Գրեց ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ *
Յատկապէս վերջին տարիներին իմ մշտական ուղեկիցն է այն միտքը, որ պէտք է գրի առնել մեր մանկութեան յիշողութիւնները` մեր մէջ անթեղուած բազմաթիւ դէպքեր ու դէմքեր, պատկերներ, որոնք գրի չառնելու դէպքում կանգնելու են անհետ կորչելու վտանգին առջեւ: Իսկ յիշողութիւնը մեր պատմութիւնն է, առանց որի` առաջ գնալը պարզապէս անհնար է: Իմ մանկութեան յիշողութիւններն սկիզբ են առնում 1990-ականների սկզբներից, այսինքն` այն շրջանից, երբ Խորհրդային Միութեան կազմալուծման թոհուբոհում տեղի ունեցաւ Վրաստանի անկախութեան վերականգնման մասին համաժողովրդական հանրաքուէն (1991 մարտ 31-ին), որի արդիւնքների հիման վրայ էլ ապրիլ 9-ին Վրաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդը յայտարարեց Վրաստանի անկախութեան վերականգնման մասին: Շուրջ մէկուկէս ամիս անց` մայիս 26-ին, նախագահ ընտրուեց ոչ անյայտ Զվիատ Կամսախուրտիան, իսկ նոյն թուականի աւարտին երկրում սկսուեց շուրջ երկու տարի տեւած քաղաքացիական պատերազմը, որի սկիզբը դարձաւ Զ. Կամսախուրտիայի կարճատեւ իշխանութեան աւարտը:
Շուտով` 1992 թուականի մարտին, երկիրը գլխաւորեց Ռազմական խորհուրդի հրաւէրով Վրաստան ժամանած Էտուարտ Շեւարտնածէն` ԽՍՀՄ առանցքային ղեկավարներից մէկը` արտաքին գործերի նախկին նախարարը (1985-1990): Աւելի վաղ նա Վրաստանի Կոմկուսի առաջին քարտուղարի պաշտօնում 13 տարի ղեկավարել էր երկիրը (1972-1985):
Անկախ Վրաստանի ղեկավարի պաշտօնում Էտ. Շեւարտնածէի իշխանութիւնը տեւեց 11 տարի (1992-2003): Քաղաքական եւ պետական այդ գործիչը մահկանացուն կնքեց 2014 թուականի ամրանը: Նրա կեանքն ու գործունէութիւնը պատմական մի ողջ շրջան էր, իսկ նորանկախ Վրաստանում նրա ղեկավարութեան շրջանը շաղկապուած է իմ սերնդակից ջաւախահայերի մանկութեան տարիների հետ, որոնք մեզ համար եղան խաւարի, ցրտի, քանդուած ճանապարհների, ամենաթողութեան, կաշառակերութեան ծաղկման, կանոնաւոր աշխատավարձերի բացակայութեան, ջաւախահայութեան ազգային շահերի դէմ ընդունուած բազմապիսի օրէնքների, քրէական տարրերի սանձարձակ գործունէութեան, պետական արժոյթի արժեզրկման դժուարին տարիներ. այդուհանդերձ` մեր մանկութեան քաղցր յիշողութիւնների, յոյզերի, յոյսերի ու երազանքների տարիներ: Կարճ ասած` Էտ. Շեւարտնածէն մասամբ մեր մանկութիւնն է, ուստի եւ որոշեցի հայրենի Ջաւախքի մասին ներկայացուելիք իրապատումների շարքը կոչել «Մեր մանկութեան Շեւարտնածէն»:
Ստորեւ ներկայացնում եմ այս խորագրի տակ զետեղուած պատումներից առաջինը:
***
Հարսանիք Եկեղեցում
Օրերս տեղի է ունենալու Ջաւախքի Լոմատուրցխ գիւղի եկեղեցու վերաօծման սուրբ արարողութիւնը: Գիւղի բարերարների կողմից վերանորոգուած հնամենի եկեղեցում կրկին կը թեւածի աղօթքն առ Աստուած` մարդկանց հոգիներում վերընձիւղելով մեր նախնեաց հաւատի 1700-ամեայ քրիստոնէական շունչն ու ոգին:
1920-ականներին եկեղեցին դադրեց աղօթատուն լինելուց. որոշակի ո՞ր թուականին դա տեղի ունեցաւ, քանի՞ տարի է անցել, չեմ ճշդել, եւ այս պահին նա էական էլ չէ: Եկեղեցու վերաօծման մասին լուրն իմ մէջ արթնացրեց մանկութեան տարիների անմոռաց պատկերներ, որոնք առնչւում են այս եկեղեցուն: Խորհրդային աստուածամերժութեան եւ յետխորհրդային խառնիճաղանճ տարիներին մեր գիւղական եկեղեցիները վերածուել էին բոլորովին այլ գործառոյթիւններ իրականացնող «հաստատութիւնների»: Բազմաթիւ գիւղական «ժամեր», ինչպէս, օրինակ, իմ հայրենի Ղադօ գիւղի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին, վերածուել էին հաւաքական տնտեսութեան դաշտերի համար նախատեսուած պարարտանիւթերի պահեստների: Իսկ ահա հարեւան Լոմատուրցխ գիւղի հասարակութիւնը որոշել էր եկեղեցին օգտագործել ոչ պակաս կենսական նշանակութիւն ունեցող մէկ այլ կարիք հոգալու համար: Սկզբնական շրջանում, որպէս պահեստ օգտագործելուց որոշ ժամանակ անց, եկեղեցին վերածեցին հարսանքատան:
Ունենալով բազմաթիւ բարեկամներ` առիթ եմ ունեցել մասնակցելու լոմատուրցխեցիների հարսանեկան արարողութիւններին, որոնցից անջնջելի տպաւորութիւններ են պահպանուել յիշողութեանս մէջ: Ի հարկէ, այդ արարողութիւնները ոչնչով չեն տարբերուել այլ գիւղերի նման միջոցառումներից, եթէ հաշուի չառնենք մի հանգամանք: Հարսնիքը տեղի էր ունենում եկեղեցում, բայց` ոչ այն իմաստով, որ ընկալելի է այսօրուան սերնդին: Խօսքը ոչ թէ եկեղեցում պսակադրութեան մասին է, այլ` խնճոյքի, որն ինքնին առանձնայատուկ էր:
Ահա աւանդական «մաղարը» (փեսայի ամուսնացած ընկերը – ՅՄ), որին միացած «մաղրւորներն» առաւօտեան գնում էին հարսի տուն, մի շարք պաշտօնական արարողութիւններից յետոյ երեկոյեան կողմ վերադառնում էին խնճոյքի վայր` եկեղեցու շէնք: Բնականաբար հարսի ու փեսայի պատուաւոր տեղը եկեղեցու բեմն էր` խորանը, որտեղից հոգեւորականները ժամանակին կատարում էին սպասաւորութեան կարգը: Այդ բարձրութիւնից նորապսակները կարծես հսկում էին ողջ հանդիսութիւնը: Եկեղեցու մի անկիւնում երաժշտախումբն էր, միւսում` խոհանոցը, որտեղից ողջ եկեղեցով մէկ տարածւում էին անուշահոտ կերակուրների բոյրը եւ գոլորշին: Տօնական սեղանները դասաւորուած էին եկեղեցու երկայնքով` բեմին ուղղահայեաց: Տպաւորիչ էր հարսանքաւորների պարը: Պարողները, իրար ձեռք բռնած, ձգուող շարքով անցնում էին սեղանների երկայնքով, հասնում խորանին, աստիճաններով բարձրանում, անցնում էին հարսի ու փեսայի առջեւով` ողջունելով նրանց, ապա միւս կողմի աստիճանով նոյնքան կանոնաւոր կերպով իջնում բեմից եւ վերադառնում պարահրապարակ:
Ինչպէս ընդունուած էր ողջ Ջաւախքում` Լոմատուրցխի հարսանքաւորներին եւս ողջունում էր պատին գրուած երկտողը. «Բարի գալուստ հիւրերին: Երջանկութիւն զոյգերին»: Տպաւորիչ էին նաեւ եկեղեցի-հարսանքատան պատերին փակցուած բազմաթիւ լուսանկարները` Մեծ հայրենականի մասնակիցների եւ տեսարանների պատկերներով:
Տարիներ են անցել: Հասարակարգի փոփոխմամբ արմատապէս փոխուեց նաեւ հոգեւոր-կրօնական հաստատութիւնների նկատմամբ մարդկանց վերաբերմունքը: Դատարկուեցին պահեստները, մաքրուեց խորհրդային հասարակարգի փոշին, Ջաւախքի շատ եկեղեցիներ վերանորօք տեսք ստացան, որոշներում կրկին հնչեց աղօթքը: Լոմատուրցխ գիւղը եւս յետ չմնաց այս ընթացքից, յետխորհրդային տարիներին գիւղի հարսանքատունը տեղափոխուեց նախկին կոլտնտեսական շէնքերից մէկը: Տասնամեակներ շարունակ աղօթքին փոխարինած հարսանեկան աշխուժ մթնոլորտը կրկին տեղի տուեց, որին փոխարինելու եկաւ ծանր ու խորհրդաւոր մի լռութիւն:
Օրեր անց, Լոմատուրցխ գիւղի բարերարների շնորհիւ վերանորոգուած եկեղեցում կրկին հնչելու է աղօթք, իսկ թէ ի՛նչ է տեղի ունեցել նախկինում` արդէն յիշողութիւն է, Լոմատուրցխ գիւղի եկեղեցու պատմութիւնը, որի գմբէթի ներքոյ մի ժամանակ երջանկանում էին նորապսակ զոյգերը, որտեղ ծնւում, շունչ եւ հոգի էին առնում գիւղի նորաստեղծ ընտանիքները:
Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց
Յարութիւն Մըսրլեան
4 մարտ 2018
«Հետք»
6 յունիս 2017




