Պէտք Է Հնարաւորինս Օգտագործենք Թուրքիայի Խոցելիութիւնը

Հերթական անգամ ոտնահարելով պետութիւնների եւ ժողովուրդների միջազգայնօրէն ամրագրուած իրաւունքները` Թուրքիան բացայայտ ռազմական յարձակում է ձեռնարկել Սիրիայի հիւսիս-արեւելքում: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ռազմական յարձակում է ձեռնարկել Սիրիայի հիւսիս-արեւելքում: «Խաղաղութեան աղբիւր» անունը ստացած գործողութիւնը նպատակ էր հետապնդում «վերացնել Թուրքիայի հարաւային սահմանին գտնուող ահաբեկչութեան միջանցքը, չէզոքացնել քիւրտ զինեալներին եւ «Իսլամական պետութեան» ջոկատները, ստեղծել անվտանգութեան գօտի եւ ապահովել սիրիացի փախստականների համար վերադարձի պայմաններ»:

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի, Միացեալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի եւ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Մայք Փոմփէոյի բանակցութիւնների արդիւնքում Թուրքիան պարտաւորուել է 120 ժամով դադարեցնել իր գործողութիւնները, որպէսզի քրտական ջոկատները հեռանան 30 քմ-անոց «անվտանգութեան գօտուց»:

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլատիմիր Փութինի եւ Ռեճեփ Թայիփ Էրտողանի հանդիպման արդիւնքում կնքուել է յուշագիր, որի 5-րդ կէտում նշւում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղութեան աղբիւր» գործողութեան շրջանից, կը մտնեն ՌԴ ռազմական ոստիկանութեան եւ Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կը նպաստեն քրտական խմբաւորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 քմ հեռաւորութեան վրայ, որը պէտք է աւարտուի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած` 150 ժամուայ ընթացքում: Նշուած ժամկէտի աւարտից յետոյ` նոյեմբերի 1-ից Սիրիայի հիւսիս-արեւելքում կ’իրականացուի ռուս-թուրքական համատեղ պարեկութիւն:

Թուրքիայի ռազմական գործողութիւնների պատճառով 300 հազար մարդ լքել է իր տունը, 250 մարդ, որոնց մեծ մասը` երեխաներ, մահացել է, եւս 300 մարդ համարւում է անհետ կորած:

Հոկտեմբերի երկրորդ տասնօրեակից Թուրքիայի ձեռամբ Սիրիայում տեղի ունեցած ռազմական գործողութիւնների, Սիրիայի հայկական համայնքի եւ Թուրքիայի հանդէպ առաջացած միջազգային դժգոհութիւնը ի նպաստ հայկական հարցերի լուծմանն օգտագործելու շուրջ «Ապառաժ»-ի թղթակիցը զրուցել է Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Սիրիայի հիւսիս-արեւելքը ենթարկուել է թուրքական յարձակման: Որքանո՞վ է տուժել Սիրիայի տուեալ շրջանի հայութիւնը եւ ի՞նչ իրավիճակ է արձանագրւում Սիրիայում Ռուսաստանի հետ Թուրքիայի կնքած համաձայնագրից յետոյ:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Սիրիայի հիւսիս-արեւելքում իրավիճակը դեռեւս լարուած է, բայց կարող եմ ասել, որ այսօր հայութեանը, որպէս այդպիսին, վտանգ չի սպառնում: Սիրիայի հիւսիս-արեւելքում ապրող հայերը տարհանուել են դեռեւս Սիրիայի պատերազմի սկզբնական շրջանում, երբ Իսլամական պետութեան զինեալ խմբաւորումները գրաւեցին Սիրիայի հիւսիսային շրջանի գիւղերը: Թուրքիայի յարձակման ժամանակ այդ շրջանում մնացել էին սակաւաթիւ թուով հայ ընտանիքներ, հիմնականում` աշխատանքի բերումով: Թուրքական թափանցման արդիւնքում Սիրիայի այդ հատուածն ապահով չէր հայերի համար, այդ իսկ պատճառով այդ շրջանում մնացած հայերը միացել են նախապէս Հալէպ, Հաղփմայ եւ Հասաքէ ու Գամիշլի տեղափոխուած ընտանիքներին:

Սիրիայի ազգային մարմինները, Ճեզիրէի առաջնորդական փոխանորդութիւնը, բարեսիրական մարմինները հանդիպել են իրենց շրջանները լքած հայերի հետ, ծանօթացել են նրանց դժուարութիւններին եւ պատրաստակամ են ցուցաբերել հնարաւոր օժանդակութիւն` միաժամանակ խրախուսելով Սիրիան լքելու ցանկութիւն յայտնած հայ ընտանիքներին` տեղափոխուել Հայաստան եւ Արցախ:

Պատմութեան ընթացքից մենք ծանօթ ենք Թուրքիայի քաղաքականութեանը, որ եթէ առիթ տրուի, յարձակւում, գրաւում եւ գրաւուած տեղից չի նահանջում` տարածելով իր ծաւալապաշտ քաղաքականութիւնը: Եւ քանի դեռ Թուրքիան ներկայութիւն ունի Սիրիայի հիւսիսում, այնտեղ չի կարելի վերադառնալ: Սիրիահայերի հանգրուանն այսօր թուրքական յարձակումից զերծ մնացած Սիրիայի միւս շրջաններն են, որտեղ հայերի անվտանգութիւնը որոշ չափով երաշխաւորում է քրտական խմբաւորումների հետ սիրիական բանակի համաձայնութիւնը եւ վերահսկողութիւնը հիւսիսարեւելեան շրջաններում:

Հ.- Ի՞նչ աշխատանքներ է տարել «Գանձասար» թերթն այս օրերին:

Պ.- «Գանձասար»-ը հնարաւորութեան չափ փորձել է փոխանցել Սիրիայում տիրող ճշմարիտ պատկերը, որովհետեւ երբեմն քաղաքական ուղղուածութիւն ունեցող որոշ լրատուամիջոցներ ներկայացնում էին` Սիրիայում տիրող խուճապահար իրավիճակ, տեղահանման, փոխադրման կազմակերպման հրատապութիւն, ինչը, սակայն, ճշմարտութեանը չէր համապատասխանում: Ճիշդ է` Սիրիայում կային դժուարութիւններ, եւ վտանգը երկրում դեռեւս առկայ է, բայց Սիրիայի հայութիւնը շարունակում է գործել իր կառոյցներով, ազգային մարմիններով, դպրոցներով եւ եկեղեցիներով: Եւ անկախ տարածաշրջանի քաղաքական տարբեր տեսակէտների` «Գանձասար»-ը փորձում է ներկայացնել ճշմարտութիւնը` առանց չափազանցութեան եւ առաջն առնել այն խուճապի, որ ստեղծւում է հայութեան շրջանակներում լրատուամիջոցների ոչ իրաւացի տեղեկութիւնների պատճառով:

Հ.- Ին՞չ էք կարծում` Թուրքիան ինչ-որ հետեւութիւննե՞ր է արել Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքելով, թէ՞ համաձայնագրի կնքումը բխում էր հէնց Թուրքիայի շահերից եւ ի նպաստ Թուրքիայի նպատակների:

Պ.- Ես կարծում եմ, որ Թուրքիան, հաւատարիմ մնալով իր ծաւալապաշտական նպատակներին, ձգտում է ապահովական գօտի ստեղծելու պատրուակով իրեն միացնել Սիրիայի հիւսիսային շրջանը` իրականացնելով Օսմանեան կայսրութեան օրերից ունեցած ցանկութիւնը:

Սիրիայի իշխանութիւնները շատ լաւ են գիտակցում Թուրքիայի նկրտումները: Սիրիայի նախագահը Ռեճեփ Էրտողանին որակել է որպէս աւազակ, մատնանշել է Հալէպի գործարանները թալանելու, Սիրիական քարիւղը ապօրինի միջոցներով դուրս բերելու եւ սիրիական տարածքները գրաւելու Թուրքիայի քայլերը: Իրականութեան մէջ միջազգային ընտանիքն էլ գիտի, որ Թուրքիան այս խաղաքարտերն օգտագործում է իր նպատակների համար, ժողովրդագրական պատկեր փոփոխելու միջոցով մեծացնում է իր գերիշխանութիւնը եւ հաստատում իր վերահսկողութիւնը տուեալ շրջանում:

Միջազգային հանրութիւնը պէտք է մշտապէս շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրայ, որպէսզի ապահովական գօտի ստեղծելու դէպքում անգամ Թուրքիան ներկայութիւն չունենայ Սիրիայում: Թուրքիայի անմիջական ներկայութիւնը Սիրիայում անընդունելի է:

Հ.- Սիրիայի հիւսիսն այս հոկտեմբերին գերտէրութիւների շահերի բախման մրցասպարէզ էր: Ին՞չ հետեւութիւններ պէտք է անել Սիրիայում տեղի ունեցած դէպքերից, եւ ինչպէ՞ս կարող է հայութիւնն օգտագործել Թուրքիայի նկատմամբ առաջացած համաշխարհային դժգոհութիւնը` ի նպաստ հայկական հարցերի:

Պ.- Սիրիայի կառավարութիւնը միշտ էլ յայտարարել է, որ իրենց համար սկզբունքային է երկրի տարածքային ամբողջականութեան պահպանումը, եւ որ` նրանք դատապարտում են երկրի քիւրտ քաղաքացիների նկատմամբ Թուրքիայի ջարդերը: Սիրիայի իշխանութիւնները հաւատում են, որ Սիրիայի ներքին ուժերի միացումով է հնարաւոր պայքարել Սիրիայի արտաքին ուժերի դէմ: Իսկ Սիրիայի ներքին ուժերից մէկն էլ հայ համայնքն է:

Ճիշդ է` այսօր Սիրիայի հայկական համայնքն ուղղակիօրէն վտանգուած թիրախ չէ, բայց Թուրքիան սահմանի վրայ է եւ հայութիւնը վտանգի տակ է: Հայկական համայնքի համար ներկայ գերխնդիրը ապահովութեան երաշխիքի ամրագրումն է, իսկ ապահովութեան երաշխիքների ամրագրման համար պէտք է վարել հաւասարակշռուած քաղաքականութիւն: Հայաստանը, Արցախը, սփիւռքը եւ մասնաւորապէս սիրիահայութիւնը պէտք է գործադրեն բոլոր ջանքերը` կարելի եղածին չափով այս տարածաշրջանի վրայ թուրքական ախորժակը զսպելու համար: Իսկ Սիրիայի հայկական համայնքի կազմակերպումը հնարաւորութիւն կը ստեղծի վերստին ներգործօն դեր ունենալ Սիրիայում:

Համագործակցաբար տարուած աշխատանքի եւ լոպիի ճշգրիտ ուղղորդումով կարելի է որոշ չափով սանձել Թուրքիային: Ներկայումս Թուրքիան շատ խոցելի է, եւ Թուրքիայի խոցելիութիւնը մենք պէտք է հնարաւորինս օգտագործենք:

ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆի հետ զրուցել է
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)