ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Մինչ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ եւ հայ նշանաւոր քաղաքական, պետական ու կրօնական գործիչներ շտապում են շնորհաւորանքի շռնդալից խօսքեր յղել Հայաստանի գործող նախագահ եւ փետրուարի 18-ին համատարած ընտրակեղծիքներով ընտրութիւններում յաղթած (ըստ պաշտօնական թուերի) Սերժ Սարգսեանին, հայ ժողովրդի մի ստուար հատուած Երեւանում, Գիւմրիում, Վանաձորում, Աշտարակում ու բազմաթիւ այլ վայրերում իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդէմ անարդարութիւնների ու հերթական ընտրակեղծիքների: Հազարաւոր հայեր կրկին հաւաքւում են Երեւանի Ազատութեան հրապարակում եւ պահանջում, որպէսզի Սարգսեանը հրաժարական տայ, կամ անցկացուեն նախագահական նոր ընտրութիւններ եւ կամ էլ խորհրդարանական ընտրութիւններ: Սարգսեանը, ով ընտրութիւններում Հայաստանի բազմաթիւ վայրերում ջախջախիչ պարտութիւն է կրել Րաֆֆի Յովհաննէսեանից, մերժել է բոլոր երեք պահանջները:
Փետրուարի 22-ին Հայաստանում, աւելի ճիշդ` Շիրակի մարզում, արձանագրուեց մի դէպք, որն ամբողջութեամբ ցոյց է տալիս, թէ ինչ արժէք ունի արդարութիւնը Սերժ Սարգսեանի ու գործող հանրապետական վարչախմբի համար: Աշխատանքից ազատուել է Շիրակի մարզպետը: Անկախ պաշտօնական մեկնաբանութիւնների, նրա հրաժարականի պատճառը մէկն է ու միակը` Սերժ Սարգսեանը Գիւմրիում ստացել է քուէների 27 տոկոսը, իսկ Րաֆֆի Յովհաննէսեանը` 70 տոկոսը: Ապշեցուցիչը ոչ թէ այն է, որ Սարգսեանը ընդամէնը 27 տոկոս է հաւաքել Գիւմրիում, այլ այն, որ պատժում են մարզպետին, քանի որ նա չի կարողացել քուէներ ապահովել Սարգսեանի համար, այսինքն չի կարողացել կամ չի ցանկացել կեղծել յօգուտ Սարգսեանի:
Բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ քուէարկութեանը մասնակցողների թիւը եղել է 60 տոկոսից ցածր, Րաֆֆի Յովհաննէսեանը, ըստ պաշտօնական թուերի, յաղթել է ձայների 55-45 յարաբերակցութեամբ: Իսկ բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ մասնակցութիւնը եղել է 60 տոկոսից բարձր, Սերժ Սարգսեանը յաղթել է 68-32 յարաբերակցութեամբ, կրկին ըստ պաշտօնական թուերի: Սա նշանակում է, որ մի շարք ընտրատեղամասերում եղել են լցոնումներ, կրկնակի քուէարկութիւններ: Եւս մէկ ուշագրաւ հանգամանք. կան գիւղեր, որտեղ գործել են երկու ընտրատեղամասեր: Այսպէս, գիւղի մի ընտրատեղամասում ձայները Սարգսեանի եւ Յովհաննէսեանի միջեւ բաժանուել են գրեթէ հաւասար, իսկ ահա գիւղի միւս ընտրատեղամասնում Սարգսեանը ստացել է քուէների 90 տոկոսը: Մի քանի այլ օրինակներ բերեմ, որպէսզի պարզ լինի կեղծարարութեան ծաւալը: Էջմիածնի շրջանի շուրջ երկու տասնեակ ընտրատեղամասերում Յովհաննէսեանը քուէների փոքր եւ տրամաբանական առաւելութեամբ յաղթել է Սարգսեանին, սակայն նոյն այդ շրջանի մի գիւղում Սարգսեանը ստացել է 95 տոկոս:
Փետրուարի 21-ին Րաֆֆի Յովհաննէսեանը այցելեց նախագահական նստավայր եւ Սերժ Սարգսեանի հետ զրոյցում առաջարկեց ստեղծուած վիճակից դուրս գալու երեք տարբերակ, որոնցից եւ ոչ մէկը գործող նախագահը չընդունեց: Սպասելի էր, որ Սարգսեանը հրաժարական չի տայ, նախագահական կամ խորհրդարանական ընտրութիւններ չի նշանակի, քանի որ չկեղծելու դէպքում գործող նախագահն ու նրա գլխաւորած Հանրապետական կուսակցութիւնը միանշանակ կերպով կը պարտուեն:
Յովհաննէսեանը յայտարարում է, որ շարունակելու է փողոցային պայքարը, քանի դեռ, նրա խօսքերով` ժողովրդին չի վերադարձուել փետրուարի 18-ի յաղթանակը: Փետրուարի 20-ի հանրահաւաքում Յովհաննէսեանին միացան մի շարք քաղաքական գործիչներ, իսկ փետրուարի 22-ի հանրահաւաքում, որին մասնակցում էր աւելի քան 10 հազար մարդ, ՀՅԴ-ն եւս կանգնեց ժողովրդի կողքին եւ միացաւ Յովհաննէսեանին: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը իր ելոյթում ասաց. «Ազատութեան այս հրապարակն արդէն քանի օր սպասում էր, ուզում էր տեսնել Դաշնակցութեանը: Մենք այստեղ ենք: Մենք եկել ենք ձեր հանրահաւաքին: Ինչպէս յայտարարել ենք` Դաշնակցութիւնը ժողովրդի հետ է: Այն ժողովրդի, որ փետրուարի 18-ին ապացուցեց` անհնար է իրեն կոտրել, անհնար է իր մէջ մեռցնել արդարութեան, ազատութեան ձգտումը: Փետրուարի 18-ին դուք ապացուցեցիք, որ Հայաստանի քաղաքացին շատ աւելի լաւ կեանքի եւ իշխանութեան է արժանի: Սա ընդվզում էր անարդարութեան, անյուսութեան, արտագաղթի դէմ»:
Մինչ այդ ՀՅԴ-ն յայտարարութեամբ կասկածի տակ էր դրել Սարգսեանի վերընտրութիւնը: Նոյնն արել էր Լեւոն Տէր Պետրոսեանի գլխաւորած Հայ ազգային քոնկրեսը աւելի կոշտ բառապաշարով:
Հայաստանի նորանկախ պատմութեան մէջ սա առաջին դէպքը չէ, երբ նախագահական ընտրութիւններից յետոյ ընդդիմութեան թեկնածուն վիճարկում է քուէարկութեան արդիւնքները, չի շնորհաւորում նախագահին եւ փորձում է փողոցային պայքարի միջոցով հասնել իշխանափոխութեան:
Նախագահական միակ ընտրութիւնները, որոնք գրեթէ չեն վիճարկուել եւ չեն ունեցել հետընտրական զարգացումներ, 1991 թուականի ընտրութիւններն էին: Առաջին նախագահ ընտրուեց Լեւոն Տէր Պետրոսեանը` ստանալով քուէների աւելի քան 83 տոկոսը: Հայաստանի քաղաքացիների մեծագոյն մասը կասկածի տակ չդրեց այդ ընտրութիւնների արդարութիւնը: Ընդդիմութեան հիմնական թեկնածուն` խորհրդային տարիների այլախոհ գործիչ Պարոյր Հայրիկեանը սեւ դրօշներով երթ կազմակերպեց` այսպէս իր բողոքը յայտնելով Տէր Պետրոսեանի ընտրութեան առիթով: Կարճ ժամանակ անց, երբ Հայաստանը յայտնուեց ծանր ընկերային վիճակի մէջ, Տէր Պետրոսեանը սրընթաց կերպով կորցրեց իր հեղինակութիւնը:
1996-ին տեղի ունեցան նախագահական երկրորդ ընտրութիւնները, որոնցում, ճիշդ է, յաղթող հռչակուեց Տէր Պետրոսեանը, սակայն Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, ինչպէս այսօր, չհաւատաց քուէարկութեան արդիւնքներին` վստահ լինելով, որ ընտրութիւնները կեղծուել են: Ընդդիմութեան առաջնորդ Վազգէն Մանուկեանը փողոց դուրս բերեց իր հազարաւոր կողմնակիցներին եւ գրոհեց խորհրդարանի շէնքը: Իշխանութիւնները Երեւանի փողոցներ դուրս բերեցին զրահապատներ եւ ճնշեցին ընդդիմութեան հանրահաւաքները: Տէր Պետրոսեանը երկրի ներսում եւ դրսում արժանացաւ ամենախիստ քննադատութեան:
Նախագահի պաշտօնը երկրորդ անգամ զբաղեցնելուց մէկուկէս տարի անց Տէր Պետրոսեանը հրաժարական տուեց: 1998-ի գարնանը կայացան արտահերթ ընտրութիւններ, որոնցում, ըստ պաշտօնական տուեալների, յաղթեց Ռոբերտ Քոչարեանը: Նրա հիմնական մրցակիցը Խորհրդային Հայաստանի վերջին առաջնորդներից Կարէն Դեմիրճեանն էր: Վերջինս իր կողմնակիցներին դուրս չբերեց փողոց, սակայն նաեւ չընդունեց ընտրութիւնների արդիւնքները եւ չշնորհաւորեց Ռոպերթ Քոչարեանին:
2003 թուականի նախագահական ընտրութիւններում Ռոպերթ Քոչարեանի հիմնական մրցակիցը Կարէն Դեմիրճեանի որդին էր` Ստեփան Դեմիրճեանը: Քոչարեանը, ըստ պաշտօնական թուերի, յաղթեց Դեմիրճեանին, սակայն միջազգային կազմակերպութիւնները յստակ յայտարարեցին, որ այդ ընտրութիւնները չեն համապատասխաներ եւրոպական չափանիշներին: Դեմիրճեանը իր կողմնակիցներին դուրս բերեց փողոց: Ընդդիմութեան փողոցային պայքարը շարունակուեց մօտ մէկ տարի, որն աւարտուեց 2004-ի ապրիլեան բռնութիւններով: Տասնեակ ընդդիմադիրներ ձերբակալուեցին, ինչպէս 1996-ին:
2008-ին նախագահական ընտրութիւնները աւարտուեցին Մարտի 1-ի ողբերգական դէպքերով, երբ իշխանութիւնները ուժ գործադրեցին: Սպաննուեց տասը մարդ: Այդ ընտրութիւններում ընդդիմութեան առաջնորդը առաջին նախագահ Տէր Պետրոսեանն էր, ով վիճարկում էր Սերժ Սարգսեանի ընտրութիւնը:
Այսօր կրկին հայ ժողովրդի մի հատուած դուրս է եկել փողոց ու պահանջում է արդարութիւն: Այսօր այդ պայքարը գլխաւորում է Րաֆֆի Յովհաննէսեանը, ով, ի տարբերութիւն Հայաստանի ընդդիմութեան նախկին առաջնորդների, ի մասնաւորի` Վազգէն Մանուկեանի եւ Լեւոն Տէր Պետրոսեանի, իր ելոյթները չի կառուցում ատելութեան եւ կամ անհանդուրժողականութեան վրայ: Դա նոր մշակոյթ է հայաստանեան քաղաքական կեանքում եւ ժողովրդի մի հատուածի համար` դեռեւս անհասկանալի: Նախընտրական շրջանում շատերը հեգնանքով էին խօսում Յովհաննէսեանի մարտավարութեան, մարդկանց հետ յարաբերուելու, փողոցում առանց թիկնապահների շրջելու, ծանօթ-անծանօթներին ձեռքով բարեւելու մասին: Այսօր կարելի է փաստել, որ Յովհաննէսեանը, զերծ մնալով ատելութիւն քարոզելուց, իրակացրել է փայլուն նախընտրական արշաւ եւ կարողացել է իր կողմը գրաւել աւելի քան կէս միլիոն հայաստանցիների:
Յատուկ «Ազդակ»-ի համար


