ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հայաստանի խորհրդարանում ներկայացուած եւս մէկ ուժ` Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, յայտարարեց, որ 2013-ի փետրուարի 18-ին կայանալիք նախագահական ընտրութիւններում թեկնածու չի առաջադրի: Այսպիսով, խորհրդարանում ներկայացուած Բարգաւաճ Հայաստանից ու Հայ ազգային քոնկրեսից յետոյ ՀՅԴ-ն դառնում է երրորդ ուժը, որը իր թեկնածուով չի մասնակցում ընտրութիւններին, միաժամանակ բացառելով աջակցել իշխանութեան թեկնածուին` գործող նախագահ Սերժ Սարգսեանին:
Նախագահական ընտրութիւններում սեփական թեկնածու չառաջադրելու եւ թեկնածուներից ոեւէ մէկին սատարելուց հրաժարուելու մասին առաջինը յայտարարեց Բարգաւաճ Հայաստանը, որը 2012-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրութիւններում ստացել էր քուէների աւելի քան 30 տոկոսը: Մի քանի օր առաջ Հայ ազգային քոնկրեսի առաջնորդ Լեւոն Տէր Պետրոսեանը թերթերից մէկին տուած հարցազրոյցում յայտարարեց, որ իր թեկնածութիւնը չի դնի` պարզաբանելով, որ սեփական ժողովրդին յարգող մարդը 68 տարեկան հասակում չի կարող յաւակնել նախագահի պաշտօնին:
Անկասկած, Տէր Պետրոսեանը չի մասնակցում նախագահական ընտրութիւններին, քանի որ իր փորձով (ե՛ւ 1996-ի, երբ ինքը կեղծեց, ե՛ւ 2008-ի, երբ իր դէմ կեղծեցին) համոզուած է, որ Հայաստանում այսօր ստեղծուել է քաղաքական մի իրավիճակ, երբ ոչ միայն ընտրութիւններով հնարաւոր չէ իշխանափոխութիւն իրականացնել, այլ դա հնարաւոր չէ նաեւ յետընտրական պայքարով: «Հայաստանում ո՛չ քաոսային վիճակ, ո՛չ էլ կառավարելիութեան պակաս գոյութիւն չունի: Ընդհակառակը, խնդիրը գերկառավարելիութեան առկայութիւնն է, երբ ամէն ինչ կենտրոնացած է իշխանութիւնը զաւթած մի բուռ յանցագործների ձեռքում», ասել է Տէր Պետրոսեանը:
Առաջին նախագահը ընդունեց իրատեսական որոշում: Գիտակցելով, որ ներքաղաքական պայմաններն այնպիսին են, որ ընտրութիւններում հնարաւոր է միայն պարտուել, Տէր Պետրոսեանը միաժամանակ հրաժարուեց օրինականացնել Սերժ Սարգսեանի` երկրորդ անգամ նախագահ դառնալու գործընթացը:
ՀՅԴ-ն, ի տարբերութիւն Տէր Պետրոսեանի, չի գործածում կոշտ բառապաշար, սակայն կուսակցութեան ներկայացրած պատճառաբանութիւնները տրամաբանական են: ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղուան Վարդանեանը ներկայացրել է մի քանի պատճառաբանութիւն, թէ ինչու է անիմաստ մասնակցել նախագահական ընտրութիւններին: Առաջին` «մարդիկ գնում են ընտրութեան տեղամաս, բայց որոշումը արդէն վաղուց այլ միջոցներով, այլ լծակներով կայացել է», երկրորդ` «հնարաւոր չեղաւ ընդդիմադիր միասնական ճակատ ձեւաւորել, որը նաեւ կը յանգեցնէր միասնական թեկնածուին», երրորդ եւ ամենահիմնականը` «մասնակցել ինքնանպատակ կանխորոշուած ընտրութիւններին, կը նշանակէր գծուած բեմագրութեան մաս կազմել, իսկ մենք ասել ենք, որ Դաշնակցութիւնը երբեք ուրիշների խաղը չի խաղում եւ երբեք ուրիշների բեմագրութեամբ չի առաջնորդւում»:
Այսպիսով, 1991-ից ի վեր առաջին անգամ ՀՅԴ-ն Հայաստանի նախագահական ընտրութիւններում չի առաջադրում իր թեկնածուին եւ այս պահի դրութեամբ չի պաշտպանում ոեւէ թեկնածուի: 1991-ի նախագահական ընտրութիւններում ՀՅԴ-ի թեկնածուն Սօս Սարգսեանն էր, ով ստացաւ քուէների 4.3 տոկոսը: 1996-ի նախագահական ընտրութիւններում ՀՅԴ-ն աջակցեց ընդդիմութեան միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանին` ընդդէմ Տէր Պետրոսեանի, 1998-ին եւ 2003-ին ՀՅԴ-ն պաշտպանեց Ռոպերթ Քոչարեանին, իսկ 2008-ին հանդէս եկաւ իր թեկնածուով` Վահան Յովհաննիսեանը ստացաւ քուէների 6 տոկոսը:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ այս պահի դրութեամբ գործող նախագահ Սերժ Սարգսեանը ոեւէ լուրջ մրցակից չի ունենայ փետրուարի 18-ի ընտրութիւններում: Իսկ եթէ Ժառանգութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը եւս չմասնակցի ընտրութիւններին, ապա Սերժ Սարգսեանը կարող է հաւաքել ընտրութիւններին մասնակցած քաղաքացիների քուէների աւելի քան 80 տոկոսը, մի ցուցանիշ, որը բնորոշ է մենատիրական երկրներին եւ պատիւ չի բերում Հայաստանին: Բայց եթէ բոլոր ընդդիմադիր եւ հեղինակութիւն վայելող կուսակցութիւններն ու գործիչները չմասնակցեն նախագահական ընտրութիւններին, ապա, անկախ նրանից, թէ քանի տոկոս քուէ կը ստանայ Սերժ Սարգսեանը, նրա օրինականութիւնը միջազգայնօրէն եւ ժողովրդայնութիւնը Հայաստանի ներսում աւելին չի լինի, քան այսօր է:
1990-ականների սկզբներին, երբ Խորհրդային Միութիւնը նոր էր փլուզուել, մի շարք քաղաքագէտներ կանխատեսում էին, որ յետխորհրդային հանրապետութիւնները, ապրելով ժողովրդավարութեան կարճ ժամանակաշրջան, ընտրելու են մենատիրութեան եւ ամբողջատիրութեան ուղին: Լայն հաշուով, նրանք ճիշդ դուրս եկան:
Բացառութիւնը վերաբերում է միայն պալթեան երեք հանրապետութիւններին: Էսթոնիան, Լաթվիան ու Լիթուանիան Եւրոպական Միութեան մաս են կազմում արդէն, դարձել են բարեկեցիկ, բարգաւաճ պետութիւններ: Յետխորհրդային միւս 12 հանրապետութիւններից 7-ը արդէն իսկ «յաղթահարել» են մենատիրութեան ժամանակաշրջանը եւ մօտեցել ամբողջատիրութեան փուլին: Այդ պետութիւններն են Թուրքմենիստանը, Ուզպեքիստանը, Տաճիկիստանը, Ղազախստանը, Ազրպէյճանը, Պիելոռուսիան եւ Ռուսաստանը: Եւս երկու հանրապետութիւններ` Հայաստանն ու Խըրխըզիստանը, դեռ գտնւում են ժողովրդավարութեան ու ամբողջատիրութեան «եզրին»: Եւ վերջապէս երեքը` Մոլտաւիան, Ուքրանիան եւ Վրաստանը, դեռ հնարաւորութիւն ունեն շարժուելու ժողովրդավարութեան ճանապարհով, այսինքն` իշխանափոխութիւն իրականացնել համեմատաբար ազատ եւ արդար ընտրութիւնների միջոցով` մրցակցային պայմաններում:
Յատուկ «Ազդակ»-ի համար


