Իրանի եւ միջազգային միջնորդ վեցեակի միջեւ սոյն թուականի յուլիսի 14-ին կայացած համաձայնութիւնը միջազգային հարթակում գնահատուեց որպէս պատմական ձեռքբերում:
Ձեռքբերումը պատմական էր ոչ միայն այն պատճառով, որ իրենց լրումին հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամեակներ ձգուած թնճուկը եւ վերջինի շուրջ մօտ երկու տարի ձգուող բանակցութիւնները: Շրջանառուած ձեւակերպման համաձայն, այս քայլը կարող է լուրջ վերափոխման ենթարկել Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական առկայ ճարտարապետութիւնը:
Տնտեսական ու քաղաքական շրջափակումից ձերբազատուող եւ այս երկու ասպարէզում էլ մեծ ներուժ ունեցող Իրանը կարող է նոր մօտեցումների եւ նախաձեռնութիւնների հնարաւորութիւն ստեղծել շատ հարցերում, որոնց մասին, սակայն, առայժմ խօսւում է զգուշաւորութեամբ: Իրականում շատ բան պայմանաւորուած կը լինի նրանով, թէ Իրանը նոր պայմաններում ինչպիսի՛ վարքագիծ կը դրսեւորի կողմնորոշումների առումով եւ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական բարդ խնդիրների նկատմամբ մօտեցումների տեսանկիւնից: Միւս կողմից` նոր կացութեան ձեւաւորումը անհնար կը լինէր, եթէ ի յայտ չգար համաշխարհային գլխաւոր դերակատարների եւ մասնաւորաբար Միացեալ Նահանգների մեծ շահագրգռութիւնը` ներդաշնակեցուած Ռուսաստանի ու Եւրոպայի համախոհութեան հետ: Այդ իսկ պատճառով ստեղծուած իրավիճակը նմանւում է մշուշով եզերուող հորիզոնի, որից այն կողմ թէ ի՛նչ կարող է լինել, առայժմ կանխատեսումների մակարդակի վրայ է:
Յատկապէս որ դեռեւս պարզորոշ չէ աշխարհաքաղաքական հեռանկարը` ելնելով մասնաւորապէս Մերձաւոր Արեւելքի վերաձեւման գործընթացից:
Չյաւակնելով պատասխանելու տրամաբանական ենթադրութիւնների տեղիք տուող հարցադրումներին, փորձենք առաջադրել հարցեր, որոնք առհասարակ, ճիշդ ձեւակերպման դէպքում, կարող են նաեւ յուշել հնարաւոր պատասխանները:
Վերջին տարիներին Մերձաւոր Արեւելքը փոթորկած յեղաշրջումների ու պատերազմների գլխաւոր պատճառներից մէկը եղել է ցանկութիւնը` թուլացնելու ու չէզոքացնելու իրանական ազդեցութիւնը շիայական աշխարհի եւ մեծ հաշուով` տարածաշրջանի վրայ:
Ի դէպ, եթէ յարձակումների թիրախ ուղղակիօրէն չդարձաւ Իրանը, ինչում մեծ շահագրգռութիւն էին դրսեւորում որոշ մօտ ու հեռու հարեւաններ, ապա այդ հարցում առաջին հերթին պէտք է տեսնել հէնց իրանական պետութեան խոր աւանդոյթներ ունեցող շրջահայեաց ու ճկուն քաղաքականութիւնը:
Եւ այստեղից բխում է կարեւորագոյն հարցերից մէկը. Իրանը շրջափակումից դուրս բերելու եւ դրանով խաղի մէջ ներգրաւելու ցանկութիւնը արդեօք պայմանաւորուած չէ՞ վերոնշեալ գործընթացի վերանայման նպատակով:
Տարուելով մի խաղով, որի արդիւնքում նաեւ քաղաքակրթութեան օրրանը հանդիսացող տարածաշրջանի համար մօտ հարիւր տարի առաջ գծուած քարտէսը պէտք էր նորացուէր, Արեւմուտքը ու յատկապէս Միացեալ Նահանգները կամայ եւ ակամայ ծնեցին իսլամական ծայրահեղականութեան հրէշին եւ մի շարք տէրութիւնների համագործակցութիւնը` դաւանական յարձակողապաշտ անհանդուրժողականութեան դրօշի ներքոյ:
Այդ դժուար զսպուող յարձակողապաշտական վտանգի դէմ նոյն տարածաշրջանում հակակշռումի ամենամեծ ներուժ ունեցող երկիրը Իրանն է: Եւ հետեւաբար, այս գործօնը չի՞ արդեօք նկատի առնուել` Իրանին ասպարէզ վերադառնալու օրինական իրաւունք ընձեռելով:
Յիշենք, ի դէպ, որ քաղաքական այս նախաձեռնութեան դէմ հանդէս եկող ուժերը կատարուածը գնահատեցին որպէս պատմական սխալ:
Միւս կողմից, պատժամիջոցների վերացումը չի՞ նշանակի արդեօք ձախողել Մերձաւոր Արեւելքի հրդեհի գլխաւոր պատճառներից եւս մէկը` մրցակից-հարեւաններին նաֆթա-կազային շուկայից դուրս մղելու ցանկութիւնը:
Միւս կողմից, եթէ արգելափակուած Իրանը տնտեսական ու հաղորդակցական ճանապարհների առումով վերածուել էր իւրատեսակ խցանի, պէտք է նկատի ունենալ, որ նոր իրողութիւնների պայմաններում կարող է վերածուել խաչմերուկի, որն իրար կարող է կապել Պարսից ծոցն ու Եւրոպան, արեւելեան Ասիան ու Մերձաւոր Արեւելքը: Այդ իմաստով, նոր կարգավիճակ ձեռք բերած Իրանը հնարաւորութիւններ կը ստեղծի այլընտրանքային նախագծերի համար` չէզոքացնելով այլ նախագծերի մենաշնորհեալի իրաւունքը վայելողների յաւակնոտութիւնը:
Ի դէպ, հաղորդակցական մայրուղու վերածուող Իրանը նոր հնարաւորութիւնների դուռ է բացում նաեւ Հարաւային Կովկասի համար: Այստեղ, որպէս նաւթային տէրութիւն, ինքն իրեն ծախելու չափաւորութեան է մղւում Ազրպէյճանը, եւ միւս կողմից, Վրաստանը, տնտեսական այլընտրանքների հնարաւորութիւնը նկատի ունենալով, քաղաքական վերանայումներ կատարելու պատեհութիւն կ՛ունենայ:
Իրանի եւ կարողական գործընկերների միջեւ ձեռք բերուած համաձայնութիւնից յետոյ հնչեցին փոխադարձ հաճոյախօսութիւններ Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի բարձրագոյն պաշտօնեաների շուրթերից: Տեղի ունեցածը առիթ դարձաւ, որ ուքրանական իրադարձութիւնների պատճառով սրուած լարուածութիւնը մոռանալով` հեռախօսազրոյց վարէին Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները: Երբ այս երկրի նախագահներն ու արտաքին գործերի նախարարները յետոյ նաեւ գնահատում են մէկմէկու դերակատարութիւնը` կայացած համաձայնութեան հարցում, չի՞ նշանակում, որ տարածաշրջանի ապագայի առումով եւ գուցէ աւելի լայն աշխարհագրութեամբ ձեռք են բերուել որոշակի պայմանաւորուածութիւններ: Իսկ այդ պայմանաւորուածութիւնները կարող են վերաբերել Իրանի գործօնի կարեւորմանը ե՛ւ Սիրիայի, ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ քրտական հարցի, ե՛ւ անմիջականօրէն շահագրգիռ արաբական երկրների` Եգիպտոսի, Սէուտական Արաբիայի, Եմէնի, Քաթարի եւ այլնի տնտեսաքաղաքական ապագայի խնդրում: Ի հարկէ, այս համապատկերում չմոռանալով Հարաւային Կովկասի մասին:
Յուլիսի 15-ին, ելոյթ ունենալով Պրուքինկսի հիմնարկում, Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարի արեւելեան Եւրոպայի, Հարաւային Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտութիւնների հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուպինսը մասնաւորապէս ասել է, որ Միացեալ Նահանգները մտադիր են յատուկ ուշադրութիւն դարձնել տարածաշրջանում տնտեսական համագործակցութեան զարգացմանը, քանի որ տնտեսութիւնն ազդում է կայունութեան ամրապնդման, իսկ իրավիճակի վատացման դէպքում` նաեւ ապակայունացման վրայ: Մասնաւորապէս, Միացեալ Նահանգները ցանկանում են նպաստել, որպէսզի Հարաւային Կովկասը վերածուի զարգացած ենթակառուցուածքներով միջազգային փոխադրամիջոցների հանգոյցի, ինչը հսկայական հնարաւորութիւններ կը ստեղծէր տարածաշրջանի բնակիչների համար: Հէնց դրան են ուղղուելու ամերիկեան կողմի ջանքերը:
Ըստ Ռուպինի, արդէն մէկ տարի անց բեռնարկղը Չինաստանից կարելի է հեշտութեամբ հասցնել Հարաւային Կովկաս, ապա` Եւրոպա:
«Հայաստանը դեռեւս դուրս է մնում նման նախագծերից, սակայն մենք միանշանակ յայտարարում ենք, որ այդ ծրագրերի յաջող իրագործման համար դրանցում պէտք է ներգրաւուած լինեն տարածաշրջանի բոլոր երկրները, իսկ տարածաշրջանային հակամարտութիւնները պէտք է կարգաւորուեն»:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը ակնարկուած ծրագրերից դուրս էր մնում Ազրպէյճանի ու Թուրքիայի ցանկութեամբ: Այժմ, երբ առաջ է քաշւում նոր ծրագրերի հարցը, որոնց պէտք է մասնակցեն «տարածաշրջանի բոլոր երկրները» ու նաեւ Չինաստանը, ակնյայտ չէ՞, որ տուեալ ուղիները հանգուցող մէկ օղակն էլ Իրանն է: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա նա Մետաքսի մեծ ճանապարհի իր նոր ծրագիրն ունի, որը նոյնպէս պէտք է անցնի Իրանով ու Հայաստանով: Ի դէպ, յայտնի է նաեւ, որ Ռուսաստանն ու Չինաստանը արդէն իսկ պայմանաւորուածութիւն են ձեռք բերել Մետաքսի ճանապարհի եւ Եւրասիական տնտեսական միութեան ներդաշնակեցման մասին: Ի հարկէ, նշուած ծրագրերի մէջ Ռուսաստանն ու Միացեալ Նահանգները փոխադարձաբար միմեանց ի՞նչ դեր են վերապահել` նոյնպէս հարց է մնում, բնականաբար տնտեսական այդ հաշուարկները փոխկապակցուած են քաղաքական հաշուարկների հետ:
Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Ռուսաստանի դերակատարութիւնը նուազագոյնի հասցնելու նպատակով փորձ արուեց ուժանիւթային-տնտեսական ուղիները շրջանցիկ դարձնել այս երկրի համար, որի դէմ էլ հակառակ ջանքեր գործադրեց Ռուսաստանը: Այսօր էլ չեն մարում խօսակցութիւնները, որ Մետաքսի մեծ ճանապարհը կամ Պարսից ծոցը Եւրոպայի հետ կապող Իրան-Հայաստան-Վրաստան երթուղին նոյնպէս Ռուսաստանից անկախ ձեւաւորուող նախագծեր կարող են լինել: Ժամանակ առ ժամանակ մենք այդպիսի խանդի դրսեւորումների ականատես եղել ենք, բայց ինչպէս երեւում է, նախագծերից դուրս չմնալու համար Ռուսաստանը, հակադրուելու փոխարէն, փորձում է խրախուսելով մաս կազմել դրանց: Որ այս առումով Հարաւային Կովկասի կամ Մերձաւոր Արեւելքի տարածաշրջաններում Ռուսաստանի ու Միացեալ Նահանգների միջեւ մրցակցութիւն չի լինելու, դժուար է հաւատալ, սակայն վերջնական լուծումների վերաբերեալ հարցի պատասխանը թողնենք ժամանակին:
Մեզ համար գլխաւորն ի հարկէ այն հարցն է, թէ փոփոխութիւնների արդիւնքում ի՛նչ է ստանալու Հայաստանը: Հնարաւոր ձեռքբերումների մասին կանխատեսումներ արուել են եւ չարժէ կրկնել:
Կարեւորը մեզ համար առանց ժամանակ կորցնելու աշխուժ աշխատանքներ նախաձեռնելն է տնտեսական նախագծերի շուրջ, նկատի ունենալով, որ մեր երկիրը իրաւապայմանագրային լաւ հիմք եւ որոշակի փորձ ունի թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Եւրասիական միութեան, թէ՛ Չինաստանի, թէ՛ Իրանի ու Վրաստանի հետ: Զարգացող կապեր ունի բարեկամ արաբական երկրների հետ:
Հայաստանը նաեւ յայտ է ներկայացրել միանալու Շանկհայի համագործակցութեան երկրներին, կնքելու համաձայնագիր Եւրոմիութեան հետ եւ այլն: Վերջերս Չինաստանի Պոաօ քաղաքում տեղի ունեցած միջազգային տնտեսական համաժողովում Սերժ Սարգսեանը ելոյթ ունեցաւ` ասելով մասնաւորապէս հետեւեալը. «Հայաստանը Եւրոպայի եւ Ասիայի խաչմերուկում գտնուող մի երկիր է, որ հազարամեակներ շարունակ կապող օղակ է եղել երկու աշխարհամասերի միջեւ եւ որտեղ միաձուլուած են արեւելեան եւ արեւմտեան արժէքները: Այդ կապի առարկայական պատկերը պատմական Մետաքսի մեծ ճանապարհն է, որի անքակտելի մաս է կազմել Հայաստանը: Եւ պատահական չէ, որ մեզ համար այդքան գրաւիչ է նախագահ Սի Ցզինփինի` ժողովուրդներին միաւորող այդ առաջարկը»:
Տնտեսական մեծածաւալ համարկումի եւ որպէս կապող օղակի Հայաստանի դերի մասին նախագահ Սարգսեանը յուլիսի 9-ին խօսել է նաեւ Ռուսաստանի Դաշնութեան Ուֆա քաղաքում տեղի ունեցած ՊՐԻՔՍ-ի, ԵԱՏՄ-ի եւ Շանկհայեան համագործակցութեան կազմակերպութեան համատեղ գագաթնաժողովի ժամանակ` մասնաւորապէս նշելով. «Մեր պատկերացմամբ, ՊՐԻՔՍ-ԵԱՏՄ-Շանկհայեան համագործակցութեան կազմակերպութիւն փոխգործակցութեան հիմքում ընկած է համարկման գործընթացների փոխլրացնող եւ փոխշահաւէտ զարգացման սկզբունքի ապահովման ընդհանուր հետաքրքրուածութիւնը»:
Այս գաղափարի արդիւնաւէտ իրականացման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է մեր համարկման միաւորումների ներուժի համադրում եւ տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացում` մեր կազմակերպութիւնների շրջանակներում ստեղծուած զարգացման ֆինանսական հիմնարկների ներգրաւմամբ: Ֆինանսական հիմնարկների գործունէութեան համակարգման արդիւնաւէտութիւնը էապէս կ՛օգնի այստեղ ներկայացուած զարգացող տնտեսութիւններ ունեցող երկրներում ներդրումային հոսքերի մեծացման նպաստելուն, որն իր հերթին կը բերի կայուն տնտեսական աճ:
Որպէս ասուածի գործնական օրինակ կարող է դառնալ եւրասիական համարկումի եւ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գօտու» նախաձեռնութեան զուգակցումը, որոնք ներդաշնակօրէն փոխգործակցելով` հեռանկարում կարող են ապահովել խոշոր ենթակառուցուածքային եւ հաղորդակցական ծրագրերի իրականացումը նոր մակարդակի բարձրացնելու գործը:
Հայաստանի դէպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կ՛ապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դէպի Հնդկական ովկիանոս: Արդէն պատրաստ է թեքնիք-տնտեսական հիմնաւորումը, եւ ծրագիրը բաց է պետական-մասնաւոր գործընկերութեան համար: Յուսով ենք, որ այստեղ ներկայ երկրների ընկերութիւնները հետաքրքրութիւն կը դրսեւորեն»:
Բազում հարցականների ու ենթադրութիւնների կողքին, ակնյայտ է հետեւեալը.
ա.- Տնտեսական շահերը անմիջականօրէն փոխկապակցուած եւ պայմանաւորուած են քաղաքական շահերով,
բ.- Միջին-մերձաւորարեւելեան տարածաշրջանը, լայն ընդգրկմամբ, գտնւում է փոփոխութիւնների զարգացող ընթացքի մէջ, ինչը աւարտուելու է այս տարածաշրջանի նորացուած քարտէսի ամրագրմամբ:
Մենք պէտք է ջանք չխնայենք օգտուելու պատմական պահից, ինչը Հայաստանի առջեւ նոյնպէս կարող է բացել միանգամայն նոր հորիզոններ: