«ԹԵՐԹ»
Ռուսական «Նեզաւիսիմայա կազեթա» պարբերականը հրապարակել է պաշտօնաթող դեսպան, 1992-1996թթ.-ին ԵԱՀԿ Մինսքի խմբի ռուս համանախագահ Վլատիմիր Քազիմիրովի յօդուածը` նուիրուած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը:
«Թերթ»
«1994 թուականի մայիսի 12-ին յաջողուեց դադարեցնել ղարաբաղեան հակամարտութեան զանգուածային արիւնահեղութիւնը. Ռուսաստանի միջնորդութեամբ ստորագրուեց կրակի դադարեցման մասին համաձայնագիրը:
Անցել է 19 տարի, սակայն բանակցային գործընթացում զգալի առաջընթաց տեղի չի ունեցել: Աւելի՛ն. բոլոր ընդունուած եւ ստորագրուած փաստաթղթերին հակառակ` դեռեւս չի վերացել ռազմական գործողութիւնների վերսկսման վտանգը:
Այդ պատերազմում իրեն պարտուող կողմ համարող երկրի իշխող ընտրանին, վրէժով լցուած, սպառազինութեան մրցավազքի է դուրս եկել, եւ նոր սերնդի մէջ ատելութիւն եւ թշնամանք է սերմանում:
Միջազգային հանրութիւնն ու միջնորդները` Ռուսաստանը, Միացեալ Նահանգներն եւ Ֆրանսան, մերժում են հակամարտութեան ռազմական լուծումը եւ յամառօրէն կողմերին խաղաղ համաձայնութեան որոնում առաջարկում:
Բանակցութիւններում առկայ փակուղին արդիւնքն է կողմերի ուռճացուած եւ ոչ իրատեսական պահանջների, այլ ոչ միջնորդների սխալների:
Այժմ շատ է խօսւում «Սթաթիւս Քօ»-ի անընդունելիութեան մասին: Սակայն պատերազմը ոչնչով լաւ չէ, անգամ աւելի վատ է, քան «սթաթիւս քօ»ն: Ժամանակն է, որ կողմերը, որոնք հակամարտութեան խաղաղ լուծումը վստահել են ԵԱՀԿ-ին, ստորագրեն ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա տրամաբանական է, սակայն Ազրպէյճանի մերժումը ստեղծում է լարուած մթնոլորտ, որը վնաս է հասցնում խաղաղ բանակցութիւններին եւ փոխադարձ վստահութեան ձեռքբերմանը:
Վերջին տարիներին Պաքուն յաճախ է դիմում Մակ-ի Ապահովութեան խորհրդի 4 բանաձեւերին, սակայն կառչում է միայն իրեն ձեռնտու մասերից` հայկական զօրքերի դուրսբերումից:
Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս տարօրինակ յայտարարութեամբ հանդէս եկաւ: Նա ընդգծեց նման փաստաթղթերի արագ կեանքի կոչման կարեւորութիւնը եւ վրդովուեց, որ Լեռնային Ղարաբաղի մասին բանաձեւերը մնում են թղթի վրայ:
Երեւի կարծում է, որ բոլորն են մոռացել, թէ ով է սկսել այդ բանաձեւերի ձախողումը: Պաքուն չցանկացաւ կատարել այդ բանաձեւերի հիմնական, առաջնային պահանջը` դադարեցնել ռազմական գործողութիւնները, առանց որոնց անիրագործելի են իրենց այլ պահանջները:
Այդպէս սկսուեց հէնց առաջին` 822 բանաձեւից, որն ընդունուել էր 20 տարի առաջ` Ազրպէյճանի նախաձեռնութեամբ, եւ իբրեւ հաւանութեան էր արժանացել նրա իսկ կողմից: Սակայն երբ Ռուսաստանը, Միացեալ Նահանգներն, Թուրքիան եւ ԵԱՀԿ Մինսքի համաժողովի նախագահող Իտալիան հակամարտութեան երեք կողմերին կոչ արեցին անյապաղ եւ ամբողջութեամբ իրականացնել այդ բանաձեւը, Ստեփանակերտն ու Երեւանը համաձայնութիւն տուեցին, իսկ Պաքուն անգամ չպատասխանեց, որպէսզի չդադարեցնի ռազմական գործողութիւնները:
Անորոշութիւնը ձգուեց մի ամբողջ տարի` չնայած զոհերին, տարածքային կորուստներին եւ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհրդի եւս 3 բանաձեւերին:
Ազրպէյճանական կողմը հրաժարուեց խաղաղապահների առաջարկից, նախապայմաններ առաջ քաշեց, չդադարեցրեց ռազմական գործողութիւնները: Նա չորս անգամ խախտեց հրադադարի եւ այլ պայմանաւորուածութիւններ: 1993-1994 թթ.-ի ձմրանը (երբ արդէն ընդունուել էին 4 բանաձեւերը) Պաքուն լայնածաւալ ռազմական գործողութիւն սկսեց, որը դարձաւ ամենախոշոր կորուստների պատճառը:
Այդ պայմաններում Ազրպէյճանը պէտք չէ իրեն ցոյց տայ իբրեւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւերի պաշտպան ու «բռնագրաւումի զոհ»: «Բռնագրաւումի» արդիւնք է երկարատեւ ռազմական գործողութեան, իսկ ո՞վ էր շարունակում դրանք:
Բացի այդ, դադարեցուել են ոչ թէ ռազմական, այլ միայն մարտական գործողութիւնները: Իր թշնամական գործողութիւնները (շրջափակում եւ այլն) նա առհասարակ չի դադարեցրել եւ դրանցում ներքաշում է նաեւ Թուրքիային:
Վաղուց նա չի հետեւում հրադադարի ամրապնդմանը, չնայած այդ փաստաթուղթը ստորագրուել է Հայտար Ալիեւի ուղիղ հրամանով:
Իլհամ Ալիեւը սիրում է կրկնել, որ Ազրպէյճանը վստահելի գործընկեր է: Սակայն ինչպէ՞ս կապել դա կտրուկ «զիկզակ»-ների, ստանձնած եւ պաշտօնապէս ստորագրած պարտականութիւններից խուսափելու հետ: Գուցէ նա խօսում է միայն այն մասին, թէ ինչպէ՞ս կը լինի…
Իր բանաձեւերի ձախողման եւ արժէզրկման պատճառով ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդը դադարել է բանաձեւեր ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ:
Ռուսաստանը, որպէս միջնորդ, ստիպուած եղաւ գնալ հրադադարի` այլ հիմքերով` 1994թ.-ի ապրիլի 15-ին ստորագրուած ԱՊՀ երկրների ղեկավարների յայտարարութեամբ:
Հէնց այդ փաստաթուղթն էլ, որին քիչ են ծանօթ անգամ քաղաքագէտներն ու լրագրողները, եղաւ հրադադարի մեկնարկը եւ ոչ թէ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհրդի չիրագործուած բանաձեւերը:
Իբրեւ աջակցութիւն դրա `ստորագրուեց Պիշքէքեան արձանագրութիւնը, իսկ յետոյ` հրադադարի մասին համաձայնագիրը:
կարեւոր է, որ Ազրպէյճանի նախագահ Հայտար Ալիեւն անձամբ է մասնակցել յայտարարութեան խմբագրմանը: Դրանում աւելի խիստ, քան Ապահովութեան խորհրդում, դրուած է կրակի դադարեցման հարցը` որպէս առաջնահերթութիւն, եւ որպէս կարգաւորման հրամայական` նշուած է վստահութեան ամրապնդումը:
Դրանից անմիջականօրէն կախուած է հակամարտութեան հետեւանքների վերացումը (այնտեղ ասուած է. առանց դրա հնարաւոր չէ անցնել ողբերգական դիմակայութեան հետեւանքների վերացմանը): Դա անմիջականօրէն առնչւում է նաեւ զօրքերի դուրսբերմանը: Իսկ կարելի՞ է ասել, որ հրադադարը յուսալիօրէն ամրապնդուել է: Ո՛չ: Նոյնիսկ ի վնաս իրեն` Պաքուն վտանգում է այն:
Ուժի պաշտամունքը, ինչպէս ասում են` «կացնային քաղաքականութիւնը» Պաքւում այժմ էլ չի վերացել (դրա խորհրդանիշն է դարձել Ռամիլ Սաֆարովը (կացնահարել էր հայ սպայ Գուրգէն Մարգարեանին), սակայն խնդիրն աւելի բարդ եւ խորն է):
Պաշտօնական մակարդակով ատելութիւն, սպառնալիք, կոշտութիւն. Պաքուի քաղաքականութեան այս ոչ ամբողջական ցանկն ուղղակի հակադրութեան մէջ է ընտրանիի նիւթական միջոցների եւ հրաշալի քաղաքի արտաքինի հետ:
Կարո՞ղ է արդեօք հանրութիւնը ներկայիս իրավիճակում անգամ կարեւորագոյն ընտրութիւնների շեմին հասկանալ նման յանդուգն քաղաքականութեան վտանգները:
Այս օրերին, շատ աւելի լայն, քան` Յաղթանակի օրը, Ազրպէյճանում նշեցին Հայտար Ալիեւի
90-ամեակը: Փառաբանելով «ազգային առաջնորդին»` ոչ ոք չասաց, որ նա ղարաբաղեան հակամարտութեան լուծմանը չէր մօտենում ծայրայեղական դիրքերից, եւ յոյս ունէր այն լուծել բացառապէս խաղաղ միջոցներով: Նախկին եւ ներկայիս իշխանութիւնների մօտեցումներն այս հարցում ակնյայտօրէն տարբեր են:
Անհրաժեշտ է հակամարտութիւնն ամբողջութեամբ տեղափոխել քաղաքական դաշտ` հեռացնելով ռազմականից»:

