ՍՈՒՐԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Լուսանկարիչ` ՍԹԵՖԱՆՕ ՊԻԱՆՇԵԹԻ
Ցեղասպանութեան իրականացման համար անհրաժեշտ պայման է հասարակութեան լայն շերտերի ներգրաւուածութիւնը, մասնակցութիւնը զանգուածային սպանութիւններին (Ցեղասպանութիւնների ընթացքում զանգուածային մասնակցութեան մասին մանրամասն տես` James E. Waller, Becoming Evil: How Ordinary People Commit Genocide and Mass Killing: Այս պարագայում յատկապէս մեծ «արժէք» են ձեռք բերում այն մարդիկ, ովքեր ընդունակ են առաւել սառնասիրտ ու արդիւնաւէտ սպաննել իրենց նմանին: Դրանով է նաեւ բացատրւում պետական իշխանութեամբ օժտուած եւ «օրինականացուած» բռնութիւն կիրառելու իրաւունք ունեցող ժանտարմների, զինուորների մեծ ներգրաւումը ոճրագործութիւններին: Բացի այդ սպանութիւնների գործընթացի մէջ ներքաշուել են նաեւ այլ մասնագիտութիւնների եւ զբաղմունքի տէր մարդիկ, որոնց յարմար են գտել այս գործառոյթն իրականացնելու համար: Օրինակ, արաբ ականատես Ֆայէզ Ղոսէյնը պատմում է, որ իշխանութիւնները վարձում էին նոյնիսկ մսագործների, ովքեր մարդասպանի արհեստի համար ստանում էին օրական 1 ֆունտ վարձավճար (Faiez el Ghocéin. Témoignage d՛un Arabe musulman sur I՛Innocence et le massacre des Arméniens:
Հայոց ցեղասպանութեան դէպքում «սպանդի ճարտարարուեստում» օգտագործուեցին նոյնիսկ հասարակութեան հակաընկերային, լուսանցքայնացած շերտերը: «Ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ իրագործուած յանցագործութիւնների հանրագիտարանը» արձանագրում է, որ ցեղասպանութիւնների շարքում Հայոց ցեղասպանութիւնն աչքի է ընկնում սպանութիւններ եւ բռնութիւններ իրականացնելու համար բանտերից ազատ արձակուած քրէական ծանր յանցագործների հաւաքագրմամբ եւ օգտագործմամբ (Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, MacMillan Library Reference; October 29, 2004, p.791): Սոյն յօդուածը ներկայացնում է Հայոց ցեղասպանութեան իրականացման մէջ հէնց այդ խմբի մասնակցութեան խնդիրը:
Բանտերից ազատ արձակուած քրէական յանցագործների ներգրաւուածութիւնը Հայոց ցեղասպանութեան մէջ արտայայտւում էր երկու ձեւով` անհատական մասնակցութեամբ եւ Յատուկ կազմակերպութեան մէջ ներգրաւումով:
Հայոց ցեղասպանութեան վերապրողները, օտարերկրեայ դիւանագէտները եւ ականատեսները բազմաթիւ վկայութիւններ են թողել այն մասին, թէ ինչպէս էին բանտերից ազատ արձակում քրէական յանցագործներին` հայերին կոտորելու եւ կտտանքների ենթարկելու նպատակով (1):
1915թ. հոկտեմբերին Կ. Պոլսի հայոց պատրիարք Զաւէն Եղիայեան Պաղտատցին նամակում Պօղոս Նուպար փաշային նկարագրում է դեռ ապրիլին սկսուած մէկ միլիոն հայերի տեղահանութիւնը. «Ամէն ինչ սկսուեց բոլոր գիւղերի ու քաղաքների բնակչութեան զինաթափումից: Այս նպատակի համար օգտագործուեցին ժանտարմները եւ բանտերից արձակուած յանցագործները: Զինաթափման պատրուակով նրանք սպանութիւններ էին իրականացնում եւ մարդկանց ենթարկում հրէշաւոր տանջանքների»:
Նոյն տեղեկութիւնը հաստատում է ամերիկեան միսիոնար Վ. Ճեքսը. «Երբ ես մեկնում էի Կ. Պոլսից հայկական ջարդերն արդէն սկսուել էին: Հայերի տեղահանութեան դժոխային ծրագիրը իրականացւում էր համակարգուած սարսափելի մեթոտներով: Նախ եւ առաջ, ամէնուրեք` քաղաքներում ու գիւղերում, հայ բնակչութիւնը զինաթափուեց ժանտարմների կողմից. այն ուղեկցւում էր բանտերից ազատ արձակուած յանցագործներից կազմուած «չեթէն»-երի (ոչ կանոնաւոր ջոկատների-Ս.Մ.) կողմից իրականացուող սարսափազդու դաժանութիւններով եւ բազմաթիւ սպանութիւններով»:
Հայոց ցեղասպանութեան տարիներին յանցագործների օգտագործման մէկ այլ տարատեսակ է նրանց ներգրաւումը «Յատուկ կազմակերպութեան» մէջ: Հաւանաբար, Պալքանեան պատերազմների շրջանում ստեղծուած այս կազմակերպութիւնն Ա. Աշխարհամարտի տարիներին հիմնականում իրականացնում էր յատուկ գործողութիւններ` հետախուզութիւն, հակահետախուզութիւն, խափանարարութեան կանխում եւ խափանարարական գործողութիւններ Կովկասում, Արաբական թերակղզում եւ Եգիպտոսում: Արեւելեան վիլայէթների բաժանմունքի կենտրոնը գտնւում էր Էրզրումում: Այն ղեկավարում է Իթթիհատի կենտրոնական կոմիտէի անդամ Պէհաետտին Շաքիրը:
Դեռ մինչեւ Ա. Աշխարհամարտի սկիզբը «Յատուկ կազմակերպութիւնը» սկսեց հաւաքագրել քրէական յանցագործներին: Նրանցից ստեղծում էին յատուկ ջոկատներ, որոնց առաջ դրւում էր անպաշտպան բնակչութեանը ոչնչացնելու խնդիր: Թուրք հեղինակ Սուատ Փարլարը գրում է. «Նոյնիսկ մինչեւ տեղահանութեան մասին» օրէնքի հրապարակումը «Թեշքիլաթը մահսուսան» ջոկատներ է կազմում Պալքաններից ու Կովկասից մուսուլման-ներգաղթեալ կամաւորներից եւ ծանր յանցագործութիւնների համար դատապարտուածներից: Պատերազմի առաջին ամիսներին այս ստորաբաժանումների կողմից իրականացուող յարձակումները գիւղերի վրայ, կողոպուտն ու սպանութիւնները պատճառ դարձան Պոլիս ուղարկուած որոշ բողոքների համար» (Suat Parlar «Osmanli՛dan Günümüze Gizli Devlet, Istanbul, 1997): 1914թ. նոյեմբերի 25-ին «Յատուկ կազմակերպութեան» ղեկավարութիւնը ռազմական նախարարութիւնից ստանում է մի փաստաթուղթ, որը տեղեկացնում էր, որ յետայսու արեւելեան վիլայեթներում վալիներն իրաւունք ունեն մասնակցելու «Յատուկ կազմակերպութեան» աշխատանքներին, քանի որ ընդունւում է յատուկ օրէնք, որը թոյլտուութիւն է տալիս յանցագործների մասնակցութեանը (Takvimi Vekayi, No.3543):
Ռազմական նախարար Էնվերի քեռի Հալիլ փաշան` Կ. Պոլսի ռազմական նահանգապետը, դեռ 1914 թ. նոյեմբերի 26-ից սկսել էր Յատուկ կազմակերպութեան միաւորներ ձեւաւորել` ներառելով բանտից ազատուած յանցագործներին: Նոյեմբերի 29-ին նա հրահանգեց Իզմիթի նահանգապետին Յատուկ կազմակերպութեան համար բանտերից ազատ արձակել քրէական յանցագործներին:
Այն տեղի էր ունենում ներքին գործերի եւ արդարադատութեան նախարարութիւնների Յատուկ յանձնարարականով (F. Atay, Zeytindagi, Istanbul, 1981, pp.35-36): Երբ 1916 թ. քննարկման դրուեց բանտարկեալներին «Յատուկ կազմակերպութեան» մէջ ներգրաւելու օրինագիծ ընդունելու հարցը, արդէն աւարտել էր իր վրայ դրուած հայասպանութեան գործառոյթը: Սակայն կարիք կար յետին թուով օրինականացնել այդ քայլը: Քննարկման ժամանակ ծերակոյտի անդամ Ահմետ Ռիզան քննադատեց այդ օրինագծի հիմնական դրոյթները` յայտարարելով, որ «մարդասպանները եւ յանցագործները չեն կարող լինել բանակի կազմում: Սակայն պատերազմական նախարարութեան մատակարարման բաժանմունքի աշխատակից գնդապետ Պեխիչը հպարտութեամբ յայտարարեց, որ նախկին դատապարտեալները զինուորագրուել են ոչ թէ բանակ, այլ «Յատուկ կազմակերպութիւն», մի կազմակերպութիւն, ուր ապացուցեցին, որ կարող են օգտակար լինել: Եւ այդ պատճառով նա պնդում էր, որ յանցագործները ոչ մի կերպ չէին կարող վնասակար ազդեցութիւն գործել բանակի, զինուորների վրայ: Այնուամենայնիւ, օրինագիծը ճանաչուեց օրինական եւ հետագայում ընդունուեց որպէս յատուկ օրէնք:
Վ. Տատրեանը իր «Հայոց ցեղասպանութեան պատմութիւն» գրքում բերում է 1918 թ. նոյեմբերի 21-ին արդարադատութեան նախարարին յղած «Սապահ» թերթի բաց նամակը, որը հետաքրքրական մանրամասնութիւններ է պարունակում քրէական յանցագործների հաւաքագրման գործընթացի վերաբերեալ. «Դուք չէի՞ք, որ գալիս էիք ամէն առաւօտ Թալէաթի տուն, որպէսզի հրէշաւոր հրամաններ ստանաք այդ աւազակապետից: Դուք չէի՞ք, որ Իթթիհատ կուսակցութեան ղեկավարութեան կողմից ընդունուած որոշման արդիւնքում Պոլսի կենտրոնական բանտից ազատ արձակեցիք ամենավայրագ մարդասպաններին, որպէսզի նրանք կացնահարէին անմեղ հայերին այն նոյն քաղաքների ու գիւղերի մօտակայքում, որոնց բնակիչներն էին հանդիսանում: Դուք չէի՞ք, որ հրաման տուեցիք բանտերից նոյնանման ազատման մասին գաւառներում: Արդեօք ձեր հիմնական նպատակը չէ՞ր ընտրել ամենաարիւնարբու մարդասպաններին եւ օգտագործել նրանց աւազակային խմբերում, ինչի իրականացման համար դուք նշանակեցիք Վերաքննիչ դատարանի գլխաւոր դատախազին, քանի որ ռազմական նախարարը ներկայացուած էր բարձրաստիճան սպայի տեսքով: Աւելի՛ն. այդ դուք չէի՞ք, որ բժիշկ նշանակեցիք, ով պէտք է հետազօտէր ընտրուած դատապարտուածներին, որպէսզի որոշէր` արդեօք նրանք ընդունա՞կ են դաժանութեան մոլուցքում ապահովել ձեր պահանջուող վայրագ սպանութիւնների ծաւալը: Արդեօք ձեր աշխատասենեակի ճիշդ ներքեւում գտնուող Վերաքննիչ դատարանի այդ նոյն գլխաւոր դատախազի սենեակում չէ՞ր, որ տեղի էր ունենում յանցաւոր աւազակախմբերի ձեւաւորումը: Արդեօք չէ՞ր շարունակւում այս կազմակերպչական աշխատանքը մի քանի շաբաթ, որոնց ընթացքում կարելի էր տեսնել, թէ ինչպէ՛ս էին բանտարկուածներին բերում գլխաւոր դատախազի, Քրէական դատարանի պալատի եւ հէնց դատարանի դահլիճի մօտ գտնուող միջանցքներէ (Sabah (Istanbul), 21 նոյեմբեր, 1918:
Հաւաքագրուելով` մահուան այս ջոկատները դառնում էին Յատուկ կազմակերպութեան անդամ, դրւում նրա հրամանատարութեան ներքոյ, մէկ շաբաթեայ զօրավարժութիւն էին անցնում Ռազմական քոլեճում (Vahakn N. Dadrian, «Genocide as a Problem of National and International Law: The World War I Case and Its Contemporary Legal Ramifications», Yale Journal of Law, 14 (1989): p.274-275) եւ ուղարկւում Արեւմտեան Հայաստան: Նկարագրելով Յատուկ կազմակերպութեան իրականացրած կոտորածները` Հալէպի գերման հիւպատոս Ռուսլերը 1915թ. յուլիսի 27-ին Պերլին ուղարկած զեկուցագրում յայտնում է, թէ ինչպէս է «[թուրքական կառավարութիւնը] բանտերից բաց թողել կալանաւորներին եւ զինուորական համազգեստ հագցնելով` ուղարկել այն վայրերը, որտեղով պէտք է անցնէին աքսորեալները» Վոլֆկանկ Կուսթ, «Հայերի ցեղասպանութիւնը», 1915-1916, Երեւան, 2005, էջ 122): Այս դարանակալած յարձակումները, երբ ուժասպառ տեղահանուածները ենթարկւում են աւազակախմբերի յարձակման նկարագրուած են մի շարք հետազօտութիւններում: Ճէյմս Ռիտը անդրադառնում է այս խնդրին` խօսելով «պարզ տեղական յարձակումների միջոցով իրականացուած ամբողջական պատերազմի թուրքական աւանդոյթ»-ի մասին` իբրեւ Հայոց ցեղասպանութիւնը հասկանալու միջոց (Մանրամասն տես` James Reid, The Concept of War and Genocidal Impulses in the Ottoman Empire, 1821-1918, Holocaust and Genocide Studies, 4 (1989), 177-182):
Յատկանշական է, որ նոյնիսկ թուրքական ատեանի վճիռներում յղում կայ յանցագործների ներգրաւուածութեան մասին. «Տոքթոր Պէհաէտտին Շաքիրը ուղեւորուեց Տրապիզոն, Էրզրում եւ միւս վիլայէթներ` Յատուկ կազմակերպութեան ղեկավարի պաշտօնում, որը բաղկացած էր «չեթէն»-երից եւ բանտերից ազատ արձակուած յանցագործներից: Իր վրայ վերցնելով այդ ջոկատների հրամանատարութիւնը` նա դարձաւ զանգուածային սպանութիւնների եւ կողոպուտի ողբերգական գործողութիւնների հեղինակ»: Մեղադրական եզրակացութիւնում ասւում է` «… յանցագործներին բանտերից ազատ արձակելով` ստեղծուեց «Թեշքիլաթը մահսուսէ»-ն, որն իր գաղտնի հրամաններն ու հրահանգները ստանում էր Պոլսում ստեղծուած յատուկ կոմիտէից…» (Հայոց ցեղասպանութիւնը, ըստ երիտթուրքերի դատավարութեան փաստաթղթերի, Երեւան, 1988, էջ 39):
Երիտթուրքերի տապալումից յետոյ Թուրքիայում առաջացած ժողովրդական ջոկատները` «Քուվայէ միլլիյէ», որոնք հռչակել էին պայքար երկրի անկախութեան համար, հիմնականում հէնց Յատուկ կազմակերպութեան նախկին անդամներից էին կազմուած: Նոյնիսկ թուրքական որոշ աղբիւրներ նշում են, որ նրանք հաւաքագրւում էին լեռներում ապաստան գտած աւազակախմբերից, դասալիքներից եւ բանտերից ազատ արձակուած ու թալանին սովոր յանցագործներից (Sabahattin Selek, Anadolu Ihtilali, Istanbul 1987., s.121): Հետագայում այս ջոկատները ներառուեցին Թուրքական Հանրապետութեան բանակ:
Այսպիսով, Հայոց ցեղասպանութեան ամբողջ ընթացքում օգտագործւում էին բանտերից ազատ արձակուած քրէական յանցագործները, ինչը լուծում էր հետեւեալ խնդիրներ:
ա) Քրէական յանցագործները սպանութեան կատարեալ գործիք էին: Իրենց բնոյթով պատրաստ լինելով զանգուածային սպանութիւններ իրականացնելուն` նրանք ընդունակ էին ամէն ինչի, միայն թէ բանտից ազատ արձակուէին: Բացի ազատութիւնից` նրանք նաեւ որոշակի նիւթական շահոյթ էին ստանում: Կողոպուտի հնարաւորութիւններին գումարւում էր որոշ տեղերում հայերից բռնագրաւուած հարստութեան կէսը ստանալու պաշտօնական որոշումը (Michael Mann, The Dark Side of Democracy, Explaining Ethnic Cleansing, Cambridge University Press, November 1, 2004, p. 166): Սակայն բացի նիւթական հետաքրքրութիւնից` այս մարդասպանները հաճոյք էին ստանում բռնութիւններից: Սրա մասին իրենց յուշերում են նշում բազմաթիւ վերապրողներ (Michael Mann, The Dark Side of Democracy, Explaining Ethnic Cleansing, Cambridge University Press, November 1, 2004, p. 167):
բ) Շատ դէպքերում նրանց մասնակցութիւնը այն ձգանն էր, որ խթանում էր հանրութեան հասարակ անդամների ներգրաւուումը ցեղասպանական գործողութիւններին, քանի որ յաղթահարւում էր առաջին սպանութեան բարդոյթը, որից յետոյ ամբոխը աւելի հեշտութեամբ էր մտնում այդ գործընթացի մէջ եւ աշխուժօրէն իրականացնում կոտորածը:
գ) Յանցագործների ներգրաւուածութիւնը մեծապէս ընդգծում էր անպատժելիութեան այն մթնոլորտը, որը ձեւաւորւում էր այդ տարիներին, եւ որը հեշտացրեց հասարակ մուսուլմանների զանգուածային մասնակցութիւնները սպանութիւններին:
դ) Յանցագործների ոչ կանոնաւոր խմբերի օգտագործումը թոյլ է տալու հետագայում հերքել պետութեան մասնակցութիւնը զանգուածային սպանութիւններին եւ ժխտել դրա կազմակերպուած լինելու փաստը:
Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկ
———————
(1) Պէտք է նշել, որ յանցագործների օգտագործումն ընդունուած սովորութիւն էր Օսմանեան կայսրութեան պատմութեան համար: Այն որոշ չափով իրականացուել է նաեւ ապտիւլհամիտեան ջարդերի շրջանում: Օրինակ, 1895 թ. նոյեմբերի 4-9 տեղի ունեցած Մալաթիայի հայերի կոտորածին մեծապէս մասնակցեցին նախօրօք բանտերից ազատ արձակուած յանցագործները: