ՏԱՐՕՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Քսանինը տարի առաջ այս օրերին Խորհրդային Ազրպէյճանի մայրաքաղաք Պաքւում շարունակւում էին հայերի նկատմամբ կազմակերպուած ջարդերը, բռնութիւնները: Պաքւում հայերի հանդէպ ջարդեր իրականացուել են նաեւ նախորդ տարիներին` 1988-1989թթ.: Ընդհանուր առմամբ, 1988-1990թթ. Պաքւում ջարդերի ընթացքում եւ դրա հետեւանքով սպաննուած հայերի թիւը հասնում է առնուազն 500-600-ի:
Չնայած Ազրպէյճանի ժխտողական քաղաքականութեանը, Պաքւում եւ աւելի վաղ` 1988թ. փետրուարի վերջին Սումկայիթում, ինչպէս նաեւ Կիրովապատում (Գանձակ) հայերի դէմ իրականացուած ջարդերը եւ բռնութիւնները դատապարտել են մի շարք միջազգային կառոյցներ, կազմակերպութիւններ: Հայերի նկատմամբ իրականացուած ջարդերը 1988, 1990 եւ 1991թթ. ընդունած բանաձեւերում դատապարտել է Եւրոպական խորհրդարանը: Փաստն արձանագրել եւ դրա հետեւանքների մասին 2002թ. խօսել է Միացեալ Նահանգների փախստականների հարցերով յանձնաժողովի նախագահ Պիլ Թերիքը:
Ականատեսների վկայութիւնները, ինչպէս նաեւ նշուած բանաձեւերը ցոյց են տալիս, որ, մասնաւորապէս, Պաքւում եւ Սումկայիթում հայերի դէմ իրականացուած գործողութիւնները կրել են կազմակերպուած բնոյթ, կամ առնուազն իրականացուել են Ազրպէյճանի իշխանութիւնների թողտուութեամբ:
Եւրոպական Խորհրդարանի ընդունած բանաձեւերը Պաքուի եւ Սումկայիթի ջարդերի վերաբերեալ
Եւրոպական խորհրդարանը երեք անգամ` 1988թ. յուլիսի 7-ին, 1990թ. յունուարի 18-ին եւ 1991թ. մարտի 14-ին, ընդունել է Սումկայիթի ջարդերը (pogrom) եւ Պաքուի ջարդերը (massacre) դատապարտող երեք բանաձեւ: Բանաձեւերում կոչ է արւում ԽՍՀՄ իշխանութիւններին քայլեր ձեռնարկել Ազրպէյճանում ապրող հայերի եւ նրանց գոյքի անվտանգութիւնն ապահովելու նպատակով: Ուշագրաւ է, որ 1990թ. յունուարի 18-ի բանաձեւով` ԽՍՀՄ զօրքերը Պաքու մտցնելուց մէկ օր առաջ կոչ է արւում Եւրոյանձնաժողովին եւ Եւրոպական խորհրդին ԽՍՀՄ իշխանութիւններին ներկայացնել բանաձեւը եւ վստահ լինել «որ նրանք երաշխաւորում են Ազրպէյճանում ապրող հայկական բնակչութեան իրական պաշտպանութիւնը` զօրքեր ուղարկելու միջոցով` միջամտելու համար»:
1990թ. յունուարի 18-ի բանաձեւում Եւրոպական խորհրդարանը քննադատում է Պաքւում շարունակուող ջարդերը, ինչպէս նաեւ` Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դէմ բռնութիւնները, Հայաստանի շրջափակումը: Բանաձեւում մասնաւորապէս նշւում է, որ Պաքւում վերսկսուել են ազրպէյճանցիների կողմից հակահայկական գործողութիւնները, ինչի հետեւանքով, նախնական հաշուարկներով, իրականացուել են բազմաթիւ յանցագործութիւններ, որոշ հայեր մահացել են մասնաւորապէս դաժան պայմաններում: Բանաձեւում նաեւ դատապարտւում են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքից դուրս գտնուող հայկական գիւղերի, մասնաւորապէս, Շահումեանի եւ Գետաշէնի շրջանների վրայ յարձակումները: 1990թ. յունուարի 18-ի բանաձեւում նաեւ յղում է կատարւում 1988թ. յուլիսի 7-ին ընդունուած «Խորհրդային Հայաստանի վերաբերեալ» բանաձեւին, որտեղ դատապարտւում էին Սումկայիթում հայերի դէմ իրականացուած ջարդերը եւ Պաքւում հայերի դէմ բռնութիւնները:
Բանաձեւով Եւրոպական յանձնաժողովին եւ Եւրոպայի խորհրդին կոչ է արւում բողոք ներկայացնել խորհրդային իշխանութիւններին` վստահ լինելու`
– Որ վերջիններս հրահանգել են անմիջապէս եւ ամբողջովին վերացնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:
– Որ նրանք գտնեն տեւական քաղաքական լուծում ԼՂ հակամարտութեան համար:
– Որ նրանք երաշխաւորում են Ազրպէյճանում ապրող հայկական բնակչութեան իրական պաշտպանութիւնը` զօրքեր ուղարկելու միջոցով` միջամտելու համար:
– Որ նրանք երաշխաւորում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տեղաշարժման ազատութիւնը, գոյքի եւ մարդկանց անվտանգութիւնը:
– Որ հայերի դէմ իրականացուած ջարդերի հանգամանքները, մասնաւորապէս` Սումկայիթի եւ Կիրովապատի (Գանձակ), ամբողջութեամբ բացայայտուած են:
Հարկ է նշել, որ Պաքւում ապրող հայերի դէմ բռնութիւնները եւ ջարդերը 1990թ. յունուարին չեն սկսուել: Նշուած բանաձեւը, ինչպէս նաեւ աւելի վաղ` 1988թ. յուլիսի 7-ի Եւրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը փաստում են, որ Պաքւում հայերի դէմ բռնութեան գործողութիւններ իրականացուել են դեռեւս 1988 թուականից սկսած: Բազմաթիւ ականատեսների վկայութիւնները եւս ցոյց են տալիս, որ հայերի նկատմամբ բռնութիւններ, ունեցուածքից նրանց զրկելու, հարկադիր տեղահանելու, սպաննելու բազմաթիւ դէպքեր գրանցուել են նաեւ 1989թ.:
1987թ. բանաձեւում մասնաւորապէս նշւում է, որ` «վատթարացող քաղաքական իրավիճակը, որը յանգեցրել է Սումկայիթում հակահայկական ջարդերի եւ Պաքւում բռնութեան գործադրման լուրջ դէպքերի, ինքնին սպառնում է Ազրպէյճանում ապրող հայերի անվտանգութեանը»: Բանաձեւում նաեւ նշւում է հետեւեալը.
Կոչ է արւում խորհրդային իշխանութիւններին ապահովել այդ պահին Խորհրդային Ազրպէյճանում ապրող 500 հազար հայերի անվտանգութիւնը եւ համոզուել, որ հայերի դէմ ջարդեր հրահրած (դրդած) կամ դրանց մասնակցած եւ մեղաւոր ճանաչուած անձինք կը պատժուեն ԽՍՀՄ օրէնքներին համապատասխան:
Բանաձեւում անդրադարձ է կատարւում նաեւ ԼՂ Ինքնավար Մարզի հայ բնակիչների դէմ բռնութիւններին, ԼՂ բնակչութեան պահանջներին.
Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում հայ ցուցարարների դէմ բռնութիւնները:
Սատարում է Հայաստանի Խորհրդային Հանրապետութեան հետ վերամիաւորուելուն ուղղուած հայկական փոքրամասնութեան պահանջին:
Ինչպէս տեսնում ենք, չնայած 1988թ. բանաձեւում արդէն իսկ Եւրոպական խորհրդարանը փաստում էր, որ Ազրպէյճանում ապրող հայերի կեանքին եւ գոյքին վտանգ է սպառնում, սակայն Խորհրդային Ազրպէյճանում այդ կանխելու ուղղութեամբ քայլեր չեն իրականացուել, ինչը եւս յանգեցրել է 1990թ. յունուարի ջարդերին:
Սումկայիթի եւ Պաքուի հայերի ջարդերին անդրադարձող մէկ այլ կարեւոր բանաձեւ Եւրոպական խորհրդարանն ընդունել է 1991թ. մարտի 14-ին: «Հայաստանի շրջափակման եւ այնտեղ մարդու իրաւունքների (հետ կապուած) իրավիճակի» վերաբերեալ բանաձեւում նշւում է, որ` «300 հազար հայեր, որոնք փախել են Ազրպէյճանից (Պաքուի եւ Սումկայիթի ջարդերը (massacres)), ծայրայեղ աղքատութեան մէջ են եւ անյապաղ օգնութեան կարիք ունեն»:
1990թ. մայիսի 14-ին ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում Պաքուի հայկական ջարդերին անդրադարձել եւ այն «փոկրոմ» է անուանել նաեւ Սկովտիայի ազգային կուսակցութեան ղեկավար Վինիֆրետ Էւինկը: Նա մասնաւորապէս նշել է, որ Ազրպէյճանի Պաքու քաղաքում «իսլամական վերածնունդը եւ հայերի դէմ ջարդերը հրեաներին ստիպել են լքել (երկիրը)»: Այստեղ մասնաւորապէս ուշագրաւ է «իսլամական վերածնունդ» ձեւակերպումը, որը եւս, ի թիւս վերը նշուած եւ այլ գործօնների, յանգեցրել է Ազրպէյճանում ապրող փոքրամասնութիւնների դէմ ճնշումների: Նկատենք, որ 1990թ. յունուարի 13-ին Պաքուի Լենինի հրապարակում «Ժողովրդական ճակատ»-ի կազմակերպած ցոյցում Ա. Էլչիպէյի հետ միեւնոյն հարթակից ելոյթ է ունենում նաեւ մի կրօնական գործիչ, որը խօսում է մասնաւորապէս «մուսուլման բնակչութեան դէմ իրականացուած ճնշումներից», յայտարարում, որ` «բոլոր մուսուլման երկրները Ազրպէյճանի կողքին են», բացասական յայտարարութիւններ հնչեցնում քրիստոնեաների հասցէին: Հաշուի առնելով այն փաստը, որ Ազրպէյճանի բնակիչների զգալի հատուածը, այդ թւում` հայերը, կազմում էին քրիստոնեայ բնակչութիւնը, նմանատիպ յայտարարութիւնները եւս կարող էին հրահրել Ազրպէյճանի իսլամադաւան բնակչութեանը բռնի գործողութիւնների դիմել այլ դաւանանքի ներկայացուցիչների, մասնաւորապէս քրիստոնեաների նկատմամբ:
Միացեալ Նահանգների փախստականների հարցերով յանձնաժողովի տնօրէնի յայտարարութիւնը:
Ազրպէյճանի տարածքում հայերի դէմ կազմակերպուած ջարդերին եւ բռնութիւններին անդրադարձել են նաեւ Միացեալ Նահանգների մի շարք քոնկրեսականներ: Բացի այդ` 2002թ. փետրուարին Միացեալ Նահանգների փախստականների ընդունման ծրագրի շրջանակներում Միացեալ Նահանգների Քոնկրեսի արդարադատութեան յանձնաժողովում թեմային ծաւալուն անդրադարձ է կատարել Միացեալ Նահանգների փախստականների յանձնաժողովի տնօրէն Պիլ Ֆրելիքը: Նա մասնաւորապէս անդրադարձել է Մոսկուայում ապրող, Ազրպէյճանից գաղթած հայ փախստականներին: Նշւում է, որ 2000թ. դեկտեմբերին Մոսկուայում եղել է նշուած խմբին պատկանող մինչեւ 2000 հայ փախստական, որոնք Պաքուից տարհանուել են 1990թ. հակահայկական ջարդերի պատճառով: Ֆրելիքը նաեւ նշել է, որ Ազրպէյճանից շուրջ 200 հազար հայ փախել է Հայաստան, եւ միայն յետոյ են խորհրդային զօրքերը Մոսկուա տարհանել համեմատաբար աւելի քիչ թուով հայերի: Նա քննութեան է առել Մոսկուա տարհանուած հայերի կարգավիճակը, նրանց խնդիրները, խօսել այն ընկերային ծանր պայմաններից, որում նրանք յայտնուել են ջարդերի պատճառով: Հարկ է աւելացնել, որ բազմաթիւ հայեր Պաքուի, Սումկայիթի, Կիրովապատի ջարդերի, Ազրպէյճանի այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացուած բռնաճնշումների պատճառով ապաստան են գտել նաեւ այլ երկրներում: Այդ թւում աւելի քան 55 հազար հայ ապաստան է գտել Միացեալ Նահանգներում:
Նշուած յայտարարութիւնների, փաստաթղթերի մեծ մասում Սումկայիթում, Պաքւում եւ Կիրովապատում հայերի դէմ իրականացուած բռնութիւնները, սպանութիւնները անուանում են «փոկրոմ»: Ըստ «Բրիտանիկա» հանրագիտարանի, «pogrom-ը կրօնական, ցեղային կամ ազգային փոքրամասնութեանը պատկանող անձանց կամ գոյքի վրայ ամբոխի յարձակումն է, որը թոյլատրուել կամ իրականացուել է իշխանութիւնների թողտուութեամբ»:
Թէեւ նշուած եզրոյթը աւանդաբար կիրառւում է հրեաների հանդէպ իրականացուած ջարդերը նկարագրելու համար, սակայն երբեմն կիրառուել է նաեւ այլ նմանատիպ գործողութիւնները նկարագրելու նպատակով: Մասնաւորապէս pogrom է անուանւում նաեւ 1955թ. սեպտեմբերի 6-7-ը Պոլսում յոյների դէմ իրականացուած ջարդը: Հաշուի առնելով այն փաստը, որ բառի ծանրաբեռնուածութիւնը ենթադրում է նաեւ «ջարդերը իշխանութիւնների կողմից թոյլատրելու կամ վերջիններիս թողտուութեամբ իրականացնելու» իմաստ, չի բացառւում, որ Եւրոպական խորհրդարանի բանաձեւերը եւս արձանագրում են այդ փաստը:
Ամփոփելով` կարող ենք նշել, որ միայն Եւրոպայի խորհրդարանի նշուած երեք բանաձեւերը արդէն իսկ ի ցոյց են դնում այն իրողութիւնը, որ յանցագործութեան անպատժելիութիւնը ծնում է նոր յանցագործութիւններ: 1988թ. Սումկայիթի ջարդերը եւ դրան Խորհրդային Ազրպէյճանի այլ տարածքներում եւս հայերի հանդէպ յաջորդած բռնութիւնները յստակ քաղաքական եւ իրաւական գնահատական չստանալու պատճառով հնարաւորութիւն ստեղծեցին հայերի հանդէպ նոր բռնութիւնների եւ ջարդերի իրականացման համար:
Անպատժելիութեան մթնոլորտը իր գագաթնակէտին հասաւ 1990թ. յունուարին, երբ Պաքւում սպաննուեցին բազմաթիւ հայեր, շատերը մահացան հարկադրուած գաղթի ճանապարհին: 1990թ.ից յետոյ եւս հայերի հանդէպ բռնութիւնները եւ ճնշումները շարունակուեցին` ընդհուպ մինչեւ Ազրպէյճանի գրեթէ ամբողջական հայաթափում: Նշուածները ցոյց են տալիս, որ Ազրպէյճանի կողմից շարունակուող ժխտողական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ միջազգային կառոյցների եւ պետութիւնների կողմից Ազրպէյճանի տարածքում հայերի դէմ իրականացուած ջարդերին համապատասխան գնահատական չտալը կարող են յանգեցնել հետագայում եւս նմանատիպ գործողութիւնների իրականացման:
«Արմէնփրես»



