի շրջանը մտցուեց Աղդարայի, Ասկերանի շրջանը` Խոջալուի, Մարտունու եւ Հադրութի շրջանները` Խոջաւանդի շրջանի մէջ: Խանքենդին (Ստեփանակերտը) համարուեց հանրապետական ենթակայութեան քաղաք: Հակաօրինական այդ օրէնքն ընդամէնը 3 օրուայ կեանք ունեցաւ: Այն ճանաչուեց հակասահմանադրական եւ վերացուեց ԽՍՀՄ Սահմանադրական վերահսկողութեան կոմիտէի 1991 թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ: Պէտք է ենթադրել, որ ԽՍՀՄ Սահմանադրական վերահսկողութեան կոմիտէն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման աքթի մէջ անօրինական ոչինչ չի գտել, ինչը նշանակում է, որ նորաստեղծ հանրապետութիւնը Խորհրդային Միութեան կազմում անմիջական վարչական միաւոր էր, որի վրայ տարածւում էր ԽՍՀՄ սահմանադրութեան եւ օրէնսդրութեան դրոյթները: Մինչ ԽՍՀՄ վերջնական փլուզման ազդարարումը` մնում էր վաւերացնելու ԼՂՀ պետաիրաւական կարգավիճակը, ինչը նոյնպէս կատարուեց ԽՍՀՄ 1990 թ. ապրիլի 3-ի օրէնքի տառին համապատասխան: 1991 թ. դեկտեմբերի 10-ին անցկացուած համաժողովրդական հանրաքուէով (մասնակցել է քաղաքացիների 82,2 տոկոսը, անկախացման օգտին քուէարկել է մասնակիցների 99,89 տոկոսը), որի արդիւնքների հիման վրայ 1992 թուականի յունուարի 6-ին ԼՂՀ Գերագոյն խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական անկախութեան մասին» հռչակագիրը եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական անկախութեան հիմունքների մասին» օրէնքը: Մինչ այդ, 1991 թ. դեկտեմբերի 28-ին տեղի են ունեցել հանրապետութեան ներկայացուցչական մարմինի կազմաւորման համաժողովրդական ընտրութիւններ:
ԼՂ-ում հանրաքուէն անցկացուել է Խորհրդային Ազրպէյճանի` ԽՍՀՄ-ից դուրս գալու որոշման կայացումից մի քանի ամիս անց` վերը նշուած օրէնքի դրոյթներին համապատասխան, ուստի Ազրպէյճանի այն կեղծ եւ հակագիտական պնդումը, որ Ազրպէյճանը Խորհրդային Միութեան կազմից դուրս է եկել 1991 թ. դեկտեմբերի 29-ին` հանրաքուէի միջոցով, հիմնազուրկ է, որովհետեւ ԽՍՀՄ նախագահ Մ. Կորպաչովն իր լիազօրութիւնները ցած է դրել 1991 թ. դեկտեմբերի 25-ին, իսկ յաջորդ օրը` դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ օրէնսդիր մարմինն ընդունել է հռչակագիր` ԽՍՀՄ գոյութեան դադարեցման մասին: Հետեւաբար բացարձակապէս անիմաստ է խօսել մի հանրաքուէի մասին, որն անց է կացուել ԽՍՀՄ գոյութիւնը դադարեցնելուց երեք օր յետոյ: Ինչ վերաբերում է հանրաքուէին ԼՂԻՄ-ի ազրպէյճանական բնակչութեանը չմասնակցելուն, ապա վերջինիս մասնակցութեան համար բոլոր պայմաններն ապահովուել են: Քուէաթերթիկները եղել են նաեւ ազրպէյճաներէն լեզուով: Սակայն հանրաքուէին չմասնակցելու որոշումը կայացրել են ազրպէյճանական իշխանութիւնները: Արդիւնքում հանրաքուէին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի, ինչպէս նաեւ Շահումեանի շրջանի հայկական բնակչութիւնը:
1991 թուականի սեպտեմբերի 2-ին ստեղծուած (նախկին ինքնավար մարզի եւ Խորհրդային Ազրպէյճանի հայաբնակ Շահումեանի շրջանի սահմաններում) եւ նոյն թուականի դեկտեմբերի 10-ին անկախ հռչակուած Արցախը բոլոր ներպետական փաստաթղթերում նշուել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն» եզրոյթով: Բացառութիւն է կազմում միայն 2017 թ. սահմանադրութիւնը, որի առաջին յօդուածի 2-րդ մասի համաձայն, «Արցախի Հանրապետութիւն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն անուանումները նոյնական են»: Այստեղ շատ պարզ սահմանադրական օրէնք է արձանագրուած, որտեղ «նոյնական» ածականը բնորոշում է օրէնքում նշուած երկու անուանումների միանգամայն նման, ոչնչով չտարբերուող, լիակատար կերպով համընկնող` միմեանց համապատասխանող լինելը: Իսկ մենք մտածում ենք` որի՞ն առաջնութիւնը տալ: Ասել է, թէ մթութեան մէջ բանալի ենք որոնում, որտեղ այն չկայ:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական անկախութեան հիմունքների մասին» օրէնքի (06.01.1992 թ.) 3-րդ մասում յստակօրէն արձանագրուած է, որ հանրապետութեան մէջ մտնում են Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Մարտակերտի եւ Շահումեանի շրջանները: Ի դէպ, Խորհրդային Ազրպէյճանի Շահումեանի շրջանը հիմնուել է 1930 թ.` պատմական Արցախի Գիւլիստանի եւ Ջրաբերդի մելիքութիւնների տարածքների մի մասի վրայ: Այն Ազրպէյճանի օրէնսդիր մարմինի 1991 թ. փետրուարի 12-ի որոշմամբ վերացուել է եւ մտցուել` թուրքաբնակ Կերանպոյի շրջանի մէջ, իսկ բնակչութիւնը` բռնի տեղահանուել: Տեղահանուածների մի մասն Արցախի ինքնապաշտպանութեան բանակի կողմից 1993 թ. ազատագրուած պատմական Քաշունիք գաւառում հիմնել են նոր Շահումեանի շրջանը` Քարվաճառ շրջկենտրոնով: Եթէ հաշուի առնենք, որ նախկին Շահումեանի շրջանն ունեցել է 630 հազար քառ. մեթր տարածք, ապա ղարաբաղեան առաջին պատերազմի նախօրեակին Հանրապետութեան տարածքը տեսականօրէն կազմել է 4.988 քառ. քմ:
Արցախեան ազատագրական պատերազմը (1991-1994 թթ.) աւարտուեց ռազմական գործողութիւնները դադարեցնելու մասին պիշքեքեան համաձայնութեամբ (12.05.1994 թ.), ինչը նպաստաւոր պայմաններ ստեղծեց Արցախի Հանրապետութեան պետականաշինութեան համար: Անկախութիւն հռչակած նրա տարածքի շուրջ ստեղծուեց բաւարար խորութեան անվտանգութեան գօտի, եւ երկիրը ցամաքային ճանապարհներով կապուեց մայր հայրենիքի հետ: Զինադադարի կնքումով սկսուեց արցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը: Հանրապետութեան Ազգային ժողովի կողմից 1998 թ. ընդունուած օրէնքով ազատագրուած տարածքների մի մասը մտցուեց երկրի վարչատարածքային կառուցուածքի` Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների մէջ: Միաժամանակ այդ տարածքների վրայ ստեղծուեց երկու նոր շրջան` Շահումեանի, որն ընդգրկում էր նախկին Քելբաջարի եւ Քաշաթաղի (նախկին Լաչինի, Ղուբաթլուի, Զանգելանի շրջաններ) տարածքները: Արցախի Հանրապետութեան տարածքն այդ սահմաններով ընդգրկում էր պատմական Հայաստանի, հիմնականում` Արցախ, մասամբ` Սիւնիք նահանգների լեռնային հատուածները:
Հաշուի առնելով, որ դեռեւս հակառակորդի վերահսկողութեան տակ են գտնւում բուն Շահումեանի շրջանը, Մարտունու եւ Մարտակերտի շրջանների արեւելեան որոշ հատուածներ, Մայր օրէնքի 142-րդ յօդուածով սահմանուեց, որ` «Մինչեւ Արցախի Հանրապետութեան պետական տարածքի ամբողջականութեան վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը` հանրային իշխանութիւնն իրականացւում է այն տարածքում, որը փաստացի գտնւում է Արցախի Հանրապետութեան իրաւազօրութեան ներքոյ»:
Այսպիսով, ղարաբաղեան առաջին պատերազմի աւարտից յետոյ հանրապետութեան տարածքը տեսականօրէն կազմում էր 11.458 քառ. քմ, որի մէջ էր մտնում նաեւ դեռեւս հակառակորդի վերահսկողութեան տակ գտնուող բուն Շահումեանի շրջանը, Գետաշէնի ենթաշրջանը, Մարտունու եւ Մարտակերտի շրջանների արեւելեան մասերը:
2016 թուականի ապրիլի 1-ին ազրպէյճանական ուժերը, խախտելով զինադադարի մասին կնքուած համաձայնութիւնը, լայնածաւալ յարձակում գործեցին արցախա-ազրպէյճանական շփման գծի ողջ երկայնքով: Քառօրեայ պատերազմի ժամանակ երկու կողմերն էլ ունեցան մարդկային եւ նիւթական կորուստներ: Պատերազմի պատճառով Արցախը կորցրեց 8 քառ. քմ. տարածք, սակայն, այնուամենայնիւ, սթաթուս քուոն տարածաշրջանում պահպանուեց:
Ճիշդ է` անկախութեան տարիներին Արցախի Հանրապետութիւնը չունեցաւ օրէնք` պետական սահմանի մասին, սակայն նրա ներպետական օրէնսդրութիւնից նկատելի է, որ Արցախը, մինչեւ վերջին պատերազմն ունենալով շուրջ 150.000 բնակչութիւն, արեւմուտքից սահմանակից էր Հայաստանի Հանրապետութեանը` Շահումեանի եւ Քաշաթաղի շրջաններով, հիւսիսից եւ արեւելքից Ազրպէյճանին` ռազմաճակատի շփման գծով, հարաւից Իրանին` Արաքս գետով:
Արցախի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի Հանրապետութեան միջեւ 44-օրեայ պատերազմը, որը սկսուել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Ազրպէյճանի ռազմական յարձակումով եւ Թուրքիայի գործուն աջակցութեամբ, աւարտուեց նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Ն. Փաշինեանին. Փաշինեանի, Ազրպէյճանի նախագահ Ի. Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վ. Փութինի կողմից ստորագրուած յայտարարութեամբ` հրադադարի եւ ռազմական գործողութիւնների դադարեցման մասին: Յայտարարութիւնից նկատելի է, որ Արցախի Հանրապետութեան տարածքի մեծ մասը յանձնւում է Ազրպէյճանի վերահսկողութեանը: Ըստ նախնական ոչ պաշտօնական փորձագիտական հաշուարկների (առայժմ պաշտօնական յայտարարութիւն չկայ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքների յանձնումից յետոյ 2020 թ. սեպտեմբերի 26-ի դրութեամբ եղած 11.458 քառ. քմ-ից մնացել է 3.170-ը:
Պատերազմի աւարտից յետոյ, նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարութիւնը որոշում ընդունեց Արցախում պատերազմի պատճառով Ազրպէյճանի վերահսկողութեան տակ անցած համայնքների բնակիչներին աջակցութիւն տրամադրելու մասին: Այս որոշման յաւելուածում առաջին անգամ պաշտօնապէս ներկայացուել է ազրպէյճանական վերահսկողութեան տակ անցած Արցախի Հանրապետութեան բնակավայրերի ցանկը: Ըստ այդ ցանկի, ազրպէյճանական վերահսկողութեան տակ անցած համայնքների թիւը 121 է, որոնցից 52-ը Քաշաթաղի շրջանում են, 29-ը` Հադրութի շրջանում, 16-ը` Շահումեանի (Քարվաճառի) շրջանում, 8-ական` Մարտակերտի եւ Ասկերանի շրջանում, 6-ը` Մարտունու շրջանում եւ 2-ը` Շուշիի շրջանում:
Նախկին ԼՂԻՄ տարածքից հակառակորդի վերահսկողութեան տակ է գտնւում` Հադրութի շրջանն ամբողջութեամբ, ինչպէս նաեւ` Մարտունու, Ասկերանի, Շուշիի եւ Մարտակերտի շրջանների մի մասը: Առանց վարանելու, համարձակօրէն պէտք է յայտարարենք, որ այդ տարածքները, որտեղ հնուց հայկական բնակավայրեր են եղել, Ազրպէյճանի կողմից բռնազաւթուած, տարածքներ են:
Ահա Լեռնային Ղարաբաղի տարածքային փոփոխութիւնները, 100 տարուայ կտրուածքով, հետեւեալ պատկերն ունեն. 1923-1991 թթ.` 4.358 քառ. քմ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունած` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» հռչակագրով` 4.988 քառ. քմ, 1994 թ. մայիսեան զինադադարից յետոյ` 11.458 քառ. քմ, 2016 թ. 4-օրեայ ապրիլեան պատերազմից յետոյ` 11.450 քառ. քմ եւ 2020 թ. 44-օրեայ պատերազմից յետոյ` 3.170 քառ. քմ: Օրինական հարց է ծագում. որեւէ պետութեան կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը ճանաչելու դէպքում, որքա՞ն քառ. քմ տարածքի եւ ի՞նչ սահմաններով պէտք է ճանաչուի այն: Այս հարցում մեզ օգնութեան է հասնում հանճարեղ Խորենացու` «Սահման քաջաց` զէնն իւրեանց, որքան հատանի, այնքան ունի» մարգարէական խօսքը: Իրողութիւնն այն է, որ շատին ձգտողը, քչին էլ չի հասնում: Ինչեւէ: Կարծում ենք` Արցախի Հանրապետութեան այսօրուայ աշխարհագրական տարածքը միանգամայն բաւարար եւ ապահով չէ պետականաշինութեան եւ տնտեսութեան զարգացման համար, քանի որ երկիրը գտնւում է կատարեալ շրջափակման մէջ, իսկ հակառակորդը սովամահութեան միջոցով ցեղասպանութեան գործընթաց է սկսել արցախահայերի նկատմամբ: Ազրպէյճանի բռնապետի համար նոյեմբերի 9-ի` զինադադարի վերաբերեալ յայտարարութիւնը հասարակ թղթի մի կտոր է, քանի որ, նրա կարծիքով, ԼՂ հակամարտութիւնն արդէն պատմութեան գիրկն է անցել եւ Ազրպէյճանը` Թուրքիայի գործուն աջակցութեամբ, արդէն լուծել է Լեռնային Ղարաբաղի հարցը ու ստացել իրեն պատկանելիքը: Դեռ չէր չորացել եռակողմ յայտարարութեան թանաքը, բռնապետական Ազրպէյճանը, խախտելով հրադադարի մասին դրոյթները, 2020 թ. դեկտեմբերի 12-ին գրաւեց Հադրութի շրջանի վերջին ռազմավարական դիրքերը` հայկական Հին Թաղեր եւ Խծաբերդ գիւղերը: Դրանք այն բնակավայրերն են, որոնք Հայաստանի Կոռնիձոր գիւղից գտնւում են ընդամէնը մի քանի քիլոմեթր հեռաւորութեան վրայ: Իսկ Ասկերանի շրջանի Փարուխ եւ Քարագլուխ բնակավայրերի հետ կապուած իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ Ազրպէյճանը հայերի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականութեան իրականացումից երբեք յետ չի կանգնելու:
Ազրպէյճանի նախագահը, համարելով, որ պատերազմի դաշտում վերջնականապէս լուծել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, 2021 թ. յունիս 8-ի հրամանագրով Ազրպէյճանի վերահսկողութեան ներքոյ անցած ԼՂՀ տարածքը բաժանել է տնտեսական երկու շրջանի` Ղարաբաղեան` ներառելով Աղդամի (նաեւ Մարտակերտի շրջանի մի մասը), Շուշիի, Ֆիզուլիի (Մարտունու շրջանի մի մասը եւ Վարանդա բնակավայրը), Տէրտէրի (նաեւ Մարտակերտի շրջանի մի մասը), Խոջաւենդի (Հադրութի եւ Մարտունու շրջանները), Խոջալուի (Ասկերանի շրջանը) շրջանները ու Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքը եւ Արեւելազանգեզուրեան` ներառելով Ջեբրայիլի (Հադրութի շրջանի հարաւային թեւը` Ջրական բնակավայրով), Զանգիլանի (Քաշաթաղի շրջանի հարաւային թեւը` Կովսական բնակավայրով), Ղուբաթլուի (Քաշաթաղի շրջանի հարաւային թեւը` Սանասար բնակավայրով), Լաչինի (Քաշաթաղի շրջանը` Բերձոր շրջկենտրոնով) եւ Քելբաջարի (Քարվաճառի շրջանը եւ Մարտակերտի շրջանի մի մասը):
Ահա գործ ունենք մի այնպիսի հարեւանի եւ հակառակորդի հետ, որի համար «Լեռնային Ղարաբաղ» անունը հակացուցական է: Ազրպէյճանի կողմից Արցախի Հանրապետութեան տարածքային նման վերաձեւումները չեն նպաստում արցախեան հիմնահարցի արդարացի լուծմանը, այլ միայն հայատեացութիւն են սերմանում եւ երկրամասը հայաթափելու նպատակ են հետապնդում: Հայ ժողովուրդը դաժան օրեր շատ է տեսել, ուստի ինչ քայլերի էլ որ դիմեն, որքան էլ ցանկանան արցախեան հարցն անկիւն մղել կամ «պահածոյացնել», միեւնոյն է` միայն դրա արդարացի լուծման դէպքում հնարաւոր կը լինի տեւական խաղաղութիւն հաստատել երկու հարեւան ժողովուրդների միջեւ:
Նոր պատմութիւն կերտելու պատրուակով Ազրպէյճանին չի յաջողուելու «Լեռնային Ղարաբաղ» եզրոյթը ջնջել պատմութեան էջերից: Այն բազմիցս արձանագրուած է Միացեալ ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ), Եւրոպական Միութեան, Եւրոպայի Խորհրդի, Եւրոպայի Անվտանգութեան եւ համագործակցութեան կոմիտէի Մինսքի խմբի (ԵԱՀԿ Մինսքի խումբ) եւ այլ փաստաթղթերում, որի տակ նկատի է ունեցուել (եւ ունեցւում է) «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի» (ԼՂԻՄ) տարածքը: Այդ իմաստով Մինսքի խումբը եւ նրա համանախագահները միշտ էլ շեշտել են Լեռնային Ղարաբաղի եւ նրան յարակից ազրպէյճանական շրջանների միջեւ եղած տարբերութիւնը: Այդ տարբերակում ընկած է եղել նաեւ Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմքում եւ այն, Ազրպէյճանը, թէկուզ դժկամութեամբ, ընդունել է:
Մեր կարծիքով, Հայաստանի, Ռուսաստանի ու Ազրպէյճանի ղեկավարների 2020 թուականի նոյեմբերի 9-ի յայտարարութեան առաջին, 3-րդ, 6-րդ եւ 7-րդ կէտերում նշուած «Լեռնային Ղարաբաղ» եզրոյթը վերաբերում է հէնց 1923 թ. ստեղծուած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչաքաղաքական տարածքին: Այդ հանգամանքը գործնական մեծ նշանակութիւն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հայերի համար եւ հնարաւորութիւն է տալիս ներքին տեղահանուած անձանց եւ փախստականներին վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը: Վերադարձի կազմակերպումը եւ իրականացումը նաեւ հնարաւորութիւն կը տայ բռնագրաւուած տարածքների բնակավայրերում վերականգնել շրջանային վարչակազմերը եւ համայնքային ինքնակառավարման մարմինները: Սա գերխնդիր է ոչ միայն նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը ստորագրած կողմերի եւ միջնորդի, այլեւ Մինսքի խմբի համանախագահների եւ ՄԱԿ-ի համար:
Կարո՞ղ է արդեօք 2020թ. նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը վերջնական փաստաթուղթ հանդիսանալ` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծուած համարելու առումով: Հազար անգամ` ո՛չ: Ինչո՞ւ, որովհետեւ 9 կէտից բաղկացած յայտարարութիւնն ազդարարում է միայն պատերազմի դադարեցման դրութիւնը սահմանելու եւ այն պահպանելու կապակցութեամբ ռուսական խաղաղապահ զօրքեր մտցնելու մասին: Համաձայնագրի մէջ որեւէ խօսք չկայ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ նրա սահմանների մասին: Խօսք չկայ նաեւ Մինսքի խմբի մասին, որը ստեղծուել է «ղարաբաղեան հակամարտութեան» լուծմանն աջակցելու համար:
Յատկանշական է, որ յայտարարութեան 7-րդ կէտում յիշւում է մէկ այլ միջազգային մարմինի` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի մասին եւ հէնց նրան է յանձնարարւում` վերահսկելու եւ կառավարելու ներքին տեղահանուած անձանց եւ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք եւ յարակից շրջաններ: Այստեղից հարց է ծագում կրակի դադարեցման յայտարարութեան մէջ ի՞նչ է նկատի ունեցւում «Լեռնային Ղարաբաղ» եւ նրա «տարածք» հասկացութիւնների տակ: Հարցը կարեւորւում է ոչ միայն նրանով, որ ներքին տեղահանուած անձինք եւ փախստականները հնարաւորութիւն են ստանում վերադառնալու իրենց բնակավայրերը, այլեւ դրանից է նաեւ կախուած ղարաբաղեան հակամարտութեան լուծման խնդրում Մինսքի խմբի մանտաթի ծաւալը:
Ելնելով նրանից, որ նոյեմբերի 9-ի յայտարարութիւնն իր բնոյթով միջազգային իրաւական պայմանագիր է, ուստի նախկին ինքնավար մարզի սահմաններում Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրաւունքով օրինականացուած է:
Թէեւ Ազրպէյճանի բանակը բռնազաւթել է ԼՂ մի մասը, սակայն դա բնաւ չի փոխում ԼՂ ներքին եւ արտաքին վարչական սահմանները: Եւ դա որոշակիօրէն բխում է նոյեմբերի 9-ի յայտարարութեան առաջին կէտից, որը չի կարգաւորում եւ չի որոշում վարչական սահմանների սահմանագծումը, այլ միայն յայտարարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների դադարի մասին` Հայաստանին եւ Ազրպէյճանին պատուիրելով` 2020 թուականի նոյեմբերի 10-ի` Մոսկուայի ժամանակով ժամը 00:00-ից կանգ առնել իրենց զբաղեցրած դիրքերում: Հետեւաբար զինադադարի արդիւնքում ռազմական շփման գիծը չի կարող վարչական սահման հանդիսանալ:
Ամէն պարագայում, պէտք է ելնենք ներկայ իրողութիւններից, լինենք իրատես, պատրանքների մէջ չընկնենք եւ քաջ գիտակցենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովուրդը չի կարող գոյատեւել Ազրպէյճանի ենթակայութեան տակ, իսկ Ազրպէյճանի բանակը հեշտութեամբ դուրս չի գալու Լեռնային Ղարաբաղի բռնազաւթած տարածքներից եւ դիմադրելու է` ներքին տեղահանուած անձանց եւ փախստականներին վերադառնալու իրենց բնակավայրերը, ուստի երկու հայկական հանրապետութիւնների իրաւազօր իշխանութիւնները պարտաւոր են ձեռնարկել բոլոր հնարաւոր եւ անհնարին միջոցները` Արցախի շրջափակումը ճեղքելու եւ նրա ժողովրդի ինքնորոշման օրինական իրաւունքի հրամայականը կեանքի կոչելու համար:


