«ԱՆԿԱԽ»
Տիգրանակերտի կալանավայրում բանտարկուած քիւրտ քաղաքական գործիչ Հաթիփ Տիճլէն զրոյց է ունեցել «Ժազիրա»-ի լրագրողի հետ, որի ժամանակ անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանութեանը:
Տիճլէն նշել է, որ այս հարցի լուծումը չի տեսնում միայն թուրքերի եւ քրտերի առերեսման մէջ: «Ինչպէս բոլոր ժողովուրդները, այնպէս էլ քրտերը իրենց պատմութեան մէջ ունեն սեւ էջեր, որոնց պէտք է առերեսուեն: Մենք` քիւրտ քաղաքական գործիչներս ու մտաւորականներս, չխուսափենք դրանց առերեսուելուց, նոյնիսկ` դատապարտուելուց: Մեր աւագներից լսել ենք, որ 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան ժամանակ որոշ քրտեր պետութեան հետ դեր են խաղացել կոտորածներում եւ իւրացրել հեռացած հայերի ունեցուածքը: Աւելի մեծ սիրով գրկել ենք մեզնից ոմանց մօրն ու տատին, որոնք այն ժամանակ փախցուած հայ կանայք են եղել: Նրանց սուգը մեր սուգն էլ է», ասել է Տիճլէն:
