«Ալիք»-Ի Հարցազրոյցը` ՀՅԴ Անդամ, ՀՀ Աժ «Հայաստան»
Խմբակցութեան Պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանի Հետ
Հարցազրոյցը` ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ
«ԱԼԻՔ».- 2023 թուականը լի էր ծանր իրադարձութիւններով եւ կորուստներով, ցաւօք, հայութեան համար այն կը յիշուի որպէս Արցախի ամբողջական հայաթափման եւ պառակտուածութեան խորացման տարի: Աղէտի խորացումը նաեւ շաղախուեց Արցախի նախկին նախագահների, քաղաքա-ռազմական վերնախաւի, բազում հայերի գերեվարման խնդրով, նրանց ազատութեան հիմնահարցը շարունակում է անլոյծ մնալ:
ՔՐԻՍՏԻՆԷ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Որքան էլ ծանր լինի, այո՛, մենք իրականութիւնից փախչել չենք կարող, 2023 թուականը իրօք նոր աղէտի տարի դարձաւ ամբողջ աշխարհի հայ ժողովրդի, Հայաստանի հայերի եւ յատկապէս արցախահայութեան համար: Հազարամեակներ շարունակ հայերով բնակեցուած Արցախը հայաթափուեց, Հայոց ցեղասպանութիւնից 1 դար անց տեղի ունեցաւ ցեղային զտում: Մենք ունէինք երկու հայկական պետականութիւն, մէկը կորցրեցինք: Սա այն իրականութիւնն է, որին պէտք է առերեսուենք, իսկապէս ստեղծուել է մի իրավիճակ, որ ամէն յաջորդ ամիս, ամէն յաջորդ շաբաթ յետ ենք նայում եւ երանի ենք տալիս մէկ տարի առաջ նոյն ժամանակահատուածին: Սա մեր մղձաւանջն է:
Ի հարկէ բնականաբար հեշտ է մի գուցէ հաշուի առնելով աղէտի ծաւալները` կորցնել յոյսը, բայց ոչ միայն պէտք չէ կորցնել յոյսը, այլ, ընդհակառակը, անձամբ յուսառատ եմ, որ կարող ենք առաջիկայում վերջ տալ աղէտներին` վերականգնելով մեր արժանապատուութեան մի մասնիկը: Իմ յոյսերը կապուած են ոչ թէ միջազգային դերակատարների կամ արտաքին գործօնների հետ, այլ կախուած են հայ մարդու հետ, Հայաստանում ապրող, Արցախից բռնի տեղահանուած, սփիւռքում ապրող հայ մարդը, որ հակառակ բոլոր աղէտներին` զգում է հոգեւոր կապը հայրենիքի հետ, հայրենիքի ճակատագիրն իր ճակատագիրն է համարում, որ գիտի, թէ մենք ոտքի կանգնելուց բացի` այլընտրանք չունենք:
Չգիտեմ` որքան կը տեւի պայքարը, չգիտեմ` մեզանից իւրաքանչիւրը որքան ուժ եւ ջանք պէտք է գործադրի, բայց մի բան վստահաբար գիտեմ, որ պետութիւն ունենալը եղել է երազանք մեզ համար: Մենք չափազանց շատ ենք տանջուել պետութիւն ունենալու համար, հետեւաբար այն կորցնել չենք կարող: Ես լիայոյս եմ` հակառակ տեղի ունեցածին եւ բոլոր աղէտներին, համոզուած եմ` կայ ներուժ, որ հայ մարդն ունի իր մէջ վերականգնուելու, ցանկանում եմ 2024 թուականը լինի հէնց վերականգնուելու եւ ոտքի կանգնելու տարի:
«Ա.».- Անդրադառնալով յաջորդ տարուայ մեր նպատակներին եւ համազգային իղձերի իրականացման քայլերին, յիշենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի կողմից առաջիկայ տարին հռչակուեց որպէս մարդուժի պատրաստման տարի: Դուք լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի Հանրային կապերի գրասենեակի պատասխանատու, նաեւ պարբերաբար, ունենալով ժողովրդական հանդիպումներ` Հայաստանի տարբեր մարզերում, սփիւռքի համայնքներում, ինչպէ՞ս էք պատկերացնում մարդուժի պատրաստման կարեւորութիւնը, անտեսուած ներուժի պատրաստման եղանակները ինչպիսի՞ դրսեւորումներ պէտք է ունենան:
Ք. Վ.- Գիտէք, այո՛, մենք չունենք բնական հարստութիւններ` նաւթ, կազ եւ այլն, բայց մենք ունենք մէկ այլ հարստութիւն. այն մարդկային ներուժն է, հայ մարդն է նրա ստեղծագործ միտքը, որը պարտաւոր ենք միաւորել, համախմբել եւ օգտագործել ի շահ մեր պետութեան, ազգի, ժողովրդի: Հիմա այնպէս է ստացուել, որ կարծես թէ բոլոր ուժերը պետական քաղաքականութիւնը օգտագործում են ոչ թէ յանուն եւ ի նպաստ հայութեան, այլ` միմեանց դէմ խորացնելով միմեանց միջեւ անվստահութիւնը եւ բաժանարար գծերը: Այսինքն ցանկալի է մեր ջանքերը, ուժերը եւ միտքը ուղղուած լինեն վստահութեան մթնոլորտի ստեղծմանը, որը մեզ շատ պակասում է յոյսի, համընդհանուր իղձերի եւ տեսլականի իրականացման ճանապարհին: Պէտք է իմանանք, որ հակառակ անլոյս թուացող խաւարին, միեւնոյն է լոյսը կայ, չարիքը չի կարող անվերջ ձգուել: Փորձութիւնների շրջան է, բայց փորձութիւնները հէնց մեզ աւելի ուժեղացնելու համար են: Ցանկանում եմ` գտնենք այդ տեսլականը եւ գնանք դէպի այն, եւ հայ մարդու ներուժը կենտրոնանայ ստեղծագործ աշխատանքի վրայ, յատկապէս` իր պետութիւնը պահպանելու եւ ուժեղացնելու ուղղութեամբ, այլ հարստութիւն մենք չունենք: Մեր հարստութիւնը հայ մարդու ներուժն է, այդ ներուժի համախմբման տարի եւս պէտք է լինի, որովհետեւ բոլոր խնդիրների լուծման հիմքը հէնց հայ մարդն է, մեզ նաեւ վստահութիւնն է պակասում: Ինչպէս Կոմիտաս վարդապետն ասում էր, պէտք է սիրել իրար, որպէսզի կարենանք ապրել. յոյս ունեմ, որ այդ սէրը եւ փոխադարձ վստահութիւնը կը կարողանանք վերագտնել:
«Ա.».- Անդրադառնալով Դաշնակցութեան գործունէութեանը` առաջիկայ տարում շրջադարձային քաղաքական փոփոխութիւններ կը լինե՞ն, նաեւ` նկատի առնելով այն քննադատութիւնները, որոնք հնչեցին ընդդիմադիր դաշտի` մեր հասցէին, երբ նաեւ բոլորիս սպասումները չարդարացան, Արցախի անկման, ցեղային զտման պատասխանատու իշխանութեան հեռացումն այդպէս էլ չապահովեցինք: Նոր գործիքակազմերի կիրառում այս ուղղութեամբ նախատեսուա՞ծ է, թէ՞ ոչ:
Ք. Վ.- Նպատակների մէջ փոփոխութիւններ չկան, սկզբունքները եւ նպատակները հնարաւոր չէ յաճախ փոխել: Բնականաբար, երբ պայքարում ես այնպիսի ուժերի եւ թշնամիների դէմ, որոնք բաւական ուժեղ են, եւ չի ստացւում քեզ մօտ յաղթանակ. առաջին, երկրորդ փորձից ամէն յաջորդ փորձ պէտք է հաշուի առնել նախորդ փորձերի սխալները եւ միւս գործողութիւնները ծրագրել դրանք հաշուի առնելով: Մենք իսկապէս պայքարում ենք ոչ միայն Հայաստանում այս պահին իշխանութեան մէջ գտնուող, բայց Հայաստանի հետ կապ չունեցող մարդկանց դէմ: Մենք պայքարում ենք Հայաստանի թշնամիների դէմ, պայքարում ենք իսկապէս թշնամական համակարգերի դէմ, եւ, այո՛, այդ պայքարը ծանր պայքար է: Մի գրոհով աւարտուող պայքար չէ: Այն դժուար ուղի է, ընդհանրապէս, պետութիւն ունենալը, պահպանելը, մեր տարածաշրջանում դժուար առաջադրանք է, եւ մենք դժուար առաջադրանքի ու դժուար քննութեան առջեւ ենք կանգնած, եւ այստեղ բնական են մարտավարութեան փոփոխութիւնները, կը լինեն: Նախորդ 3 տարիներին այդ փոփոխութիւնները եղել են, յաջորդ գործողութիւններում այդ փոփոխութիւնները շատ աւելի արտացոլուած են լինելու մեզ համար` մեր մտածողութեան կենտրոնում, մեր ժողովրդի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանք կատարելով: Ի՞նչ է մեզ հարկաւոր այդ ուղղութեամբ, ի՞նչ գործողութիւններով եւ մօտեցումներով է հնարաւոր մարդկանց հետ շփուել, այնտեղ իսկապէս լայն դաշտ կայ աշխատելու: Այնպէս էլ չէ, որ այդ աշխատանքները նոր պէտք է մեկնարկեն, Դիմադրութեան շարժումից յետոյ, հաշուի առնելով տեղի ունեցածը, գնահատումները կատարուել են եւ 2024 թուականի պայքարին անդրադառնալով` անհրաժեշտ է արձանագրել, որ պայքարը ընդհանրապէս չի դադարել եւ չի կարող չլինել: 2024 թուականին եւս չի դադարելու:
«Ա.».- Սփիւռքի ներգրաւուածութիւնը եւ դերակատարումը ապագայում ինչպէ՞ս էք նախատեսում, ո՞ր ուղղութեամբ է անհրաժեշտ կրկնապատկել աշխատանքը, որպէսզի նպաստենք հայրենիքի, հայոց պետականութեան պահպանմանը, զարգացման ճանապարհի արդիւնաւէտ կերտմանը:
Ք. Վ.- Մեզանից իւրաքանչիւրը պէտք է իմանայ եւ ունենայ այն գնահատականը, որ հիմա մի ժամանակաշրջան է, երբ հայկական պետութիւնը ունի մեր կարիքը, մեզանից իւրաքանչիւրն ունի յուշեր, զգացողութիւններ, պահեր, որոնք իրեն պարգեւել է հայկական պետականութիւնը, մեզ հայկական պետութիւնը ընդհանրապէս շատ բան է տուել, հիմա այդ պետութիւնը ունի մեր կարիքը եւ, հետեւաբար, կապ չունի, թէ որտեղ ենք ապրում` Թեհրան, Նոր Ջուղա, Սիտնի, Ուաշինկթըն կամ այլուր, հայկական պետութիւնը ունի մեր բոլորի կարիքը: Եթէ մենք հարցնում ենք` ինչպէ՞ս է կարող հայ մարդը օգնի պետութեանը, այդ հարցը առաջինը ինքը պէտք է տայ իրեն: Եթէ մենք բոլորս Նոր տարուայ շեմին բացի մեր անձնական երազանքներից` իմամանք, թէ յաջորդ տարում ինչպէ՞ս ենք կարող նպաստել եւ փոքր կաթիլ դառնալ ծովում, որպէսզի մեր պետութեան թէկուզ մի հոգս լուծուի, եւ մի խնդիր մօտենայ լուծմանը, դա ամենամեծ օգնութիւնը կը լինի. այն կարող է լինել տարբեր ձեւերով, առաջին հերթին` Հայաստանում ապրելով, Հայաստանի հետ կապը սերտացնելով, բայց ամենակարեւորը` հայրենիքի հարցը եւ ազգի ու ժողովրդի հարցը մեր սրտերից դուրս չհանելով: Անհատը իսկապէս կարեւոր է, այն շատ բաների հիմքն է, բայց նաեւ նոյնչափ կարեւոր են ազգի ու պետութեան գոյութիւնը եւ յարատեւումը, հետեւաբար այն մի հարց է, որ մեզանից իւրաքանչիւրը պէտք է իրեն տայ եւ գտնի այդ հարցի պատասխանը:
Ես միայն կարող եմ ասել, որ բազմաթիւ են տեղերը, որտեղ հայ մարդը կարող է Հայաստանին օգտակար լինել` սկսած սփիւռքի օճախներում, ազգային մակարդակով, մեր խնդիրների հետամուտ լինելուց, մինչեւ Հայաստանում ամէն օր գործելուն եւ աշխատանքի իրականացմամբ: Կարեւորը հայկականութեան ցանցից չանջատուելն է:
«Ա.».- Կարծում եմ, որ Արցախը մոռացութեան չտալու համար այն պէտք է նախ շարունակի իւրաքանչիւրի մտքում ապրել, որպէսզի նրա կեանքը չդադարի, եւ մեր ներսում լինի նոյնքան մաքուր, որպէսզի նրա յետեւից վերադառնանք… հայ մարդը Ս. Ծննդեան այս օրերին, իր հոգու խորքում եթէ պատկերի քայլ առ քայլ դէպի Արցախ տանող ճանապարհը, ապա այդ երազանքներից հնարաւոր է համատեղ ծրագրեր լոյս տեսնեն, որոնք միասին առաջ կը տանենք: Նկատի ունեմ սեւ ու սպիտակից բացի` այլ երանգներ էլ որոնենք, գտնենք մեր մէջ, որպէսզի հնարաւոր լինի այդ ճանապարհը միասնութեամբ կերտել: Կը լինե՞նք այդպիսին, մի տեսակ երազային համայնապատկեր է:
Ք. Վ.- Երազանքները… գիտէք, եթէ մենք դադարենք երազել, ուրեմն այդ դէպքում է միայն, որ այն երբեք տեղի չի ունենայ. այստեղ կարեւորում եմ, որ չափազանց լաւ հասկանանք, թէ ինչպիսի՛ն են իրականութեան մէջ խնդրի ծաւալները, մենք կանգնած ենք հայկական պետականութեան կորստի առջեւ, հետեւաբար պէտք է երազենք նախ` ամբողջական պետականութեան մասին, յետոյ անհրաժեշտ է նաեւ աշխատենք արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ, բայց մենք մեր ուժերը պէտք է կենտրոնացնենք: Գիտակցենք, որ միայնակ հնարաւոր չէ, միասնականութիւնը ամրապնդել է պէտք հարցը ամբողջութեամբ հասկանալու եւ հիմքը պահպանելու համար, որի վրայ կարող ենք կառուցել մեր տունը, հայրենիքը, եւ հայկական աշխարհը: Պէտք է միանշանակ լինել ու շարունակել երազել…