ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Բժիշկների ախտորոշմամբ, սաստիկ շոգը, կամ աւելի ճիշդ` տապը մարդուն յարձակողական է դարձնում: Ասում են` տապն անմիջականօրէն ազդում է մարդու ոչ միայն ինքնազգացողութեան, այլ նաեւ վարքի վրայ: Այն, որ հէնց տապի ժամանակ է աճում յանցագործութիւնների հաւանականութիւնը, որոշ գիտնականներ ապացուցուած են համարում: Ըստ իս, եթէ նոյն այդ հետազօտող մասնագէտներն ուշադրութիւն դարձնէին Պաքուի իշխանաւորների վարքին, ապա չի բացառւում, որ նաեւ հէնց այս անբնականոն երեւոյթով կը բացատրէին նրանց ներկայիս անհամեմատ յարձակապաշտ պահուածքը: Մանաւանդ` ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան կարգաւորման աւելի քան քառորդ դար ի վեր չարչրկուող խնդրում: Ինչո՞ւ նաեւ, մի՞թէ անցած տասնամեակներում այն յարձակապաշտ չէր` կարող էք հարցնել: Ի հարկէ, յարձակապաշտ էր: Որպէս ապացոյց` հազար ու մի ակնյայտ ու հանրայայտ օրինակ կարելի է բերել: Բայց, նաեւ, քանզի այս անգամ ազրպէյճանական վարչախմբի այդ աւանդական դարձած յարձակապաշտ վարքագիծը, չափազանցութիւն չլինի ասել, բազմակի անգամ գերազանցում է դրա նախորդ բոլոր ամառնային դրսեւորումներին: Պատկերացրէք միայն` Ազրպէյճանում օդի ջերմութիւնը հասել է աննախադէպ մրցանշային բարձրութեան` 43 աստիճանի, որի ճնշմանը չի դիմացել անգամ Մինկեչաուրի ջերմաելեկտրակայանը` առանց ելեկտրական հոսանքի թողնելով հանրապետութեան ամբողջ տարածքը, այսինքն` ակամայ կատարելով իւրօրինակ «յարձակում», որի պատճառով փաստօրէն լրիւ կազմալուծուել է երկրի կեանքը:
Ի միջի այլոց, փառք տանք Աստծուն, որ այս անգամ Պաքուից ծպտուն անգամ չհնչեց, թէ դա հայերի «ձեռքի գործն» է` Հայաստանից լինի, Արցախից, թէ հայկական սփիւռքի որեւէ հեռու կամ մօտ գաղթօճախից: Կարելի է ենթադրել, որ մեր հարեւանները յստակ հասկացել են, թէ ելեկտրական հոսանքի արտադրութեան այդ հզօր առանցքային հանգոյցն ի՛նչ անգիտակ ու անշնորհք իւրային մասնագէտների տնօրինութեան տակ է մնացել` ժամանակին այն կառուցած ու շահագործման յանձնած հայ եւ այլազգի մասնագէտներին անցեալ դարի 80-ականների վերջերին նաեւ Մինկեչաուր քաղաքից, բառիս բուն իմաստով, դուրս քշելուց յետոյ: Երեւի թէ սկսել են գիտակցել կամ գուցէ եւ արդէն իսկ գիտակցում են վերջնականապէս, որ, ժողովրդական իմաստութեան խօսքով ասած, ուրիշի համար փոս փորողն ինքը կ՛ընկնի մէջը:
Սաստիկ տապի պատճառով Մինկեչաուրի ՋԵԿ-ում իրար յաջորդող վթարների պարագայում, կարծում եմ, դժուար չէ պատկերացնել, թէ ինչպիսի՛ն է շոգեխաշուող ազրպէյճանական հանրութեան մանաւանդ նրա ռազմաքաղաքական վերնախաւի յարձակապաշտ ջղագրգռութեան աստիճանը: Այսպէս, անընդմէջ իրար են յաջորդում եւ էլ աւելի են ուժգնանում Պաքուից հնչող հերթական սպառնալիքներն ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղն «Ազրպէյճանի հարազատ գիրկ» վերադարձնելու համար: Այդ մասին մերթ նախագահ Ալիեւն է յոխորտում, մերթ պաշտպանութեան նախարար Հասանովը եւ կամ` նրանց ստորադաս ենթականերից մէկնումէկը: Աւելի՛ն. Հայաստանի եւ Արցախի սահմաններում կազմակերպւում են մկանների ցուցադրման թատերականացուած միջոցառումներ` լայնածաւալ զօրավարժութիւնների տեսքով: Ինչպէս օրերս դրանք գրեթէ համաժամանակ տեղի ունեցան Նախիջեւանի տարածքում եւ բուն Ազրպէյճանի տարածքում, երբ ամառուայ այդ հեղձուցիչ շոգին զօրախաղերի էին հանուել տասնեակ հազարաւոր զինուորականներ, մեծաթիւ տարատեսակ զինատեսակներ` սկսած հեռահար հրթիռային կայանքներից մինչեւ ռազմական օդանաւեր: Պարզ է` հասկացնել են ուզում մեզ, որ այս անգամ, ի տարբերութիւն 2016-ի ապրիլի, գրոհելու են միանգամից երկու ճակատով: Ընդ որում, չեն էլ թաքցնում, որ այդ ամէնն արւում է Արցախի եւ նրա միջոցով` Հայաստանի դէմ լայնածաւալ ռազմական գործողութիւններ իրականացնելու համար: «Պատերազմը չի աւարտուել, աւարտուել է միայն պատերազմի առաջին փուլը»: Այդ մասին ճամարտակել է ոչ այլ ոք, քան նախագահ Իլհամ Ալիեւը` յունիսի 26-ին, Ազրպէյճանի զինուած ուժերի 100-ամեակին նուիրուած տօնակատարութեանն իր ունեցած ելոյթում: «Եթէ խօսենք 90-ական թուականների սկզբի իրադարձութիւնների մասին, ապա պատերազմի առաջին փուլն Ազրպէյճանի համար աւարտուել է լիակատար պարտութեամբ եւ իր տարածքի զգալի մասի նկատմամբ վերահսկողութեան կորստեամբ», գրում է ռուսաստանեան «Ռեկնում» լրատուական գործակալութեան արեւելեան խմբագրութեան գլխաւոր խմբագիր Սթանիսլաւ Թարասովը` անդրադառնալով Ազրպէյճանի նախագահի այդ յայտարարութեանը: «Կարող էր եւ աւելի վատթար լինէր, եթէ չլինէր Մոսկուայի անմիջական միջամտութիւնը», հեգնել է յայտնի ռուս քաղաքական վերլուծաբանը: Ինչ խօսք, Իլհամ Ալիեւը հազիւ թէ մոռացած լինէր պատերազմի առաջին փուլում Ազրպէյճանի կրած խայտառակ պարտութիւնը: Թէկուզեւ ինքն անձամբ անմասն էր այդ խայտառակութեանը, քանզի այն ժամանակ հայրենի երկրում չէր եւ այլ զբաղմունքի էր` Մոսկուա-Պոլիս չուերթներով «ճամպրուկային առեւտուր» կատարելով եւ կամ հօր կուտակած միլիոնները նոյն այդ քաղաքների խաղատներում անհոգ մսխելով: Բայց փորձենք հասկանալ կրտսեր Ալիեւին: Նա չէր կարող բարձրաձայնել այդ պարտութեան մասին, քանզի դա իր հանգուցեալ նախնու` «ազրպէյճանական ժողովրդի հայր» յորջորջուած Հայտար Ալիեւի ռազմական արկածախնդրութիւնների անփառունակ ձախողումն էր:
Ինչ որ է: Շարունակենք հետեւել Պաքւում ամառուայ անտանելի տապի թողած հետեւանքներին: Պարզւում է, ինչպէս յարձակապաշտ պահուածքի պարագայում է, ինչը, անկասկած, անձի կամ անձանց մտաւոր շեղման պարտադիր նախապայման է, այն բացասաբար է անդրադարձել նաեւ ազրպէյճանական ղեկավարութեան քաղաքական մտածողութեան ու վարքագծի վրայ: Արդեօք հէնց ա՞յդ մասին չէ վկայում այն հանգամանքը, որ այդ հեղձուցիչ տօթին բարձրաստիճան հիւրեր հրաւիրելով Մոսկուայից, Ազրպէյճանի իշխանութիւնները յուլիսի սկզբներին նրանց ուղեկցել են ոչ թէ, ասենք, Կեոյ-կեոլի, տակաւին ազրպէյճանական գերութեան մէջ գտնուող հայոց պատմական Կապուտան լճի անտառածածկ, զովասուն ափերը, այսպէս ասած` հազար անգամ փորձուած ռուս իւրայինների հանգիստն ու ժամանցը հոգածու հիւրընկալութեամբ կազմակերպելու համար, այլ տարել են Ազրպէյճանի ներկայիս տարածքի հարաւարեւմտեան թեւի տօթակէզ հարթավայրային գօտի, որի համեմատութեամբ Պաքուի բարկ արեւը, բառացի ասած, խաղ ու պար է: Այո՛, տարել են նախկին Ջաբրայիլ շրջկենտրոնից, ներկայիս ազատագրուած Մեխակաւան բնակավայրից ոչ այնքան հեռու գտնուող Ճոչուխ-Մարճանլի: Մի աւերակ գիւղ, որ մինչեւ ապրիլեան պատերազմն արցախեան եւ ազրպէյճանական հակադիր զօրքերի միջակայքում էր գտնւում` որպէս չէզոք տարածք, այսինքն` ո՛չ իմը եւ ո՛չ քոնը կարգավիճակով, եւ որն ազրպէյճանական զինուժը կարողացել էր իր վերահսկողութեան տակ առնել յանկարծակի յարձակման առաջին իսկ օրը: Այդ նախկին բնակավայրը, որը հայկական դիրքերից հեռու է ընդամէնը մի քանի հարիւր մեթր` շարունակելով մնալ արցախեան զինուժի ուղիղ նշանառութեան տակ, եւ որի բնակիչներին մատների վրայ կարելի է հաշուել, Պաքուն, միլիոններ ծախսերով, եռանդագին կառուցապատում է` որպէս ապրիլեան պատերազմում իր «յաղթական նուաճման» ապացոյց, որպէս ներքին սպառման քարոզչութեան անսպառ թեմա, ինչն Իլհամ Ալիեւի համար յոյժ հրատապ էր այս տարուայ ապրիլին կայացած նախագահական ընտրութիւնների նախաշեմին: Եւ ահա Ազրպէյճանի եւ ազրպէյճանական ժողովրդի «անկեղծ բարեկամի» քղամիդներ հագած ռուս պատգամաւորների, փորձագէտների խմբին առաջնորդել են Չոճուխ-Մարճանլի` ականատես լինելու իբր թէ ազատագրուած բնակավայրի առկայութեան փաստին, նաեւ տեղում կազմակերպելու համատեղ խորհրդաժողով` «Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ազրպէյճանն է» յաւակնոտ ու սադրիչ թեմայով: Աւելի՛ն. ռուսաստանցի հիւրերի մի խմբի ուղեկցել են անգամ Լալա-Թափա կոչուող մերձակայ բարձունք, որտեղ ներկայումս դիրքաւորուած է ազրպէյճանական զինուժը:
Երեւանցի երիտասարդ ազրպէյճանագէտ, փորձագէտ Անժելա Էլիպեկովայի հաղորդմամբ, խորհրդաժողովի ռուս մասնակիցներին, որոնք իրականում լուսանցքային փորձագէտներ են, Պաքուն փորձել է ծանր կշիռ տալ` նրանց վերագրելով մտացածին եւ բարձր պաշտօններ, փորձելով ներկայացնել որպէս «Քրեմլինի ձայն», ինչը բացարձակապէս չի համապատասխանում իրականութեանը, քանզի այդ մարդիկ ոչինչ չեն որոշում Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան մէջ, թէկուզ ներկայացւում էին իբր թէ ծանրակշիռ դեր ունեցող անձինք: Այսպէս, յայտնում է Էլիպեկովան, ՌԴ Պետական տումայի կոմիտէներից մէկի փոխնախագահ Տմիթրի Սաւելեւին ներկայացրել են ոչ այլ կերպ, քան` որպէս Պետտումայի փոխնախագահի, իսկ ազրպէյճանական լրատուամիջոցներից մէկի համար էլ նրան մեծարել են ոչ աւել, ոչ պակաս, քան որպէս թէ Պետտումայի նախագահի:
Անշուշտ, այլ բան սպասելի էլ չէր, եւ խորհրդաժողովի ռուսաստանցի մասնակիցները, կարծես թէ` իրար հերթ չտալով, բնականաբար, խօսում էին ռուս-ազրպէյճանական անխախտ պատմական բարեկամութեան, Մոսկուա-Պաքու ռազմավարական գործընկերութեան ու համագործակցութեան, Հայաստանում իշխանափոխութեան գործընթացում Արեւմուտքի եւ Ամերիկայի գործօն դերակատարութեան, Լեռնային Ղարաբաղը եւ յարակից շրջաններն առանց նախապայմանների Ազրպէյճանին յանձնելու անհրաժեշտութեան մասին, հանդէս գալիս մի կողմից ազրպէյճանամէտ, միւս կողմից հակահայ յայտարարութիւններով: Ահաւասիկ խորհրդաժողովում հնչած ելոյթներից քաղուած յայտարարութիւնների մի փունջ` ըստ ազրպէյճանական լրահոսի:
Ալեքսանտր Տուկին, Միջազգային եւրասիական շարժման առաջնորդ, Ռուսաստանեան պատուիրակութեան ղեկավար, խորհրդաժողովի համակազմակերպիչ.
– Ղարաբաղն Ազրպէյճանի անքակտելի մասն է, եւ Ղարաբաղի հողում ռուսաստանցի քաղաքական գործիչների ներկայութիւնը ցոյց է տալիս, որ Ռուսաստանը թէ՛ հանրային եւ թէ՛ պետական մակարդակներով լիովին պաշտպանում է Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը: … Ռուսաստանն Ազրպէյճանին այնքան զէնք է վաճառելու, ինչքան որ պէտք է:.. Մոսկուա-Պաքու առանցքը ժամանակակից Ռուսաստանի առաւել ընդհանուր ռազմավարութեան մի մասն է` ուղղուած Մոսկուա-Թեհրան եւ Մոսկուա-Անգարա առանցքների ստեղծմանը:
Իկոր Քորոթչենքօ, «Նացիոնալնայա օպորոնա» («Ազգային պաշտպանութիւն».-խմբ.) հանդէսի գլխաւոր խմբագիր, ռազմական փորձագէտ.
– Ազրպէյճանն ուժեղ նախագահ ունի: Մենք ողջունում ենք Իլհամ Ալիեւի ջանքերը` ուղղուած ինքնաբաւ ինքնիշխան պետութեան ամրապնդմանը: Մենք ուշադիր հետեւում ենք ազրպէյճանական բանակի շինարարութեան գործընթացին: Ռուսաստանը զէնք է մատակարարում Ազրպէյճանին եւ շահագրգռուած է ձեր երկրի բանակի ուժեղացմամբ: …Ռուսաստանը պէտք է ծածկի Ազրպէյճանի ռազմաօդային տարածքը, եւ նա կարող է դառնալ Հարաւային Կովկասի այս անկախ ու կայուն, ծաղկուն անկեան երաշխաւորը:
Ալեքսէյ Եզուպով, Ռուսաստանի Պետտումայի պատգամաւոր «Միասնական Ռուսաստան» կուսակցութիւնից.
– Ռուսաստանը եւ Ազրպէյճանը եղբայրական ու դաշնակից երկրներ են: Եւ մենք պէտք է գոյատեւենք միասին, համատեղ եւ դաշնօրէն: Ամբողջ աշխարհն է Ղարաբաղը ճանաչել որպէս Ազրպէյճանի տարածք: Հայաստանը, համաձայն Փութինի, Ալիեւի եւ Սարգսեանի մշակած ճանապարհային քարտէսի, պէտք է Ազրպէյճանին վերադարձնի հինգ զաւթուած շրջանները: Փութինը յայտարարել է, որ դա Ռուսաստանի անփոփոխ դիրքորոշումն է: Ղարաբաղը նոյնպէս Ազրպէյճանի անքակտելի մասն է:
Վալերի Քորովին, փորձագէտ.
– Վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութիւնից յետոյ Հարաւային Կովկասում Ռուսաստանին մնացել է միայն մէկ դաշնակից: Ազրպէյճանը դարձել է Ռուսաստանի միակ դաշնակիցը: Եւ դա փաստ է: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն ամէնից առաջինն է զաւթուել ամերիկացիների կողմից: Տուեալ պահին յատկապէս Ազրպէյճանի հետ է, որ Ռուսաստանը կարգաւորում է ամենառազմավարական յարաբերութիւններ:
Տմիթրի Սաւելեւ, ՌԴ Պետական տումայի անվտանգութեան եւ կաշառասունութեան հակազդման կոմիտէի առաջին փոխնախագահ, Ռուսաստան-Ազրպէյճան բարեկամութեան միջխորհրդարանական խմբի ղեկավար, Ռուսաստանի լիպերալ-դեմոկրատական կուսակցութիւնից.
– Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանի կողմից զաւթուած եօթ յարակից շրջանները պէտք է ազատագրուեն եւ ազրպէյճանական պետութեանը յանձնուեն առանց որեւէ լրացուցիչ պայմանի:
Մաքսիմ Շեւչենքօ, քաղաքագէտ.
– Ռուսաստանը եւ Ազրպէյճանը դատապարտուած են լինել միասին: Ակնյայտ է, որ Հայաստանի նոր իշխանութիւնը դժգոհութեան տեղիք է տալիս նախագահ Վլատիմիր Փութինի մօտ: Դա նկատելի էր ֆութպոլի աշխարհի առաջնութեան կապակցութեամբ Նիկոլ Փաշինեանի Մոսկուա կատարած այցի ժամանակ: Վլատիմիր Փութինն աշխատել է Սերժ Սարգսեանի, Կարէն Կարապետեանի հետ, եւ կայ տեղեկատուութիւն, որ Սարգսեանը որոշակի խոստումներ է տուել Ազրպէյճանի հետ խաղաղ բանակցութիւնների գծով` ԵԱՀԿ Մինսքի խմբի շրջանակներում:
Միխայիլ Զապելին, Ազրպէյճանի ռուսական համայնքի նախագահ.
– Ազրպէյճանը բազմամշակութային պետութիւն է, որտեղ շատ ժողովուրդներ են ապրում: Մեր երկրում բնակւում է 150 հազար ռուս, ովքեր հաճոյքով են ականատես լինում Ազրպէյճանի եւ Ռուսաստանի մերձեցմանը: Ազրպէյճանական ժողովուրդը խորը պատմական յիշողութիւն ունի, եւ նա յիշում է, թէ ինչպէ՛ս է ռուս ժողովրդի հետ միասին դիմակայել ֆաշիզմին, իսկ այնուհետեւ` հայկական յարձակումին: Շատ ռուսներ ղարաբաղեան պատերազմի առաջին տարիներին մտել են ազրպէյճանական բանակի շարքերը եւ մարտնչել Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան համար:
Ալի Հուսէյնլի, Ազրպէյճանի Միլլի մեճլիսի իրաւական հարցերի եւ պետականաշինութեան կոմիտէի նախագահ, Ազրպէյճան-Ռուսաստան բարեկամութեան միջխորհրդարանական խմբի ղեկավար, խորհրդաժողովի համակազմակերպիչ.
– Ազրպէյճանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները եղբայրական բնոյթ են կրում: Չոճուխ-Մարճանլին, որտեղ անցկացւում է խորհրդաժողովը, ազատագրուել է ազրպէյճանական բանակի յաջողութեամբ պսակուած յատուկ ռազմագործողութեան արդիւնքում, 2016 թուականի ապրիլին: Գիւղը վերականգնուել է անձամբ Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնութեամբ: Այն հանգամանքը, որ խորհրդաժողովն անցկացւում է ռազմաճակատի գծից 600 մեթր հեռաւորութեան վրայ, վկայում է, թէ Ազրպէյճանը եւ Ռուսաստանն ինչ առաջնակարգ դեր են տալիս ղարաբաղեան կարգաւորմանը:
Կարծում եմ` ներկայացուած մէջբերումներն առաւել քան խօսուն են այն երկդիմի քաղաքականութեան մասին, որ Ռուսաստանը պատմականօրէն, ու ներկայումս նոյնպէս, այսպէս ասած, հին ու փորձուած աւանդոյթի ուժով վարում է միջազգային հարթակներում եւ, մասնաւորապէս, հարաւ-կովկասեան ուղղութեամբ, առանձնապէս, հայկական խնդրում: Փաստօրէն, այսպէս կոչուած Չոճուխ-Մարճանլիի խորհրդաժողովի անցկացումը նոյն այդ երկդիմութեան արգասիքն ու շարունակութիւնն է: Քրեմլինում, անշուշտ, նախապէս քաջատեղեակ էին միջոցառման ինչպէս սադրիչ նպատակի, նոյնպէս եւ անցկացման վայրի ու բովանդակութեան մասին: Խորհրդաժողովի անցկացման գաղափարը եւ ծրագիրը, իսկ դա որեւէ տրամաբանութեամբ հնարաւոր չէ բացառել, համաձայնեցուած էին Մոսկուայի եւ Պաքուի միջեւ` ամենաբարձր մակարդակներով: Ի լրումն` խորհրդաժողովի ռուսաստանցի մասնակիցներին Քրեմլինում, կարեւոր չէ, թէ յատկապէս ում աշխատասենեակում, տրուել են համապատասխան յանձնարարականներ ու հրահանգներ` նախազգուշացնելով, ի հարկէ, որ հետագայում հնարաւոր են գործադիր իշխանութեան, խորհրդարանական եւ կամ պարզապէս զուտ փորձագիտական մակարդակներով հակակշիռներ պարունակող յայտարարութիւններ: Այսինքն կատարուել է յստակ դերաբաշխում: Ինչպէս իրաւացիօրէն նկատել է պէյրութցի մեր գործընկեր, «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը, «առանց բացառելու դերերի բաշխումով խառը ուղերձներ փոխանցելու հնարաւորութիւնը»: Փաստօրէն նախագծուել էր այն բեմագրութիւնը, որին ականատես եղանք ՌԴ Պետտումայի խօսնակ Վեաչեսլաւ Վոլոտինի` Պաքւում արած յայտարարութեան պարագայում, թէ` Ազրպէյճանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում «միշտ եղել է կառուցողական եւ ճիշդ»: Բնականաբար, թէ՛ Վոլոտինի այցից եւ թէ՛ խնդրոյ առարկայ խորհրդաժողովից յետոյ, երկու դէպքում էլ Ռուսաստանում տարբեր մակարդակներով հնչեցին հակաճառումներ, իսկ Հայաստանում` դժգոհութեան ու բողոքի արձագանգներ, որոնք հետզհետէ մարեցին, եւ խնդիրն այդպէս էլ լռութեան մատնուեց: Արդիւնքում, ինչպէս ժողովրդական իմաստութիւնն է ասում, ե՛ւ գառները ողջ մնացին, ե՛ւ գայլերը` կուշտ: Մնում է միայն, թեթեւակի վերափոխելով «Կովկասի գերուհին» հանրայայտ խորհրդային գեղարուեստական շարժապատկերի հերոսներից մէկի` Վախկոտի բացագանչութիւնը դատարանում, այն է` «Կեցցէ՛ խորհրդային դատարանը, ամէնից արդարն աշխարհում», մենք եւս մեր հերթին գոչենք. «Կեցցէ՛ արդարամիտ, արդարադատ Ռուսաստանը, Հայաստանի, ինչո՞ւ չէ, նաեւ Ազրպէյճանի ռազմավարական դաշնակիցն ու եղբայրը»: Ի դէպ, այն Ռուսաստանը, որը դաշնակցային եւ եղբայրական զգացումների մղումով առաջինն է անհատոյց ելեկտրականութիւն մատակարարել ամառուայ սաստիկ տապի պատճառով Մինկեչաուրի ՋԵԿ-ում տեղի ունեցած խոշոր վթարի պատճառով օրեր շարունակ համատարած անլոյս մնացած Ազրպէյճանին: Ի հարկէ, մեր միւս մերձաւոր ու նոյնպէս երկդիմի բարեկամ երկրի` Վրաստանի հետ միասին:
Դժուար չէ ենթադրել` քանի դեռ ամառուայ տօթն Ազրպէյճանում տակաւին պահպանւում է, Չոճուխ-Մարճանլիում յաջորդ ներկայացուցչական խորհրդաժողովն անցկացուի արդէն վրաց խորհրդարանականների ու փորձագէտների եռանդուն մասնակցութեամբ` «Հարաւային Կովկասում Վրաստանի միակ դաշնակիցն Ազրպէյճանն է» ոչ պակաս յաւակնոտ ու սադրիչ խորագրով:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար


