Նախորդ ամիս Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչութեան նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Լիբանանի մէջ կայացաւ հայ թատրոնի ամիս, որուն ընթացքին Հայաստանէն այս առիթով Լիբանան ժամանեցին հայրենի արուեստագէտներ եւ դերասաններ:
Ստորեւ կը ներկայացնենք այս առիթով Երեւանի «Համազգային թատրոն»ի կողմէ յղուած նամակը:
Լիբանանի Շրջանային վարչութեան
յարգարժան անդամներ,
Պետական Համազգային թատրոնը բարձր տպաւորութիւններով վերադարձաւ Լիբանանից: Տպաւորութիւններն այնքան շատ են, որ անհնար է տեղաւորել մէկ նամակի մէջ:
Հիւրընկալման այն անկեղծութիւնը, որ Պէյրութում զգացինք Համազգային մեծ ընտանիքի կողմից առաջին իսկ օրուանից, մեզ այնպիսի ուժով կապեցին տեղի հայութեան հետ, որ վստահաբար կարող ենք ասել, որ ստեղծուել է մի նոր բարեկամութիւն, նոր որակներով եւ հեռանկարով: Բոլոր նրանք, ովքեր մեր կողքին էին օր ու գիշեր մենք մեր թատրոնի անբաժան մասն ենք համարում այսույետ: Առանց մեր ընկերների անձնուիրական օգնութեան` հնարաւոր չէր լինի անել այն, ինչ կարողացան անել կարճ ժամանակահատուածում:
Կազմակերպուած իւրաքանչիւր միջոցառում օրինակելի էր եւ իրենում պարունակում էր բազմաթիւ եւ բազմապիսի դրական լիցքեր:
Կարծում ենք, որ մեր համատեղ աշխատանքը տուեց իր պտուղները եւ հանդիսատեսը սիրեց թատրոնը: Առաւել յուզիչ էր ձեր որոշումն այն մասին, որ երկու տարին մէկ մենք պէտք է հանդիպենք Լիբանանում: Սա պարտաւորեցնող որոշում է եւ բարձր գնահատական:
Եւս մէկ անգամ ընդունէք մեր եւ թատերախմբի անկեղծ շնորհակալութիւնները եւ ողջոյնները: Վստահ եղէք, որ ի դէմս Համազգային թատրոնի, դուք հայրենիքում ունէք ձեր թատրոնը:


