Յովհաննէս Քաջազնունու Գործունէութիւնն Արտասահմանում

ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
ԵՊՀ Սփիւռքագիտութեան ամբիոնի ասիստենտ

Հայաստանի Ա. Հանրապետութեան առաջին շրջանի պատմութիւնը,  իր դժուարին, բարդ ու հակասական իրադարձութիւններով հանդերձ, անխզելիօրէն կապուած է Յ. Քաջազնունու անուան հետ: Նա բարձր պետական մտածելակերպի տէր անձնաւորութիւն էր եւ իր վարած խոհեմ, չափաւոր եւ գործնապաշտ քաղաքականութեամբ կարողացաւ զերծ պահել Հայաստանի մանուկ հանրապետութիւնը թուրքերի, վրացիների եւ ազրպէյճանցիների քաղաքական թակարդներից, եւ այդ իսկ պատճառով անուրանալի են նրա ծառայութիւնները Հայաստանի Հանրապետութեան կերտման գործում: 1918թ. յունիսից մինչեւ 1919թ. մայիսն ընկած ժամանակահատուածում  հէնց Յ. Քաջազնունուն էր վիճակուած մասնակցել Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ կառավարութեան ձեւաւորման աշխատանքներին: Եւ պատահական չէր, որ Յ. Քաջազնունու կառավարութիւնն էր, որ դրեց պետութեան հիմքերը, ստեղծեց պետական մեքենայ, բանակ, դատարան, խորհրդարան եւ դուրս բերեց երկիրը քաղաքական ճգնաժամից եւ հայ քաղաքական իրականութեան մէջ առաջինը ստեղծեց Հայ ժողովրդական կուսակցութեան (ՀԺԿ) հետ քոալիսիոն կառավարութիւն: Նրա կառավարութեանն էր վիճակուած պատերազմ մղել վրացիների դէմ եւ թոյլ չտալ երկիրը բզկտել թշնամաբար տրամադրուած զաւթիչ հարեւաններից: Եւ վերջապէս, նրա կառավարութեանն էր վիճակուած երկրում մոլեգնող սովի եւ տիֆի դէմ պայքարելը եւ դիմակայելը, երբ օրական հազարաւոր հայ գաղթականներ էին մահանում սովից, ցրտից եւ համաճարակներից: Այնուամենայնիւ, Յ. Քաջազնունուն վիճակուած չէր երկար մնալ վարչապետի պաշտօնում: Երկրի ընկերային-տնտեսական ծանրագոյն վիճակը, 1918-19թթ. սոսկալի ձմեռը, վրաց-հայկական պատերազմը եւ դրա հետեւանքով առաջացած շրջափակումը բացասաբար անդրադարձան Յ. Քաջազնունու դիրքի եւ հեղինակութեան վրայ: Յ. Քաջազնունու վարած մեղմ եւ լոյալ արտաքին ու ներքին քաղաքականութիւնից գլխաւոր դժգոհութիւնը արտայայտում էր ՀՅԴ արմատական թեւը` յանձինս Ռ. Տէր Մինասեանի, Ա. Ջամալեանի եւ Ա. Բաբալեանի: Դժգոհ էին նաեւ «ձախ»  խմբակցութիւնները: Խորհրդի յունուարի 25-ի նիստում «ձախերը» բանաձեւ ներկայացրին Քաջազնունու խառը դահլիճին անվստահութիւն յայտնելու մասին: Նրանք պահանջում էին փոխել կառավարութեան կոշտ քաղաքականութիւնը հարեւանների եւ ներքին թուրքերի նկատմամբ, վարել աւելի մեղմ ու զիջող քաղաքականութիւն: Սակայն բանաձեւը մերժուեց ՀՅԴ եւ ՀԺԿ գերակշիռ ձայներով (1): Հաշուի առնելով այս իրավիճակը, ինչպէս նաեւ երկրի ընկերային-տնտեսական ծանր դրութիւնը, հայ-վրացական պատերազմի պատճառով առաջացած շրջափակումը` 1919թ. յունուարի 27-ին Հայաստանի կառավարութիւնը, քննարկելով «մինիստր-նախագահի զեկուցումը օրինագիծը Եւրոպա եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներ մինիստր-նախագահի գլխաւորութեամբ պատուիրակութիւն ուղարկելու մասին», որոշեց «օրինագծին հաւանութիւն տալ եւ ներկայացնել Հայաստանի խորհրդին` ի հաստատութիւն, յայտնելով շտապողականութիւն» (2): Հայաստանի խորհուրդը 1919թ. փետրուարի 4-ի նիստում որոշեց հանրապետութեան վարչապետ Յ. Քաջազնունուն գործուղել Եւրոպա եւ Ամերիկա` համաձայնութեան (Անտանտի) պետութիւններից եւ Միացեալ Նահանգներից խնդրելու օգնութիւն` պարէն եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքներ: Գործուղման ծախսերի համար յատկացուեց 550 հազ. ռուբլի (3):

Փետրուարի 13-ի լրացուցիչ օրէնքով մինիստր-նախագահ Յ. Քաջազնունուն իրաւունք տրուեց Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան անունից ստորագրել «ամէն տեսակ պայմաններ, պայմանագրեր, պարտաւորութիւններ, վարկային գործողութիւններ ու գործարքներ եւ այլ աքթեր, որոնք առնչւում են փետրուարի 4-ի օրէնքով նրա վրայ դրուած առաքելութեան կատարման հետ, այլ անձանց վերավստահելու իրաւունքով» (4): Վերը նշեցինք, որ Քաջազնունուն արտասահման գործուղելու գործում կային քաղաքական  շարժառիթներ. ՀՅԴ կուսակցութեան արմատական թեւին այնքան էլ դուր չէր գալիս վարչապետի վարած լոյալ ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը: Քաջազնունին աշխատում էր կուսակցութեանը հեռու պահել պետական կառավարման գործերին խառնուելուց: Այդ իսկ պատճառով էլ արտասահման գործուղելը դարձաւ պատրուակ` նրան հեռացնելու կառավարութեան գործնական ղեկավարի պաշտօնից: Այդ մասին իր յուշերում Ռուբէն Տէր Մինասեանը անթաքոյց գրում է. «1919-ից, Հայաստանի փաստական վարչապետը պիտի համարել Խատիսեանին, որ փոխարինեց Քաջազնունուն, նախ լինելով նրա տեղապահը նրա բացակայութեան ժամանակ: Քաջազնունու այս բացակայութիւնը, ըստ էութեան` հեռացումը, կը նշանակէր Դաշնակցութեան ազդեցութեան ուժեղացումը» (5): Փաստացի ՀՅԴ կուսակցութեան մէջ տեղի էր ունենում երկու թեւերի պայքար: Այդ մասին Ռուբէնը իր յուշերում գրում է.  «Գերազանցօրէն յեղափոխական այդ վայրկեաններում, մեր կուսակցութեան ծոցում իսկ սկսուած էին «պետական հասկացողութեան» մարմաջները: Այս հոսանքին գլուխը կանգնած Քաջազնունին, որի ուժը եւ կարողութիւնը աւելի իր սպիտակ մօրուքի եւ մազերի մէջն էր, քան` ուղեղի եւ սրտի, ձգտում ունէր կղզիացնել Դաշնակցութիւնը, պետական ուժի վրայ միայն յենուիլ ու նրանից միայն մտաւոր եւ բարոյական սնունդ ստանալ. մի ուժ, որը գոյութիւն չունէր եւ դեռ երկար ժամանակ էր հարկաւոր որ ստեղծուէր» (6): «Միւս հոսանքը դա ՀՅԴ Բիւրոն էր,- գրում է պատմաբան Ռիչըրտ Յովհաննիսեանը,- նրանք շեշտը դնում էին «յեղափոխական» գործունէութեան եւ կարգուկանոնի վրայ եւ պնդում էին, որ կառավարութեան մէջ ծառայող բոլոր անդամները ենթարկուեն Բիւրոյի թելադրանքին: Ջղագրգիռ արտայայտուելով պետական պաշտօններ գրաւող որոշ դաշնակցականների պահպանողականութեան դէմ` նրանք դժգոհում էին, որ դահլիճի ղեկավարները, մասնաւորապէս` վարչապետ Քաջազնունին, լքել  են իրենց յեղափոխական ժառանգութիւնը, վարկաբեկել ե՛ւ իրենց, ե՛ւ իրենց կուսակցութիւնը` չափից դուրս սիրախաղ անելով հայ պուրժուազիայի հետ» (7):

Ի հարկէ, ՀՅԴ-ի մէջ ծագող ճգնաժամը հազուադէպ էր բացայայտ պոռթկում, այն յաճախ հանդարտեցւում էր ներկուսակցական շրջանակներում կամ օրէնսդիր մարմինի դաշնակցական ֆրակցիայի փակ դռների յետեւում` գաղտնի խորհրդակցութիւնների ժամանակ: Տուեալ պարագայում Յ. Քաջազնունու գլխաւորած չափաւոր պահպանողական թեւը, որը կողմնակից էր երկիրը կառավարել օրէնքներով ու իրաւական սկզբունքներով, պարտուեց: 1919թ. փետրուարի 15-ին Յ. Քաջազնունին մեկնեց Թիֆլիս` այնտեղից արտասահման ուղեւորուելու համար (8): Վրաստանում անգլիական ներկայացուցչութեան միջոցով համապատասխան դիմում յղուեց Անգլիայի կառավարութեանը` ճանապարհորդութեան համար պահանջուող փաստաթղթեր ստանալու համար, սակայն պատասխանը ձգձգուեց: Ինչպէս յետոյ պարզուեց, բարդութիւնների առաջացման պատճառը Ս. Վրացեանի հանդէպ եղած կասկածներն էին: Լինելով Յ. Քաջազնունու գլխաւորած պատուիրակութեան անդամ, ինչպէս նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ իբրեւ ձախ համոզմունքների տէր դաշնակցական` նա համարուեց անցանկալի անձ անգլիացիների համար: Յ. Քաջազնունին, խիստ վրդովուած անգլիացիների նման պահուածքից եւ չուզենալով ուղեւորուել առանց Ս. Վրացեանի, վերադառնում է Երեւան: Ընդհանրապէս Յ. Քաջազնունու պատուիրակութեան ուղեւորութեան ամսաթուի թուագրութեան վերաբերեալ պատմագրութեան մէջ կան որոշակի անճշդութիւններ: Ս. Վրացեանը յիշատակում է, որ Յ. Քաջազնունին Թիֆլիսից Երեւան վերադարձաւ ապրիլի 2-ին, ստանձնեց վարչապետի պաշտօնը եւ միայն ապրիլի 16-ին մեկնեց արտասահման (9): Նոյն միտքը կրկնում է նաեւ պատմաբան Ռիչըրտ Յովհաննիսեանը (10): Իսկ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնեանը այս առթիւ գրում է. «Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը Յովհ. Քաջազնունուն ուղարկում է Միացեալ Նահանգներ` ռազմական պիտոյքների գնումներ կատարելու համար: Սա նրա երկրորդ ուղեւորութիւնն էր 1919 թուականի ընթացքում: Հայաստանում ծայր առած սովի առաջն առնելու համար դեռ տարեսկզբին ՀՀ կառավարութիւնը որոշել էր վարչապետ Յովհ. Քաջազնունու գլխաւորութեամբ մի պատուիրակութիւն ուղարկել Եւրոպա եւ Ամերիկա` օգնութեան կարգով հացահատիկ բերելու համար: Ապրիլի կէսերին Յովհ. Քաջազնունու պատուիրակութիւնը, որի մէջ էին մտնում` ելեւմտական նախարար Ա. Էնֆիաճեանը, գիւղատնտես Յ. Փիրալեանը եւ սպայ Ս. Մելիքխանեանը (պէտք է լինի սպայ Սուրէն Մելիքեան-Հ. Մ), մեկնեց արտասահման» (11): Մէկ այլ պատմաբան` Գեղամ Պետրոսեանը, Յ. Քաջազնունու պատուիրակութեան մեկնումը թուագրում է 1919թ. մայիսի 29-ին (12):

Իրականութիւնն այն էր, որ Յ. Քաջազնունին չէր կարող մինչեւ ապրիլի 2-ը մնալ Թիֆլիսում, քանի որ նա Երեւանում մարտի 28-ին հանդիպում է անգլիական զօրավար Թոմսոնի հետ, իսկ ապրիլի 1-ին  մասնակցում է նախարարաց խորհրդի նիստին, որտեղ հանդէս է գալիս զեկոյցով (13): Յ. Քաջազնունին Երեւան է վերադարձել աւելի վաղ, նա շատ վրդովուած էր, որ Թիֆլիսում նստած անգլիական դիւանագիտական ներկայացուցիչն է որոշում ինքնիշխան երկրի վարչապետի` մէկ այլ երկիր մեկնելու կամ չմեկնելու հարցերը: 1919թ. ապրիլի 2-ին Կ. Պոլսի բրիտանական գլխաւոր շտաբ-բնակարանից հեռագրում են, որ Յ. Քաջազնունու եւ նրա առաքելութեան ուղեւորութեան թոյլտուութեան հարցը յանձնուած է Լոնտոն` արտաքին գործերի նախարարութեանը: Միաժամանակ թոյլտուութիւն է տրւում Յ. Քաջազնունուն եւ նրան ուղեկցող անձանց անցնել Կ. Պոլիս այն պայմանով, որ պաշտօնական թոյլտուութիւն չստանալու դէպքում նրանք պէտք է վերադառնան Կովկաս, սակայն Քաջազնունին նպատակայարմար չհամարելով գնալ Կ. Պոլիս` վերադառնում է Երեւան (14): 1919 թ. փետրուարի 28-ին խորհրդարանում տեղի ունեցաւ մի միջադէպ, որը երկրում աւելի խորացրեց քաղաքական ճգնաժամը: Այս մասին պատմաբան Արարատ Յակոբեանը գրում է. «Այդ օրը օրինաթիւ չլինելու պատճառով խորհրդարանի հերթական նիստը չկայացաւ:  Սակայն Էսէռների (սոցիալիստ-յեղափոխականներ-Հ. Մ.) առաջարկով ընդդիմութիւնը որոշեց հրաւիրել մասնաւոր խորհրդակցութիւնն: Տեղեկանալով այդ մասին` խորհրդարանի դահլիճում գտնուող հասարակայնութեան ներկայացուցիչները սպառնալիքների եւ ուժի գործադրման միջոցով ձախողում են խորհրդակցութեան կայացում (15): Եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ երկրում չեն վարչապետ Քաջազնունին եւ խորհրդարանի նախագահ Աւետիք Սահականը, բժշ. Արտաշէս Բաբալեանի գլխաւորած ամբոխը` «Չե՛նք ուզում այսպիսի խորհրդարան», «Մենք պահանջում ենք ընտրովի խորհրդարան», «Դո՛ւրս, ինքնակոչ պատգամաւորներ» բացագանչութիւններով մտնում են խորհրդարան եւ ձախողում խորհրդարանի աշխատանքը` փաստացի ցրելով այն: Ընդդիմադիր մամուլը յայտնում է, որ խորհրդարանի փոխնախագահ, Էսեռ Դ. Զուբեանը ուժով հեռացւում է ամբիոնից եւ երկու կողմնակի անձնաւորութիւններ, նոյնիսկ, մաուզեր են հանել, լիցքաւորել ու պահել նրա վրայ: Մի քանի պատգամաւորների միջամտութիւնից յետոյ կրքերը հանդարտւում են եւ գրգռուած հասարակութիւնը ցրւում է: Սրանով էլ աւարտւում է խորհրդարանի փետրուարեան միջադէպը (16): Այս միջադէպից յետոյ խորհրդարանը կանոնաւոր աշխատանք չունեցաւ եւ այդ իսկ պատճառով 1919թ. ապրիլի 27-ին խորհուրդն օրէնք ընդունեց` իր աշխատանքները մէկ ամսով դադարեցնելու եւ այդ ընթացքում խորհրդարանի իրաւունքները կառավարութեանը յանձնելու մասին: Ինչպէս ճիշդ նկատել է պատմաբան Ռիչըրտ Յովհաննիսեանը, այս քայլը, անկասկած, գոհացրեց նրանց, որոնք երազում էին Հայաստանը տեսնել որպէս կենտրոնացուած ուժեղ իշխանութիւն: Փաստօրէն այն վերջ դրեց խորհրդի գործունէութեանը (17): Իսկ աւելի ճիշդ` ՀՅԴ-ի ներսում վերջնական յաղթանակեց «յեղափոխական» թեւը: Այս միջադէպից յետոյ Յ. Քաջազնունին, որն արդէն Թիֆլիսից վերադառնալուց յետոյ նորից ստանձնել էր վարչապետի պաշտօնը, Հայաստանի խորհրդի ապրիլի 11-ի նիստում ներկայացնում է իր հրաժարականը, սակայն 27 դէմ, 8 կողմ քուէարկութեան արդիւնքով մերժւում է նրա հրաժարականի դիմումը եւ որոշւում է նրան տալ արձակուրդ` հանգստանալու համար երկարատեւ ժամանակով (18): Մի քանի օր անց նախարարաց խորհրդի ապրիլի 13-ի նիստում մինիստր-նախագահ Յ. Քաջազնունին զեկուցում է այն մասին, որ ինքը մտադիր է արձակուրդ վերցնել 2 ամսով, իսկ իբրեւ տեղակալ` առաջարկել Հայաստանի խորհրդին նշանակել Ալ. Խատիսեանին: Խորհուրդը Յ. Քաջազնունու առաջարկը ընդունում է ի գիտութիւն (19): Հայաստանի կառավարութիւնը Քաջազնունու պատուիրակութեան ուղեւորութեան խնդրին  նորից անդրադարձաւ 1919թ. մայիսին: Մայիսի 7-ին քննարկուեցին Փարիզում գործող Հայաստանի պետական պատուիրակութեան ղեկավար Աւետիս Ահարոնեանից ստացուած ապրիլի 22-ի եւ 27-ի հեռագրերը (որոնք վերաբերում էին Յ. Քաջազնունու մեկնելու թոյլտուութիւն ստանալուն) (20)  եւ կայացրեց որոշում. անհրաժեշտ համարել մինիստր-նախագահ Յ. Քաջազնունու ուղեւորումը համաձայնութեան պետութիւնների երկրներ` վերապահելով նրան իր հետ երկու քարտուղար վերցնելու իրաւունք (21):

Յ. Քաջազնունուն յանձնարարուեց առաջիկայ նիստին ներկայացնել ուղեւորութեան ծախսերի նախահաշիւը եւ հաստիքները, իսկ նախարարներին` կազմել Հայաստանի համար անհրաժեշտ պարէնամթերքների ցուցակը` Փարիզ ուղարկելու համար: Երկու օր անց` մայիսի 9-ին, Հայաստանի կառավարութիւնը, արձակուրդում գտնուող խորհրդի փոխարէն, օրէնք ընդունեց Եւրոպա եւ Ամերիկա մեկնելու համար Յ. Քաջազնունու առաքելութեանը 300.000 ֆրանք տրամադրելու մասին (22): Յ. Քաջազնունին, իր հետ վերցնելով ֆինանսների նախարար Արտաշէս Էնֆիաճեանին, տնտեսութեան եւ վիճակագրութեան մասնագէտ Արտեմ (Յարութիւն) Փիրալեանին եւ երիտասարդ սպայ, կապիտան Սուրէն Մելիքեանին, մայիսի 18-ին` վաղ առաւօտեան,  Երեւանից ուղեւորուեց Թիֆլիս (23): Մեր ձեռքի տակ է գտնւում Յ. Քաջազնունու գլխաւորած պատուիրակութեան ֆինանսական հաշուետուութիւնը, որտեղ Քաջազնունին ամենայն մանրամասնութեամբ պահել է իր ուղեւորութեան ժամանակագրութիւնը եւ իր կատարած ծախսերը: Այս հաշուետուութիւնը մեզ հիմք է տալիս յստակ` ըստ օրերի եւ ամիսների, պատկերացում կազմել Յ. Քաջազնունու` արտասահմանում կատարած գործունէութեան մասին:

Մայիսի 20-ին Յ. Քաջազնունու գլխաւորած պատուիրակութիւնը հասնում է Թիֆլիս, որտեղ նրանք մնում են 9 օր: Քաջազնունու` Թիֆլիսում 9 օր մնալու պատճառն այն էր, որ Փարիզից «Անատոլ» նաւը, Հայաստանի համար 100.000 ֆրանք արժողութեամբ ալիւրով բեռնաւորուած, հասել էր Պաթում: Դա արտասահմանից ստացուած առաջին օգնութիւնն էր, եւ Յ. Քաջազնունին զբաղուեց, որպէսզի Հայաստանի համար այդքան սպասուած ալիւրը ապահով հասցուի Երեւան: Նախ` նա հանդիպումներ ունեցաւ Վրաստանի կառավարութեան անդամների հետ, իսկ արտաքին գործերի նախարար Կեկեչքորին խոստացաւ տրամադրել բոլոր միջոցները, որպէսզի հնարաւորինս շուտ ալիւրը Պաթումից տեղափոխուի Երեւան (24): Միաժամանակ Յ. Քաջազնունու` Թիֆլիսում մնալու պատճառն այն էր, որ իր պատուիրակութեան համար կառավարութեան յատկացուած գումարները պոներով էին, եւ նա խնդիր ունէր պոները Թիֆլիսում փոխել ֆրանքի (25): Այդ մասին նա նամակով տեղեկացնում է Ալ. Խատիսեանին: Յ. Քաջազնունուն մեծ դժուարութեամբ յաջողւում է հաւաքել նախատեսուած 300.000 ֆրանքի փոխարէն` հազիւ 230-240.000 ֆրանք: Ի հարկէ, իր առաքելութեան համար նախատեսուած այս գումարներ մի մասով նա Փարիզում փակում է Ահարոնեանի պատուիրակութեան կատարած ծախսերը:

Յ. Քաջազնունին գրում է. «Միակ յոյսս Էնֆիաճեանն է, որ խոստացաւ Փարիզում մի քանի հազար ֆունտ սթերլինկ փոխարինաբար տալ մեզ (Ահարոնեանին եւ ինձ), պայմանաւ որ մեր կառավարութիւնը կը վերադարձնէ իրեն նոյնպէս սթերլինկով (եւ ոչ պոնով) է (26): Քաջազնունու պատուիրակութիւնը մայիսի 29-ին դուրս է գալիս Թիֆլիսից, մայիսի 30-ին հասնում Պաթում, որտեղից յունիսի 5-ին հասնում են Կ. Պոլիս: 2 օր մնալով այնտեղ` յունիսի 7-ին դուրս են գալիս Կ. Պոլսից, ապա  յունիսի 14-ին հասնում Մարսէյ, որտեղից եւ յունիսի 16-ին առաւօտեան ժամանում են  Փարիզ (27):

(Շար. 1)

———————-

1.- Յակոբեան Ա., Հայաստանի խորհրդարանը եւ քաղաքական կուսակցութիւնները 1918-1920,  «Արդարութիւն» մատենաշար թիւ 4,  Երեւան, 2005, էջ 98:
2.- Հայաստանի Ազգային արխիւ (այսուհետեւ` ՀԱԱ), ֆ. 199, ց.1, գ. 14, մաս 1, թ.19, բնագիր-մեքենագիր:
3.- Հայաստանի Հանրապետութեան պառլամենտի օրէնքները (1918-1920թթ.), պատասխանատու խմբագիրներ` Միրզոյեան Ս., Մամիկոնեան Ֆ., Երեւան, 1998, էջ 42; ՀԱԱՅ., ֆ. 199, ց. 1, գ. 21, մաս 2, թ. 150, պատճե-մեքենագիր:
4.- Հայաստանի Հանրապետութեան պառլամենտի օրէնքները (1918-1920թթ.), էջ 47; ՀԱԱ., ֆ. 199, ց. 1, գ. 21, թ. 151, պատճե-մեքենագիր;  «Կառավարութեան Լրաբեր», 26 փետրուարի 1919, N 9:
5.- Ռուբէն., «Հայ յեղափոխականի մը յիշատակները», հատ. Է,  Թեհրան, 1982,  էջ 278:
6.- Նոյն տեղում, էջ 313:
7.- Յովհաննիսեան Ռ.,Հայաստանի Հանրապետութիւնը, ՀՀ. գիտութիւնների ազգային ակադեմիա պատմութեան ինստիտուտ, «Տիգրան մեծ» հրատարակչութիւն, Երեւան, 2005  էջ 162-163:
8.- ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 211, թ. 18, պատճե-մեքենագիր:
9.- Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Երեւան, «Հայաստան», 1993,  էջ 254:
10.- Յովհաննիսեան Ռ.,Հայաստանի Հանրապետութիւնը, էջ 164:
11.- Սիմոնեան Հրաչիկ., Անդրանիկի ժամանակը, գիրք Բ, Երեւան, «Կասիա», 1996,   էջ 598:
12.- Պետրոսեան Գ., Հայաստանի Հանրապետութեան յարաբերութիւնները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմաւորումների հետ (1918-1920թթ.), Երեւան, 2006, էջ 42; Նոյնի., «Հայաստանի Հանրապետութեան ներքին եւ արտաքին քաղաքական կացութիւնը Հանրապետութեան գոյութեան առաջին շրջանում (1918 յունիս-նոյեմբեր), «Հայոց պատմութեան հարցեր», Երեւան, 2004, գիտական յօդուածների ժողովածու, N 4, էջ 111; Նոյնի., Հայաստանի Հանրապետութեան յարաբերութիւնները Ռուսաստանի հետ (1918-1920թթ.), Երեւան, 2011, էջ 32:
13.- ՀԱԱ., ֆ. 199, ց. 1, գ. 43, թ. 56:
14.- Նոյն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 235, թ. 34, պատճե-մեքենագիր:
15.- Յակոբեան Ա., Հայաստանի խորհրդարանը եւ քաղաքական կուսակցութիւնները 1918-1920,  «Արդարութիւն» մատենաշար թիւ 4,  Երեւան, 2005, էջ 156:
16.- Յակոբեան Ա., Հայաստանի խորհրդարանը եւ քաղաքական կուսակցութիւնները 1918-1920,  «Արդարութիւն» մատենաշար թիւ 4,  Երեւան, 2005, էջ 156-157, նաեւ` Ս. Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Երեւան, «Հայաստան», 1993,  էջ 268:
17.- Յովհաննիսեան Ռ., Հայաստանի Հանրապետութիւնը,  էջ 166:
18.- ՀԱԱ., ֆ. 199, ց.1, գ. 72, մաս 2, թ.  162:
19.- Նոյն տեղում, ֆ.199. ց. 14, մաս 1, թ. 66:
20.- Նոյն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 183, թ. 32:
21.- Նոյն տեղում, ֆ. 199. ց. 1, գ. 14, մաս 2, թ. 87:
22.- Նոյն տեղում, ֆ.199. ց. 1, գ. 14, մաս 2, թթ. 92-93:
23.- ՀԱԱ., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 1:
24.- Նոյն տեղում, ֆ. 276, ց. 1, գ. 136, թ. 6, բնագիր-ձեռագիր:
25.- Նոյն տեղում, ֆ.199. ց. 1, գ. 13, թ. 21, բնագիր-ձեռագիր:
26.- Նոյն տեղում, ֆ. 199. ց. 1, գ. 13, թ. 21, բնագիր-ձեռագիր:
27.- ՀԱԱ., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 1:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )