Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«ՖՐԱՆՍԱՆ ՑՈՅՑ ՏՈՒԵՑ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐ ՎՐԱՅ ՄԱՏ ԹԱՓ ՏԱԼ».

January 27, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԵՒ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Մանոյեան, նախ շնորհաւորում եմ բոլորիս յունուարի 23-ին Ֆրանսայի ծերակոյտի կողմից ընդունուած ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնելու մասին օրինագծի առթիւ: Մինչ ծերակոյտի որոշումը, շատերը թերահաւատօրէն էին մօտենում օրինագծի ընդունման հարցին: Ըստ ձեզ, արդեօք կանխատեսելի՞ էր ծերակոյտի նման որոշումը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Նրանք, ովքեր զբաղւում էին այս հարցով, ինչպէս օրինակ, Փարիզի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Հրաչ Վարժապետեանը, ով դեռ այն ժամանակ կանխատեսում էր դա, աւելի՛ն, վերջինս միայն 1 թուով սխալուեց` նշելով. որ 87 դէմ ձայն կը լինի (Նշենք, որ օրինագիծն ընդունուեց 127 կողմ եւ 86 դէմ ձայների մեծամասնութեամբ,-Մ.Մ.), կանխպատեսում էին: Ինչ վերաբերում է օրինագծի ընդունման կանխատեսելի լինելուն, նշեմ, որ մէկ երկու, թերեւս երեք առիթներ եղան, որոնք կասկածների տեղի տուեցին: Մինչդեռ վերջում եղաւ այն, ինչ սպասւում էր:

Հ.- Շատերն օրինագծի ընդունման քաղաքական ենթախորք եմ համարում Ֆրանսայում սպասուող նախագահական ընտրութիւնները` յատկապէս ընդգծելով Ֆրանսայում հայկական լոպի աշխուժ լինելն ու ընտրութիւններին հայերի մասնակցութիւնը: Օրինագծի ընդունումը բացի քաղաքական ենթախորքում, ուրիշ ի՞նչ ենթախորքեր ունի:

Պ.- Ճիշդ չէ օրինագծի ընդունումը միայն ընտրութիւններին վերագրելը, բայց նաեւ ճիշդ չէ ասել, թէ ընտրութիւնները որեւէ կապ չունեն այդտեղ: Ընտրութիւնների հետ կապ ունի ժամանակը, թէ ինչո՞ւ այսպէս արագ ընդունուեց. իսկ ինչ վերաբերում է այլ ազդակներին, դրանք, անշուշտ, կային Ֆրանսա-Թուրքիա, Ֆրանսա-Հայաստան յարաբերութիւններ, ինչպէս նաեւ` չստացուած Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններ: Իրականում այս գործընթացը երկու երես ունէր. առաջինն օրինագիծն էր: Թէեւ յաղթահարել ենք ամենամեծ խոչընդոտները, բայց օրինագիծը  տակաւին աւարտին չի հասել, քանի որ Ֆրանսայի նախագահը դեռ պէտք է ստորագրի այն: Ի հարկէ, չենք կասկածում. նախագահը կը ստորագրի, բայց, օրինակ,  այսօր Թուրքիայի վարչապետը ձեռնոց նետեց օրինագծին դէմ քուէարկած ծերակուտականներին` ասելով, որ 86 դէմ ձայներից 60-ը բաւական է, որպէսզի իրենք դիմեն Սահմանադրական խորհուրդ, որն էլ կ՛որոշի, թէ օրինագիծը հակասահմանադրակա՞ն է, թէ՞ ոչ: Դրա պատճառն այն էր, որ ծերակոյտի իրաւական յանձնաժողովն ընդամէնը  տեսակէտ էր յայտնել այն մասին, որ օրինագիծն ունի հակասահմանադրական ռիսքեր, այսինքն յանձնաժողովն ուղղակիօրէն չէր ասել, թէ օրինագիծը հակասահմանադրական է: Էրտողանն իր այսօրուայ ելոյթում (յունուարի 24-ին,-Մ.Մ.) նոյնիսկ վիրաւորական խօսքեր ասաց Ֆրանսայի նախագահ Սարքոզիի հասցէին, բայց նաեւ ասաց, որ պէտք է սպասեն-տեսնեն օրինագիծն օրէնքի ուժ կը ստանա՞յ:

Հ.- Այսինքն դեռ յոյսե՞ր ունի:

Պ.- Ո՛չ, յոյս չունի, պարզապէս սկզբից նրանք այնքան սպառնացին, իսկ իրականում այնքան քիչ էր իրենց սպառնալիքների իրականացման հնարաւորութիւնը: Այժմ նրանք փորձում են իջեցնել ակնկալիքներն իրենց լսարանի մօտ: Դա է պատճառը, որ հանդէս են գալիս նման յայտարարութիւններով, բայց սահմանափակ է այն, ինչ կարող են անել:

Հ.- Թուրքական մամուլին հետեւելով`  «ականտես» եղանք Էրտողանի, այսպէս ասած` բոցավառ յայտարարութիւններին: Յունուարի 23-ին ծերակոյտում օրինագծի քննարկումից ժամեր առաջ Թուրքիայի վարչապետը յայտարարել էր, թէ Փարիզում հազարաւոր իր եղբայրները, քոյրերը դէմ են այդ օրինագծին, իսկ օրինագծի ընդունումից յետոյ նշեց, որ օրինագիծը  նպատակաուղղուած ցեղապաշտութիւն է եւ այլն: Ինչո՞վ է պայմանաւորուած Թուրքիայի այս ջղագարութիւնը, ի՞նչ կը շահի կամ կը կորցնի Ֆրանսան:

Պ.- Ֆրանսան չէ, որ պէտք է շահի կամ կորցնի:

Հ.- Բայց չէ՞ որ Ֆրանսան տնտեսական մեծ շահեր ունի Թուրքիայից:

Պ.- Ֆրանսան մէկ անգամ եւս ցոյց տուեց, որ ինքն այն պետութիւնը չէ, որի հետ Թուրքիան կարող է սպառնալիքներով, այսպէս ասած` մատ թափ տալով խօսել: Նախքան դա` Ֆրանսայի շատ ծերակուտականներ, ինչպէս նաեւ Ազգային ժողովի պատգամաւորներ նշել էին, որ 2001թ օրէնքը, որով Ֆրանսան ճանաչում էր Հայոց ցեղասպանութիւնը, կիսատ էր, եւ ընդունուած օրինագիծը պէտք էր լրացնէր այն: Ֆրանսան շահեց սկզբունքային խնդիրների իմաստով, իսկ Թուրքիայի սպառնալիքները, ջղագարութիւնը պարզ է` իրենք ամէն բան անում եւ խօսում են: Ընդ որում` հարցի քննարկումից 2 օր առաջ` շաբաթ օրը, Եւրոպայի տարբեր քաղաքներից շուրջ 500 օթոպիւսներով թուրքերը հաւաքուել էինք Փարիզում, իսկ հարցի քննարկման օրը, որ աշխատանքային օր էր, ծերակոյտի բակում հաւաքուել էին ընդամէնը 200 թուրք, այսինքն` դա ցոյց էր տալիս, թէ Ֆրանսայում թուրքական համայնքն ինչքանով է կիսում պետութեան տեսակէտը: Կարծում եմ` Թուրքիայի ջղագարութիւնը պայմանաւորուած է 2 գլխաւոր հանգամանքով. առաջին, որ դա ի վերջոյ Ֆրանսան է, որը նման օրէնք ամրագրելու դէպքում օրինակ կը ծառայի Եւրոմիութեան անդամ երկրներին, եւ պէտք է տեսնեն, որ Ֆրանսայի պէս պետութիւնը, որ լաւ յարաբերութիւններ ունի Թուրքիայի հետ, նման քայլ է ձեռնարկում: Ֆրանսայի ծերակոյտի կողմից ընդունուած այս օրինագիծն հիմնուած  է Եւրոմիութեան շրջանակային 2008թ. նոյեմբերի որոշման վրայ, ըստ որի, Եւրոմիութեան անդամ բոլոր պետութիւնները պարտաւոր են ցեղապաշտութեան եւ այլատեացութեան դէմ պայքարի շրջանակներում քրէականցնել ընդհանրապէս ցեղասպանութիւնների, մարդկութեան դէմ ոճիրների, պատերազմների ժխտումը:  Իսկ Թուրքիայի ջղագարութեան երկրորդ պատճառն այն է, որ նման քայլերն սկսել են դրական արձագանգ ունենալ Թուրքիայի ներսում: 2006թ. նման օրինագիծ ներկայացուած էր, որին դէմ էին արտայայտուել մի խումբ մտաւորականներ, այդ թւում` Հրանդ Տինքը: Վերջինս այսօր չկայ, Ռակըփ Զարաքօլուն բանտում է, իսկ մնացեալ 5-ից երկուսն առանձին-առանձին հանդէս եկան յայտարարութիւններով` ասելով, որ նման օրէնքներ, որոշումներ կարեւոր են, որպէսզի թուրքերը դէմ առ դէմ նստեն իրենց պատմութեան հետ, այլապէս, ըստ նրանց, իրենց պետութիւնը այդ ուղղութեամբ աշխատանքներ չի կատարելու:

Հ.- Փաստացի Թուրքիայի գրախանութներում արգելուած են Հայոց ցեղասպանութեան մասին գրքերը: Ռազմապաշտութիւնը ուժեղ հիմքերի վրայ է այնտեղ: Միգուցէ՞ դա է պատճառը, որ նախքան օրինագծի ընդունումը, Թուրքիայում ապրող հայ  մտաւորականներից ոմանք դէմ արտայայտուեցին դրան: Որքանո՞վ կը տուժեն Թուրքիայում բնակուող մեր հայրենակիցները, ովքեր շարունակում  են ապրել վախի մթնոլորտում:

Պ.- Ընդհանրապէս բոլոր փոքրամասնութիւններն էլ ապրում են վախի մթնոլորտում, բայց պէտք է ասեմ, որ Թուրքիայի հայ համայնքը, ի վերջոյ, պատանդ է: Անշուշտ, մենք չենք ցանկանում, որ մեր պատանդներին ինչ-որ վտանգ սպառնայ, բայցեւ այդ սպառնալիքը պէտք է չկաշկանդի մեզ: Կարծում եմ` երկակի մօտեցում կար, եւ ճիշդ չէ ասել, որ Թուրքիայի հայ համայնքը դէմ էր այդ օրինագծի ընդունմանը: «Ակօս» օրաթերթում հրապարակուեց բաւական խիստ ոճով, նման  վախուորած մօտեցմանը դէմ  քննադատական մօտեցում: Թերթի խմբագիրն օտար լրատուամիջոցներին դժգոհել էր, թէ չի կարելի մեղադրել կամ դատապարտել թուրքերին, ովքեր իրենց պատմութիւնը չիմանալու պատճառով փաստերը չգիտեն, այլ ոչ թէ գիտեն եւ ժխտում են, եւ դա կարող է ուժեղացնել ազգայնական թուրքերի ձեռքերը, բայց դա եւս  չէր կարող իրենց կաշկանդել:  Իսկ Ֆրանսայի Ազգային ժողովում օրինագծի քննարկման ժամանակ հրապարակուեց Թուրքիայի Մարդու իրաւունքների պաշտպան կազմակերպութեան Պոլսի մասնաճիւղի այն յայտարարութիւնը, որտեղ Թուրքիայի ժողովրդին կոչ էին անում իրենց վրդովմունքը ուղղել ոչ թէ Ֆրանսայի, այլ` իրենց երկրի ժխտողական քաղաքականութեան դէմ: Այս ամէնը փոփոխութիւններ են, որոնք չի կարելի անտեսել, եւ որեւէ ծայրայեղական մօտեցում չի կարող կաշկանդել մեզ:

Հ.- Պարո՛ն Մանոյեան, Ֆրանսայի նման քայլը վրդովմունք է առաջացրել Թուրքիայի «եղբայրակից» պետութիւնում` Ազրպէյճանում: Ի դէպ, յունուարի 24-ին ազրպէյճանցի քաղաքագէտ Վաֆայ Կուլուզատէն յայտարարել է, թէ Ազրպէյճանը կը պոյքոթի ԵԱՀԿ Մինսքի խմբի կազմում Ֆրանսայի գործունէութիւնը: Նշեալ օրինագիծն ի՞նչ ազդեցութիւն կ՛ունենայ հայ-ազրպէյճանական յարաբերութիւններում:

Պ.- Ճիշդ է, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնները պայմանաւորել է Հայաստան-Ազրպէյճան յարաբերութիւններով, Լեռնային Ղարաբաղի հարցով, բայց այս անգամ Թուրքիան դժգոհութիւն արտայայտեց, եւ դա արտայայտուեց նաեւ թուրք պատգամաւորների կողմից, ովքեր գնացել էին Պաքու: Իսկ որոշ լրատուամիջոցներ դժգոհութիւն էին արտայայտել, թէ Ազրպէյճանի կողմից հակազդեցութիւնն այնքան էլ համապատասխան չէ: Սա եւս պատճառ դարձաւ Ազրպէյճանի կողմից հարցի բարձրացմանը: Չնայած դրան, կարծում եմ` բուն խնդիրն այն էր, որ ծերակոյտում այս հարցի քննարկման օրը Ազրպէյճանի նախագահը հանդիպել է Հայաստանի նախագահի հետ: Կուլուզատէն ինչ ուզում է ասի, բայց այդքան էլ հեշտ չէ պոյքոթել ԵԱՀԿ Մինսքի խմբի կազմը: Ի հարկէ, նրանք կը խօսեն, միգուցէ սպառնան, ինպէս օրինակ, նախքան այդ որոշումը` Թուրքիայի նախագահ Կիւլն էր սպառնացել, բայց, կարծում եմ` Ազրպէյճանի ներգրաւումն այս հարցում կը վնասի իրեն: Ազրպէյճանն ինչքան էլ փորձի պոյքոթել, միեւնոյն է չի յաջողուելու նրան:

Հ.- Բայց Ազրպէյճանն ամէն ինչ կ՛անի Թուրքիայի «աչքին» բարձրանալու համար: Չէ՞ որ վերջինս էլ 1993թ. հայ-ազրպէյճանական պատերազմի պատճառով Հայաստանի հետ սահմանը փակեց:

Պ.- Երբ Ազրպէյճանի նախագահն իմացել էր հայ-թուրքական արձանագրութիւնների նախաստորագրման մասին, 1,5 տարի չայցելեց Թուրքիա, մինչեւ Թուրքիան չկասեցրեց արձանագրութիւնները: Այս անգամ, սակայն, թուրքերն սկսեցին դժգոհել Ազրպէյճանից, որի արտաքին գործերի նախարարը շատ արագ ողջունեց Ֆրանսայի ծերակոյտի որոշումը: Ի հարկէ, Ազրպէյճանի եւ Թուրքիայի միջեւ այդքան մեծ չէ լարուածութիւնը, որպէսզի յարաբերութիւնների էութիւնը փոխուի:

Հ.- Ի վերջոյ, ի՞նչ շահեց Հայաստանը Ֆրանսայի ծերակոյտի կողմից ընդունուած օրինագծով:

Պ.- Հայաստանը շահեց այն, որ մէկ անգամ եւս հաստատուեց Հայաստանի քաղաքականութիւնը` Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւններ սկսելը, որ Թուրքիայի հետ ցանկացած յարաբերութիւններ չեն կարող վիճելի դարձնել Հայոց ցեղասպանութեան փաստը: Սա ամրագրուեց ոչ թէ այն պատճառով, որ որոշումը կայացուեց, այլ ամրագրուեց, քանի որ Հայաստան  որոշմանն արձագանգեց այնպէս, ինչպէս պէտք էր: Արձագանգեց, այսինքն ճիշդ գնահատեց նման օրէնքների, որոշումների դերակատարութիւնը նոյն Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հարցում: Երբ թուրքերը  շահարկում էին այդ օրինագիծը, թէ իբր այն խանգարելու էր Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններ հաստատելու գործընթացը, Հայաստանի արտաքին գործերի նախարարը հաստատեց, որ կը խանգարէր, եթէ գործընթաց լինէր, մինչդեռ գործընթաց չկայ Թուրքիայի պատճառով: Այսինքն ոչ թէ օրինագիծը նպաստեց, այլ Հայաստանը, ճիշդ պահին ճիշդ ձեւով արձագանգելով, հաստատեց, որ իր քաղաքականութիւնը Թուրքիայի նկատմամբ ճիշդ է, իսկ սխալ է, որովհետեւ տակաւին իր ստորագրութիւնները պահում է արձանագրութիւնների տակ, եւ անհրաժեշտ է, որ այդ ստորագրութիւնը յետ վերցնենք, որովհետեւ մենք Թուրքիային հնարաւորութիւն ենք տալիս, որ ինքը փորձի աւելի ազդեցիկ լինի տարածաշրջանում` առանց որեւէ բան տալու:

Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Յատուկ «Ազդակ»-ի համար

Յ. Գ. Կեցցէ՛ Ֆրանսան…..անկախ ամէն ինչից….

Նախորդը

ԽՕՍՔ ՑՆԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏԱՆՔԻ

Յաջորդը

ՔԱԶԶԱՖԻՆ ՏԱՊԱԼԵԼՈՒ ԲՐԻՏԱՆԻՈՅ ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ ՆԵՐՔԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.