Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Կրկնուող Պատմութիւն. Ապրիլի 9. Երդմնակալութիւնների Եւ Արիւնահեղութիւնից Խուսափելու Օր

April 15, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Ապրիլի 9-ին Երեւանի կենտրոնում հնարաւոր եղաւ խուսափել բախումներից եւ արիւնահեղութիւնից: Դա հնարաւոր եղաւ մի շարք պատճառներով, բայց հիմնականում` շնորհիւ ընդդիմութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննէսեանի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարեանի կշռադատուած գործողութիւնների ու սթափ պահուածքի: Ինչպէս այդ օրը, այնպէս էլ փետրուարի 18-ի ընտրութիւններին յաջորդած շրջանում ես` որպէս լրագրող, շատ մօտիկից հետեւել եմ Յովհաննէսեանի եւ նրա շուրջ կատարուող իրադարձութիւններին: Ապրիլի 9-ի երեկոյեան Բաղրամեան պողոտայի սկզբնամասում ներքին զօրքերի ստորաբաժանումները կանգնեցրին դէպի նախագահական պալատ շարժուող ցուցարարներին: Եղաւ մի պահ, երբ արդէն բախումներն ու բռնութիւնները շատ մօտ էին, սակայն ոստիկանապետը ճիշդ ժամանակին եղաւ ճիշդ վայրում, եւ Յովհաննէսեանի հետ պայմանաւորուածութեան արդիւնքում հնարաւոր եղաւ ցուցարարներին ուղղորդել դէպի Սարեան փողոց:

Ընդամէնը մէկ ժամ անց լրատուամիջոցներն ու ընկերային ցանցերը ողողուած էին լուրերով, թէ իբր Յովհաննէսեանը ցուցարարներին մենակ է թողել «ոստիկանական մահակների տակ» եւ գնացել է Ծիծեռնակաբերդ ու ոստիկանապետի հետ «Հայր Մեր» աղօթել:

Անշուշտ, լրագրողները, քաղաքական գործիչները կամ հասարակութիւնը կարող է եւ իրաւունք ունի քննադատել կամ դատապարտել Րաֆֆի Յովհաննէսեանի գործողութիւնները, ինչը անում են եռանդագին կերպով: Սակայն կան ճշմարտութիւններ, որոնք արդէն խեղաթիւրուած են ներկայացւում: Մի մասը դա անում է մտածուած կերպով, որպէսզի վարկաբեկի Յովհաննէսեանին, միւս մասը` չլինելով դէպքի վայրում, կրկնում է այն  ապատեղեկատուութիւնը, որ տարածեցին իշխանական, ինչպէս նաեւ առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին սատարող լրատուամիջոցները:

Րաֆֆի Յովհաննէսեանը ցուցարարներին չի թողել ոստիկանական մահակների սպառնալիքի տակ: Այո, ճիշդ է, որ երբ ցուցարարների մեծ մասը, հետեւելով Յովհաննէսեանին եւ ոստիկանապետին, շարժուեցին Սարեան փողոցով դէպի Ծիծեռնակաբերդ, ժողովրդի մի հատուած մնաց Բաղրամեան պողոտայի սկզբնամասում: Այդ ժամանակ էլ տեղի ունեցան քաշքշուկ եւ բռնութեան դէպքեր ոստիկանութեան եւ ժողովրդի միջեւ: Յովհաննէսեանը այդ օրը իր կնոջ եւ որդու հետ երբեք չհեռացաւ «առաջին գծից»: Անձամբ ինձ շատ ազնիւ է թւում Յովհաննէսեանի պահուածքը, քանի որ նա, երբ ժողովրդին առաջնորդում է, իր ընտանիքի անդամներին ոչ թէ թաքցնում է տաքուկ անկիւններում, այլ դուրս բերում հրապարակ: Եւ եթէ ապրիլի 9-ին լինէր արիւնահեղութիւն, ապա առաջին տուժողներից պէտք էր լինէին Յովհաննէսեանը, նրա ընտանիքի անդամները եւ լրագրողները, քանի որ հէնց նրանք էին «պուֆերային գօտում»` ժողովրդի ճնշման եւ ոստիկանական մահակների արանքում: Բարեբախտաբար այդ օրը դէպքի վայրում լրագրողները գերազանց աշխատեցին, եւ գրեթէ ամէն բան նկարահանուել է: Երեւանի թերթերից մէկը անգամ այսպիսի խորագիր օգտագործեց.  «Ապրիլի 9-ի հերոսները լրագրողներն էին»: Անշուշտ, լրագրողները հերոսներ չէին, պարզապէս նրանք բարեխղճօրէն կատարեցին իրենց գործը:

Չի կարելի կեղծել պատմութիւնը: Պիտի կրկնեմ, որ Յովհաննէսեանը ընտրութիւններից յետոյ մի քանի անգամ շրջել է Հայաստանի գրեթէ բոլոր քաղաքներում ու բազմաթիւ գիւղերում: Ես ամէնուր հետեւել եմ նրա վարքին: Երբեմն տեղի էին ունենում սադրանքներ ու բախումներ, եւ Յովհաննէսեանը ամէնուր առաջինն էր արձագանգում: Նա չէր թողնում, որ իրենից առաջ ոեւէ մէկը կանգնի, նա չէր թաքնւում իր կուսակիցների կամ ժողովրդի թիկունքում: Ես բազմաթիւ անգամ իմ ընկերների հետ զրոյցներում ասել եմ եւ առաջին անգամ գրում եմ` Րաֆֆին խիզախ, ազնիւ, իտէալիստ հայ է: Ի տարբերութիւն 2008-ի ընդդիմութեան առաջնորդ Տէր Պետրոսեանի, ով ներքաղաքական լարուածութեան ամենասուր շրջանում իր որդուն ուղարկեց Միացեալ Նահանգներ, Յովհաննէսեանը 2013-ի ընտրութիւնների շրջանում իր որդուն Հայաստան է բերել նոյն Միացեալ Նահանգներից: 2008-ի մարտի 1-ին Տէր Պետրոսեանը յայտարարեց, որ ինքը տնային կալանքի տակ է, իսկ նրա կողմնակից ցուցարարները փողոցում միայնակ մնացին զինուորական գնդակների տակ: Գրեթէ նոյն իրավիճակն էր նաեւ 1996-ին. այն օրերի ընդդիմութեան առաջնորդ Վազգէն Մանուկեանը ժողովրդին գրոհի տարաւ դէպի Ազգային ժողովի շէնք, սակայն մինչեւ վերջ չմնաց ժողովրդի կողքին ու կորցրեց իրավիճակի վերահսկողութիւնը:

Ապրիլի 12-ին Ազատութեան հրապարակում կայացած հերթական հանրահաւաքում Րաֆֆի Յովհաննէսեանը ընդունեց, որ ապրիլի 9-ին գուցէ սխալներ է թոյլ տուել, բայց յաղթանակը տանելու է մինչեւ վերջ: «Ամէն մէկը իրաւունք ունի քննադատելու, եւ ես ընդունում եմ, բայց ով ապրիլի 9-ին ներկայ չէր, եւ տաքուկ կուսակցական գրասենեակներում ժողովրդի տապալման մասին էին խօսում, նրանք ովքեր օգտուելով իմ մի ժամուայ բացակայութիւնից, ուզում էին իրենց քաղաքացի, քաղաքական ղեկավար համարել, ամօթ նրանց»:

Ապրիլի 9-ին Յովհաննէսեանը թոյլ տուեց կոպտագոյն սխալ: Նա ի զուր ժողովրդին տարաւ դէպի Բաղրամեան պողոտայ, որտեղ նախագահի նստավայրն է: Հայաստանի նախագահական ընտրութիւնների եւ դրան հետեւած զարգացումների տրամաբանութիւնը յուշում է, որ երբ ընդդիմութիւնը պայքարը տեղափոխում է առճակատման դաշտ, ապա պարտւում է: 1996-ին այն օրերի ընդդիմութեան առաջնորդ Վազգէն Մանուկեանը փորձեց ուժային ճանապարհով հանգուցալուծել ներքաղաքական ճգնաժամը, սակայն առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանն ու նրա ուժային նախարարները` Վազգէն եւ Սերժ Սարգսեանները, Երեւանի կենտրոն հանեցին զրահամեքենաներ: 2003-ի կեղծուած նախագահական ընտրութիւններից յետոյ ընդդիմութիւնը ամիսներ շարունակ փողոցային ցոյցեր էր կազմակերպում, իսկ 2004-ի ապրիլին փորձեց գրոհել դէպի նախագահական նստավայր, սակայն Ռոպերթ Քոչարեանը ուժ կիրառեց: 2008-ի մարտին Լեւոն Տէր Պետրոսեանը պայքարը տարաւ առճակատման փուլ եւ հերթական անգամ Ռոպերթ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը բռնի ուժ կիառեցին: Սպաննուեցին տասը քաղաքացիներ:

Այո, ճիշդ է, օրուայ իշխանութիւնը դիմում է կեղծիքի` սկսած 1996-ի նախագահական ընտրութիւններից: Այո, ճիշդ է, որ ժողովուրդը իրաւունք ունի տէր կանգնելու իր քուէին: Սակայն պէտք է ճիշդ գնահատել իրավիճակը եւ մեր նորօրեայ պատմութիւնից դասեր քաղել: Այն պահին, երբ ընդդիմութիւնը պայքարը տանում է դէպի առճակատման դաշտ, պարտւում է: Այս իմաստով, կրկնեմ` Րաֆֆի Յովհաննէսեանը թոյլ տուեց կոպտագոյն սխալ:

Միանգամից հարց է ծագում` լաւ, իսկ ի՞նչ անել: Դեռ քանի՞ անգամ են իշխանութիւնները կեղծելու ընտրութիւնների արդիւնքները: «Ի՞նչ անել» հարցի պատասխանը ես չունեմ, ինչպէս չունեն բոլոր նրանք, ովքեր մերժում են կեղծուած ընտրութիւններով իշխանութիւն պահելը դատապարտող Հայաստանի եւ սփիւռքի բոլոր հայերը: Եթէ այդ հարցի պատասխանը ունենայինք, ապա չէինք ունենայ պարբերաբար կեղծուած ընտրութիւններ եւ օրինականութեան  պակաս ու ժողովրդի վստահութիւնը չվայելող նախագահներ:

Բարեբախտաբար ապրիլի 9-ի երեկոյեան հնարաւոր եղաւ խուսափել արիւնահեղութիւնից, իսկ այն, ինչ տեղի ունեցաւ նոյն օրը կէսօրին, կը մնայ Հայաստանի նորօրեայ պատմութեան մատեանում: Ապրիլի 9-ի կէսօրին Երեւանում կայացաւ Հայաստանի նախագահի երդմնակալութեան երկու արարողութիւն: Կարէն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում երդւում էր Սերժ Սարգսեանը, իսկ Ազատութեան հրապարակում աւելի քան տասը հազար մարդու ներկայութեամբ` Րաֆֆի Յովհաննէսեանը:

Փետրուարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրութիւններում, ըստ պաշտօնական տուեալների, Սերժ Սարգսեանը քուէների 58 տոկոսով վերընտրուել է հանրապետութեան նախագահի պաշտօնում: Ընտրութիւններում երկրորդը ճանաչուած Րաֆֆի Յովհաննէսեանը, ով ստացել է քուէների 37 տոկոսը, յայտարարում է, որ ընտրութիւնները հերթական անգամ կեղծուել են, եւ Սերժ Սարգսեանը իրենից գողացել է յաղթանակը:

Սերժ Սարգսեանի երդմնակալութեան արարողութիւնը պոյքոթեցին խորհրդարանում ներկայացուած երեք կուսակցութիւններ` Հայ ազգային քոնկրեսը, Հայ յեղափոխական դաշնակցութիւնը եւ Ժառանգութիւնը: Սարգսեանի երդմնակալութեանը ներկայ էին իշխանական Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցութիւնները: Խորհրդարանում ներկայացուած մեծութեամբ երկրորդ ուժը` Բարգաւաճ Հայաստանը, որն իրեն համարում է այլընտրանք գործող իշխանութիւններին (գրեթէ ոչ ոք չի հաւատում այս պնդումին), չպոյքոթեց երդմնակալութեան արարողութիւնը, սակայն կուսակցութեան առաջին դէմքերը խուսափեցին ներկայ գտնուել միջոցառմանը: Կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանը Հայաստանում չէր, իսկ երկրորդ դէմքը` նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը չմասնակցեց երդմնակալութեան արարողութեանը:

Փոխարէնը` երդմնակալութեան արարողութեանը մասնակցում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը, արտերկրից հրաւիրուած հարիւրից աւելի հիւրեր, սակայն ոեւէ նախագահ չէր մասնակցում: Ամենաբարձրաստիճան պաշտօնեան Արցախի նախագահ Բակօ  Սահակեանն էր: Առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը եւ Րաֆֆի Յովհաննէսեանը հրաւէր չէին ստացել: Տէր Պետրոսեանը աւելի վաղ յայտարարել էր, որ փետրուարի 18-ի ընտրութիւններում Սերժ Սարգսեանը չի ընտրուել: «Արդիւնքներն ինձ համար միանշանակ են:  Յաղթել է Րաֆֆին: Ես դրանում ոչ մի կասկած չունեմ», ասել էր առաջին նախագահը:

Սերժ Սարգսեանը, աջը դնելով սահմանադրութեան մայր օրինակի եւ 7-րդ դարի «Վեհամօր Աւետարան»-ի վրայ, արտասանեց Հայաստանի նախագահի երդման տողերը. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնը` երդւում եմ. անվերապահօրէն կատարել սահմանադրութեան պահանջները` յարգել մարդու եւ քաղաքացու իրաւունքներն ու ազատութիւնները, ապահովել հանրապետութեան անկախութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ անվտանգութիւնը` ի փառս Հայաստանի Հանրապետութեան եւ ի բարօրութիւն Հայաստանի Հանրապետութեան ժողովրդի»:

Իսկ ահա Ազատութեան հրապարակում հաւաքուած հազարաւոր մարդիկ եւ Րաֆֆի Յովհաննէսեանը յայտարարում էին, որ Սերժ Սարգսեանը` կեղծելով փետրուարի 18-ի նախագահական ընտրութիւնները, կոպտօրէն խախտել է հէնց սահմանադրութիւնը, հէնց մարդու եւ քաղաքացու իրաւունքներն ու ազատութիւնները: Րաֆֆի Յովհաննէսեանը ապրիլի 9-ին հերթական անգամ կոշտ խօսքեր հնչեցրեց Սերժ Սարգսեանի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցէին` գոչելով. «Ո՛չ կեղծ երդմանը, ո՛չ կեղծ նախագահին եւ ո՛չ կեղծ վեհափառին»: Յովհաննէսեանը Հայաստանի գլխաւոր դատախազին անուանեց խարդախ:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Նախորդը

Կիրակնօրեայ Խօսքը. Յարուցեալ Յիսուսի` Յաւերժական Խօսքին Ծիրէն Ներս…

Յաջորդը

Պոլսոյ Պատրիարքարանը Անտեսեց Հայ Համայնքին Կրօնական Կարիքները

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.