Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պոլսի Շեհիր Համալսարանում. «Դուք Եղբայրներ Էք, Բայց Ազրպէյճանը Թուրքիա Չէ»

November 18, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Tatul-HagopianՀոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը ես անցկացրի Թուրքիայում: Ինչպէս գրել եմ աւելի վաղ, նոյեմբերի 5-ին Պոլսի Կալաթասարայի նշանաւոր «Ճեզէյիր» կենտրոնում թուրքերէնով ներկայացրեցի իմ «Արցախեան օրագիր. կանաչ ու սեւ» եւ անգլերէնով` «Հայերը եւ թուրքերը» (Armenians and Turks) հատորները: Իմ համար այս չափազանց կարեւոր միջոցառումը համատեղ ուժերով կազմակերպել էին «Անատոլու քիւլթիւր» կենտրոնի ղեկավար Օսման Քաւալան եւ Պոլսի «Ժամանակ» օրաթերթի խմբագրապետ Արա Գոչունեանը: Քաւալան նաեւ ինձ առաջարկեց «Հայ-թուրքական յարաբերութիւնները եւ կովկասեան հակամարտութիւնները» թեմայով դասախօսութեամբ  ելոյթ ունենալ Պոլսի ասիական մասում գտնուող Շեհիր համալսարանում: Այդ պատճառով ծրագրուածից երկու օր աւելի մնացի Պոլսում:

Արցախեան հակամարտութեան մասին թուրք ուսանողը, մտաւորականը կամ շարքային քաղաքացին հիմնականում տեղեկանում են ազրպէյճանական եւ թուրքական լրատուամիջոցներից: Հետեւաբար նրանց ստացած տեղեկատուութիւնը միակողմանի է: Հաշուի առնելով այդ իրականութիւնը՝ ես սիրայօժար կերպով համաձայնուեցի ելոյթ ունենալ թուրքական մի համալսարանում, որի հիմնադրումը կապւում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուի անուան հետ:

Ներկայացնեմ անգլերէնով ելոյթս` հայերէնի վերածած, որոշ կրճատումներով:

«1993-ի ապրիլի 20-ին նախագահ Թուրկութ Էօզալի յուղարկաւորութեան արարողութեանը մասնակցելու նպատակով Անգարայում գտնուող հայկական պատուիրակութեանը, որը գլխաւորում էր Լեւոն Տէր Պետրոսեանը, ընդունում է վարչապետ Սուլէյման Տեմիրելը: Տեմիրելը գզրոցից հանում է մի քարտէզ, դնում Տէր Պետրոսեանի առաջ եւ թուրքերէնով ասում. «Սա Հայաստանն է, հայկական հող է, հարց չունենք, դուք մեր հարեւանն էք: Սա Ղարաբաղն է, հայկական հող չէ, բայց այնտեղ հայեր են ապրում: Մտահոգութիւններ ունէիք, վերցրեցիք Ղարաբաղը, դա էլ հասկացանք: Սա Լաչինն է, սա էլ ձեր հողը չէ, ոչ էլ այնտեղ հայեր էին ապրում, վերցրեցիք եւ ասացիք` անվտանգութեան նպատակներով է, դա էլ հասկացանք: Բայց Քելբաջարի հետ ի՞նչ գործ ունէք»:

Այսպիսով, երբ հայկական ուժերը մտան Քելբաջար, Թուրքիան յաջորդ իսկ օրը փակեց Հայաստանի հետ սահմանը: Երբ խօսում ենք թուրք-հայկական շուրջ 300 քիլոմեթր  երկարութեամբ սահմանի շրջափակման մասին, նկատի ունենք երկու սահմանադռները. Ալիճան-Մարգարան՝ Երեւանից մի քանի տասնեակ քմ հեռաւորութեան վրայ եւ Տողուքափը-Ախուրեանը` Գիւմրիի մօտ:

Քելբաջարից յետոյ Անգարան թուրք-հայկական յարաբերութիւնները կապեց եւ մինչեւ օրս շարունակում է կապել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հետ, մի այնպիսի կարգաւորում կամ ներկայ սթաթիւս-քուոյի փոփոխութիւն, որը կը բաւարարէր Ազրպէյճանի նուազագոյն պահանջներն ու ցանկութիւնները: Նախքան Քելբաջարն էլ Թուրքիան ունէր ընդգծուած ազրպէյճանամէտ դիրքորոշում, սակայն ձեռնպահ էր մնում Հայաստանը շրջափակման տակ պահելու ոչ բարեկամական քայլից:

Հայ դիւանագէտները, ովքեր բանակցել են թուրքերի հետ, դժուարանում են պնդել, որ Թուրքիան Հայաստանի հետ կը հաստատէր դիւանագիտական յարաբերութիւններ, եթէ հայկական ուժերի ռազմական յաջողութիւնները սահմանափակուէին Լաչինով: Թուրքերի հետ շփումներ ունեցող հայ դիւանագէտներից ոմանք հակուած են կարծելու, որ թուրքերի համար առաջնայինը ոչ այնքան Ղարաբաղի հարցն է, որքան՝ Թուրքիա-Հայաստան այսօրուայ սահմանների ամրագրումը, այսինքն` Կարսի 1921 թուականի պայմանագրի վերահաստատումը, եւ երկրորդ՝ հայերի կողմից Ցեղասպանութեան պնդումներից եւ միջազգայնօրէն դրա ճանաչմանը հետամուտ լինելուց հրաժարումը:

Այսպիսով, Թուրքիան առաջ է քաշում երեք նախապայման: Բայց դրանցից ո՞րն է առաջնային Թուրքիոյ համար: Փորձեմ բացատրել հայկական տեսանկիւնից: 1991-ի դեկտեմբերին Թուրքիան նախկին խորհրդային մի քանի հանրապետութիւնների հետ միասին ճանաչեց նաեւ Հայաստանի անկախութիւնը, բոլորի հետ հաստատեց դիւանագիտական յարաբերութիւններ՝ բացառութեամբ Հայաստանի:

1990-ականների սկզբին Թուրքիան Հայոց ցեղասպանութեան հարցի հետ կապուած ունէր հետեւեալ մտահոգութիւնը: Եթէ առաջին փուլում հայերը կարեւորում են Ցեղասպանութեան միջազգային ճանաչման խնդիրը, ապա երկրորդ փուլում առաջ կը քաշեն փոխհատուցման, իսկ երրորդ փուլում` տարածքային պահանջներ: Այսպիսով, Թուրքիան Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ուղղակի սպառնալիք է դիտում` ուղղուած իր տարածքային ամբողջականութեանը: Ահա այդ պատճառով է, որ 1991-ին Թուրքիայի կողմից Հայաստանի ճանաչման մասին փաստաթղթում յատուկ յղում էր արւում Կարսի պայմանագրին:

Եկէք վերադառնանք մեր օրերը` ֆութպոլային դիւանագիտութեանն ու ցիւրիխեան արձանագրութիւններին: Եթէ դուք ուշադրութեամբ կարդաք այդ երկու փաստաթղթերը, ապա այնտեղ կը գտնէք թուրքական երեք նախապայմաններից երկուսի բաւարարումը: Մէջբերում եմ. «… հաստատելով երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպէս սահմանուած է միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերով»: Ճիշդ է, փաստաթղթում չի յիշատակւում Կարսի պայմանագիր անունը, սակայն բոլորիս համար ակնյայտ է, որ հայ-թուրքական վերջին պայմանագիրը, որով գծուել են ներկայ սահմանները, հէնց Կարսի պայմանագիրն է: Պատահական չէ, որ Ահմեթ Տաւութօղլուն ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրումից մի քանի օր անց Թուրքիոյ խորհրդարանում ունեցած իր ծաւալուն ելոյթում եւս բացատրում էր, որ արձանագրութիւնների ստորագրումով վերահաստատւում է Կարսի պայմանագիրը:

Ցիւրիխեան արձանագրութիւններում, եթէ այն ուշադիր կարդաք, կը գտնէք նաեւ կէտ՝ Հայոց ցեղասպանութեան մասին, աւելի ճիշդ` մի կէտ, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանութեան վաւերականութիւնը: Մէջբերում եմ. «… իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահութեան վերականգնմանն ուղղուած պատմական հարթութեան երկխօսութիւն, այդ թւում` պատմական փաստաթղթերի եւ արխիւների անկողմնակալ գիտական ուսումնասիրութիւն` առկայ խնդիրների սահմանման եւ առաջարկների ձեւակերպման համար»:

Հիմա դուք կարող էք հարց տալ. ինչո՞ւ Թուրքիոյ խորհրդարանը չվաւերացրեց արձանագրութիւնները, եթէ Հայաստանը բաւարարել էր նախապայմաններից երկուսը: Պատասխանը պարզ է, որովհետեւ հայկական կողմը չէր բաւարարել երրորդ նախապայմանը, այն է` Ղարաբաղում չկայ սթաթիւս-քուոյի փոփոխութիւն:

Ֆութպոլային դիւանագիտութիւն օրերին հայկական եւ թուրքական կողմերը իրենց հաշուարկներում երկու մեծագոյն սխալ էին թոյլ տուել, որն էլ ստեղծեց այսօրուայ փակուղին: Սերժ Սարգսեանը կարծում էր, որ Թուրքիան կը բացի սահմանները եւ կը հաստատի դիւանագիտական յարաբերութիւններ` առանց Ղարաբաղում սթաթիւս-քուոյի փոփոխութեան: Թուրքերը կարծում էին, որ թուրք-հայկական սահմանի բացումը այնքան կարեւոր է եւ կենսական Հայաստանի համար, որ հայկական իշխանութիւնները դրա դիմաց տարածքներ կը զիջեն Ազրպէյճանին: Հաշուարկները երկու կողմից սխալ դուրս եկան:

Եւ վերջում. հնարաւո՞ր է հայ-թուրքական երկխօսութիւն, հնարաւո՞ր է յարաբերութիւններում առաջընթաց: Այո՛, հնարաւոր է, բայց հնարաւոր է բաց սահմանների առկայութեան դէպքում»:

Ելոյթից յետոյ եղան հարցեր: Բնական է, որ հարց տուողները առաջին հերթին շեշտում էին, որ հայ-թուրքական երկխօսութեանը եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը խոչընդոտում է «հայկական ուժերի կողմից ազրպէյճանական հողերի բռնագրաւումը»: Ստիպուած եղայ ընդգծելու, որ՝ «դուք` թուրքերը եւ ազրպէյճանցիները, եղբայրներ էք, որ՝ մօտ ժողովուրդներ էք, որ՝ ունէք նոյն կրօնը, գրեթէ նոյն լեզուն, բայց միւս կողմից` Ազրպէյճանը Թուրքիա չէ»:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Նախորդը

Հայ Ժողովուրդը Արժանի Է Իր Գաղափարի Տաճարը Ցեցերէ Մաքրող Նորօրեայ Զաւարեանի

Յաջորդը

Հայաստան Պէտք Է Չեղեալ Համարէ Թրքական Արձանագրութիւնները Ցեղասպանութեան Հարիւրամեակէն Շատ Առաջ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.