ԼԻԱՆԱ ԲՐԵԱՆ
Քայլում ենք մի սենեակի ուղղութեամբ, որտեղից վառարանի ծխի հոտ է գալիս, մտածում եմ` վերջապէս կը տաքանանք: Մտնում եմ սենեակ ու նայում շուրջս, բոլորը կանայք են, վառարան են տեղադրում: Կանայք, որոնք պատերազմի ամբողջ ընթացքում իրենց վստահուած տեղում աներեր կանգնեցին: Վառարան տեղադրելը ամենահեշտ գործն էր այն բոլորից, որոնք այս կանայք արել էին մարտական գործողութիւնների ամբողջ ընթացքում: Կապի հանգոյցի պետ, գաղտնի մասի պետ, անձնակազմի գծով տեսուչ. այո՛, այս պաշտօնները վստահուած են կանանց: Աչքերս գտնում են նրանցից ամենաերիտասարդին, որը տարբերւում էր մնացածից թէ՛ արտաքինով, թէ՛ իր հանգստութեամբ. զինուորական համազգեստով էր, բայց վստահ էի` զինուորական չէր:
Գայեանէ Սահակովան մանկաբուժ է, կատակում եմ, թէ երկու պատերազմի է արդէն մասնակցել: Որպէս կամաւոր աշխատել է Նորքի վարակումների հիւանդանոցում` քորոնա ժահրով հիւանդներին օգնելու համար, իսկ իրական պատերազմ սկսելուն պէս բժշկուհին, միաժամանակ թողնելով 2 աշխատանքն էլ, կամաւոր մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի առաջին օրից եղել է զինուորի կողքին` Մատաղիսում, Մաղաւուզում, Եղնիկներում` մասնագիտական առաքելութիւնն է իրականացրել: Բժշկուհին խոստովանում է, որ երբեմն վախեր ունեցել է. դժուար էր աշխատել կրակոցների տակ, որը նախկինում երբեք չէր լսել:
– Շա՜տ շա՜տ էի վախենում, երբ տղաները պատրաստւում էին գնալ դիրքեր, նայում էի նրանց ու մտածում` ով յետ կը գայ: Եղան յետ չեկողներ, նրանց վերջին հայեացքն աչքերիս առաջ է դեռ:
Բժշկուհին յիշում է իր առաջին վիրաւորին, մէջքից լուրջ վիրաւորում էր ստացել, ասում է` շատ կ՛ուզենայի իմանալ` ինչպէս է: Վերջինիս խօսքով, վիրաւորների հետ աշխատելիս փորձում էր վախն ու խուճապը թողնել մի կողմ. իրեն էր վստահուած այդ պատասխանատու գործը, ուրեմն պէ՛տք էր անէր:
– Թիկունքի շնորհիւ` մենք չենք ունեցել դեղորայքի պակաս: Երբ մասնագէտը ձեռքի տակ ունենում է անհրաժեշտ պարագաներ, դա շատ է օգնում, որ խուճապի չմատնուի:
Այն վիրաւորներից, որոնց բժշկուհին իրենց գումարտակի բժշկի հետ օգնութիւն է ցոյց տուել, բարեբախտաբար զոհեր չեն եղել: Ծանր վիրաւորները միանգամից տեղափոխւում էին հոսպիտալներ ու հիւանդանոցներ: Բժշկուհու խօսքով, իրենց գումարտակի նոյնիսկ լուրջ վիրաւորում ստացած տղաները նորից վերադարձել են շարք: Մատաղիսում 1 զոհ են տուել, 9 վիրաւոր, Լիւլասազում` 27 զոհ, 30-ից աւելի վիրաւոր:
– Գալուց առաջ ես պատկերացնում էի, որ աշխատելու եմ պայթիւնների տակ, ինքս ինձ պատրաստել էի, որ հնարաւոր է զոհուի իմ ամենամօտ հարազատը, վիրաւորը մահանայ ձեռքերիս մէջ, ես հոգեպէս պատրաստ եմ եղել դրանց: Բայց կար մի բան, որի դէմ անզօր էի ես ու դեղորայքը:
Բժշկուհին նկատի է ունենում պատերազմի աւարտը, ձայնը դողում է, բայց աչքերում արցունք չկայ:
– Ինքս ինձ խոստացել էի վիրաւորների հետ աշխատելիս լաց չլինել, տղաները կատակում էին, թէ քարից եմ: Ես արցունքներս պահել էի ուրախութեան համար: Ցաւօք ես լաց եղայ ոչ ուրախութիւնից: Բայց մենք գնում ենք պատրաստուելու յաջորդ պատերազմին:
Վառարանը արդէն տեղադրած էր, սուրճի բոյրն էր գալիս, իսկ մեր զրոյցի ընթացքում անվերջ խօսող կանայք լուռ էին…



