Ամէն ոք կարող է վկայել, որ վերջին տասնամեակները, սկսեալ` 70-ականների կէսերից, հիմնական ալեբախումների, մրրկումների, տակնուվրայութիւնների կասկածելի եւ սպառնալից ծովը սուզեցին միջինարեւելեան (եւ ոչ միայն…) հայ համայնքների կենցաղային կայունութիւնն ու կայացած հանգրուանի հասած իրավիճակը եւ տեղաշարժերի կլանող երախը նետեցին համայնքներ ու հասարակութիւններ` քայքայելով հաւաքական, ընտանեկան եւ անձնական բազմաթիւ կեանքեր…
* * *
Նորիկ Անջելլոն ծնուել է 1958 թ. մարտի 4-ին, ժամանակի հայաշատ ու բեղուն մշակութային կեանքով ապրող Ապատան քաղաքում: Հետագայում, ընտանիքի հետ Թեհրան փոխադրուելով, բնակւում են Սասուն քաղաքամասում, եւ Նորիկը իր տարրական կրթութիւնն ու ուսումը ստանում է «Թունեան» Ազգային դպրոցում` իսկ միջնակարգի տարիներին սովորում է «Հորմոզ-Արաշ» պետական դպրոցում` ստանալով աւարտական վկայագիր: Պատանի հասակը լրացնելուց անմիջապէս յետոյ անդամագրւում է իր դաւանած կուսակցութեան եւ մինչեւ կեանքի վերջին պահը հաւատարիմ մնում ՀՅԴ-ի վեհ գաղափարներին:
Նորիկը խառնուածքով ուրախ էր, աշխուժ ու գործունեայ, բայց մանաւանդ հաւատարիմ` ընկերների նկատմամբ, այդ բերումով էլ սիրուած էր բոլորի կողմից: Մնայուն տեղ մնալն ու կղզիանալը խորթ էին իր բնաւորութեան ու կեցուածքին: Լայն հորիզոններ էր փնտռում` առաւել թրծուելու, խորանալու… Գաղափարին ու ընկերներին օգտակար լինելու հեռանկարով:
Լիբանանեան պատերազմի տաք օրերն էին, որով լաւագոյն առիթը ներկայացաւ նետուելու այնտեղ եւ աշխատելու Պէյրութում: Լիբանանեան նրա ընկերների վկայութեամբ, տարիներ աշխատում է լուռ ու անձայն, այնտեղ էլ բաժանում գաղափարակիցների լաւ ու դժուար օրերը… միաժամանակ հետեւում կրթութեանը` ուսանելով հայագիտութիւն: Սիրւում է բոլորի կողմից, մի առ ժամանակ դառնում «Նշան Փալանճեան» ճեմարանի աշակերտների «պաշտած» տեսուչը` բարի ու խնդումերես, իր յաղթանդամ ու հսկայ մարմնով մաս կազմում ՀՄԸՄ-ի տղաների պասքեթպոլի խմբին` որպէս «բանալի» անդամներից մէկը:
Լիբանանի կացութիւնը հետզհետէ վատթարանում է եւ պայմանների բերումով, 1984-ին Նորիկը հաստատւում է Փարիզում, որտեղ կրկին ունենում է ընկեր-ընկերուհիների լաւ շրջանակ` իր ղեկավարած ճաշարան-ակումբների ջերմ միջավայրում: Ֆրանսայում աւելի քան եօթ տարի աշխատելուց յետոյ Նորիկն անցնում է Արժանթին, հաստատւում Պուէնոս Այրեսում: Արդէն իտալերէն իմանալով, Փարիզի մէջ ֆրանսերէն սովորելով` հեշտութեամբ իւրացրեց սպաներէնը:
Ցաւօք, 1996 թ.-ի դեկտեմբերին Նորիկը զոհ է դառնում զազրելի մի ոճրի` իր տան շրջափակում. գիշերով սպաննւում երկու աւազակների կողմից, որ նրա ու իր երիտասարդ կնոջ առանձնատունն էին թափանցել` կողոպտելու նենգ նպատակով:
Սոյն նիւթի այս բաժինը պիտի ամփոփենք Ֆրանսայի «Կամք» հանդէսի 16-17.12.1996 թ. Լ. Մ.-ի հետեւեալ տողերի պատառիկներով.-
«Սիրելի՛ ընկ. Նորիկ… Երթաս բարով, վստահ եղիր, որ քո յիշատակը վառ պիտի մնայ ընկերներուդ մօտ: Եւ օր մը եթէ բախտը ունենանք Արամիկդ տեսնելու, պիտի պատմենք` մաքուր, զոհաբերող ու նուիրուած դաշնակցական Նորիկի մասին, իր հօր մասին…»:
* * *
Սոյն թուականի` 2017-ի սկզբին յիշեցինք Ն. Անջելոյին եղերական մահուան 20-ամեակի առիթով, որոշ տուեալների ձեռքբերմամբ որոշեցինք «Ալիք»-ի էջերին յանձնել յիշատակի այս արտայայտութիւնները եւ ասել` խաղաղութիւն քո հայրենակարօտ հոգուն, հեռացա՜ծ հարազատ…
Ընկերդ`
Ք. Վ. Ս.
Թեհրան



