
Լիբանանի ֆութպոլի Գ. դասակարգի ախոյեանութեան 3-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը արձանագրեց իր երրորդ յաջորդական յաղթանակը` Պուրճ Համուտի Քաղաքապետարանի դաշտին վրայ, 3-1 արդիւնքով պարտութեան մատնելով իր հիւրը` Ամալ Թրիփոլին:
Թէեւ Ա. կիսախաղը աւարտեցաւ 0-0 արդիւնքով, սակայն 50-րդ վայրկեանին Յակոբ Գուճանեան բացաւ մրցումին հաշիւը:
Այդ կոլէն 5 վայրկեան ետք, Քրիսթիան Թէյմուրեան նշանակեց երկրորդ կոլը: Սակայն 60-րդ վայրկեանին Ամալ Թրիփոլի արդիւնքը կրճատեց 2-1-ի, երբ փենալթիով նշանակեց իր կոլը:
Մրցումին կորսուած վայրկեաններուն (91-րդ), նոյնինքն Թէյմուրեան նշանակեց իր 2-րդ եւ ՀՄԸՄ-ի 3-րդ կոլը:
Այսպիսով, ՀՄԸՄ-ի ներկայացուցչական խումբը ապահովեց տարեշրջանի իր երրորդ յաղթանակը եւ առաւելագոյն 9 կէտը:
Կիրակի օրուան այս մրցումին Պուրճ Համուտի Քաղաքապետարանի դաշտը լեցուած էր ՀՄԸՄ-ի 500-600 համակիրներով, որոնք ՀՄԸՄ-ի շեփորախումբին ընկերակցութեամբ եկած էին քաջալերելու իրենց կազմը:
Իրականութեան մէջ Ա. դասակարգի ախոյեանութեան մրցումներէն շատեր թիւով այսքան շատ համակիրներու ներկայութիւն չեն ունենար:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, այժմ ՀՄԸՄ կը գրաւէ Բ. խմբակին երկրորդ դիրքը` իր ունեցած կոլէվըրէյճին տարբերութեամբ ետ մնալով ՀՄՄ-էն, որ 7-3 արդիւնքով յաղթեց Հարեֆ Ըրտէ Խէյրիի:
Այս խմբակին երրորդ եւ վերջին մրցումին Շապապ Արապի յաղթեց Շեքքայի (5-1):
Ստորեւ` Բ. խմբակին դասաւորումը.
| ՄՐՑ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- ՀՄՄ | 3 | 3 | 0 | 0 | 13 | 5 | 9 |
| 2.- ՀՄԸՄ | 3 | 3 | 0 | 0 | 7 | 3 | 9 |
| 3.- Հարեֆ Ըրտէ Խէյրի | 3 | 2 | 0 | 1 | 5 | 7 | 6 |
| 4.- Շապապ Արապի | 3 | 1 | 0 | 2 | 6 | 4 | 3 |
| 5.- Շեքքա | 3 | 0 | 0 | 3 | 3 | 9 | 0 |
| 6.- Ամալ Թրիփոլի | 3 | 0 | 0 | 3 | 2 | 8 | 0 |


