Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Րաֆֆին Ապացուցեց, Որ Հնարաւոր Է

March 4, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Փետրուարի 18-ին` Հայաստանի նախագահական ընտրութիւնների օրը, իմ բարեկամների ու ծանօթների շրջանում ում հարցնում էի, ասում էին, որ Րաֆֆի Յովհաննէսեանին են քուէ տալու: Բայց անգամ այդ ժամանակ ես չէի հաւատում, որ Րաֆֆին անհնարինն է հնարաւոր դարձնում: Ես չէի հաւատում, որ հայաստանցիների մօտ յոյսը չի մեռել: Ընտրութիւններից յետոյ, երբ Րաֆֆին որոշեց այցելել Հայաստանի տարբեր քաղաքներ ու գիւղեր, ես որոշեցի որպէս լրագրող միանալ նրան ու լուսաբանել նրա շրջայցը կամ, ինչպէս ինքն է ասում, Բարեւարշաւը: Ես ուզում էի  հասկանալ մի քանի բան:

Առաջին` ինչպէ՞ս Րաֆֆիին յաջողուեց անյոյս հայաստանցիների մօտ վերականգնել յոյսը: Ես, իմ մէջ, սիրեցի հայաստանցիներին` տեսնելով նրանց վճռակամութիւնն ու ազնուութիւնը, հիւրասիրութիւնն ու անմիջականութիւնը: Ինձ թւում էր, թէ ամէն կեղծուած ընտրութիւնից յետոյ մարդիկ աւելի են չարանում:

Երկրորդ` ինչպէ՞ս են սովորական մարդիկ եւ պաշտօնեաները դիմաւորում Րաֆֆիին:

Երրորդ` ինչպէ՞ս եւ ի՞նչ ծաւալներով են կեղծուել փետրուարի 18-ի ընտրութիւնները:

Չորրորդ` ինչպէ՞ս է  Րաֆֆին իր տէ ֆաքթօ յաղթանակը, ինչպէս ինքն է պնդում, վերածելու տէ ժիւրէի:

Անցնող օրերին Րաֆֆին` առանց թիկնապահների ու շքախմբի, այցելել է Լոռու, Շիրակի, Արմաւիրի, Արարատի, Վայոց Ձորի, Սիւնիքի ու Կոտայքի մարզերի բազմաթիւ քաղաքներ ու բնակավայրեր: Այդ հանդիպումներից մի քանիսի մասին եմ ուզում պատմել:

Ագարակը Երեւանից ամենահեռու գտնուող քաղաքն է` Արաքսի ափին: Այս քաղաքում Սերժ Սարգսեանը ստացել է 15 անգամ, հասկանո՞ւմ ես, գիտակից ընթերցող, 15 անգամ աւելի ձայն, քան` Րաֆֆի Յովհաննէսեանը: Սա դեռ ոչինչ: Սա սովորական ընտրակեղծարարութիւն է, որին ես ծանօթ եմ 1996-ից, 2003-ից, 2008-ից: Կէսգիշերին, երբ Րաֆֆին` հայ մարդը, սփիւռքից հայրենիք տեղափոխուածը, հանրապետութեան առաջին արտաքին գործերի նախարարը, պատրաստւում էր գիշերել Ագարակի դատարկ հիւրանոցում, նրան ասացին, որ տեղ չկայ: Րաֆֆին գիշերեց սովորական մի տան մէջ, որտեղ գիշերում են Երեւան-Ագարակ փոքր պասերի վարորդները:

Առաւօտեան Րաֆֆին դուրս եկաւ Ագարակի հրապարակ եւ հաւաքուած մի քանի տասնեակ անվախ մարդկանց ասաց, որ բոլոր ընտրակեղծարարները պատասխան են տալու արդարադատութեան եւ ժողովրդի առաջ: Րաֆֆին, ինչպէս ամէնուր, չարացած չէր, բայց վճռական էր ու միշտ ժպտում էր: Նա քննադատում էր աշխարհի խոշոր տէրութիւնների ղեկավարներին, Ամենայն հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսներին, ովքեր, նրա խօսքերով, շտապեցին շնորհաւորել չընտրուած, հայ ժողովրդի քուէն չստացած Սերժ Սարգսեանին: Նա ասում էր, որ թոյլ չի տայ, որ հերթական անգամ հայ ժողովրդից գողանան ընտրութիւնների արդիւնքները: Նա ասում էր, որ` «Սերժը շատ շուտ խմեց շամփանիան»:

Մեղրի քաղաքում, որը նոյնպէս Արաքսի ափին է, Րաֆֆին առանց պայմանաւորուածութեան մտաւ քաղաքապետարան եւ քաղաքապետից պահանջեց, որպէսզի շէնքից դուրս բերուի իշխող Հանրապետական կուսակցութեան գրասենեակը: Այդ հանդիպումը, ինչպէս Րաֆֆի միւս հանդիպումները, ես ու իմ ընկեր լրագրողները հեռարձակում էինք ուղիղ եթերում` համացանցով: Հայաստանի մի շարք քաղաքներում Հանրապետականը իր գրասենեակը տեղաւորել է քաղաքապետարաններում, ինչը ակնյայտ ապօրինութիւն է: Մեղրին այն քաղաքներից է, որտեղ իշխանութիւնը դժուարութեամբ է միշտ յաղթում: Փետրուարի 18-ի ընտրութիւններում Սերժ Սարգսեանը երկուսուկէս անգամ աւելի ձայն է ստացել, ըստ պաշտօնական տուեալների, քան` Րաֆֆի Յովհաննէսեանը:

Քաջարան քաղաքում Րաֆֆին, կրկին առանց պայմանաւորուածութեան, մտաւ քաղաքապետարան եւ քաղաքապետից պահանջեց, որ նա նախ եւ առաջ պիջակի վրայից հանի Հանրապետական կուսակցութեան կրծքանշանը եւ դրա փոխարէն դնի եռագոյնը: Գրեթէ ամէնուր, անգամ այնտեղ, որտեղ իշխանութիւնները մարդկանց զգուշացրել ու սպառնացել էին դուրս չգալ Րաֆֆիի հետ հանդիպումներին, Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը իր թիկունքում զգում էր հպարտ հայ մարդու շունչը: Հէնց դա է Րաֆֆիին ոգեւորում ու դարձնում խիզախ: Ես հասկացայ, որ Րաֆֆին ունի երկու ուժեղ «զէնք»`  շարքային հայ մարդը եւ լրագրողն իր լուսանկարչական գործիքով ու տեսախցիկով: Տեղական պաշտօնեաները շփոթւում էին լրագրողների տեսախցիկների առաջ, երբեմն` ուղղակի դողում:

Կապանում, որը մարզկենտրոնն է, ըստ պաշտօնական տուեալների, յաղթել է Րաֆֆի Յովհաննէսեանը ակնյայտ առաւելութեամբ: Մի դաշնակցական ինձ պատմեց, որ նախ եւ առաջ ՀՅԴ-ի շնորհիւ է յաջողուել Րաֆֆիին յաղթել Կապանում: «Մենք ուղղակի թոյլ չտուեցինք, որ այստեղ Սերժի օգտին կեղծեն», ասաց նա:

Մարզպետարանի շէնքի դիմաց հաւաքուած բազմութեան հետ միասին Րաֆֆին պահանջեց, որ բոլոր ընտրակեղծարար մարզպետները, այդ թւում` Սիւնիքի մարզպետը, հրաժարական տան: Րաֆֆին Հանրապետական կուսակցութեանը նաեւ յորդորեց «չսեփականաշնորհել հայ ժողովրդի մեծանուն զօրավար Նժդեհին»: Կապանում այնքան մեծ էր ոգեւորութիւնը, որ ինձ թւում էր, թէ այս քաղաքում արդէն իշխանափոխութիւն է տեղի ունեցել: Նոյն զգացողութիւնը ես ունեցայ նաեւ Վանաձորում եւ յատկապէս Գիւմրիում ու Շիրակի մարզում, որտեղ, ըստ պաշտօնական տուեալների, Րաֆֆին ստացել է քուէների 70 տոկոսը:

Կապանում Րաֆֆին այցելեց Նժդեհի յուշահամալիր, ապա ուղեւորուեց Գորիս: Ես միշտ հիացել եմ Գորիսով, յատկապէս` բարձրից: Իր ուղիղ փողոցներով ու մուգ կարմիր տանիքներով հիանալի տեսարան է բացում Գորիսը: Վախի մթնոլորտում ապրող այս քաղաքում Րաֆֆին ստացել էր քուէների մօտ 30 տոկոսը, ինչը կարող է անհաւատալի թուալ: Քրէական անցեալով Սիւնիքի մարզպետ Սուրէն Խաչատրեանը, ով առաւել յայտնի է Լիսկա անունով, ծնունդով այս քաղաքից է եւ տարիներ շարունակ նա այստեղ իշխում է որպէս միջնադարեան բռնակալ: Գորիսցիները վախեցել էին դուրս գալ հրապարակ, այդ պատճառով Րաֆֆին քայլում էր քաղաքի փողոցներով, մտնում խանութներ ու հիմնարկներ,  բարեւում մարդկանց: Մի մասը դուռը փակում էր Րաֆֆիի առաջ եւ դէմքով շրջւում: «Մի՛ վախեցէք, բացէ՛ք դռները, դուք յաղթել էք վախին», ժպիտով ասում էր Րաֆֆին:

Գորիսի կենտրոնական փողոցում Րաֆֆին մօտեցաւ տասնամեայ մի աղջնակի ու հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: «Լիլիթ», ասաց աղջնակը: «Ո՞նց ես, Լիլիթ», հարցրեց Րաֆֆին ու գրկեց աղջնակին: Լիլիթը, չճանաչելով անծանօթին, իր փոքր մարմնով փարուեց լայնաթիկունք տղամարդուն եւ թաթիկներով սեղմեց նրա ուսերը:

Արդէն մթնում էր, երբ հասանք Սիսիան: Որոտան գետի վրայ փռուած այս քաղաքը, ի տարբերութիւն Գորիսի, երբեք չի ենթարկւում իշխանութիւնների ճնշումներին: Այս քաղաքում, անկախ կեղծարարութեան ծաւալներից, ընդդիմութիւնը կարողանում է մեծ թուով քուէներ ստանալ:

Մէկ օր առաջ Րաֆֆի Յովհաննէսեանը այցելել էր նաեւ Արմաւիր, Մեծամօր, Էջմիածին, Մասիս, Արտաշատ, Արարատ, Եղէգնաձոր ու Վայք քաղաքներ, բազմաթիւ գիւղեր: Ամէնի մասին չեմ կարող գրել լրագրային յօդուածի սահմանափակումների պատճառով: Բայց պիտի գրեմ, որ Արտաշատում տեղի իշխանութիւնները փորձ արեցին դիմել սադրանքների, ինչը կանխուեց:

Ո՞ւր է տանելու հանրահաւաքների այս ալիքը: Ինչպէ՞ս են իշխանութիւնները հակազդելու: Ես վախենում եմ կանխատեսում անել:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

Նախորդը

Եզակի Արուեստագէտը

Յաջորդը

Արցախեան Ազատագրական Պայքարի 25-ամեակ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.