Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայոց Ցեղասպանութեան Պատասխանատուների Դէմ Իրականացուած Հետաքննութիւններն Օսմանեան Կայսրութիւնում 1918 Թ. Վերջին Եւ 1919 Թ. Սկզբին

September 10, 2013
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

Ա. Աշխարհամարտից յետոյ, զինադադարի շրջանում Օսմանեան կայսրութեան` շատ արագ միմեանց յաջորդող կառավարութիւնների` Հայոց ցեղասպանութեան պատասխանատուներին բացայայտելու եւ դատապարտելու նախաձեռնութիւնն առաջին հերթին պայմանաւորուած էր հաշտութեան պայմանագրի դրոյթները եւ յաղթանակած տէրութիւնների դիրքորոշումը մեղմելու ցանկութեամբ, քանի որ կայսրութեանը վերջնական կործանում էր սպառնում: Թուրքիայի վրայ մեծ ազդեցութիւն ունեցաւ յատկապէս համաշխարհային հանրութեան` մեղաւորներին միջազգային դատարանին յանձնելու պահանջը: Այսպէս,  առաջիններից մէկն իր ձայնը բարձրացրեց գերմանացի ականաւոր գիտնական, արեւելագէտ Եոզեֆ Մարքուարթը` Գերմանիայի ժողովրդին կոչ անելով կառավարութիւնից պահանջել յանձնել սեփական երկրում ապաստան գտած «Էնվերին ու Թալէաթին` զանգուածային սպանութիւնների մեղաւորներին, այն հաշուով, որ նրանց դատի միջազգային դատարանը…»: Նման պահանջով հանդէս եկաւ նաեւ ֆրանսացի պատմաբան Ժաք տը Մորկանը: Դատապարտող սուր յօդուածներով եւ աշխատութիւններով բողոքի ձայն բարձրացրեցին նաեւ տարբեր ազգութիւնների պատկանող ականաւոր գործիչներ` Եոհաննէս Լեփսիուսը, Արմին Վեկները, Անթուան Մէյէն, Ռընէ Փինոնը, Առնոլտ Թոյնպին, Վալերի Պրիւսովը, Հենրի Մորկենթաուն ու շատ ուրիշներ:

Հարկ է նշել, որ դեռեւս Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին, երբ արեւմտահայերի զանգուածային բռնագաղթի ու կոտորածների լուրը տարածուել էր ողջ աշխարհով մէկ, դաշնակից երկրները` յանձինս Ֆրանսայի, Մեծն Բրիտանիայի եւ Ռուսաստանի կառավարութիւնների, 1915 թ. մայիսի 24-ին բողոքի յուշագիր էին յղել Բարձր Դրանը` հրապարակաւ յայտարարելով, որ Օսմանեան կայսրութեան այդ նոր ոճրագործութիւններն ուղղուած են մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ, եւ որ դրանց համար իրենք պատասխանատու են ճանաչելու օսմանեան կառավարութեան բոլոր անդամներին, ինչպէս նաեւ` կոտորածներին մասնակից տեղական իշխանութիւններին: Ա. Համաշխարհային պատերազմից յետոյ դաշնակից տէրութիւնները փորձեցին կոտորածների պատասխանատուների նկատմամբ կիրառել միջազգային իրաւունքի սկզբունքները, սակայն յաջորդ ամիսներին այդ նախաձեռնութիւնը հետզհետէ թուլացաւ եւ, ի վերջոյ, զոհ գնաց քաղաքական խարդաւանքներին:

Տեղի տալով համաշխարհային հանրութեան ճնշմանը` Օսմանեան կայսրութեան սուլթան Մեհմեթ 6-րդ Վահիտէտտինը (1918-1922 թթ.) եւ յաճախ փոփոխուող կառավարութիւնների ներկայացուցիչները փութացին պատժել Ա. Աշխարհամարտի տարիներին այստեղ կատարուած ոճրագործութիւնների, մասնաւորապէս` հայերի տեղահանութեան ու կոտորածների հեղինակներին: Այս հարցում կարեւոր դեր խաղաց նաեւ այն, որ 1918 թ. դեկտեմբերից իշխանութեան եկած կառավարութիւնները կազմւում էին Իթթիհատի հակառակորդ ու պատերազմի տարիներին հալածուած Ազատութիւն եւ համաձայնութիւն Հիւրրիյէթ վէ իթիլաֆ կուսակցութեան անդամներից:

Ահմեթ Իզզեթ փաշան իր վարչապետութեան օրօք ներքին գործերի նախարար Ֆեթհի Օքեարի միջոցով 1918 թ. հոկտեմբեր ամսին հաղորդագրութիւն ուղարկեց կայսրութեան շրջաններ, որը նպատակ ունէր հետաքննել պատերազմի տարիներին հայերի դէմ կատարուած յանցագործութիւնները: Հաղորդագրութեան մէջ ընդգծւում էր, որ հետաքննութիւնները պէտք է իրականացուեն` «կասկածեալների պաշտօնից ու դիրքից անկախ»:

Հայոց ցեղասպանութեան պատասխանատուների հետաքննութիւնը Օսմանեան կայսրութիւնում գրեթէ միաժամանակ կատարւում էր երեք տարբեր հետաքննող յանձնաժողովների կողմից: Դրանց մէջ առաւել յայտնի է օսմանեան խորհրդարանի Հինգերորդ յանձնախմբի (Պեշինճի սիւպէ) կողմից իրականացուած հարցաքննութեանը, որը կազմուեց Տիվանիէից ընտրուած` ազգութեամբ արաբ պատգամաւոր Ֆուատ պէյի յղած առաջարկի հիման վրայ: Օսմանեան խորհրդարանի պատգամաւորների պալատի ներքին կանոնադրութեան դրոյթների համաձայն,  այստեղ գործում էին հինգ յանձնաժողովներ: Իւրաքանչիւր նստաշրջանի սկզբում վիճակահանութեամբ կազմուող այդ հինգ յանձնաժողովներից մէկն ստանձնում էր Գերագոյն դատարանի պարտականութիւնները: Ֆուատ պէյի կողմից ներկայացուած առաջարկով նախատեսւում էր Գերագոյն դատարանին յանձնել Սայիտ Հալիմ ու Թալէաթ փաշաների կառավարութիւնների անդամներին: Խորհրդարանում անցկացուած վիճակահանութեան միջոցով ստեղծուեց Հինգերորդ կոչուող յանձնախումբը, որն ստանձնեց այդ ուղղութեամբ հարցաքննութիւն կատարելու պարտականութիւնը:

Ֆուատ պէյի յղած առաջարկում, որը բաղկացած էր առանց «հիմնաւոր պատճառի երկիրը պատերազմի մէջ ներքաշելու» եւ այլ մեղադրանքներ պարունակող 10 կէտերից, հայերի տեղահանութեան խնդիրը (իմա` Հայոց ցեղասպանութեան) շօշափուած էր 5-րդ եւ 10-րդ կէտերում: 5-րդ կէտը ձեւակերպուած էր հետեւեալ կերպ. «Իրաւական ու մարդկային օրէնքներին եւ յատկապէս մեր սահմանադրութեան ոգուն ու տառին ամբողջովին հակասող ժամանակաւոր օրէնքներ, հրամաններ եւ դրոյթներ հրապարակելով` երկիրը վերածեցին ողբերգութիւնների թատերաբեմի», իսկ 10-րդ կէտում, առանց անունը յստակ նշուելու, յիշատակւում էր հայերի տեղահանութեան ու ոչնչացման մէջ մեծ դեր խաղացած Յատուկ կազմակերպութիւնը (Թեշքիլաթը մահսուսա). «Երկրի ներսում անկարգութիւններ իրականացրած ու կեանքի, գոյքի եւ պատուի ազատութեան  դէմ ոտնձգութիւններ գործած մի շարք աւազակախմբերի օժանդակելով` մասնակցեցին նրանց հեղինակած ողբերգութիւններին»:

Իր աշխատանքները 1918 թ. նոյեմբերին սկսած Հինգերորդ յանձնախումբը նախագահ ընտրեց Ապտիւլլա Ազմիին, իսկ քարտուղար` Շեմսէտտին պէյին: Թէեւ յանձնախմբի անդամների մեծ մասը թուրքեր էին, սակայն ներգրաւուած էին նաեւ հայ, յոյն եւ արաբ պատգամաւորներ: Հարկ է նշել, որ յանձնաժողովի անդամների մէջ կային այնպիսի անձինք, ովքեր իրականում պէտք էր լինէին մեղադրեալի աթոռին: Մինչեւ 1918 թ. դեկտեմբերի 7-ը տեւած 15 նիստերի ընթացքում հարցաքննուեցին 15 նախարար, մէկ վարչապետ (Սայիտ Հալիմ փաշան) եւ երկու շէյխ ուլ իսլամ:

Հինգերորդ յանձնախմբի անդամները, որոնց մեծ մասն իթթիհատական էր, խուսափում էին հայերի տեղահանութեանը եւ կոտորածներին առնչուող հարցեր ուղղելուց` դա թողնելով արաբ պատգամաւորներին: Այնուամենայնիւ, բոլոր հարցաքննուողներին էլ տրւում էին միեւնոյն հարցերը, որոնք հիմնուած էին Ֆուատ պէյի առաջարկի 10 կէտերի վրայ: Թէեւ պատերազմի ժամանակ իշխանութեան ղեկին եղած կառավարութեան անդամներն այս հարցաքննութեան ժամանակ խուսափել են ճիշդ պատասխաններից, ստել, ասել, թէ իբր կառավարութիւնը տեղեակ չի եղել տեղահանութեան մասին, եւ փորձել հայերի տարագրութիւնը հիմնաւորել «ռազմական միջոցառմամբ» կամ անհրաժեշտութեամբ, այնուամենայնիւ հարցաքննութեան ընթացքում արձանագրուել են նաեւ որոշ խոստովանութիւններ: Այսպէս, օրինակ, արդարադատութեան նախարար Իպրահիմ պէյը նշել է, որ տեղահանութեան գործողութիւնն սկսուել է «Տեղահանութեան մասին» օրէնքի ընդունումից շատ աւելի առաջ:

Սոյն յանձնախումբը հարցաքննուած նախարարների մեկնաբանութիւններին եւ խոստովանութիւններին յաւելել է նաեւ բազմաթիւ փաստաթղթեր, որոնց մէջ կային կոտորածներին վերաբերող խիստ գաղտնի հրահանգներ: Այս վաւերագրերը հետագայում յանձնուել են Ռազմական ատեանների դատախազներին: Հինգերորդ յանձնախմբի իրականացրած հարցաքննութեան վերջնական նպատակն էր կասկածեալներին Գերագոյն դատարանին յանձնելը, որն էլ որոշուեց մեճլիսում (խորհրդարան) կատարուած քուէարկութեան միջոցով, սակայն 1918 թ. դեկտեմբերի 21-ին խորհրդարանը սուլթանի հրովարտակով լուծարուեց, եւ անհնար դարձաւ հարցաքննութեան ենթարկուածներին Գերագոյն դատարան ուղարկելու մասին որոշման ընդունումը մեճլիսի կողմից: 1919 թ. մարտի 17-ին տուեալ ժամանակաշրջանի վարչապետ Տամաթ Ֆերիտ փաշայի հրամանով Հինգերորդ յանձնախմբի կողմից իրականացուած հարցաքննութեան արձանագրութիւնները յանձնուել են Ռազմական ատեանի դատախազութեանը:

Հայոց ցեղասպանութեան պատասխանատուներին գտնելու ուղղութեամբ կարեւոր հետաքննութիւն է իրականացրել նաեւ Օսմանեան կայսրութեան ներքին գործերի նախարարութեան կողմից ստեղծուած Յանցագործութիւնների հետաքննիչ յանձնաժողովը, որը պատմութեանը յայտնի է Մազհարի յանձնաժողով անունով, քանի որ յանձնաժողովի նախագահն էր մինչեւ 1914 թ. ապրիլը Պիթլիսի (Բաղէշ) նահանգապետի պաշտօնը զբաղեցրած Հասան Մազհարը: Դատավարութիւններին նախորդած հետաքննութիւնը հիմնականում իրականացուել է հէնց այս յանձնաժողովի կողմից: Թէեւ վերոյիշեալ հետաքննիչ յանձնաժողովի ստեղծուելու մասին օսմանեան մամուլում հրապարակումներ են եղել միայն 1918 թ. նոյեմբերի 24-ին, քանի որ յանձնաժողովը պաշտօնապէս հիմնուել էր նոյեմբերի 23-ին, սակայն այն սկսել էր գործել դեռեւս նոյեմբերի 13-ից:

Օսմանեան կառավարութիւնը 1918 թ. դեկտեմբերի 5-ին որոշել է վերոյիշեալ յանձնաժողովին կից ստեղծել նաեւ արդարադատութեան ու ներքին գործերի նախարարութիւնների անդամներից կազմուած խառը յանձնաժողովներ, որոնք հետաքննութիւնը տեղում իրականացնելու նպատակով ուղարկուելու էին կայսրութեան շրջաններ: Սոյն հետաքննիչ յանձնաժողովները թէեւ ընդգրկուած էին լինելու ոստիկանութեան համակարգում, սակայն անկախ էին աշխատելու:

Մազհարի ղեկավարած յանձնաժողովի անդամներն էին` արդարադատութեան նախարարութեան իրաւական գործերի տնօրէնի տեղակալ Հարալամպոսը, վարչական տեսուչներ Էմին Հիւսնիւն եւ Օմերը, ինչպէս նաեւ` Պոլսի  Բողոքարկման դատարանի անդամ Արթին Մոսթիչեանը:

Յանցագործութիւնների հետաքննիչ յանձնաժողովին, օսմանեան քրէական դատարանների օրէնսգրքի համապատասխան յօդուածների համաձայն, տրուած էին լայն իրաւասութիւններ, այդ թւում նաեւ` կասկածեալներին ձերբակալելու իրաւունք:

Մազհարի յանձնաժողովը հանդէս է եկել նաեւ որոշ յաւելեալ նախաձեռնութիւններով: Այսպէս, սոյն հետաքննող յանձնաժողովը պաշտօնապէս դիմելով կառավարութեանը` պահանջել է, որպէսզի վերջինս մամլոյ գրասենեակի միջոցով մէկտեղի զինադադարի ժամանակաշրջանի թերթերում տպագրուած այն բոլոր հրապարակումները, որոնք վերաբերում էին պատերազմի ընթացքում կատարուած ոճրագործութիւններին: Յանձնաժողովը կարեւորութիւն էր տալիս յատկապէս թուրք եւ այլ ազգութիւնների պատկանող իսլամ  ականատեսների վկայութիւններին:

Յանձնաժողովը, երկիրը պատերազմի մէջ ներքաշելու եւ Յատուկ կազմակերպութեանն առնչուող խնդիրները եւս ընդգրկող 10 տպագիր հարց ուղղելով` գրաւոր ու բանաւոր ցուցմունքներ է վերցրել բազմաթիւ անձանցից, որոնց մէջ կային նաեւ խորհրդարանի 26 անդամներ: Թղթապանակներ նախապատրաստուեցին 130 հոգու վերաբերեալ, եւ պահանջուեց, որ տուեալ անձինք դատաքննութեան ենթարկուեն: Մազհարի յանձնաժողովը երկու ամսուայ ընթացքում ձեռք է բերել հայերի կոտորածների վերաբերեալ բազմաթիւ մեղադրական ապացոյցներ, այդ թւում` ծածկագիր հեռագրեր, պաշտօնական գրութիւններ, հրահանգներ ու հրամաններ, ինչպէս նաեւ` ականատեսների վկայութիւններ: Ի դէպ, վկաները յանձնաժողովին ցուցմունքներ էին տալիս երդուելուց յետոյ միայն: Մազհարի յանձնաժողովը  հետաքննութիւնն սկսելուց 3 շաբաթ անց յայտնել է, որ արդէն իսկ ձեռք են բերուել բաւարար ապացոյցներ, որպէսզի սկսուի դատավարութիւնը: Այս փաստաթղթերը 1919 թ. յունուարին յանձնուել են Պոլսի  ռազմական ատեանին: Սակայն Առաջին ռազմական ատեանը, վերոյիշեալ հետաքննող յանձնաժողովների կողմից ձեռք բերուած նիւթերը թերի համարելով, հիմնել է նաեւ իր 5 հետաքննող յանձնաժողովները, որոնք եւս հասու են դարձել մի շարք յաւելեալ տեղեկութիւնների: Այս բոլոր հետաքննող յանձնաժողովների միջոցով ստացուած ականատեսների վկայութիւնները, ձեռք բերուած ծածկագիր հեռագրերը եւ այլ ապացոյցներ տրամադրուել են հայերի տեղահանութեան եւ զանգուածային ոչնչացման մէջ մեղադրուողների դատաքննութիւնն իրականացնող ռազմական դատարաններին:

Պատերազմի տարիներին հայերի տեղահանութիւնն ու ոչնչացումը կազմակերպելու եւ իրականացնելու մէջ մեղադրուողների առաջին ձերբակալութիւնները կատարուել են 1918 թ. դեկտեմբերի սկզբներին Անգարա, Չորում եւ Ատանա քաղաքներում: Կալանաւորներին տեղափոխում էին Պոլիս: Նրանց շարքերում կային երիտթուրքական կուսակցութեան ղեկավարներ, պատգամաւորներ, շրջանային պատասխանատու քարտուղարներ, բարձրաստիճան զինուորականներ եւ այլ պաշտօնատար անձինք: 1919 թ. յունուար ամսուայ սկզբին ձերբակալութիւնները դարձան աւելի զանգուածային, որոնք շարունակուեցին նաեւ 1919 թ. փետրուար ամսին: Դեռեւս յունուար ամսուայ ընթացքում ազատազրկուել էին մօտ 40 բարձրաստիճան պաշտօնեաներ, յունուարի վերջերին ձերբակալուած կասկածեալների թիւը հասաւ 112 հոգու: Փետրուարին նոյնպէս ձերբակալուել են պատգամաւորներ ու նախկին նախարարներ` բոլորն էլ իթթիհատականներ, այդ թւում` ներքին գործերի նախկին նախարար Իսմայիլ Ճանփոլատը, ծերակոյտի նախկին նախագահ Հաճը Ատիլը, Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան նախկին քարտուղար Միտհաթ Շիւքրիւ Պլետան, պատգամաւորներ Հիւսէին Ճահիթ Եալչընը եւ Զիյա Կէօքալփը:

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Պատմական գիտութիւնների թեկնածու

«Ակունք»

(Շար. 1)

Նախորդը

2020 Թուականի Ողիմպիական Խաղեր. Թուրքիան Աշխատանքի Կոչած Է Արժանթինի Բռնակալ Վերջին Կառավարութեան «Պատկերը Մաքրող» Ընկերութիւնը

Յաջորդը

Խաչքար Ի՞նչ Կը Նշանակէ

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.