Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Տարեդարձ. Յովհաննէս Քաջազնունի. 150-ամեակ

July 12, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

1919 յունիսի 7, Պոլիս.

«Քաղաքական կացութիւնը տակաւին մնում է անորոշ: Մեծ թուով ռուսահայեր կան հաւաքուած այստեղ, գլխաւորապէս` խոշոր պուրժուաներ, որ Օտեսայի կամ Նովորոսիյսկի վրայով փախել են պոլշեւիկներից: Բոլորն էլ ցանկութիւն ունեն «ազգասիրաբար» փոխադրուել Հայաստան` իրենց կապիտալներով հանդերձ, մեր երկրում խոշոր արդիւնաբերական եւ առեւտրային գործեր ձեռնարկելու համար: Պարզ է, որ իսկական շարժառիթը ազգասիրութիւնը չէ, այլ` կապիտալները տեղաւորեցնելու եւ շահագործելու կարիքը: Բայց եւ այնպէս, այդ տրամադրութիւնը մեզ համար շատ նպաստաւոր է, որովհետեւ մեր երկիրը մեծ կարիք ունի կապիտալներու: Թող գայ այդ կապիտալը»:

Քաջազնունու քաղաքական վիպապաշտութիւնից բան չէր մնացել: Այն, ինչ նա տեսաւ, այն, ինչին նա դէմ առ դէմ հանդիպեց Հայաստանում 1918 թուից ի վեր եւ ինչին ի պաշտօնէ չկարողացաւ դիմակայել, մեծ անձնական եւ քաղաքական ողբերգութիւն էր իր համար: Նա, ըստ էութեան, հասել էր իր երազ-նպատակին` Հայաստանը ինքնիշխան նորաթուխ պետութիւն էր: Եւ այդ նպատակին հասնելուն պէս, անմիջապէս, մաշկի վրայ զգացել էր հայաստանեան ծանր իրականութեան եւ թիֆլիսեան հեռուից երազուող Հայաստանի միջեւ տարբերութիւնը:

Ի միջի այլոց` մաշկի մասին: Ժամանակ առ ժամանակ Յովհաննէսի մօտ սրւում էր էկզեման: Դեռ 1911-ին Պաքուից կնոջը հասցէագրած նամակներից մէկում գրել էր.

«Էկզեմայից դեռ չեմ կարողանում ազատուել, թէեւ արդէն 3-րդ դեղն եմ փոխում: Չիպաններս իրենց կարգին շարունակում են բուսնել, մի քանի օր էլ աչքս էր ցաւում, կարմրել էր: 7 վիզիտ արի բժիշկ Գէորգենպուրկերին: Ամենայն օր սրսկում եմ մորթիս տակ մի կրամ միշեակ, ինքնազգացողութիւնս բարձր է պահում»:

Ինքն իրեն, առանց սեթեւեթելու, միանգամայն անկեղծօրէն խոստովանել է. «Ի՞նչ է եղել իմ տաղանդների ու հակումների այդպիսի բազմակողմանիութեան հետեւանքը: Այն, որ ոչ մի ասպարէզում ոչինչ դրական  չեմ տուել. ճարտարագէտին խանգարել է փիլիսոփան, գեղարուեստասէրին` քաղաքական գործիչը եւ ընդհակառակը»: Իր ունեցած  այս ներքին լարումներին անընդհատ աւելանում էին նորերը` Ա. Աշխարհամարտ մեկնած իր անչափահաս տղաների մասին անհանգստութիւնը, 1915-ի, Մեծ եղեռնը, Պաթումի պայմանագիրը, Հայաստանի  առաջին անկախ հանրապետութեան թշուառ վիճակը, իր վարչապետ նշանակուելը, երկու որդիների նահատակութիւնը ռազմաճակատում, 3-րդ որդու գերեվարուելու փաստը եւ այլն, եւ այլն: Այս ամէնը աւելի էին խորացնելու նրա ներքին մարդկային ցաւերը, եւ աւելի ակնյայտ էին դառնալու արտաքին վէրքերը: Իսկ նաեւ իր զաւակների արեան գնով ձեռք բերուած անկախութեան գլխին կախուած  վտանգը ամէնից սոսկալի բանն էր, որի մասին Քաջազնունին վախենում էր մտածել:

«Աչքի լոյսի պէս պէտք է պահպանենք Սեւրի դաշնագիրը, պէտք է պահենք մեր անկախութիւնը, պէտք է ամէն միջոցով դիմադրենք թուրքերին եւ պոլշեւիկներին»: Սեւրի պայմանագրի վաւերացման դէպքում Հայաստանը  Թուրքիայի կողմից ճանաչւում էր որպէս ազատ անկախ պետութիւն, վերագտնում էր իր երբեմնի տարածքները, դառնում` մօտ 160 հազար քառ. քմ  եւ ունենում էր ելք դէպի Սեւ ծով: Ահա, ինչո՛ւ էր Քաջազնունին ուզում աչքի լոյսի պէս պահել Սեւրի պայմանագիրը: Բայց նորից ժամանակները խառնուեցին: Մէջտեղ եկաւ Մուսթաֆա Քեմալը` իր ռուս պոլշեւիկ համախոհներով: Հայաստանը ոչ միայն չվերագտաւ այդ 160 հազար քառ. քմ հայրենիքը, այլեւ կորցրեց Կարսը, Անին, Արտահանը, Սուրմալուն: Վատթարագոյնը` կորցրեց անկախութիւնը: Բայց դեռ 1920թ. օգոստոսն էր, արդէն 20 օր է, ինչ ստորագրուել էր Սեւրի հաշտութեան պայմանագիրը, Քաջազնունին Փարիզից հետեւեալ նամակն է ուղարկում տուն.

 

30 օգոստոս 1920, Փարիզ.

«Հրաչի՛կ ջան, Ռուբէ՛ն ջան, Մարգօ՛ ջան, Կարէ՛ն ջան, սիրելի՛ք,

… Այսօր տեղեկութիւն ստացայ, թէ կառավարութիւնը նշանակել է ինձ դեսպան Կ. Պոլսում: Բայց ես այդ պաշտօնը պիտի չընդունեմ: Իմ նպատակն է` օր առաջ հասնել Երեւան, հաշիւ տալ կառավարութեանը իմ երկարատեւ ճամբորդութեան մասին եւ ապա մտնել բանակը` իբրեւ կամաւոր զինուոր: Ամենամեծ բաղձանքս է` անձամբ ու ֆիզիքապէս մասնակից լինել կռիւներին, մեր հերոս զինուորների կողքին կանգնած, նրանց հետ միասին պաշտպանել հայրենիքի անկախութիւնը եւ, եթէ բախտ ունեցայ, մեռնել պատերազմի դաշտում: Եւ դա ամենալաւ մահն է, որ դուք կարող էիք ցանկանալ ձեր հայրիկի համար, որ արդէն բաւականին  ծերացել է ու բաւականին յոգնել այս կեանքից: … Տեղեկութիւն ստացայ, թէ մայրիկը ձեր բոլորիդ հետ միասին ծրագրում է  փոխադրուել Երեւան: Եթէ ճիշդ է, դա ինձ շատ ուրախացնում է: … Գիտեմ, որ դա շատ դժուար բան է, եւ բնակարանը ամէն տեսակ անյարմարութիւններ պիտի ունենայ, բայց ինձ համար (կարծում եմ, որ նոյնպէս եւ` ձեր համար) աւելի գերադասելի է 2-3 խղճուկ սենեակ անկախ Հայաստանի մէջ, քան` լաւագոյն բնակարանը, ուր որ էլ նա լինի, էլ չեմ  խօսում վրացական Թիֆլիսի մասին»:

Գլխաւոր միտքը, որ ապշեցնում է նամակում իր` կամաւոր բանակ մեկնելու եւ հայրենիքի համար կռուելու ու, եթէ բախտ ունենայ, մեռնելու ռազմի դաշտում: Սա բարձր պետական պաշտօն ունեցող մարդու որոշումն էր, հրաժարուել աթոռից` զինուոր դառնալու համար: Նա արտասահմանեան գործուղումից Երեւան վերադարձաւ 1920 թուի սեպտեմբերին: Դեռ չէր պատկերացում, որ Հայաստանի անկախութեանը հաշուած օրեր էին մնացել: Դեկտեմբերի 2-ին  իշխանութիւնը յանձնուեց պոլշեւիկներին: Վրացեանի կառավարութիւնը վայր դրեց  լիազօրութիւնները: Քաջազնունին 52 տարեկան էր:

Քաջազնունին բնականաբար ձերբակալուեց, ապա Փետրուարեան ապստամբութեան ժամանակ ազատուեց կալանքից, իսկ երբ պոլշեւիկները հիմնաւորապէս բռնազաւթեցին Հայաստանը,  ստիպուած էր հեռանալ իր երկրից: Ընտանիքը մնաց, ինքը  գնաց:

Վտարանդութեան մէջ, յատկապէս` Ռումանիայում, նա շատ երկար մտածեց իր անցած ճանապարհի, ներկայի եւ ապագայի մասին: 1923 նոյեմբերի 14-ին Պուքրէշից կրտսեր աղջկան գրեց.

«Մարգո՛ւշ ջան, ես իմ մենակութեան ու ակամայ պարապութեան մէջ մտածելը փեշակ եմ արել ու շատ բան, որ չեմ հասկացել կեանքի եռուզեռի մէջ, սկսում եմ կամաց-կամաց հասկանալ: Շատ լաւ ես գրել քո մասին: Այդպէս էլ եղիր, աղջի՛կս: Ամէն մարդ  պիտի ունենայ իր հոգում մի Աստուած ու մի պաշտամունք: Ով չունի այդ, վերջին աղքատն է: Նիւթական ոչ մի բարօրութիւն չի կարող փոխարինել կամ լրացնել սրբութեան բացակայութիւնը: Ասում ես, որ ապագայում ամրոցներ չես սպասում քեզ համար: Պէտք չեն ամրոցներ: Դու մի փոքրիկ տաճար կառուցիր քո սրտի մէջ եւ դրանով իսկ շատ հարուստ կը լինես դու: Սովորիր, գիտութիւնը լաւ բան է: Բայց երբեք մի մոռանայ, որ ամէն մարդ ապրելիս սպառում է արժէքներ, եւ այդ արժէքները սպառելու իրաւունք ունենալու համար պէտք է ինքն էլ աշխատի, արդիւնաբերի փոխարժէքներ»:

Պուքրէշում նա վերլուծեց հայութեան հետ կատարուածը եւ եզրակացրեց, որ` «Հայ յեղափոխական դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս»: Նա իր այդ համարձակ պնդումը  զեկուցագրի տեսքով ներկայացրեց 1923թ. կուսակցութեան Վիեննայի համաժողովին, իսկ օգոստոսի 15-ին ՀՅԴ պատասխանատու մարմինին գրեց.

«Ես դուրս եմ գալիս ՀՅԴ կուսակցութիւնից: Անբարեացակամ ցոյց մի՛ համարէք սա կուսակցութեան  հանդէպ: Ես բաժանւում եմ կուսակցութիւնից խորը կսկիծը սրտիս մէջ, բաժանւում եմ, որովհետեւ ուրիշ կերպ վարուել չեմ կարող: Իմ խղճի ու գիտակցութեան հրամայողական պահանջն է դա»: (…)

Քաջազնունին միշտ մնաց մարդկային իր տեսակի բարձրութեան վրայ: Նրա մտքերը, յոյզերը, գործերը ազնուական մարդունն էին: Անգամ ազնուական էին նրա  նեղուածութիւնը եւ հիասթափութիւնը: Այս ոչ անձնական նամակը շատ անձնական որակներ է բացայայտում այդ մեծ մտաւորականի կերպարի մէջ.

Կրկին Պուքրէշ, նամակ աղջկան` Մարգարիտին.

«Ես դուրս եմ եկել կուսակցութիւնից եւ այժմ ազատ քաղաքացի եմ: Մի տենչ ունեմ միայն. վերադառնալ Հայաստան եւ աշխատել հայ ժողովրդի համար, ինչ աշխատանք էլ լինի, թէկուզ` Երեւանի փողոցները սալայատակել… այդ յոյսով էլ ապրում եմ: Եւ կը գամ, հէնց որ ֆիզիքապէս հնարին լինի գալս: Անասելիօրէն կարօտել եմ ձեզ եւ հայրենիքս»:

Որքան էլ դաժան լինէր անկախութեան կորուստը, միեւնոյն է` Հայաստանը մնում էր ի՛ր հայրենիքը: Անկախ այն բանից, թէ ովքեր են իշխանութեան գլուխ: Իշխանութիւնները գալիս-գնում են, բայց անհատի համար հայրենիքը մնում է հայրենիք: Եւ եթէ հնարաւոր է ֆիզիքապէս ապրել այս հայրենիքում, ուրեմն Քաջազնունու նման ճշմարիտ հայի համար Հայաստանում  ապրելը կենսական պահանջ էր, թող որ` խորհրդայնացուած, բա՛յց Հայաստանում: Եւ նա դիմեց իշխանութիւններին եւ արտօնութիւն ստացաւ վերադառնալու: Դա 1925 թուականն էր: Հիմա նա սովորական խորհրդային քաղաքացի էր` մասնագիտութեամբ ճարտարագէտ: Իրեն նուիրեց գիտութեանը, դասաւանդեց համալսարանում եւ շինարարական հիմնարկում, ստացաւ փրոֆեսէօրի կոչում, կառուցեց շէնքեր: 1926թ. Գիւմրիի երկրաշարժից յետոյ մեծ շինարարական  աշխատանք ծաւալեց այնտեղ: Եւ ապրեց համեստ, ազնիւ, ինչպիսին միշտ էր: Երեւի հոգու խորքում նորից, ինչպէս եւ պատանի հասակում` երազելով անկախ Հայաստանի մասին: Տարբերութիւնն այն էր, որ հիմա այդ երազին հասնելու համար նա գործել պարզապէս չէր կարող: Բայց իմաստուն մարդ էր եւ գիտէր, որ բոլոր կայսրութիւնները վաղ թէ ուշ փլւում են, եւ սա էլ էր փլուելու:

1933թ. Նոր տարուայ գիշերը որդուն` Ռուբէնին գրում է իր գլխով անցած բոլոր Նոր տարիների մասին եւ աւելացնում.

«…Եւ այդ բոլոր Նոր տարիները անցել են գլխովս, տեսել եմ, ապրել եմ այդ տարիները եւ մնացել եմ կենդանի: Ոչ միայն մնացել եմ կենդանի, այլեւ պահել եմ ընդունակութիւնը ժպտալու:

… Անհաւատալի չէ՞ արդեօք: Ի՞նչ է սա` անզգայութի՞ւն, աներեսութի՞ւն, թէ՞ հերոսութիւն: Ո՛չ մէկը եւ ո՛չ միւսը: Գաղտնիքը նրանումն է, որ մինչեւ այսօր էլ ես մնում եմ լեցուն` վառ յոյսերով, եւ  թերեւս այսօր աւելի քան` 15 տարի  առաջ: Խորտակուած եմ ես անձնապէս, խորտակուած է իմ քաղաքական գիծը, խորտակուած են իմ հետեւած ուղիները, բայց ամենեւին չի խորտակուած իմ կեանքին բովանդակութիւն տուող իղձը: Հայաստանի ազգային պետական կեանքը կառուցւում է, եւ ահա այն ահագին փաստը, որի հանդէպ նսեմանում է մնացածը: Կառուցւում է եւ այդ կառուցման մէջ ես էլ ներդրում եմ իմ փշուր աշխատանքը: Ահա այն գիտակցութիւնը, որ  պահում է ինձ կանգուն: Մի ամսից յետոյ կը լրանայ իմ 65 տարին: Եւ այդ հասակում, մարմնով ու հոգով յոգնած, ուժասպառ` ես առաւօտ շտապ վեր եմ կենում անկողնից, գնում եմ աշխատանքի, ուրախանում եմ, երբ յաջողւում է մի դրական բան անել, եւ սրտանց ցաւում եմ, եթէ օրս անցնում է ապարդիւն: Ահա, սիրելի՛ս, քո հայրիկը ու նրա մեծ գաղտնիքը»:

Ամէն օր Երեւանի Պուշկինի փողոցի իր տանից ալեհեր փրոֆեսէօրը դուրս էր գալիս եւ գնում իր գործերով: Նրա քնքուշ սէրը այս երկրի նկատմամբ չէր նուազել: Նա չէր էլ պատկերացնում, որ այդ սէրը ոսկորի պէս խրուած էր չեկայի կոկորդում: Չեկան ոչինչ չի մոռանում: 1937թ. զոմպիները եկան 70-ամեայ ծերուկի ետեւից: Նրան գնդակահարեցին մէկ տարի անց, ՊԱԿ-ի բանտում եւ վերացրին յանցագործութեան բոլոր հետքերը: Բայց վերացնել Քաջազնունու յիշատակը, իհարկէ, չկարողացան: Ո՞վ էր Ստալինը, կամ ովքե՞ր էին նրա հայ կամակատարները, որ պատմութեան եւ սերունդների յիշողութիւնից մաքրէին Քաջազնունու կերպարը:

Երբ հօրը ձերբակալեցին, Մարգարիտը` դուստրը, հաստ տետրակների մէջ գաղտնի արագ-արագ սկսեց արտագրել հօր թողած գրաւոր ամբողջ ժառանգութիւնը` նամակներ, փիլիսոփայական, գրական աշխատութիւններ, թարգմանութիւններ, այդ թւում եւ` Սասունցի Դաւիթ էպոսից եւ այլն: Մարգարիտ Քաջազնունին վախենում էր, որ խորհրդային իշխանութիւնները կը բռնագրաւէին հօր ձեռագրերը: Կեցցէ՛ Մարգարիտը: Նա շատ մեծ եւ արժէքաւոր գործ է կատարել: Բարեբախտաբար  խուզարկութիւնից յետոյ ոչ բոլոր ձեռագրերը  անհետացան: Եւ այսօր Գրականութեան եւ արուեստի պետական թանգարանում շատ նամակներ պահւում են երկու օրինակից: Մէկը` բնօրինակ, միւսը` Մարգարիտի ձեռամբ արտագրուած: Բայց հազա՛ր ափսոս, որ այսօր արխիւից եւ անշուշտ նրա մասին յուշերից զատ`   շարունակական գրեթէ ոչինչ չի մնացել: Նկատի ունեմ Քաջազնունիութեան ժառանգորդներին.

Այսպէս,

Հրաչեայ-Անահիտ Քաջազնունի- դարձաւ բժշկուհի, երկար ապրեց Մոսկուայում, շատ կարճ` իր ամուսնու հետ: Երեխայ չունեցաւ: Մահացաւ 1974-ին:

Արամ Քաջազնունի- կամաւոր մեկնեց ճակատ, զոհուեց 1920-ին Զանգիբասարի կռիւներում, չհասցրեց ամուսնանալ:

Երկուորեակներ Աշոտ եւ Ռուբէն- ջրի 2 կաթիլ,  կամաւոր մեկնեցին պատերազմ, 1918թ. Աշոտն   ընկաւ Ղարաքիլիսայի կռիւներում: Ռուբէնը գերի ընկաւ Կարսում, փրկուեց 1921թ. գերիների փոխանակման ժամանակ: 1941-45թթ. ապրեց Մոսկուայում, աշխատեց որպէս գլխաւոր ճարտարագէտ ռազմական բեռնատարներ վերանորոգող արտադրամասում: Մահացաւ 1953թ., Երեւանում, ինքնաշարժի արկածից: Ունեցաւ դուստր: Վերջինս չամուսնացաւ: Եւ բնակւում էր Թիֆլիսում:

Մարգարիտ Քաջազնունի- ստացաւ ֆինանսիստի կրթութիւն, երկար տարիներ աշխատեց Հայպետհրատում` որպէս հաշուապահ, կատարեց թարգմանութիւններ` Պաուստովսկուց: Ամուսնացաւ մեծ տարիքում, երեխայ չունեցաւ, մահացաւ Երեւանում:

Կարէն Քաջազնունի-աշխատեց «Մոսֆիլմ»-ում, դասաւանդեց ՍՍՀՄ Կինոյի պետական հիմնարկում: Ամուսնացաւ ռուս կնոջ հետ, ունեցաւ 2 երեխայ` Վալերի եւ Լիլիթ: 1941-ին կամաւոր մեկնեց ռազմաճակատ եւ անհետ կորաւ նոյն թուի աշնանը Վեազմայի մատոյցներում: Նրա որդին` Վալերին անձնասպան եղաւ, իրենից յետոյ թողեց դուստր: Վերջինս ամուսնացաւ ոմն Օռլովի հետ եւ ունեցաւ երկու տղայ: Դուստրը` Լիլիթ Քաջազնունին դարձաւ անգլերէնի մասնագէտ, չամուսնացաւ եւ մնաց անժառանգ: Բնակւում էր Մոսկուայում:

Յովհաննէս եւ Սաթենիկ Քաջազնունիները, երբ 6 երեխայ էին ունենում, հազիւ թէ պատկերացնէին, որ այսպիսի աւարտ է ունենալու իրենց հիմնած գեղեցիկ եւ սիրով լի ընտանիքը: Սաթենիկը հողին յանձնեց իր չորս տղաներին, երկու աղջիկներին ողջ եւ առողջ, բայց անժառանգ թողեց երկրի վրայ եւ ամուսնու դին պարփակող փոսը այդպէս էլ չգտնելով` 1962 թուականին, բաժանումից 24 տարի անց, որոշեց  գնալ այնտեղ, որտեղ անկասկած նրան կը գտնէր:

(Շար. 4 եւ վերջ)

Նախորդը

Գաղութէ Գաղութ

Յաջորդը

Խմբագրական «Գանձասար»-ի – Յուլիս Ա. – Խուսափիլ Կրկնութենէ

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.