Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Չինական Երազը Եւ Հայաստանը (Մաս 4 – Վերջին)

April 16, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆԵԱՆ

Ինչպէս արդէն տեղեկացրել ենք մեր նախկին յօդուածներով, Չինաստանը 70-ականներից իր առջեւ դրեց զարգացման ծրագիր` դառնալու աշխարհի առաջատար երկիր. այն  տեւելու է մինչեւ 2049 թուականը: Այժմ նա հանդիսանում է աշխարհի երկրորդ տնտեսապէս հզօր երկիրը: Այդ պատճառով է, որ Չինաստանը հանեց նոր Մետաքսի ճանապարհի գաղափարը, որի նպատակն է աշխարհին տալ որակեալ ապրանք մատչելի գներով, իսկ Եւրոպայից ներմուծել նոր արհեստագիտութեան համար անհրաժեշտ միջոցներ` աւելի նորարարական դարձնելու իր տնտեսութիւնը:

Հին Մետաքսի ճանապարհին ուշագրաւ է եղել հայերի դերակատարութիւնն ու Վանի դիրքը որպէս կապող օղակ` Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ կայացած մեծ առեւտրի շրջանակներում: Աւելի՛ն. հայ առեւտրականները զգալի դերակատարութիւն են ունեցել Հայաստանից արեւելք գտնուող երկրներում, մասնաւորապէս` Հնդկաստան, Իրան, Մերձաւոր Արեւելք ուղղութիւններում: Այդ ժամանակաշրջաններում օտարների մուտքն արգելուած է եղել Չինաստան, քանի որ օտարներին նրանք համարել են բարբարոսներ, սակայն հայ առեւտրականները մուտք են գործել Թիպեթ, եւ միայն հայ առեւտրականներին է թոյլատրուել մուտք գործել Չինաստան: Այս հզօր առեւտրի գաղափարը այն էր, որ Չինաստանը տարածի իր բարձր որակի ապրանքները, ինչպիսիք են` խեցեղէնը, վառօդ, թուղթը, մետաքսը եւ այլ ապրանքներ: Սակայն սխալ կը լինի, եթէ միայն գնահատենք այս երեւոյթը որպէս զուտ տնտեսական: Այս ճանապարհորդութիւնների ընթացքում մարդկային շփումն ու մշակութային փոխանակումներն, իմ կարծիքով, աւելի արդիւնաւէտ էին, քան` զուտ նիւթական շահը: Գաղտնիք չէ, որ այդ ընթացքում աշխարհում զարգացում ապրեցին` նկարչութիւնը, գրականութիւնը, փիլիսոփայութիւնն ու մանրանկարչութիւնը: Օրինակ` չինական հանդերձանքը ծանօթ եւ յարգի է եղել միջնադարեան Հայաստանում: Հայերը Չինաստանի Հարպին քաղաքում 20-րդ դարի սկզբին լուրջ ներկայութիւն են ունեցել, նրանք հիմնականում զբաղուել են առեւտրով եւ գինու արտադրութեամբ: Համայնքը եղել է բաւականին կազմակերպուած, գործել է հայկական եկեղեցի: Թաթոս անունը կրող ճաշարանը հիմնադրուել է հայ խոհարարի կողմից, այն կրել է նրա անունը եւ գործում է մինչ օրս քաղաքի սրտում եւ համարւում է զբօսաշրջիկների համար ամենասիրելի վայրերից մէկը: Այժմ Կոանկճօ քաղաքում կայ աշխուժ հայ համայնք, որի համախմբուած գործունէութիւնը խոստմնալից է Ծայրագոյն արեւելքում: Հայաստանի եւ Չինաստանի ժողովուրդները մինչ օրս շարունակում են խրախուսել ազգային հիմքի վրայ ստեղծուած ընկերային-քաղաքական համակարգը, որտեղ ազգային արժէքներն ու ընտանեկան աւանդոյթները հիմնական դեր են կատարում թէ՛ առօրեայ, թէ՛ քաղաքական կեանքում: Այս հիմքն է պատճառը, որ հայերն ու չիներն իրենց շփումներում կարողանում են միմեանց հեշտ հասկանալ:

Հայաստան-Չինաստան արդի յարաբերութիւնները պաշտօնապէս սկսել են 1991 թուականից եւ այժմ զարգացում են ապրում մասնաւորապէս տնտեսութեան, ռազմական, կրթական եւ գիտական ոլորտներում: Երկու երկրների միջեւ կնքուած պայմանագրերն ու համաձայնագրերը վերաբերում են տարբեր ոլորտների. հեշտացուել են ներմուծման եւ արտահանման պայմանները: Այժմ Չինաստանը հանդիսանում է Հայաստանի երկրորդ տնտեսական գործընկերը` զիջելով Ռուսաստանին: Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը Չինաստանի վերընտրուած նախագահ Սի Ճինփինկին շնորհաւորելիս կարեւորել է հայ-չինական բարեկամական աւանդական յարաբերութիւնների հետեւողական ամրապնդումը, արդիւնաւէտ համագործակցումը միջազգային ասպարէզում, որը բխում է երկու բարեկամ ժողովուրդների կենսական շահերից:

Չինաստանը կարեւորում է Հայաստանի դերը «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութիւններում եւ գնահատում երկու եղբայրական ժողովուրդների դերը ինչպէս անցեալում, այնպէս էլ ներկայում: Այս յօդուածի նպատակը ոչ թէ փաստերի ու թուերի արձանագրումն է, այլ` իմ անձնական գնահատականն այն իրողութիւններին, որոնք առնչւում են մեզ եւ տարածաշրջանային առումով մեր առջեւ ծառացած մարտահրաւէրներին:

Հայաստանը հանդիսանում է կարեւոր երկիր իր դիրքով, որպէս Արեւելքը Արեւմուտքին կապող օղակ` տարանցիկ երկիր (Իրան-Հայաստան-Վրաստան-Եւրոպա): Զուտ տնտեսական առումով, Հայաստանի համար սա բացառիկ հնարաւորութիւն է ոչ թէ միայն ներմուծելու, այլ նաեւ արտահանելու ներքին ապրանքները թէ՛ Արեւելք եւ թէ՛ Արեւմուտք: Չինական ծրագիրը չի սահմանափակուելու միայն տարանցիկ առեւտրով, այլ չիներն կատարելու են ներդրումներ այն երկրներում, որոնք ընդգրկուած են վերոնշեալ ծրագրում: Օրինակ` վերջերս չինական կողմը պատրաստակամութիւն է յայտնել հիմնելու հանքային ջրի գործարան Հայաստանում: Չիների տեսանկիւնից երկրի կարեւոր դիրքից բացի անհրաժեշտ է, որ այդ երկիրը լինի վստահելի գործընկեր եւ միեւնոյն ժամանակ լինի խաղաղ ու անվտանգ, այդ իսկ պատճառով Չինաստանը նոր դեսպանութիւն է կառուցում Հայաստանում, որը լինելու է ամենամեծը տարածաշրջանում: Չինաստանում էլ բացուել է Առեւտրաարդիւնաբերութեան պալատի ներկայացուցչութիւն Նինկպօ քաղաքում: Երեւանում հիմնուել է Շանկհանեան ակումբ, որի նպատակն է զարգացնել հայ եւ չին առեւտրականների կապերը:

Քաղաքական առումով, որը համարում եմ աւելի կարեւոր, նկատի ունենալով լարուած իրավիճակը թէ՛ մեր տարածաշրջանում եւ թէ՛ առհասարակ աշխարհում, Հայաստանն իր անվտանգութիւնն ապահովելու համար անհրաժեշտ է վերանայման ենթարկել արտաքին քաղաքականութիւնը: Խօսքը մասնաւորապէս փոխլրացման մասին է, Հայաստանն անկախութիւնից ի վեր փայլուն կերպով կարողացել է պահել հաւասարակշռութիւնը Ռուսաստանի Դաշնութեան եւ Միացեալ Նահանգների հետ ունենալով լաւ յարաբերութիւններ, որը յայտնի է որպէս հաւասարակշռման քաղաքականութիւն, սակայն Ռուսաստանի Դաշնութեան հզօրացմամբ Միացեալ Նահանգները աստիճանաբար սկսեցին վարել հակադրուելու քաղաքականութիւն եւ չեն հանդուրժում երկբեւեռ աշխարհի ձեւաւորումը, որի գոյութիւնը յստակ դրուեց Սիրիայի պատերազմով: Այդ արիւնալի պատերազմում Ռուսաստանի Դաշնութիւնն ու Չինաստանը հանդէս են գալիս նոյն առանցքում, որը սատարում է Երրորդ աշխարհի արաբական երկրներին, որոնք իրենց գոյութիւնն են պաշտպանում Միացեալ Նահանգների դաշնակից Իսրայէլի սադրանքներից: Չինաստանը Սիրիայի հարցում Ապահովութեան խորհրդում վեթօ է դրել բոլոր որոշումների դէմ, որոնք ուղղուած են եղել Սիրիայի վարչակարգին հեռացնելու զէնքի ուժով: Նա կողմ է խաղաղ բանակցութիւնների միջոցով խնդրի լուծմանը: Ի դէպ, նա նոյն վերաբերմունքն ունի արցախեան հիմնախնդրում, այսինքն Չինաստանը կողմ է արցախեան հիմնահարցի լուծմանը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով: Վերադառնալով Միացեալ Նահանգների յարձակողապաշտ արտաքին քաղաքականութեանը` Միացեալ Նահանգները ո՛չ միայն առճակատման են գնում Ռուսաստանի դէմ, այլեւ նրանք վերջերս յարաբերութիւնները վատթարացրել են Չինաստանի հետ նոյնպէս` դնելով մեծ հարկ չինական ապրանքների վրայ, իսկ Չինաստանը շատ արագ հակադարձեց` բարձրացնելով Միացեալ Նահանգներից եկող ապրանքների հարկը: Սա զուտ տնտեսական խնդիր չէ, այլ քաղաքական առճակատման սկիզբ է, եւ Չինաստանի պատասխանը` ուղղուած Թրամփի որոշմանը, հասկացնել է տալիս, որ Չինաստանը կարող է պատասխան տալ իւրաքանչիւր ամերիկեան ճնշման: Աւելի՛ն. Ռուսաստանն ու Չինաստանը պայմանաւորուել են արդէն իրենց միջեւ առեւտուրը իրականացնել ազգային դրամներով, այսինքն նրանց առեւտրի շրջանակներից դուրս է գալու Միացեալ Նահանգների դրամի շրջանառութիւնը: Վերադառնալով մեր տարածաշրջան, բոլորի հետ լաւ յարաբերութիւն ունենալը ես անբաւարար եմ համարում այս իրավիճակում, վերը նշուած իրավիճակից ելնելով: Սակայն նոյնպէս սխալ եւ վտանգաւոր կը լինի կտրուկ կերպով գերհզօրներից մէկի կողմը թեքուելը` նկատի ունենալով արցախեան հիմնահարցը, սակայն Չինաստանի հետ յարաբերութիւնները զարգացնելը մեզ առիթ է տալու, որ զոհ չդառնանք Միացեալ Նահանգներ-Ռուսաստան գզվռտոցի արդիւնքում, այլ անհրաժեշտ է նրանց հետ լաւ յարաբերութիւնները շարունակելով ամրացնել Ասիայի հսկայի հետ մեր կապերը` հաշուի առնելով նրա առաջ քաշած «Մէկ գօտի մէկ ճանապարհ» նախաձեռնութիւնը, որի իրականացման համար առաջնային է Իրանի հետ լաւ յարաբերութիւնների շարունակականութիւնը, Հիւսիս-հարաւ ճանապարհի եւ Հայաստան-Իրան երկաթգծի ծրագրերը կեանքի կոչելու համար: Քանի որ հիմնականում այս ճանապարհներով է տեղի ունենալու «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութիւնը:

Ինչպէս վերեւում նշեցինք, Չինաստանն ու Ռուսաստանը յայտնուել են նոյն առանցքում` միասնաբար դիմակայելու Միացեալ Նահանգների կողմից ստեղծուած սպառնալիքներին, սակայն յարկ եմ համարում նշել, որ Չինաստանը ինքնուրոյն խաղացող է,  եւ ինչպէս տեսնում ենք, մշակել է ապագայ աշխարհի հետ առնչուելու կանոնները: Չին դիւանագէտները բազմիցս նշել են հայ եւ չին ժողովուրդների դարերից եկող բարեկամական պատմութիւնը: Մեր տարածաշրջանում այժմ Չինաստանի համար մեծագոյն խնդիր է Թուրքիային չէզոքացնելը, որովհետեւ Թուրքիան ապաստան է տուել աւելի քանի 250 հազար ույղուր թուրքերի, որոնք Չինաստանի դէմ ցոյցերով հանդէս են գալիս Թուրքիայի փողոցներում եւ վատթարացնում Չինաստան-Թուրքիա յարաբերութիւնները (ույղուրները թուրքական ծագում ունեցող Սինճիանկ նահանգում են ապրում): Ներկայիս Թուրքիան մեծ ցանկութիւն է յայտնում աշխարհի իսլամական ժողովուրդների պաշտպանը լինելու. ըստ սիրիական պաշտօնական տուեալների, 500 ույղուրներ կռւում են իսլամականների կազմում` ընդդէմ սիրիական բանակի. ենթադրւում է, որ նրանք մարզուել են Թուրքիայում: Նրանց յետդարձը Չինաստան մեծ վտանգ է սպառնում անվտանգութեան առումով: Այդ իսկ պատճառով Չինաստանը ցանկանում է ուժեղացնել Հայաստանը` Թուրքիայի վրայ հակազդելու համար: Չինաստանի պաշտօնական անձանց հետ իմ ունեցած շփումների ժամանակ ինձ զարմացրեց նրանց վրդովումքն` ուղղուած Էրտողանի դէմ, որին մեղադրում են Սինճիանկի ույղուրներին Չինաստանի դէմ հրահրելու մէջ: Նրանք նախկինում խուսափում էին այսպիսի խօսակցութիւններից, այժմ իրադրութիւնը փոխուել է, եւ նրանք չափազանց լարուած են Թուրքիայի հանդէպ: Հայաստանն առաւելագոյնս պէտք է օգտուի այս առիթից եւ խորացնի համագործակցութիւնը Չինաստանի հետ` ելնելով ազգային շահերից:

Ռազմական բնագաւառում Հայաստանն ու Չինաստանը նոյնպէս զարգացնում են յարաբերութիւնները վերջին տարիներին եւ միտում ունեն աւելի զարգանալու: 2017 թուականին Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը պաշտօնական այց կատարեց Չինաստան, եւ դա շրջադարձային էր այն առումով, որ Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերին յատկացուեց 10 միլիոն էուանի օգնութիւն եւ սխեմա ստեղծեց հայկական արտադրութեան զարգացած զէնք արտադրելու չինական արհեստագիտութեան միջոցով: Հայաստանում տեղի են ունեցել հայ-չինական ռազմական մասնագէտների քննարկումներ պաշտպանական ոլորտում: Յարաբերութիւններն այս բնագաւառում զարգանալու են, եւ զարմանալի չի լինի, եթէ մօտ ապագայում սկսուեն հայ-չինական զօրավարժութիւններ:

Կրթական բնագաւառում տեսանելի է հայ պատանիների հետաքրքրութիւն չինական լեզուի հանդէպ, Հայաստանում գործում է «Կոնֆուցիոս հիմնարկ»-ը, որը համարւում է չինարէն լեզուի դպրոցների ցանցերից լաւագոյններից մէկն աշխարհում: Չինարէնի ամպիոն կայ Երեւանում Սլաւոնական համալսարանում. ներկայումս Երեւանում կառուցւում է չինական դպրոց, որը նախատեսուած է սկսնակ դպրոցականների համար: Այս դպրոցը տարածաշրջանում լինելու է ամենամեծ չինական ուսումնական հաստատութիւնը: Չինաստանում աճում է հայ ուսանողների թիւը. այնտեղ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում ունենք հայերէն դասաւանդող մասնագէտներ, ովքեր առաւելագոյնս տիրապետում են չինարէնին: Գիտական ասպարէզում նոյնպէս կապերը զարգանում են, եւ ստեղծւում է գիտնականների իւրայատուկ մթնոլորտ: Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիայի արեւելագիտութեան հիմնարկը 2017 թուականին Փեքինում մասնակցեց «Մէկ գօտի մէկ ճանապարհ» եւ «Հայաստանի զարգացումը»  թեմայով գիտաժողովին: Չին գիտնականների հետաքրքրութիւնը Հայաստանի հանդէպ մեծ էր լինի պատմական թէ ներկային վերաբերող հարցերում: Այդ հանդիպումների ընթացքում առաջարկեցի երկկողմանի գիտական գրքի հրատարակում` Հայոց ցեղասպանութեան եւ Նանճինկի ցեղասպանութեան մասին: Հայաստանում հայոց լեզուով լոյս են տեսել երկու կարեւորագոյն «Կոնֆուցիոսի զրոյցները» եւ Սոն Ցզիի «Ռազմավարութեան արուեստը» աշխատութիւնները:

Զբօսաշրջութեան բնագաւառում նշմարելի է չիների ներկայութիւնը Հայաստանում, եւ դատելով Հայաստանի մասին նրանց դրական կարծիքից` այն աւելի զարգանալու նախադրեալ ունի: Չին զբօսաշրջիկները գնահատում են հին մշակոյթ ու պատմութիւն ունեցող երկրներին եւ յարգանքով են մօտենում այդ երկրին ու ժողովրդին` անկախ երկրի չափից ու դիրքից: Այդ իսկ պատճառով նրանք գնահատանքով են մօտենում, երբ այցելում են պատմական վայրեր: Միեւնոյն ժամանակ անհրաժեշտ է խրախուսել հայաստանցի զբօսաշրջիկներին այցելելու Չինաստան, մանաւանդ` գերզարգացած քաղաքները, ինչպիսիք են` Փեքինը, Շանկհայը, Կուանկճոն, Շէնկճենը եւ Հանկճոն: Այս բնագաւառը ներկայումս զարգանում է Հայաստանում, եւ զբօսաշրջութեամբ զբաղուողները կարող են լրջօրէն խթանել Հայաստան-Չինաստան այցելութիւնները:

Այս յօդուածով ցոյց տուեցինք հայ-չինական յարաբերութիւնների կարեւորութիւնը` այս արագ փոփոխուող ժամանակաշրջանում: Մեր տարածաշրջանում բարձրանում է պատերազմների վտանգը` հաշուի առնելով Ազրպէյճանի յարձակողապաշտութիւնը, Միացեալ Նահանգների յարձակողական հռետորաբանութիւնը Իրանի, Ռուսաստանի եւ, աւելի մեղմ, Չինաստանի դէմ, եւ Հայաստանը անմասն չի մնալու տարածաշրջանում պատերազմների վտանգից, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է աւելի խորացնել յարաբերութիւնները այնպիսի պետութիւնների հետ, որոնք գնահատում են Հայաստանի դերը տարածաշրջանում: Հայաստանի համար տնտեսութեան զարգացումը գերխնդիր է` կարողանալ դիմակայելու Ազրպէյճանի սադրանքներին, զարգանալ առանց զիջելու եւ բարելաւելու ժողովրդի կենսամակարդակը, արդիականացնել երկիրն առհասարակ: Այս պահին «Մէկ գօտի մէկ ճանապարհ» նախաձեռնութիւնը լաւագոյն տարբերակն է հանդիսանում զարգացող երկրների համար, որը օժտուած է փոխշահաւէտ յարաբերութիւններով: Լաւագոյնն է այն իմաստով, որ մի կողմում ծերացած Եւրոպան է` փախստականների խնդիրներով տարուած, միւս կողմում` Ռուսաստանը պատժամիջոցների շեմին, իսկ Չինաստան թարմ խաղացող է միջազգային ասպարէզում, որի զարգացումը կանխելը մեծ ուժ է պահանջում:

 

 

Նախորդը

Լոյս Տեսաւ Հայկազեան Համալսարանի Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոնի Սուրիոյ Հայերը Գիտաժողովի Նիւթեր (24-27 Մայիս 2015) Հատորը

Յաջորդը

Ըստ Թրքական Կայքին` Թուրքիոյ Մէջ Կ՛ապրին 300.000 Համշէնցիներ

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.