Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-Ամեակի Առիթով
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Բի՛ւր յարգանք քեզ, ո՛վ հայ ժողովուրդ, որ գիտակցաբար եւ արժանավայել կերպով թէ՛ Հայաստանում ու Արցախում եւ թէ՛ սփիւռքի զանազան հայաբնակ համայնքներում տօնեցիր ու նշեցիր Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեայ յոբելեանը եւ երախտագիտութիւն ու յարգանք մատուցեցիր բոլոր այն երախտաւորներին, որոնք իրենց գործով ու արիւնով, 1918 թուի մայիս 28-ին, 600 տարուայ ստրկութիւնից յետոյ, այն դժուարին պայմաններում, ստեղծեցին Հայաստանի Ա. Հանրապետութիւնը:
Թէեւ 100-ամեակի բոլոր միջոցառումները նուիրուած էին Հայաստանի Հանրապետութեանը, սակայն իրականում հայ ժողովրդի անկախութեան 100-ամեակի յոբելեանն էր, որ մարմնաւորուած էր Հայաստանի Ա. Հանրապետութեան ստեղծումով, որը որպէս լուսաշող աստղ` պարգեւեց հային ազատութիւն եւ անկախութիւն: Անկախութիւնը, որ նշանակում է ուրիշ պետութեան ենթակայ չլինել, իր երկրի գործերը անկախ տնօրինել եւ ինքնիշխան լինել, մարդու եւ ժողովուրդների անկապտելի իրաւունքն է:
Պատմական օրինակները ցոյց են տալիս, որ ժողովուրդների մօտ անկախութեան գաղափարը, ձգտումն ու ցանկութիւնը, իրենց զանազան դրսեւորումներով գոյութիւն են ունեցել տարբեր հասարակակարգերում, որոնք պայքարել ու պայքարում են օտարի լծից ազատուելու, անկախութիւն ձեռք բերելու եւ սեփական անկախ պետութիւն հաստատելու համար:
Հայ ժողովուրդն էլ բացառութիւն չկազմելով, իր անկախութեան համար, քաղաքական աննպաստ թէ նպաստաւոր պայմաններում, որդեգրել է պայքարի համապատասխան զանազան ձեւեր:
Աննպաստ պայմաններում իր անկախութեան համար պայքարը վեր է ածել մշակութային պայքարի, ինչպէս, օրինակ, ի հակադրութիւն զրադաշտական կրօնի, որի միջոցով էր պարսից պետութիւնը իր ճնշումների մի մասը գործադրում հայութեան նկատմամբ, իսկ այդ պայքարի արդիւնքում հայը ընդունում է քրիստոնէութիւնը:
Քրիստոնէութիւնը ընդունելուց յետոյ, հայկական այբուբեն չունենալու բերումով, մեր եկեղեցիներում Աւետարանը ընթերցուել է յունարէն կամ ասորերէն լեզուներով, հետեւաբար լեզուական կախուածութիւնից ազատուելու եւ հայոց լեզուն անաղարտ ու անկախ պահելու համար ստեղծել է իր իւրայատուկ տառերը, որոնք չեն նմանւում ոչ մէկ ուրիշ ժողովրդի տառերին:
Ընդունելով քրիստոնէութիւնը ու դրանով իր անկախութիւնը պահելու, օտար աղանդների հնոցի մէջ չձուլուելու համար վարել է հակաքաղկեդոնական եւ հակակաթոլիկական քաղաքականութիւն, որի արդիւնքում ստեղծել է Հայաստանեայց առաքելական եկեղեցին, որ ազգային է եւ ենթակայ չէ ոչ մէկ օտար եկեղեցու:
Մշակութային պայքարից բացի, հայը նաեւ սկսեալ 1548 թուականից, դիւանագիտական աշխատանք է տարել իր անկախութեան համար, որի առաջատարներն են եղել Ստեփանոս 5-րդ Սալմաստեցի, Միքայէլ Սեբաստացի, Յակոբ 4-րդ Ջուղայեցի կաթողիկոսները, ինչպէս նաեւ` Յովսէփ արք. Արղութեանը, Մինաս վարդապետը, Իսրայէլ Օրին, Յովսէփ Էմինը, Շահամիրեան եղբայրները եւ այլն:
Նպաստաւոր պայմաններում հայը անկախութեան համար զէնքը ձեռքին մարտնչել է աքեմենեանների, սելճուկների (հասել անկախութեան), շուրջ մէկ դար հռոմայեցիների (հասել անկախութեան), Սասանեանների (Վարդանանց), բիւզանդացիների, արաբների (հասել անկախութեան), թուրքերի (հասել անկախութեան` շնորհիւ մայիսեան հերոսամարտերի) եւ այլնի դէմ:
Նշեալ ճակատամարտերից բացի` հայ ժողովուրդը պարտիզանական եւ հայդուկային կռիւներ է մղել զաւթիչների դէմ, ինչպէս` Վարդանանց պատերազմից յետոյ, Վահանեան հերոսական քառամեայ մաքառումները, որոնց գնով հայը վերստին ապահովեց իր ներքին անկախութիւնը եւ 18-րդ դարից սկսեալ ֆիտայական ազատագրական պայքարները` ընդդէմ թուրք բռնակալների, որոնց լրացուցիչ` Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերով թէ՛ հայ ժողովուրդը փրկուեց բնաջնջումից եւ թէ՛ հասաւ անկախութեան:
Փաստօրէն, Հայաստանի Հանրապետութեան ծնունդը, հայ ժողովրդի դարերի ընթացքում տարած ազատագրական պայքարների, ի մասնաւորի 18-րդ դարից սկսած ֆիտայական շարժումների տրամաբանական արդիւնքն է: Հայ ժողովրդի նորագոյն պատմութեան լուսաւոր ու պանծալի էջերից է 1918 թ.-ի մայիս 28-ը:
Մայիս 28-ի գաղափարն էր, որ հայը 70 տարի իր մտքում ու հոգում պահելով՝ միահամուռ կերպով 1991 թ.-ի սեպտեմբեր 21-ին քուէարկեց յօգուտ իր անկախութեան: Մայիս 28-ի գաղափարն էր, որ ոտքի հանեց Արցախի մեր քաջարի զաւակներին, որոնց խիզախ պայքարով ստեղծուեց անկախ Ղարաբաղի Հանրապետութիւնը:
Բի՛ւր յարգանք` ազատութեան ճամբին զոհուած ազատամարտիկներին: Փա՛ռք` մայիս 28-ը կերտողներին:
Նոր Ջուղա



