Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայոց Ցեղասպանութեան Իրողութիւնը Երիտթուրքերի Դատական Վաւերագրերում (1919-1921) (Բ. Մաս)

September 24, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

«ԱԿՈՒՆՔ»

Մելինէ Անումեան
Մելինէ Անումեան

Սոյն թուականի օգոստոսի 11-17 Թուրքիայի Քոճայլի նահանգի Դերբենթ գաւառում Եւրոպական Միութեան ֆինանսաւորմամբ` «Աջակցութիւն Հայաստան-Թուրքիա կարգաւորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հելսինքեան քաղաքացիական համաժողովի կողմից կազմակերպուեց «Եաւաշ-Կամաց» ամառնային դպրոցը, որին մասնակցեցին շուրջ 20 ուսանողներ եւ ուսուցիչներ Հայաստանից եւ նոյնքան էլ` Թուրքիայից: Օգոստոսի 15-ին, ամառնային դպրոցի ծրագրի համաձայն, «Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը երիտթուրքերի դատական վաւերագրերում (1919-1921)» վերնագրով դասախօսութեամբ հանդէս եկաւ Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի թուրքերէն բաժնի պատասխանատու, պատմական գիտութիւնների թեկնածու Մելինէ Անումեանը, որի զեկուցումի երկրորդ եւ վերջին մասը ներկայացնում ենք ստորեւ:

1919 թ. ապրիլի 10-ին Եոզղատի հայերի տեղահանութեան եւ կոտորածների դատավճռով կախաղան բարձրացուած Պողազլըեանի գաւառապետ Մեհմեթ Քեմալի մահապատժից յետոյ զանգուածային ցոյցեր են կազմակերպուել Պոլսում: Քաղաքում անգամ լուրեր էին տարածուել, թէ այն կալանատունը, որում արգելափակուած էին բարձրաստիճան պաշտօններ զբաղեցրած մեղադրեալները, այսինքն` Պեքիրաղա Պէօլեուղու կոչուած բանտը, զինուած յարձակման էր ենթարկուելու ճիշդ այնպէս, ինչպէս Պասթիլը` ֆրանսական յեղափոխութեան ժամանակին: 1919 թ. մայիսին այս բանտում արդէն կալանաւորուած էին առնուազն 250 հոգի:

1919 թ. մայիսի 23-ին Պոլսում տեղի է ունենում դատավարութեան դէմ ուղղուած ամենազանգուածային ցոյցը, որին, ըստ որոշ տուեալների, մասնակցում են 200 հազար հոգի. նրանց մեծ մասը իթթիհատական էր: Այս ցոյցերը վկայում էին, որ երիտթուրքերը դեռ շարունակում էին մեծ ուժ ներկայացնել երկրում: Վարչապետ Տամատ Ֆերիտի կառավարութիւնը լարուածութիւնը մեղմելու նպատակով ազատ է արձակում վերոյիշեալ կալանավայրում արգելափակուած 41 բանտարկեալների, ովքեր կասկածւում էին յատկապէս հայերի կոտորածների հետ առնչութիւն ունենալու մէջ: Տամատ Ֆերիտը նաեւ որոշում է ժամանակաւորապէս դադարեցնել կուսակցութեան անդամների դատաքննութիւնը:

Այս բոլոր իրադարձութիւնների ազդեցութեան տակ Մեծն Բրիտանիայի գերագոյն կոմիսարի տեղակալ, ծովակալ Ուէպը որոշում է Պեքիրաղա Պէօլեուղիւ բանտում արգելափակուած միւս կալանաւորներին տեղափոխել աւելի ապահով մի վայր, քանի որ Մեծն Բրիտանիան սկսել էր չվստահել թուրքական դատարաններին, բացի այդ` մտադիր էր սեփական դատարանի միջոցով դատապարտել պատերազմական յանցագործներին: Ծովակալ Ուէպը շատ շտապ պատրաստում է ամենավտանգաւոր յանցագործների ցուցակը: 1919 թ. մայիսի 28-ին անգլիացիները 67 բանտարկեալի բանտից նաւով տեղափոխում են Մալթա կղզի: Վերջին պահին զօրավար Միլնը նաւ է նստեցնում եւս 11 յանցագործի: Թէեւ Մեծն Բրիտանիան սկզբում, իրօք, մտադրուած է եղել դատապարտել Մալթա աքսորուած պատերազմական յանցագործներին, այդ թւում նաեւ` Հայոց ցեղասպանութեան պատասխանատուներին, սակայն հետագայում նրա վճռականութիւնը հետզհետէ թուլացել է, եւ Անգլիան Հայոց ցեղասպանութիւնն իրականացրած ոճրագործներին ի վերջոյ փոխանակել է անգլիացի ռազմագերիների հետ: Մալթա աքսորեալները վերադարձել են Թուրքիա, մասնակցել ազգայնական պայքարին եւ հանրապետութեան հռչակումից յետոյ զբաղեցրել կարեւոր քաղաքական պաշտօններ: Այսպիսով` Հայոց ցեղասպանութեան պատասխանատուները դարձել են Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր քատրերը:

Ռազմական արտակարգ ատեանը գլխաւոր դատավարութիւնը վերսկսում է 1919 թ. յունիսի 3-ին: Նիստում թէեւ ընթերցում են նաեւ Մալթա աքսորուած մեղադրեալների անունները, սակայն Պոլսի պարետ Սէյիտ փաշայի կողմից տուեալ ամբաստանեալներին անգլիացիներին յանձնելու մասին տեղեկագրի ընթերցումից յետոյ նրանց գործերն առանձնացւում են: Այդպիսով` գլխաւոր դատավարութեան երկրորդ փուլում կամ կառավարութեան անդամների դատաքննութեան ժամանակ ներկայ կարգով քննւում են շէյխ-ուլ-իսլամ Մուսա Քեազիմի, փոստի եւ հեռագրատան նախարար Հիւսէյն Հաշիմի ու ծերակոյտի նախագահ Ռիֆաթի գործերը: Այս դատավարութեան ժամանակ հեռակայ կարգով շարունակում են դատուել վարչապետ Թալէաթ փաշան, ռազմական նախարար Էնվէր փաշան, ռազմածովային նախարար Ճեմալ փաշան ու հանրային կրթութեան նախարար դոկտոր Նազըմը: Դատախազի տեղակալ Ֆերիտուն պէյը ներկայացնում է 1919 թ. մայիսի 22-ին կազմուած մեղադրական գիրը, որի սկզբում անդրադարձ է կատարւում կուսակցութեան թոյլ տուած օրինախախտումներին եւ չարաշահումներին: Ամբաստանագրի համաձայն` տարագրուած հայերի քարաւանները ենթարկուել են յատուկ կազմաւորուած հրոսախմբերի յարձակումներին, ովքեր բնաջնջել են նրանց ու կողոպտել նրանց պատկանող ունեցուածքը: Մեղադրականում ընդգծւում է նաեւ, որ կառավարութիւնը պաշտօնազրկել է այն բոլոր նահանգապետերին ու գաւառապետերին, ովքեր հրաժարուել են իրականացնել տեղահանութիւններն ու կոտորածները: Այս ամբաստանագրում եւս ընդգծւում է, որ հայերի կոտորածները նախապէս ծրագրուել եւ իրագործուել են կուսակցութեան վերոնշեալ գաղտնի խմբաւորման անդամների կողմից: Մեղադրականում նշւում է նաեւ, որ այդ գաղտնի խմբաւորման առաջնորդներն են եղել կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամներ դոկտոր Պէհաէտտին Շաքիրը, դոկտոր Նազըմը, ինչպէս նաեւ` Ռըզա եւ Աթիֆ պէյերը, իսկ կոմիտէի հիմնական ծրագրերն իրագործուել են վարչապետ Թալէաթի, ինչպէս նաեւ` ռազմական նախարար Էնվէրի ու ռազմածովային նախարար Ճեմալի կողմից:

Գլխաւոր դատավարութեան երկրորդ փուլի նիստերի ընթացքում մեղադրեալների հարցաքննութիւնը հիմնականում կատարւում է պատերազմի ժամանակ Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան ունեցած գործունէութեան, պատերազմին մասնակցութիւն ցուցաբերելու նախաձեռնութեան ու տեղի ունեցած չարաշահումների ուղղութեամբ: Այդպիսով` 1919 թ. յուլիսի 5-ին կայացուած դատավճռով Թալէաթը, Էնվերը, Ճեմալը եւ դոկտոր Նազըմը դատապարտւում են մահուան, Ճաւիտը, Մուսթաֆա Շերեֆը եւ Շէյխ-ուլ-իսլամ Մուսա Քեազիմը` 15 տարուայ աքսորի, իսկ Ռըֆաթ ու Հաշիմ պէյերն արդարացւում են: Հարկ է արձանագրել, որ ընդհանրապէս հայերի տեղահանութեան ու կոտորածների մեղադրանքով իրականացուած դատաքննութիւնների արդիւնքում Ռազմական արտակարգ ատեանների դատական կազմերը մահուան դատավճիռներ արձակելիս աւելի «շռայլ» են գտնուել փախուստի մէջ գտնուող դատապարտեալների հանդէպ: Հայերի տեղահանութեան եւ կոտորածների մեղադրանքով յարուցուած մօտ 63 դատական գործերի արդիւնքում կայացուել է ընդհանուր թուով 20 մահապատժի դատավճիռ:

Յատկանշական է, որ այդ մահապատիժներից միայն 3-ն են ի կատար ածուել, իսկ մնացած 17-ն ընդունուել են հեռակայ կարգով, քանի որ դատապարտեալները գտնուել են փախուստի մէջ: Մահապատժի ենթարկուած դատապարտեալները հետեւեալ անձինք են` Պողազլըեանի գաւառապետ Մեհմեթ Քեմալը, Երզնկայի ոստիկանութեան հրամանատար Հաֆըզ Ապտուլլահ Աւնին եւ Բաբերդի կառավարիչ, հետագայում` Ուրֆայի գաւառապետ Պեհրամզատէ Նուսրեթը: Ռազմական ատեանները խուսափել են մահուան դատապարտել դատարանում ներկայ մեղադրեալներին, քանի որ հէնց առաջին` Եոզղատի դատաքննութեան արդիւնքում կախաղան բարձրացուած Պողազլըեանի գաւառապետ Մեհմեթ Քեմալի մահապատիժը խիստ վրդովմունքի տեղիք է տուել թուրք հասարակութեան մէջ:

Սուլթանական կառավարութիւնն այդպէս էլ ոչ մի քայլ չի ձեռնարկել` հեռակայ կարգով մահուան դատապարտուածներին գտնելու եւ վերջիններիս մահապատիժներն ի կատար ածելու ուղղութեամբ: Գլխաւոր դատավարութեան արդիւնքում մահապատժի դատապարտուածների շարքում Թալէաթը 1921 թ. մարտի 15-ին Պերլինում սպաննւում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի կողմից, Էնվերը` 1922 թ. օգոստոսի 4-ին Միջին Ասիայում Կարմիր բանակի զօրամասերից մէկի հետ ընդհարման ժամանակ, Ճեմալը` վրիժառուներ Պետրոս Տէր Պօղոսեանի եւ Արտաշէս Գէորգեանի կողմից 1922 թ. յուլիսի 25-ին Թիֆլիսում, վարչապետ Սայիտ Հալիմը սպաննւում է Հռոմում 1921 թ. Արշաւիր Շիրակեանի կողմից, նոյն Շիրակեանը 1922 թ. ապրիլի 17-ին Պերլինում սպաննում է Ճեմալ Ազմիին ու Պէհաէտտին Շաքիրին, իսկ դոկտոր Նազըմը 1926 թ. Անգարայում կախաղան է բարձրացւում Մուսթաֆա Քեմալի դէմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով:

Հայոց ցեղասպանութեան իրականացման գործում առանցքային դեր են կատարել նաեւ Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան շրջանային պատասխանատու քարտուղարները, որոնք մասնաւորապէս տեղում կազմակերպել եւ վերահսկել են Օսմանեան կայսրութեան տարբեր շրջանների հայութեան տեղահանումն ու կոտորածները: Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան շրջանային պատասխանատու քարտուղարների դատաքննութիւնը Պոլսի ռազմական դատարանում սկսուել է 1919 թ. յունիսի 21-ին ու տեւել մօտ 7 ամիս, քանի որ 1919 թ. յունիսի 28-ի նիստից յետոյ Ռազմական արտակարգ ատեանում կատարուած փոփոխութիւնների պատճառով դատաքննութիւնն ընդմիջուել է մինչեւ 1919 թ. հոկտեմբերի 6-ը: Դատավարութեան սկզբում մեղադրեալները եղել են 7 հոգի: Հետագայ նիստերում ամբաստանեալների թիւը հասել է 12-ի, եւ դատավճիռ է կայացուել 12 մեղադրեալների վերաբերեալ: Կուսակցութեան պատասխանատու քարտուղարների վերաբերեալ կայացուած դատավճռի համաձայն` ամբաստանեալներից Քաստամոնուի պատասխանատու քարտուղար Հասան Ֆեհմին մահմետական բնակչութեանը շարունակաբար հայերի դէմ հրահրելու, սեփական նախաձեռնութեամբ նահանգապետին պաշտօնազրկելու, հայերի գոյքը իւրացնելու, իր կողմից նշանակուած նոր նահանգապետ Աթիֆի հետ հայերի տեղահանութիւնն իրականացնելու համար դատապարտւում է 10 տարուայ տաժանակիր աքսորի:

Ըստ դատավճռի, չնայած Բալուի հայութեան թիւը քիչ է եղել, եւ նրանք, ըստ օրէնքի, պէտք չէ ենթարկուէին տեղահանութեան, սակայն մեղադրեալներից Բալուի նախկին պատասխանատու քարտուղար Միտհաթը հրահրել է տեղի բնակիչներին, որպէսզի վերջիններս ցոյց անեն` ասելով` «Չենք ուզում հայերին»: Ապա վերոյիշեալ ամբաստանեալը պաշտօնից հեռացնել է տուել Բալուի գաւառապետի տեղակալ Ալի Հիլմի պէյին, քանի որ վերջինս ընդդիմացել է տեղահանութեանը: Դատարանն այս յանցագործութիւնների համար Բալուի պատասխանատու քարտուղար Միտհաթին նոյնպէս դատապարտում է 10 տարուան տաժանակիր աքսորի: Ամբաստանեալներից Էտիրնէի պատուիրակ Ապտիւլ Կանին, դատավճռի համաձայն, մեծ ազդեցութիւն է գործել տեղահանութեան գործի վրայ, զինուած հրոսակախմբերի հետ շրջել ամէնուր, բռնագրաւել հայերի դրամը, դիզել մեծ հարստութիւն: Դատավճռում նշւում է նաեւ, որ

թէեւ վերոյիշեալ մեղադրեալը ցուցմունք է տուել առ այն, թէ իբր տեղահանութիւնն Էտիրնէում կատարուել է ընդամէնը մէկ գիշերուայ ընթացքում, եւ հայերի միայն մէկ քարաւան է աքսորուել, սակայն դատարանը հարցում է արել Էտիրնէ ու պատասխան ստացել, որ հայերի տարագրութիւնն այստեղ իրականացուել է երեք քարաւաններով, որոնք ուղարկուել են Տէր Զօր: Քանի որ Ապտիւլ Կանիի դէմ նոյն մեղադրանքով դատական գործ էր յարուցուել նաեւ Էտիրնէի տեղահանութեան դատական գործի շրջանակներում, դատարանը որոշում է նրա դատավճիռն ըստ այդմ կայացնել: Պատասխանատու քարտուղարների վերաբերեալ դատավճռով մեղադրեալներից Մանիսայի պատասխանատու քարտուղար Աւնի պէյը որոշ անձանց անօրէն կերպով բանտարկել տալու համար դատապարտւում է 9 ամսուայ ազատազրկման: Մնացած ամբաստանեալներին դատարանն ազատ է արձակում:

Հայերի կոտորածների կազմակերպիչների պատասխանատուութեան խնդիրը Պոլսի ռազմական արտակարգ ատեանների կողմից քննուել է նաեւ ըստ Օսմանեան կայսրութեան տարբեր շրջանների: Գլխաւոր դատավարութիւնները ներառեալ` կարելի է արձանագրել շուրջ 63 առանձին դատական գործերի դէպքեր, որոնք բոլորն էլ յարուցուել էին հայերի տեղահանման ու կոտորածների մեղադրանքով: Օսմանեան կայսրութեան տարբեր շրջաններում հայերի տեղահանութեան եւ կոտորածների մեղադրանքով կայացած վերոնշեալ դատավարութիւնների մէջ առաւելապէս կարեւորւում են առաջինը տեղի ունեցած Եոզղատի եւ Տրապիզոնի դատական գործերը, քանի որ այս դատաքննութիւնների ընթացքում ամենաշատ վկայութիւններն ու ապացոյցներն են բերուել կառավարութիւնից հրահանգներ ստացած տեղական իշխանութիւնների կողմից հայերի տեղահանման ու ոչնչացման համակարգման ու վերահսկման վերաբերեալ: Բացի այդ` տուեալ դատավարութիւնների ժամանակ հանդէս եկած վկաները հիմնականում եղել են թուրքեր եւ այլ ազգութիւնների պատկանող մահմետականներ, եւ ոչ թէ` «միայն հայեր», ինչպէս փորձում են ներկայացնել թուրք պատմաբան ու դիւանագէտ Պիլալ Շիմշիրը եւ թուրքական պաշտօնական պատմագրութեան ներկայացուցիչ Ֆերուտուն Աթան: Աւելի՛ն. Տրապիզոնի դատավարութեան ընթացքում մեղադրեալների դէմ վկայութիւններ են տուել բարձրաստիճան այնպիսի պաշտօնեաներ, ինչպիսիք են` Վանի նախկին նահանգապետ Նազըմը, Էրզրումի նախկին նահանգապետ Թահսինը, ռազմածովային նախարար Աւնին, դատական քննիչ Քենանը, Տրապիզոնի եւ Լազըստանի զօրքերի սպայակոյտի պետ, գնդապետ Մուհթարը, տեղակալ Ահմեթը եւ շատ ուրիշներ:

Դատավարութիւնների ընթացքում երկրում փոխուել է նաեւ քաղաքական մթնոլորտը: Արդէն հիմնականում ազգայնականներով ներկայացուած վերջին օսմանեան խորհրդարանի պատգամաւորները 1920 թ. փետրուարի 20-ին հանդէս են եկել Տամատ Ֆերիտ փաշայի դէմ դատական գործ յարուցելու առաջարկով, քանի որ վերջինս բաւականին հետեւողական էր հայերի կոտորածների պատասխանատուներին բացայայտելու առումով: Քեմալականների ճնշումների պատճառով Տամատ Ֆերիտը 1920 թ. հոկտեմբերի 17-ին ստիպուած հրաժարական է տուել: Նրան փոխարինել է քեմալականների հանդէպ բարեացակամ տրամադրուած Թեւֆիք փաշան: Վերջինիս պաշտօնավարման ընթացքում 1920 թ. նոյեմբերի 8-ին ձերբակալուել են Բաբերդի դատավճիռն արձակած դատաւորները: Հարկ է նշել, որ մինչ այդ էլ Ռազմական արտակարգ ատեանի դատաւորները, դատախազները եւ դատարանում որպէս վկայ հանդէս եկած անձինք ահաբեկումների էին ենթարկւում երիտթուրքերի կողմից, որոնց մեծ մասը դեռ շարունակում էր պաշտօններ զբաղեցնել Ռազմական, Ներքին եւ Արդարադատութեան նախարարութիւններում, սակայն դատաւորների ձերբակալման դէպքն աննախադէպ էր: Նրանց դէմ քրէական գործ է յարուցուել` Պեհրամզատէ Նուսրեթին մահուան դատապարտելու կապակցութեամբ:

1921 թ. փետրուարի 2-ին դատաւոր Նեմրութ Մուսթաֆա փաշան դատապարտուել է 7, դատարանի անդամներից Ռեճեփ փաշան եւ Ռեճեփ պէյը` 5-ական, իսկ Ֆեթթահ պէյը` 3 ամիս ազատազրկման: Իսկ հայերի բնաջնջման համար մահապատժի ենթարկուած ընդամէնը 3 ոճրագործներից 2-ը` Մեհմեթ Քեմալը եւ Պեհրամզատէ Նուսրեթը, հերոսացուել են քեմալականների կողմից: Այսպէս` Պեհրամզատէ Նուսրեթի մահապատժի օրը` 1920 թ. օգոստոսի 5-ին, Անգարայի «մեճլիս»-ը, ի նշան յարգանքի, 10 րոպէով դադարեցրել է իր աշխատանքը: Դարձեալ Անգարայի «մեճլիս»-ի 1920 թ. դեկտեմբերի 9-ին ընդունած որոշման համաձայն,  թոշակ է տրամադրուել Քեմալի ընտանիքին, նոյն տարուայ դեկտեմբերի 25-ին որոշում է կայացուել Պեհրամզատէ Նուսրեթի ընտանիքին թոշակ նշանակելու մասին:

Այսպիսով, երիտթուրքերի դատավարութիւնների փաստաթղթերը պարունակում են Հայոց ցեղասպանութեան փաստը հաւաստող անհերքելի ապացոյցներ, հաստատում հայերի կոտորածների կանխամտածուած բնոյթը: Այս դատական վաւերագրերը յատկապէս բացառիկ արժէք են ձեռք բերում, երբ ի նկատի ենք առնում, որ դրանցից իւրաքանչիւրն ուսումնասիրուել է Օսմանեան կայսրութեան արդարադատութեան եւ ներքին գործերի նախարարութիւններին ենթակայ իրաւասու պաշտօնեաների կողմից, որոնք հաստատել են դրանց վաւերականութիւնը:

Թէեւ դատավարութիւնները կայացել են Օսմանեան կայսրութեան օրէնքների հիման վրայ, սակայն դրանք նպաստել են նաեւ միջազգային իրաւունքին առնչուող կարեւոր չափանիշների ձեւաւորմանը, քանզի թուրքական կառավարութեան ներկայացուցիչներն Ա. Համաշխարհային պատերազմից անմիջապէս յետոյ որդեգրել էին պատերազմի ժամանակ հայերի դէմ կատարուած գործողութիւնները դատապարտող կեցուածք եւ կիրառել «մարդկայնութեան դէմ յանցագործութիւն» արտայայտութիւնը:

Թուրք մասնակիցներից մէկի այն հարցին ի պատասխան, թէ` «Եթէ Թուրքիան ընդունել է Հայոց ցեղասպանութեան փաստը, ինչո՞ւ էք ներողութիւն ակնկալում», բանախօսը նշեց.

«Թուրքիան ընդունել է Հայոց ցեղասպանութեան փաստը, սակայն ներողութիւն չի խնդրել դրա համար եւ ըստ արժանւոյն չի դատապարտել Հայոց ցեղասպանութեան պատասխանատուներին: Ես այստեղ կը մէջբերեմ 1918 թ. վերջերին Օսմանեան կայսրութեան ներքին գործերի նախարարը եղած Ճեմալի արտայայտած այն միտքը, թէ` «Կառավարութիւնն ու ժողովուրդը պատասխանատու կը դառնան միայն այն դէպքում, եթէ չդատապարտուեն տեղահանութեան եւ կոտորածների հեղինակները»: Քանի որ Հայոց ցեղասպանութեան պատասխանատուների մեծ մասն այդպէս էլ մնաց անպատիժ, իսկ սահմանափակ թուով յանցագործների դատապարտումն էլ առաւելապէս ձեւական բնոյթ կրեց, ապա կարելի է արձանագրել, որ սոյն դատավարութիւնները կազմակերպած օսմանեան կառավարութիւնները եւ թուրք ազգը եւս չեն ազատուել այդ պատասխանատուութիւնից»:

(Շար. 2 եւ վերջ)

 

Նախորդը

«Հայաստան-Սփիւռք» Համահայկական 5-րդ Համաժողովի Ընդունած Յայտարարութիւնը

Յաջորդը

«Խաչիդ Զօրութեան Մեռնիմ»…

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.