ՍԱՍՈՒՆ ԴԱՒԻԹԵԱՆ
Տնտեսագէտ
Մաս երկրորդ
Արցախի շուրջ Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ առկայ հակամարտութիւնը Արցախի շուրջ չի աւարտուել խաղաղութեան պայմանագրով, իսկ որպէս հակամարտութեան առանցքային բաղադրիչ, մնում է չկարգաւորուած: Այս պահին առկայ է ընդամէնը բանաւոր պայմանաւորուածութեան վրայ հիմնուած խախուտ զինադադար: Իրաւական առումով կողմերը շարունակում են մնալ հակամարտող պետութիւններ, եւ նման պայմաններում սահմանների բացումը, եթէ ներկայացւում է որպէս «խաղաղութեան նշան», պարունակում է մի շարք լրջագոյն վտանգներ:Մեր կարծիքով դրանք են`
- Հետախուզական ներթափանցումների վտանգ. Հայաստանի սահմանը կը դարձնի բաց, առանձնապէս սահմանամերձ տարածքները` խոցելի:
- Երթեւեկային ենթակառուցուածքների վերահսկման խնդիր. Ազրպէյճանը կարող է փորձել ստանալ մուտքի վերահսկողութիւն դէպի Հայաստան` մասնաւորապէս Սիւնիքի եւ Տաւուշի տարածքներով անցնող ճանապարհների վրայ:
- Ուժանիւթի եւ հաղորդակցային կախուածութիւն. եթէ տարանցիկ գծերը վերահսկուեն ազրպէյճանական կողմից, Հայաստանը կը կորցնի ռազմավարական անկախութեան կարեւոր բաղադրիչներից մէկը, ընդ որում, երբ ՀՀ ԱԺ-ում վարչապետը զարմանալիօրէն յայտարարեց, որ Ազրպէյճանի հետ ստեղծում ենք միասնական ուժանիւթի համակարգ, այն դէպքում, երբ Հայաստանը ելեկտրականութիւն է արտահանում:
- Իրանի դուրսմղում Նախիջեւանից. դա կը հանդիսանայ հզօր հարուած ՀՀ անվտանգային համակարգին: Ներկայումս Իրանը ապահովում է Նախիջեւանի կազի եւ ելեկտրականութեան աւելի քան 85 տոկոսը` բնամթերքների առիւծի բաժինը, իսկ բնակչութեան շուրջ 40-45 տոկոսն ունի փրոիրանական կողմնորոշում: Սահմանների բացման դէպքում այս դերակատարումը գրեթէ ամբողջութեամբ կը ստանձնի Ազրպէյճանը` Իրանին դուրս մղելով տարածաշրջանից: Ցաւօք, ելեկտրականութեան առումով առաջին քայլերը տեսնում ենք:
Ազրպէյճանը վերջին տարիներին բազմիցս ցոյց է տուել, որ տնտեսութիւնն ու ենթակառուցուածքները օգտագործում է որպէս քաղաքական ճնշման գործիք` ուժանիւթի մատակարարման դադարեցում, սահմանային սադրանքներ եւ այլ մեթոտներ: Հետեւաբար, առանց յստակ միջազգային երաշխիքների, սահմանների բացումը կարող է վերածուել անվտանգութեան լուրջ խոցելիութեան:
Տարածքային ամբողջականութեան վտանգ: Հայ-ազրպէյճանական սահմանային խնդիրները դեռեւս հեռու են ամբողջական լուծումից: Ազրպէյճանը շարունակում է առաջադրել տարածքային պահանջներ` օգտագործելով «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը միջանցքների թեման:
Եթէ սահմանները բացուեն առանց յստակ սահմանազատման, իրաւական ամրագրումների եւ առանց Արցախի հարցի քննարկման` այսպիսի նուաստացուցիչ պայմաններում, ապա Հայաստանը, գտնուելով փաստացի ճնշման տակ, կարող է ստիպուած լինել ընդունել ոչ նպաստաւոր սահմանային պայմաններ:
Այս պարագայում «սահմանների բացման» գործընթացը աւելի շուտ կը դառնայ ոչ թէ խաղաղութեան նախադրեալ, այլ տարածքային զիջումների պարտադրման գործիք: Վտանգը յատկապէս բարձր է Սիւնիքի մարզում, որն Ազրպէյճանի համար ունի ռազմավարական նշանակութիւն` որպէս կամուրջ Թուրքիայի եւ Մերձաւոր Արեւելքի հետ կապի համար:
Տնտեսական շուկայի եւ դրամագլուխի վերահսկման վտանգներ: Ազրպէյճանի տնտեսութիւնը մի քանի անգամ մեծ է Հայաստանի տնտեսութիւնից, իսկ պետական համակարգը խիստ կենտրոնացուած է: Սահմանների բացման դէպքում կը ձեւաւորուի հետեւեալ իրավիճակը.
Ազրպէյճանի դրամագլուխը պետական կամ կիսապետական ընկերութիւնների միջոցով, կը ներթափանցի հայկական շուկայ եւ կը յեղեղի էժան եւ զանգուածային օգտագործման ազրպէյճանական ապրանքներով, յատկապէս գիւղատնտեսական եւ սննդի ոլորտներում: Սա լուրջ վտանգ է տեղական արտադրողների համար եւ կարող է յանգեցնել մի շարք տեղական արտադրութիւնների փակման եւ աշխատատեղերի կորստին:
Ուրեմն, անհրաժեշտ է պետական պաշտպանական քաղաքականութիւն, առանձնապէս մաքսային եւ աջակցութեան գործիքակազմերի միջոցով: Եթէ Հայաստանը տնտեսական կախման մէջ ընկնի Ազրպէյճանից, ապա կ՛օգտագործուի քաղաքական նպատակներով` սահմանափակելով Հայաստանի ինքնիշխան որոշումները: Հետեւաբար, տնտեսական յարաբերութիւնների ազատականացումը պէտք է ընթանայ յստակ անվտանգութեան եւ հաւասարակշռութեան սկզբունքով: Սահմանների բացումը իր հետ բերելու է նաեւ ընկերային-հոգեբանական գործօններ: Տասնամեակների հակամարտութիւնը փոխադարձ անվստահութիւն է ձեւաւորել հասարակութիւնների միջեւ: Անհրաժեշտ է, որ տնտեսական գործընթացները չհակասեն ազգային անվտանգութեան եւ ներքին կայունութեան շահերին:
Այսպիսով, տեղական գործարարութեան մի մասը կը յայտնուի ազրպէյճանական ազդեցութեան տակ` վարկերի, ներդրումների կամ ապագայում համատեղ ձեռնարկութիւնների միջոցով: Տնտեսական մրցակցութեան գրեթէ բացակայութիւնը կը բերի հայկական ձեռնարկութիւնների աստիճանական անկման: Այս ամէնը կ՛աւելացնի տնտեսական կախուածութիւնը, ինչը հետագայում կը դառնայ քաղաքական լուրջ լծակ` Ազրպէյճանի ձեռքին:
Տեղահանուած եւ պատերազմից տուժած բնակչութեան հարց: Հայ-ազրպէյճանական սահմանների բացումը` առանց քաղաքական, մարդասիրական եւ ընկերային հիմնախնդիրների կարգաւորման, կարող է առաջացնել ներքին լուրջ ճգնաժամ:
Տասնեակ հազարաւոր տեղահանուած անձինք դեռ չունեն իրենց իրաւական կարգավիճակի վերջնական լուծումը: Եթէ սահմանը բացուի առանց վերոյիշեալ հարցերի լուծման երաշխիքների, կարող է ընկալուել որպէս պարտուած կողմի պարտադրուած քայլ, ինչը խորացնելու է ազգային արժանապատուութեան ճգնաժամը եւ բարձրացնելու է պայքարի ոգին:
Քաղաքական ձեռնավարութիւն եւ արտաքին ճնշման վտանգ: Ինչպէս նշեցինք, Ազրպէյճանը երկար տարիներ իր արտաքին քաղաքականութիւնը կառուցել է ոչ թէ փոխշահաւէտ համագործակցութեան, այլ քաղաքական շանթաժի սկզբունքի վրայ:
Այս մօտեցումը կրկին կը կիրառուի Հայաստանի նկատմամբ. օրինակ` Արցախից հրաժարուելու, կամ միջազգային կազմակերպութիւններում դիրքորոշումների փոփոխութեան դիմաց, որն էլ կատարւում է:
Այսպիսով, առանց քաղաքական հաւասարութեան, բաց սահմանը կը վերածուի մշտական ճնշման գործիքակազմի, այլ ոչ թէ խաղաղութեան երաշխիքի:
Հասարակական եւ ազգային անվտանգութեան հարցեր: Ազրպէյճանի պետական գաղափարախօսութիւնը հիմնուած է հակահայկական քարոզչութեան վրայ, որը շարունակւում է մինչ այսօր: Նոյնիսկ խաղաղութեան յայտարարութիւնների ֆոնին ազրպէյճանական պետական մետիան եւ կրթական համակարգը շարունակում են թշնամական քարոզչութիւնը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ:
Այս պայմաններում, առանց Ազրպէյճանի կողմից գաղափարական արմատական փոփոխութեան, սահմանների բացումը կարող է յանգեցնել հասարակական լարուածութեան, ազգային արժանապատուութեան ճգնաժամի եւ հոգեբանական անպատրաստութեան խաղաղ գոյակցութեան համար:
Ամփոփ եզրակացութիւն:
1. Տնտեսական հետեւանքներ: Հայ-ազրպէյճանական սահմանի բացումը կարող է ներկայացուել որպէս տարածաշրջանային խաղաղութեան քայլ, սակայն իր բովանդակութեամբ այն պարունակում է բազմաշերտ վտանգներ: Եթէ գործընթացը չուղեկցուի միջազգային երաշխիքներով, սահմանազատման յստակ իրաւական հիմքերով, անվտանգութեան վերահսկման գործիքակազմերով եւ Արցախի հարցի արդար լուծման երաշխիքներով, ապա այն կարող է յանգեցնել Հայաստանի ինքնիշխանութեան աստիճանական նուազեցման եւ տնտեսական կախուածութեան խորացման:
Պատմականօրէն` Հայաստանի անկախութիւնը եղել է ոչ միայն ռազմական կամ տնտեսական, այլեւ ինքնութեան պահպանման հարց: Եթէ ներմուծուող ապրանքների 70-80 տոկոսը կախուած լինի թշնամական պետութիւններից, ապա ցանկացած սահմանափակում նրանց կողմից կարող է ստեղծել լուրջ ճգնաժամ: Սահմանների բացումը կարող է Հայաստանին բերել որոշ կարճաժամկէտ տնտեսական օգուտներ, բայց երկարաժամկէտ հեռանկարում` առանց յստակ պետական ռազմավարութեան, դա կարող է մեծացնել արտաքին կախուածութիւնը եւ թուլացնել ազգային անվտանգութիւնը:
2. Քաղաքական հետեւանքներ: Տնտեսութիւնը երբեք զուտ տնտեսական գործօն չէ. այն արագօրէն վերածւում է քաղաքական ազդեցութեան գործիքի: Երբ պետութեան հիմնական ոլորտները` կազը, երթեւեկային հաղորդակցութիւնը, ուժանիւթն կամ ներդրումները, կախուած են արտաքին աղբիւրներից, այդ աղբիւրներն ի վերջոյ սկսում են ձեւաւորել նաեւ քաղաքական վարքագիծը:
Հայաստանի դէպքում սա արդէն նկատելի է մի քանի ուղղութիւններով`
- Ռուսաստանի նկատմամբ կազային եւ տնտեսական կախուածութիւնը յաճախ սահմանափակում է Երեւանի արտաքին քաղաքական ազատութիւնը:
- ԵՄ եւ ԱՄՆ հետ յարաբերութիւնները այս պահին փորձում են պայմանաւորուել ժողովրդավարական բարեփոխումների եւ մարդու իրաւունքների հարցերի քօղի տակ, սակայն իրականում գործում են իրենց շահերը:
- Չինաստանի ներդրումները եւ վարկերը այս պահին դեռ այդքան չերեւացող են, բայց ունեն երկարաժամկէտ ազդեցութեան նպատակ` յատկապէս ենթակառուցուածքների եւ արհեստագիտական ոլորտներում:
Եթէ բացուեն նաեւ թուրքական եւ ազրպէյճանական ուղղութիւնները, ապա այդ կախուածութեան շղթան կը դառնայ աւելի բարդ եւ վտանգաւոր. Թուրքիան եւ Ազրպէյճանը իրենց տնտեսական ներկայութիւնը կը վերածեն քաղաքական ճնշման լծակի, օրինակ`
- պահանջելով որոշակի դիրքորոշումներ միջազգային հարթակներում,
- սահմանափակելով ապրանքաշրջանառութիւնը ներքին կամ արտաքին քաղաքական պատճառներով,
- խոչընդոտել հայկական ռազմավարական նախագծերին:
Այս ամէնը նշանակում է, որ տնտեսութիւնը դառնում է արտաքին քաղաքական ազդեցութեան հիմնական դաշտը, եւ նորից շեշտենք, առանց պաշտպանական գործիքակազմերի Հայաստանը հեշտութեամբ կարող է յայտնուել տնտեսական եւ քաղաքական քաոսի մէջ:
3. Հայաստանի ինքնիշխանութեան եւ անկախութեան հարցը
Տնտեսական յարաբերութիւնները ուղղակիօրէն կապուած են պետական ինքնիշխանութեան հետ: Երբ ռազմավարական ենթակառուցուածքներն ու ֆինանսական հոսքերը վերահսկւում են արտաքին դերակատարների կողմից, ինքնիշխանութիւնը դառնում է ոչ թէ իրաւական, այլ գործնական խնդիր:
Այսպիսով, հայ-ազրպէյճանական սահմանների բացման տնտեսական ազդեցութիւնները բազմաշերտ են: Հայաստանի համար այս պահին զարգացման գործօնը թոյլ է, իսկ նոր կախուածութիւնների վտանգը` բարձր, յատկապէս եթէ հաշուի առնենք, որ ցանկալի տնտեսական գործընկերները` Իրանը եւ Ռուսաստանը, արդէն առկայ են:
Սահմանների բացմանը զուգահեռ պետութիւնը պարտաւոր է ապահովել տեղական արտադրութեան պաշտպանական գործիքակազմեր` աջակցութիւններ, ճիշտ հարկային քաղաքականութիւն եւ մաքսային պաշտպանութիւն: Սահմանների բացումը ինքնանպատակ չէ: Առանց տնտեսական պաշտպանութեան եւ անվտանգութեան համակարգի ուժեղացման, «բաց սահմանը» կը դառնայ ոչ թէ զարգացման, այլ կախուածութեան աղբիւր: Հետեւաբար, այս իրավիճակում անհեթեթ է թմբկահարել սահմանների բացման հարցը` առանց անվտանգութեան համակարգի ուժեղացման եւ բազմաշերտ հարցերի լուծման:
(Շար 2 եւ վերջ)



