Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«ՍԻՐՈՒՄ ԵՄ ՓՈՐՓՐԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԷՈՒԹԻՒՆԸ» ԱՍՈՒՄ Է ՆԿԱՐՉՈՒՀԻ ԱՆՆԱ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆԸ

January 16, 2012
| Մշակութային եւ Այլազան
0
Share on FacebookShare on Twitter

Տակաւին շատ երիտասարդ, չըսելու համար` պարմանուհի, Աննա Նաւասարդեան արդէն իսկ հասուն արուեստագիտուհիի մը ստեղծագործական յատկանիշները կը դրսեւորէ: Ան նոյն թափով շարունակելու պարագային, ապագայի մեծ յոյսեր կը ներշնչէ մեզի: Անոր ստեղծագործութիւնները արդէն իսկ իրենց մէջ կը պարունակեն այն բոլոր տուեալները (ըլլայ տաղանդի թէ արհեստագիտութեան վերաբերող), որոնք անհրաժեշտ են կայացած արուեստագէտի մը համար: Անոր ստեղծագործական կարճ, սակայն բեղուն ստեղծագործական կեանքին մասին որոշ գաղափար մը տալու համար ստորեւ կու տանք հարցազրոյց մը` քաղելով զայն հայրենի մամուլէն:

22-ամեայ նկարչուհի Աննա Նաւասարդեանի գործերը նայելիս, առաջին զգացողութիւնը, որ ապրում ես, զարմանքն է: Ասելիքի խորութիւնը, սառը գոյները, հերոսների ներքին տրամաթիք վիճակն ուղղակի ապշեցնում են, ու ինքդ քեզ հարցնում ես. «Միթէ՞ այս նկարների հեղինակն այդքան երիտասարդ է»: Աննան ապրում է Միացեալ Նահանգներում, որտեղ ընտանիքով տեղափոխուել էին, երբ նա դեռեւս 1 տարեկան էր: Ասում է` նկարչութեամբ սկսել է զբաղուել մանկութիւնից, յետոյ նկարչական մասնագիտական գիտելիքներ ստացել է արուեստի դպրոցում, այնուհետեւ` նկարչական քոլեճում:

Հ.- Այսինքն դեռ մանկուց գիտէիր` ինչ ես անում, այո՞:

Պ.- (Ծիծաղում է.- Մ.Մ.) Միշտ սիրել եմ նկարել, էսքիզներ անել եւ օգտագործում էի ցանկացած միջոց` գրիչ, ֆլոմասթեր, մատիտ եւ այլն:

Հ.- Աշխատում ես բաւական մեծածաւալ կտաւների վրայ: Ասելիքդ շա՞տ է:

Պ.- Գիտե՞ս` ինչո՛ւ: Սովորաբար նախընտրում եմ նկարել մենակ մարդկանց: Մեծ կտաւներում մարդը հնարաւորութիւն է ունենում ինքն իրեն ներկայացնել, աւելի ճիշդ` արտաքին միջավայրում իր ներկայութեան մասին յիշեցնել: Իմ խնդիրը մարդու արտաքին նկարագրութիւնը տալը չէ, այլ` գոնէ մի պահ նրա էութիւնը, բնաւորութիւնը, շունչը հաղորդելը: Ինձ բաւական է մի քանի ակնթարթ` մարդուն ճանաչելու համար, այսինքն դա կարող է լինել, կամ` չլինել: Երբ ճանաչում եմ մարդու էութիւնը, անմիջապէս սկսում եմ նկարել նրան: Ի հարկէ, երբեմն ինձ թւում է` սկսում եմ յօրինել նրանց:

Հ.- Իսկ գուցէ չե՞ս յօրինում, այլ ուղղակի երեւան ես հանում նրանց բուն էութիւնը, որ փորձում են թաքցնել: Եւ դա՞ է պատճառը, որ մարդիկ ընդգծուած տգեղ են լինում քո նկարներում:

Պ.- Հետաքրքիր է, թերեւս, ճիշդ ես, իրականում այդպէս էլ կայ: Սիրում եմ փորփրել մարդկանց էութիւնը: Չեմ սիրում գեղեցիկ նկարներ: Համաձայն եմ, որ մարդիկ երբեմն տգեղ են պատկերւում իմ նկարներում, բայց կարծում եմ` նրանք տգեղ չեն, ուղղակի դա նրանց մի երեսը, անհանգստութիւնը կամ վախն է:

Հ.- Եւ դա արտայայտում ես այդքան սառը գոյներո՞վ:

«Կապոյտ մայրիկ»

Պ.- Իրականում ես տեսնում եմ այդ գոյները: Իսկ գոյնը դառնում է ամէն ինչի համագումարը: Մարդկանց տեսնելիս` միանգամից զգում եմ այդ գոյները, տեսնում եմ դրանք: Յատկապէս շատ եմ օգտագործում քոպալթէ կապոյտը, եւ ընդհանրապէս, փորձում եմ գոյներն աւելի պարզեցնել, որպէսզի աւելի ուժեղ լինի միտքը, ասելիքը: Կապոյտը խորհրդանշում է սառնութիւն եւ պարզութիւն: Շատ յաճախ մարդուն նկարում եմ ամբողջապէս կապոյտ միջավայրում, այդ ձեւով փորձում եմ մարդկանց ուշադրութիւնը չկեդրոնացնել այլ հանգամանքների վրայ: Գոյները պէտք չէ խանգարեն, եւ նկարը դիտողը պէտք է միանգամից ներթափանցի նկարում պատկերուած կերպարների էութեան մէջ:

Հ.- Աննա, քո` «Երեխաներ» նկարների շարքում այնքան տառապանք կայ այդ երեխաների դէմքերին, որոնք միտումնաւոր լղոզելով` չափազանց մեծ զգայականութիւն ես հաղորդել նրանց: Ստացւում է` մարդը մանկութիւնից սկսած տառապանքնե՞ր է ունենում:

Պ.- Կարծում եմ` այդպէս է: «Երեխաների» շարքը շատ յիշողութիւններ են: Մարդիկ ինչպէ՞ս են իրենց յիշում, երբ երեխայ էին: Գիտես` որքան էլ մարդ մեծանայ, միեւնոյն է` նա շարունակելու է վերյիշել ու նոյնիսկ վերապրել այն զգացողութիւնները, որ ունեցել էր մանկութեան ժամանակ: Այդ շարքն ինձ միշտ տխրութիւն է յիշեցրել:

Հ.- Մի գուցէ մարդը սկսում է կարօտե՞լ ինքն իրեն:

«Ծովանկար»

Պ.- Կարօտաբաղձութիւն է, կարօտ: Օրինակ, նկարներից մէկում պատկերուած է դպրոցի աշակերտների տարեվերջեան միասնական լուսանկարը, որտեղ ներկայ է լինում ամբողջ դասարանը: Դպրոցական տարիներին երբեք չէի սիրում այդ լուսանկարները, խուսափում էի լուսանկարուել, բայցեւայնպէս, ստիպուած էի լինում լուսանկարուել: Ամէն բան ունէր շատ ձեւական տեսք: Գիտե՞ս` ի՞նչն եմ սիրում, թէ մարդիկ ո՞նց են իրենց ներկայացնում, եւ թէ` նրանք ինչպիսի՞ն են իրականում: Այդ տարբերութիւնը հետաքրքիր է: Չգիտես` ինչո՛ւ, մարդը լուսանկարուելու ժամանակ նախընտրում է մի այնպիսի ձեւ ընդունել, որտեղ գեղեցիկ կ՛երեւայ: Փորձում եմ այդ հարցերի պատասխանները գտնել, թէ ի՞նչ է ամօթը, գեղեցկութիւնը, ինչո՞ւ է մարդն ուզում երեւալ մի ձեւով, եթէ նա այդպիսին չէ եւ այլն: Այդ բոլոր հարցերը բերում եմ նկարչութիւն, եւ որեւէ պատասխան դեռ չեմ գտել: Գրեթէ միշտ խնդիրներ եմ ունենում մարդկանց հետ, երբ նկարում եմ նրանց: Օրինակ, «Գալեա» նկարում, որ դեռ չեմ աւարտել (մատնացոյց է անում արուեստանոցի պատին փակցուած կտաւը, որտեղ մի կին է պատկերուած.- Մ.Մ.), բնորդուհի կինն ինձ անընդհատ ուղղում է` ասելով, թէ այն կողմից լաւ է երեւում, միւս կողմից գէր է երեւում եւ այլն: Այդ կերպ սկսում եմ ճանաչել մարդկանց:

Հ.- Աննա, միեւնոյն է` պէտք է հարցնէի. այդքան երիտասարդ ես ու ասելիքի անհաւանական խորութիւն ունես: Եղե՞լ են դէպքեր, երբ խորհուրդ են տուել թողնել էքսփրեսիոնիստական հակումներդ, ու նկարել այն, ինչ սովորաբար նկարում են քո տարիքի աղջիկները:

Պ.- Երբ գերմանացի հեռուստահաղորդավարներից մէկը գնեց իմ գործը, չէր հաւատում, որ դա 22-ամեայ աղջիկ է պատկերել: Երբեմն ասում են` կարո՞ղ է ընկճախտի (տիփրեշըն) մէջ եմ, որ այդպէս եմ նկարում: Ընդ որում` այդ հարցն ինձ տալիս էին դեռ մանկութիւնից: Մի դէպք պատմեմ. սովորում էի 8-րդ դասարանում, երբ մի անգամ գիտութեան ուսուցչուհին յանձնարարեց թղթի վրայ ցոյց տալ Ճափոնի ռմբակոծութեան` Հերոշիմա-նակասաքիի դէպքերը: Մայրիկիս խնդրեցի «Պարպիի» 3 տիկնիկ գնել: Երեկոյեան սուր հոտից անհանգստացել էին ընտանիքիս անդամները, երբ տեսան, թէ այդ տիկնիկների հետ ինչպէ՛ս եմ վարուել. տիկնիկներին անդամահատել էի, մազերը վառել` ամրացնելով ստուարաթղթին, եւ միաժամանակ սեւի վրայ կարմիր ներկ էի թափել: Դա նախագիծ էր, որ ներկայացրեցի ուսուցչուհուն: Օրեր անց ծնողներիս դպրոց կանչեցին: Ուսուցչուհուն թուացել էր, թէ իբր ընկճախտ ունեմ, այնինչ ես պատկերել էի այն, ինչը ինձ յիշեցնում էր ռմբակոծութեան ահասարսուռ տեսարանը, ինչը նա յանձնարարել էր մեզ: Երբ ուսուցչուհիս այդ հարցն ինձ տուեց, պատասխանեցի, թէ միթէ՞ նա կարծում է` ռմբակոծութեան ժամանակ մարդիկ ուրախ էին, եւ ամէն բան հրաշալի էր, չէ՞ որ ես պատկերել եմ իրականութիւնը: Ու հետաքրքիրն այն էր, որ ամիսներ անց ուսուցչուհին բոլոր գործերից յիշեց միայն իմ աշխատանքը: Ես հասկանում եմ, որ իրականում ամէն ինչ ուրախ կամ ծիածանագոյն չէ: Չեմ կարծում, թէ վատ է, որովհետեւ դա է կեանքը:

Հ.- Իսկ ի՞նչ է կեանքը:

Պ.- Ուրախ ու տխուր պահեր, որոնք շատ կարեւոր են: Ես չեմ վախենում այդ ամէնը ցոյց տալ: Անպայման չէ, որ նկարն ուրախ լինի:

Հ.- Աւելի շատ գերմանական էքսփրեսիոնիզմի ազդեցութիւնն ես կրում: Ինչո՞վ է դա պայմանաւորուած:

Պ.- Գերմանացիներն աւելի սառն ու պարզ են: Հաւանաբար դա ինձ գրաւեց: Առաջին վրձնահարուածը միշտ լինում է ամենաազնիւն ու ճիշդը: Իսկ այդ ազնուութիւնը շատ կարեւոր է նկարներում, որին կարող եմ, այսպէս ասած, «զոհաբերել» գեղեցկութիւնը: Ի հարկէ, նկարչութիւնը ենթադրում է բաւական դժուարին կեանք, եւ այստեղ չկան` արուեստ եւ կեանք տարանջատումները: Նկարչի աչքերը պէտք է բաց լինեն օր ու գիշեր` մարդկանց ընկալելու, ճանաչելու համար: Ինձ թւում է` ամենաուժեղ նկարիչներն ապրում են իրենց գործերով: Միացեալ Նահանգներում ապրում եմ իմ նկարների հետ: Կարող եմ 4 օր դուրս չգալ իմ արուեստանոցից` առանձնանալ:

Հ.- Ի դէպ, քո նկարներն արդէն ցուցադրւում են Միացեալ Նահանգներում բաւական յայտնի ցուցասրահներից մէկում: Ինչպէ՞ս յայտնուեցիր այնտեղ:

Պ.- Փենսիլվանիայի նկարչական քոլեճից վերադարձայ Պրուքլին, որտեղ վարձեցի արուեստանոց: Չնայած դժուարութիւններին (արուեստանոցի պայմաններն այնքան էլ լաւը չէին, եւ արուեստանոցում բացի ինձնից աշխատում էր մէկ ուրիշ աղջիկ), սկսեցի աշխատել, այնուհետեւ որոշեցի տեղափոխուել: Պրուքլինում մէկ այլ արուեստանոց գտայ, որտեղ օր ու գիշեր աշխատում էի` երբեմն քնում էի բազմոցին, որպէսզի հնարաւորութիւն ունենայի ժամերով նայել նկարին: Մի անգամ երեկոյթներից մէկում մայրս պատահաբար հանդիպեց արթտիլեր Թանիա Կրուներթին, ում պատմեց իմ նկարների մասին: Վերջինս մեծ պատկերասրահ ունի Չելսիում: Ինչեւէ, մայրս հրաւիրեց մեր տուն` նկարներս նայելու: Ի հարկէ, Թանիա Կրուներթը բաւական դժուարութեամբ եկաւ մեր տուն: Ի վերջո, իմ բազմաթիւ զանգերից յետոյ, նա եկաւ: Թանիան նայելով իմ նկարները` առանձնացրեց մի քանիսը, որոնք պէտք էր տանէի «Կասսեր Կրուներթ» պատկերասրահ: Իմ նկարներից մէկը վաճառուեց նկարներս տանելու անմիջապէս երկրորդ օրը: Դա նաեւ մեծ խթան էր, որպէսզի Թանիան ճանաչէր ինձ: Միւս կողմից` պատկերասրահում մնալու երկրորդ խթանը մէկ այլ հանգամանք էր: Մէկ այլ գերմանացի, գնելով իմ նկարն` ինձ ասաց, որ ինքը Միւնիխում կը ներկայացնի իմ նկարները, կը կազմակերպի իմ անհատական ցուցահանդէսը, այսինքն աշխատանքի հրաւէր ստացայ: Երբ Թանիային պատմեցի այդ մասին, նա ասաց, որ հրաժարուեմ այդ առաջարկից, քանի որ ինքն անձամբ կը կազմակերպի իմ անհատական ցուցահանդէսը: Հիմա աշխուժ համագործակցութիւն է սկսուել այդ պատկերասրահի հետ: Ընդ որում` ես ամենաերիտասարդն եմ այն նկարիչների ցանկում, ովքեր ներկայացուած են այդ պատկերասրահում: Մինչեւ այս տարեվերջ «Կասսեր Կրուներթ»ում կը լինի իմ անհատական ցուցահանդէսը, որի կազմակերպիչը կը լինի Թանիան: Կարծում եմ` կը ցուցադրուի 20 նկար: Ցուցադրուող նկարները կ՛ունենան նոյն բնաբանը:

«Ձմերուկ»

Հ.- Բայց կարծես քո բոլոր նկարներն էլ յստակ կարմիր գիծ ունեն, ինչն արդէն խօսում է քո անհատական ձեռագրի մասին:

Պ.- Նոյն բանն ինձ ասաց իմ ամենասիրելի հայ նկարիչներից մէկը` Էդուարդ Խարազեանը: Նա եւս ասաց, որ ես ձեռագիր ունեմ: Հետաքրքիրն այն էր, որ նա, մինչ նայելը իմ նկարները, ասաց, որ ջահէլ երեխայ եմ, ուրիշ բան չկա՞յ, որ անեմ, եւ ես արդեօ՞ք հասկանում եմ, թէ որքան դժուարութիւնների միջով պէտք է անցնեմ, թէ որքա՜ն դժուար է նկարչի կեանքը: Երբ եկաւ արուեստանոց, նայեց նկարներս ու ասաց. «Էս էրեխեն բան ունի ասելու»:

Հ.- Ակադեմիական կրթութիւնը խանգարու՞մ է արուեստագէտին:

Պ.- Ափսոսում եմ, որ Միացեալ Նահանգներում նկարչութեան թեքնիքը շատ թոյլ է: Միշտ մտածում էի ուժեղ թեքնիքի դասեր ստանալ, որովհետեւ կարծում էի` եթէ լաւ տիրապետես թեքնիքին, կարող ես անել այն, ինչ ուզում ես: Այնուհետեւ հասկացայ, որ դա էական չէ: Աւելի՛ն. հիմա մտածում եմ, որ նկարչական քոլեճում սովորելու 4 տարիները պէտք է անցկացնէի ճամբորդելով, տարբեր երկրներում արուեստանոցներ բացելով: Չնայած չեմ կարող ասել, թէ ո՛ր տարբերակը լաւ կը լինէր:

Հ.- Աննա, Հայաստանում անցկացրած օրերի տպաւորութիւնները, ասես, ընդգծուած են նաեւ նկարներիդ մէջ` տաք գոյներով, ինչպէս, օրինակ, քո «Կարմիր սենեակ» կտաւն է: Ի դէպ, քո որոշ նկարներում իր յատուկ տեղն ունի ձմերուկը: Ին՞չ խորհրդանշական իմաստ ունի:

Պ.- Կանանց ու ձմերուկները միշտ միասին եմ նկարում: Ինձ թւում է` երկուսն էլ իրար նման են: Կինն էլ, ձմերուկի պէս, անկանխատեսելի է` արտաքինից կարող է շատ լաւ տեսք ունենալ, իսկ ներսում կարող է շատ անհամ լինել, կամ հակառակը` շատ քաղցր ու կարմիր:

Հ.- Իսկ խաղաթղթե՞րը:

Պ.- Խաղաթղթերն էլ ունեն հայկական խորհրդանշական իմաստ: Դէ, հայերը եւս սիրում են խաղաթղթերով, ինչպէս ասում են, բախտ բացել: Հայկական է նաեւ սփռոցը (մատնացոյց է անում «Կարմիր սենեակ» նկարի ծաղկաւոր սփռոցը,- Մ. Մ.): Կարծում եմ` այս նկարը ստեղծուեց Մինաս Աւետիսեանի նկարների ազդեցութեամբ: Կարմիրը, որ դու նշեցիր, յիշեցնում է Մինասի կարմիրը, հարուստ ներկերը: Ինձ համար Մինասի գործերը շատ հարուստ են, եւ թւում է, թէ նա 10 տարի աշխատել է մի նկարի վրայ:

Հ.- Աննա, դու բացի նկարելուց` նաեւ բանաստեղծութիւններ ես գրում: Որտե՞ղ ես աւելի ազատ քեզ զգում` թղթի՞, թէ՞ կտաւի տարածութեան մէջ:

Պ.-  Գրելն ինձ համար շատ աւելի դժուար է, քան նկարելը: Նկարելը, կարծես, իմ լեզուն լինի: Յատկապէս շատ եմ դժուարանում պարզ բառեր ընտրելիս: Բանաստեղծութիւնն էլ պէտք է բնական ու պարզ լինի, բայց հաճոյք չեմ ստանում գրելուց:

Հ.- Որովհետեւ գոյնե՞րն են քիչ:

Պ.- Երեւի, բացի դրանից` թուղթն է փոքր:

Հ.- Նկարներդ անստորագիր ես թողնում: Ինչո՞ւ:

Պ.- Ամերիկայում նկարիչները չեն ստորագրում, իսկ նկարչութիւնն էլ շատ տարբեր է: Նկարչական քոլեճում մեզ ասում էին, որ նկարի տակ ստորագրելը շատ հին է: Երբ հայերն ինձնից նկարներ են գնում, անպայման հարցնում են, թէ ինչու՞ չեմ ստորագրում նկարի տակ: Այդ առնչութեամբ որոշ խնդիրներ արդէն առաջացել են, բայցեւայնպէս, ինձ համար գլխաւորը մնում է նկարել մարդկանց, որպէսզի նրանք հնարաւորութիւն ունենան իրական եւ իրենց ստեղծած կերպարները համեմատելու:

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

«168 ժամ»

 

Նախորդը

ԿԱՊԻԿՆԵՐԸ ԿԸ ԶԱՐՄԱՑՆԵՆ. ՕՐԱՆԿՈՒԹԱՆՆԵՐԸ ԿՐՆԱՆ ՏԵՍԵՐԻԶՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԻԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԿԱՆ ՊԱՐՏԷԶՆԵՐՈՒ ՄԻՋԵՒ

Յաջորդը

«ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆՍ ԱՒԱՐՏԵԼԷ ԵՏՔ ԼԱՒԱՏԵՍՈՒԹԵԱՄԲ ԿԸ ՄԵԿՆԻՄ ԼԻԲԱՆԱՆԷՆ» Կ՛ԸՍԷ ԶՕՐ. ԱՍԱՐԹԱ

RelatedPosts

Ընդհանուր Պատերազմներ
Մշակութային եւ Այլազան

Ընդհանուր Պատերազմներ

November 20, 2026
Արհեստական Բանականութեան Առաւելութիւններն Ու Թերութիւնները Կրթութեան Մէջ
Մշակութային եւ Այլազան

Արհեստական Բանականութեան Առաւելութիւններն Ու Թերութիւնները Կրթութեան Մէջ

November 13, 2026
Սուրիոյ Քիւրտերը Կը Պայքարին Դպրոցին Մէջ Իրենց Լեզուն Կենդանի Պահելու Համար
Մշակութային եւ Այլազան

Սուրիոյ Քիւրտերը Կը Պայքարին Դպրոցին Մէջ Իրենց Լեզուն Կենդանի Պահելու Համար

November 6, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.