«Մենք Չենք Պառկիր…»

ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐԵԱՆ

Հիմնական թողարկմանը մնացել էր երկու ժամ: 18:50-ին շարունակում էի հետեւել թուրքական մամուլի օրաւարտի լրահոսին: «Ժողովո՜ւրդ»` աւանդական «նիւզռումային» բացագանչութիւնից գործընկերներս հասկացան, որ կարեւոր բան է կատարուել: Հինգ րոպէ անց «Հայլուր»-ում եռուզեռ էր, զգուշաւոր սպասողական վիճակ: Եղելութիւնից առաջ` զարհուրելին հաւաստող յուսախաբութիւն: Ճակատագիրը գիտէի. կանխատեսելի էր: Նրանք չեն խաթարի անվտանգային յարաբերութիւնները Անգարայի հետ… թէկուզ «Մաւի Մարմարա»-ի գործով հրապարակային նսեմացման ենթարկուելուց յետոյ: Սա քաղաքականութիւն է: Միջպետական: Զգացմունքների համար ժամանակ, տարածք ու տրամադրութիւն չկայ: Տագնապած հայեացքով մտայ մեր ծառայութեան գլխաւոր խմբագիր Արմէն Ամիրխանեանի աշխատասենեակ ու յայտնեցի յոյժ կարեւոր լուրը: Թեմայի արժէքային մեր ընկալումները ոչ միայն համընկնում էին, այլեւ միասին երկար տարիներ (նաեւ` Միացեալ Նահանգներու Արեւելեան ափի իմ գործընկեր Հայկարամ Նահապետեանը) մամուլի ուշադրութեան կեդրոնում էինք պահել այն, ես` նաեւ միջազգային գիտական շրջանակների: Իսրայէլի Քնեսեթը հերթական անգամ քննութեան էր առնելու կրթութեան հարցերով օրէնսդիրի յանձնաժողովի նախաձեռնութիւնը, որով Հայոց ցեղասպանութեան թեման պիտի ներառուի պետական կրթական հաստատութիւնների դասագրքերում: Ժամանակ չունէինք երկար մտածելու:

Այդ ժամանակ, խօսքը 2009 թ-ի մասին է, համացանցն այսքան ողողուած չէր տարատեսակ կայքերով, տեղեկատուութեան նկատմամբ կար մի պտղունց պատկառանք: Ազգային թեմաները պարբերական բռնաբարութեան չէին ենթարկւում, առաւել եւս` ծաղրանքի: Ամենահակադիր կարծիքներն անգամ ներկայացնելիս մարդիկ հաշուի էին առնում թեմայի կշիռը, զգայնութիւնը, նշանակութիւնը, արժէքաբանական հենքը: Սեռավարակ մտքերով այնքան ապականուած չէր համազգայինը: Եւ կար հեռուստատեսութիւն, որն իր մասնագիտական առաքելութեանը հաւատարիմ` լուրի իսկութիւնը պիտի եռակի ճշդէր ու յետոյ միայն մատուցէր լսարանին: Գոնէ` ոչ ներքաղաքական հարցերում, որոնց ես, որպէս մասնագէտ, այնքան էլ չէի առնչւում:

Կամաւոր: Իմը` պետութեանս արտաքին քաղաքականութիւնն է եւ էր: Նաեւ կը լինի: Արմէնը ժպտաց, ու մենք հասկացանք իրար: Գիտէինք, որ Թել Աւիւը հերթական «մտրակն» է թափահարելու իր երբեմնի դաշնակցի գլխին եւ վերջին պահին նախագիծը յետ է կանչելու կամ էլ հանելու է Քնեսեթի օրակարգից: Այդ երկրի միապալատանի խորհրդարանում հայամէտ լոպին ծանրակշիռ է, բայց միայն պատմական արդարութեան վերականգնման` սրտաճմլիկ հնչողութեամբ կարգախօսի շրջանակում: Հրեաները լաւ գիտեն մեր պատմութիւնը: Մեզ էլ: Տեղ-տեղ նոյնիսկ ճակատագրական դերակատարում են ունեցել: Հաւատաւոր են, բայց ի տարբերութիւն մեզ` շատ գործնապաշտ: Ունեն անվտանգութեան սինտրոմ: Արդարացիօրէն:  Համաշխարհային քարոզչամեքենաների միջոցով քաղաքականութիւն ստեղծողներն ու այդ միջոցների վարձակալներն այս դարում իրենք են: Մտածել են ու եզրակացրել` Ցեղասպանութեան ճանաչման ու հետեւանքների վերացման հարցում մեզ նեցուկ լինելու հարցն առայժմ կը խանգարի Իսրայէլի անվտանգային օրակարգին: Երէկ էլ էր խանգարում, վաղը անյայտ է` տարածաշրջանի աշխարհագրական ճարտարապետութեան նման: Մեզ հասկանում են, պատերի տակ` ոգեւորում, բայց մինչեւ քաղաքական աքաղաղի կանչը` երիցս ուրանում: Եզակիութեան բարդոյթ ունեն:

«Վե՞րջը», Արմէնն ընդհատեց մեր` 15 րոպէ տեւած զրոյցը: Վերցրի հեռախօսն ու զանգեցի Երուսաղէմ: Այս հարցերով Իսրայէլում մէկ հասցէատէր ունենք` Հայ դատի գրասենեակը: Խօսեցի մեր ընկերներից Յակոբ Սեւանի հետ, ասաց` երկու օր առաջ են գրասենեակին տեղեակ պահել, հիմա էլ համայնքային գործիչներով շտապում են Քնեսեթ: Պատուիրակների մէջ բոլորն էին` պատրիարքի ներկայացուցչից մինչեւ հոգաբարձուներ, ազգային ու եկեղեցական մարմինների ղեկավարներ, բայց չկար գրասենեակի «Կարմիր գոյնը», բոլորի քոյրիկը… Ժորժէթը: Նա Երեւանում էր` Հայ դատի գրասենեակների հերթական համաժողովին: Ժորժէթ Աւագեանին բոլոր ճանաչողները դիմում էին «քոյրիկ»-ով: Արեւմտահայերէնում այդ արտայայտութիւնը ինքնասիրութիւնդ վիրաւորելու աստիճան գեղեցիկ է հնչում: Մանաւանդ` նրա դէպքում: Միշտ խնամուած, ամրակազմ, ինքնավստահութիւն ներշնչող ձայնով, հայեացքով ու ժեսթերով, ներս ընկած կոպերով… Ժորժէթ քոյրիկին «իկ» փոքրակերտ մասնիկով հնարաւոր չէ պատկերացնել: Նրա անցած ճանապարհը, մտաւորական  պաշարը, ցանցային մտածողութիւնը, ապրած ու ապրեցրած օրերը, անսակարկ նուիրումը, խրոխտ կեցուածքը, բացառապէս «ազգայինի» առաջ խոնարհուած աչքերն ու այդ բեռի տակ կքած ուսերը, յամառ ու արդար սկզբունքայնութիւնը իւրաքանչիւրին պարտադրում էին զուսպ ու ձիգ մնալ իր կողքին: Նա էլ էր քաղաքագէտ: Իսրայէլական մի քանի համալսարաններում դասաւանդող դասախօս: Ազգային օրակարգից բացի, մենք բազմիցս ու ժամերով ենք քննարկել Պեն Կուրիոնի հիմնած պետութիւնում ռազմաքաղաքացիական յարաբերութիւնների դրուածքը, ճակատագիրը, հարեւանների հետ յարաբերութիւնները: Եբրայերէնի ու արաբերէնի հրաշալի գիտակ էր: Աւելի անկաշկանդ էր շփւում երկրորդով: Նաեւ` ինձ հետ: Գիտէի ինչպէս «բացել» զրոյցների փակագծերը եւ յարմար պահին քննարկումը ծաւալում էի գրական արաբերէնով ու միասին յայտնւում էինք տարերքի մէջ: Արեւմտահայերէն խօսում էր` յարգելով նախնիների բարբառային աւանդոյթները: Հայաստանեան հեռուստալսարանի համար թէկուզ եւ ունկահաճոյ, բայց մի տեսակ չխրախուսուող էր, հակառակ փաստին, որ Հանրային հեռուստաընկերութիւնն առաջինն էր, որ 2007 թ-ից սկսեց լուրեր սփռել սփիւռքում` արեւմտահայերէն եւ առաջին «Փարեւ ձեզ»-ն («տառասխալ չէ, պարզապէս` «բ» տառի արեւմտահայերէն արտաբերման հնչիւնն է»)  արտասանելու պատիւը «Հայլուր-սփիւռք»-ով ես եմ ունեցել: Քոյրիկին ընկերուհի» էի դիմում: Աւելի հոգեհարազատ էր: Երկուսս էլ գաղափարակից ընկերներ էինք: Նա իրեն թոյլ էր տալիս ինձ մօտ լիաթոք ծիծաղել, անկեղծանալ, թուլանալ, պատմել անցեալից, գաղտնի հանդիպումներից ու զրոյցներից, որ ունեցել էր իսրայէլցի բարձրաստիճան պաշտօնեաների հետ` պետութեան նախագահից մինչեւ փոխվարչապետ, Պաղեստինի նախկին ու ներկայ նախագահներ, հանրաճանաչ գիտնականներ ու քաղաքագէտներ: Շատ էր սիրում ընտանեկան ջերմութիւնը: Ամիսը մէկ խօսում էինք կապի բոլոր հնարաւոր միջոցներով: Ամէն Զատկի տօնին Ս. Յարութեան տաճար էր գնում, խնկարկում հօրս յիշատակին, աղօթում զաւակներիս ու ընտանիքիս համար, մօրս ու կնոջս էլ օրհնուած խունկ ու Աստուածածնայ պատկերով նկարներ ուղարկում ամէն Երեւան եկողի հետ:

Արմէնը լսում էր մեր հեռախօսազրոյցը, որը տեւեց ընդամէնը 30 վայրկեան: «Կէս ժամէն կը սպասեմ քեզի, ընկերուհի, մեր շէնքին  առջեւը, պահակակէտին քով, տղաքը քեզի կը դիմաւորեն»: Ուղիղ եթերում պիտի աշխատէինք: Հիմնական թողարկումը ժամը 21:00-ին էր: Ընկերուհի Ժորժէթը հասաւ պայմանաւորուած ժամին: Շատ կարգապահ էր, բացի ջրից` ամէն ինչ հաշուարկով էր խմում, նոյնիսկ նեղացաւ, երբ սուրճ առաջարկեցին հիւրասրահում մինչեւ եթեր մտնելը: Օրուայ մէջ երկու բաժակ էր խմում: Ճնշումը բարձրանում էր, ինքնազգացողութիւնը` վատանում: Յատուկ սննդակարգ ունէր, նաեւ` ժամակարգ: Ժուժկալ էր` անգամ փռուած ու բարիքներից ծանրացած սեղանին հայեացք գցելիս: Ինձ չէր մերժում: Գրեթէ ոչ մի հարցում: Կենսաբանական զաւակ չունէր: Ես որդիաբար էի նրա հետ շփւում: Ձեռքից բռնած` ուղեկցեցի տաղաւար: Թողարկման տասներորդ րոպէին Հայկարամի տեղեկագրութիւնն արդէն եթերում էր, որում ամերիկացի ու հայ փորձագէտները գնահատականներ էին հնչեցնում սպասուող իրադարձութեան մասին: Տեղեկագրութիւնից յետոյ մենք արդէն ուղիղ եթերում էինք: Ընկերուհու համար ուղիղ եթերը սովորական աշխատանքային վիճակ էր: Քանիցս է իսրայէլցի լրագրողներին ու քաղաքական մեկնաբաններին  թողել գաղափարական ու ինտելեկտուալ ծանր բեռի տակ, Իսրայէլի Առաջին եւ Երկրորդ ալիքների լրագրողներին «ծեփել պատերով»` Հայկական հարցի մասին անտեղեակութեան կամ թիւր տեղեկատուութիւն հրապարակելու, թուրքական լոպինկով զբաղուելու, Մարաղայի ցեղասպանութեան մասին խօսելու փոխարէն` «Խոջալուի դէպքերը» մատնանշելու, կամ արցախեան գոյապայքարը համահայկական բովանդակութիւնից զրկելու փորձերի համար: Վարպետութեան նման դասընթաց էլ հայկական հեռուստալսարանի համար էր նախատեսուած: Եօթ րոպէում հասցրինք խօսել իմ ու Արմէնի բոլոր մտահոգութիւնների մասին: Կարծէք երկու ժամ առաջ երեքով էինք խօսում: Հարցազրոյցի վերջում բառերը չէին հերիքում: Գործընկերներս յուշեցին ականջիս, որ Քնեսէթը քուէարկութեամբ մերժել է նախագծի ընդունումը: Ցասումն այնքան շատ էր, որ ուղիղ եթերում խոստացաւ Երուսաղէմ վերադառնալուն պէս հանդիպել ու իր բողոքը յայտնել «Քատիմա»-ի ու երկրի նախագահ Շիմոն Փերեսին: Նա այդ ուղերձն ուղարկեց մեր տաղաւարից… զայրոյթից շիկացած աչքերով: Հարցազրոյցն ու եթերն աւարտուեցին: Մեքենայով ուղեկցեցի «Անի» հիւրանոց, որի սրճարանի պատերը հազարաւոր զրոյցներ են լսել Մոշէ Քացաֆի փտածութեան գայթակղութիւնների,  Սապրայում եւ Շաթիլայում Շարոնի ցեղասպանական արարքների, Սիրիայի նախագահական պալատների գլխավերեւում իսրայէլական ռազմական օդուժի անխոչընդոտ թռիչքների մասին: Արմէնի հետ նա առաջին անգամ էր ծանօթանում: Համակրեցին իրար: Երկուսն էլ գաղափարակիցներ էին: «Մենք չենք պառկիր, ծունկի չենք գար… իշալլա («այս դէպքում` նոյնիսկ եթէ») հարիւր տարի ալ անցնիէ: Նրա հրաժեշտի կարգախօսն էր «Հայլուր»-ից դուրս գալուց առաջ: Հիմա նա հորիզոնական դիրքով է պառկած: Իր ոգեղէն ներկայութիւնը սակայն ուղղահայեաց է` իմ ու այն երիտասարդների համար, որոնք նոյնիսկ «ՀԱՄԱՍ»-ՑԱՀԱԼ հերթական բախումների մասին լսելիս առաջինը կը յիշեն ընկերուհի Ժորժէթին` իր հարազատ քոյրերի` Ֆրանսուհու, Շաքէի, Անահիտի, պատրիարքարանի, «Տայ դատ»-ի ու Երեւան յաջորդ այցի մասին` խանդավառութեամբ պատմուած իրողութիւնները:

Աստուած հոգիդ լուսաւորի, սիրելի՛ ընկերուհի…

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)