ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ
2017 թուականին լրանում է պատմական յեղաշրջիչ իրադարձութեան` ռուսական պոլշեւիկեան յեղափոխութեան եւ խորհրդային պետութեան հիմնադրման հարիւր տարին: Այս փաստը առիթ դարձաւ, որ դեռեւս մէկ-երկու տարի առաջ Ռուսաստանում քննարկումներ սկսուէին յեղափոխութեան արդիւնքների ու հետեւանքների, ինչպէս նաեւ` հետագայում, խորհրդային պատմուճանով վերակենդանացած կայսրութեան քայքայման պատճառների շուրջ: Յայտնի է, որ նախադէպը չունեցած հասարակարգային փոփոխութիւնը հնարաւոր էր դարձել պատմական բնականոն զարգացման հունից Ռուսաստանի շեղուելու, կացութաձեւերի ու վարչական համակարգի խառնաշփոթի, ներքին ցնցումների յարուցած քաոսի, սովի եւ պատերազմների հետեւանքով:
Անշուշտ` ոչ առանց արտաքին միջամտութեան: Թէեւ յեղափոխական փոթորիկներից քաղաքական պատերազմի հրդեհի մէջ գլորուած երկրի ապագան կանխատեսող քչերն էին ենթադրում, որ պոլշեւիկների իշխանութիւնը երկար կեանք կ՛ունենայ, այնուամենայնիւ, ընկերվարութեան դրօշով, պետական մենաշնորհ հաստատած համայնավարական ամբողջատիրական համակարգը գոյատեւեց մօտ 7 ու կէս տասնամեակ: Այն ունեցաւ իր բուռն զարգացման շրջանը, ծանր պատերազմից դուրս եկաւ որպէս համաշխարհային երկրորդ տէրութիւն` ձեւաւորելով շուրջը համայնավարական երկրների ճամբարը: Պետութիւնը նոր շնչառութիւն ստացաւ, սակայն հետագայ ընթացքը դանդաղօրէն տարաւ դէպի նոր ճգնաժամ եւ բոլոր ժամանակների հզօրագոյն կայսրութիւնը փլուզուեց սնամէջ փղի նման: Արդէն յետխորհրդային շրջանում սկսեցին գրել, որ անարդիւնաւէտ հիմքի վրայ ձեւաւորուած քաղաքական եւ մանաւանդ տնտեսական համակարգը ճգնաժամի առաջին ազդակներն ստացաւ դեռեւս 30-ական թուականներին, եւ հէնց այն ժամանակ ծագեց վերակառուցման գաղափարը: Նոյնիսկ ասւում է, որ բարեփոխումների գլուխ պէտք էր կանգնէր պետութեան երկրորդ մարդը հանդիսացող Բերիան, սակայն Բ. Աշխարհամարտը առնուազն յետաձգեց այս ծրագրի իրագործումը:
Երկրի իրական վիճակին լաւագոյնս իրազեկ Պետական անվտանգութեան կոմիտէի նախագահ (1980-ականներին կարճ ժամանակ նաեւ ԽՍՀՄ Համայնավար կուսակցութեան կենտրոնական կոմիտէի քարտուղար եւ Գերագոյն խորհրդի նախագահ) Եուրի Անտրոփովը անցեալ դարի 60-ականներին երկրորդ անգամ մտածում է երկրի ընդհանուր վերակառուցման անհրաժեշտութեան մասին, ինչը, արդէն 80-ականներին, փորձեց անել ԽՍՀՄ վերջին առաջնորդ Կորպաչովը: Կայսրութեան վերեւից ծրագրուած հերթական բարեփոխման կիսաժողովրդավարական գործընթացներն էլ յանգեցրին պետութեան կապանքների թուլացմանն ու անջատողական շարժումների պոռթկումին:
Եւ ահա ռուսական քաղաքագիտական-մտաւորական վերնախաւը, ախտորոշելով պետութեան կործանման պատճառները, մատնանշում է անարդիւնաւէտ տնտեսական կացութաձեւն ու վարչաձեւը, երկրի ինքնամեկուսացուածութիւնը համաշխարհային ընթացքից, Ամերիկայի հետ ռազմական մրցավազքը, ժողովրդավարութեան բացակայութիւնը, փտածութեան երեւոյթները եւ այլ գործօններ: Որ տուեալ գործօնները կարեւոր դերակատարութիւն են ունեցել, ժխտելի չէ. սակայն այս քննարկումների հոլովոյթում զգուշօրէն շրջանցւում է ազգային հարցի դերը: Գուցէեւ ռուսական մետրոպոլիայի դիտակէտից այնպէս է երեւում, թէ այս հարցը «սպառիչ» կերպով ժամանակին լուծել են Լենինն ու Ստալինը, իրականում սակայն վառօդի տակառի պէս երկրի հիմքում եղած այս հարցն էր, որ ցիրուցան արեց «Կաւէ փղին»:
Պատմութեան ընթացքում պետութիւններն ապրում են իրենց հզօրութեան ու թուլութեան շրջափուլերը, սակայն տարբեր է պարագան միատարր եւ բազմաազգ տէրութիւնների պարագայում:
Քաղաքագիտական ճշմարտութիւն է, որ միատարր կամ ազգային պետութիւնները, որքան էլ որ թուլանան, մի օր կրկին հաւաքւում են սեփական ինքնութեան միջուկի շուրջ: Բազմազգ պետութիւնների կամ փոքր ու մեծ կայսրութիւնների թուլանալու պարագայում, անջատողական տրամադրութիւնները ստեղծում են կենտրոնախոյս հզօր շարժում, ինչն էլ, ի վերջոյ, վերածւում է բոլոր կայսրութիւնների քայքայման հիւանդութեան: Յաճախ, ինչպէս Խորհրդային Միութեան դէպքում, դժուար ընկալելի է մնում, թէ նման հզօր տէրութիւնները ինչպէ՛ս են այդքան հեշտութեամբ մասերի բաժանւում, բայց այս դէպքերում թերագնահատւում է հէնց ամենահզօր մղիչ ուժի ներուժը` ազգային հարցը:
Ի դէպ, անցեալ դարի 90-ականների ելցինեան քաոսային Ռուսաստանում յանկարծ ի յայտ եկաւ «ազգայնական շարժում», որն ուղղուած էր հրէաների եւ երկրի ազգային այլ փոքրամասնութիւնների դէմ: Սա միայն մէկ բան կարող էր նշանակել, որ այդ շարժումը ռուսական արմատներ չունի եւ հրահրուած է ինչ-որ ուժերի կողմից: Այլապէս իշխող ժողովրդի կողմից ազգային հարցի սրումը նոյնն է, թէ կտրել այն ճիւղը, որի վրայ նստած ես: Եւ պատահական չէ, որ այդ շարժումը մարեց իրական ազգայնական Փութինի նախագահ դառնալով:
Վերադառնանք բուն ասելիքին:
Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, պահի քաղաքական հաշուարկով պայմանաւորուած, մի քանի անգամ փոփոխուեցին ԽՍՀՄ-ի արժեւորման երանգները: Ներկայումս ականետես ենք Ռուսաստանի հանրային-քաղաքագիտական շրջանակներում տեղի ունեցող մտքերի այն խմորումներին, երբ փորձ է արւում երկրորդական նշանակութիւն հաղորդել Լենին-Ստալինի, նրանց խմբակիցների ու ժառանգորդների բացասական վարքին` դրանք հակակշռելով իրականացուած «մեծ» իրագործումներով: Նոյն տրամաբանութեամբ մեղմացւում են ստալինեան եւ այլ բռնութիւնների գնահատականները, մարդկային ազատութիւնները խեղդած եւ ժողովուրդների բանտ ծառայած ամբողջատիրական կառոյցի իրական բնոյթը: Պատմութեան նմանօրինակ գնահատումները ի հարկէ պայմանաւորուած են փութինեան Ռուսաստանի նոր վերելքի նախանշաններով, որ գուցէեւ որոշ մեծապետական վելիկոռուսների գլուխներում արթնացնում է անցեալի վերակենդանացման անուրջներ: Նոր Ռուսաստանի նախագահ Փութինը առիթների դէպքում չի թաքցնում իր ցաւը Խորհրդային Միութեան փլուզման առիթով, միաժամանակ նա նաեւ հետեւեալ մտքի հեղինակն է. «Ով չի ցաւում Խորհրդային Միութեան կործանման համար նա սիրտ չունի, ով կարծում է, թէ Խորհրդային Միութիւնը կարող է վերականգնուել, նա գլուխ չունի»:
Իրականում ռուսները ուշացումով հասկացան, որ ժամանակակից եւ, այսպէս ասած, քաղաքակիրթ գաղութատիրութիւնը չի նշանակում շուրջբոլորը պատել սեփական ցանկապատով: Սրանով հանդերձ, ի մտի ունենանք , որ ինչպէս Պիսմարկն է ասել. «Քաղաքականութիւնը հնարաւորի արուեստն է»:
Ռուսական դիտանկիւնից խորհրդային երեւոյթը իւրովի գնահատելը բնականաբար ունի իր բացատրութիւնը, որն ի հարկէ շատ էլ չի համապատասխանում, եթէ չասենք` հակասում է մնացած 14 նախկին խորհրդային հանրապետութիւնների եւ դեռ դրանից էլ դուրս` նախկին համայնավարական ճամբարի երկրների գնահատականին:
Միութեան փլուզումից յետոյ Ռուսաստանի հետ սերտ յարաբերութիւններ վերահաստատելու դրօշակիրները եղան Պիելոռուսիան ու Ղազախստանը: Առաջինի դէպքում նոյնիսկ տեսակէտներ կային, որ Պիելոռուսիան կարող է պարզապէս միանալ Ռուսաստանին, քանի-որ պատմականօրէն սա նոյն ժողովուրդն է, եթէ չհաշուենք թաթարների կողմից նրանց տրուած «սպիտակ ռուս» անուանումը: Ինչ վերաբերում է երկրորդին, ապա այս երկրի անփոփոխ նախագահ եւ ըստ էութեան ղազախական պետութեան հիմնադիր նախագահ Նազարպայեւը հէնց եղաւ Եւրասիական միութեան գաղափարի հեղինակը` դեռեւս անցած դարի իննսունականների կէսին: Սրանով հանդերձ, երկու «ռուսամէտ» նախագահները նոյն ԵԱՏՄ-ի ստեղծման նախօրեակին զգուշացրեցին, որ իրենց պատկերացրած միութիւնը պէտք է ունենայ տնտեսական բովանդակութիւն, իսկ եթէ այնտեղ սկսի գերակշռել քաղաքական բաղադրիչը, իրենք կը հրաժարուեն այդ միութիւնից: Վերն ասուածից բխող յարակից հարցերի ու մանրամասների մէջ չխորանալով` հասնենք եզրակացութեանը`
ա/ Իր բոլոր արդիւնքներով հանդերձ, որ ենթակայ ժողովուրդների համար ունեցաւ Խորհրդային Միութիւնը, այն ռուսական նոր գաղութատիրութիւն էր, որտեղ ճնշուած էին ազատութիւնները, եւ յատկապէս` ազգային ինքնուրույնութիւնը: Հայկական հարցի նկատմամբ ռուսական քաղաքականութիւնը կործանարար եղաւ մասնաւորապէս հայերիս համար:
բ/ Որեւէ ժողովրդի բնականոն, ինքնատիպ ու ինքնուրոյն զարգացման հիմնական պայմանը անկախութիւնն է:
գ/Որեւէ փաստարկ չի կարող հակակշռել ինքնուրոյն կեանքի ու զարգացման ժողովուրդների ձգտումին եւ գերադասուել ինքնուրոյն գոյութեան աստուածային իրաւունքից:
«Դրօշակ»


