Saturday May 25, 2013

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան Նախարար. «Կասկած Չունեմ, Որ Մեր Զինուորն Իր Խրամատից Առաջինը Կը Հասնի Թշնամու Դիրքերը»

By adminx - Fri Nov 02, 5:38 am

ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

«Երկու մարդ պատերազմ յայտարարելու իրաւունք ունեն` իմ զինուորը, որ կանգնած է առաջին գծում, եւ հանրապետութեան նախագահը: Իմ զինուորն ամէն օր կարող է որոշում կայացնել եւ հակառակորդին խոցել` առանց վերադասին զեկուցելու: Կասկած չունեմ, որ պատերազմի ժամանակ մեր զինուորը դիպուկ կրակելու է: Ցանկացած պայմանում, ցանկացած զէնքից նա կը կարողանայ հակառակորդին ոչնչացնել: Կասկած չունեմ, որ մեր զինուորն իր խրամատից առաջինը կը հասնի թշնամու դիրքերը: Մարտավարութեան առումով նոյնպէս կասկած չունեմ, որ մեր զինուորը կը կատարի իր առջեւ դրուած բոլոր առաջադրանքները: Ղեկավար կազմը նոյնպէս բարձր մակարդակի վրայ է», ասում է ԼՂՀ պաշտպանութեան նախարար, Պաշտպանական բանակի (ՊԲ) ղեկավար Մովսէս Յակոբեանը յիշեցնելով նախագահ Սերժ Սարգսեանի խօսքերը, որ այսօրուայ հրամանատարն աւելի խելօք է, քան իրենց ժամանակ, զինուորն էլ` աւելի պատրաստուած:

«Այս ամէնը մեզ վստահութիւն է ներշնչում, որպէսզի համարձակօրէն յայտարարենք, որ հայ զինուորը պատրաստ է, բանակը` մարտունակ»:

Հէնց այդ մարտունակութիւնն ու զինուորի բարոյահոգեբանական վիճակն են ստիպում, որ հակառակորդը պատերազմ չյայտարարի, քանի որ նա գիտակցում է` առաջին գծում գերիշխողը հայ զինուորն է: «Եթէ մէկ օր հակառակորդը գերիշխող դիրքում յայտնուի, նա կը յայտարարի պատերազմ, մեր նպատակն է` երբեք թոյլ չտալ, որ նա լինի գերիշխող»:

Առաւել մարտունակ բանակ, առաւել խելացի զինուոր ու հայրենասիրական մթնոլորտ բանակում. սրանք այն չափանիշներն են, որոնք պէտք է հասցուեն առաւելագոյնի: Կատարելագործուելու ճանապարհին թոյլ տուած սխալներից ՊԲ-ում հետեւութիւններ են անում:

«Անցեալ տարի հակառակորդի կողմից ՊԲ-ն ունեցել է 9 զոհ: Նրանք զոհուել էին հակառակորդի դիպուկ կրակից եւ բոլորն էլ մահացու վիրաւորուել գլխի շրջանում: Առաջին բացթողումը հէնց սա է` մեր զինուորի մարտական հերթապահութիւնն անվտանգ չէ: Այդ առումով այս տարի մեծածաւալ աշխատանք է կատարուել, եւ իրավիճակն առաջին գծում լիովին շտկուել է: Մեր զինուորն այսօր կարող է դիրքում հանգիստ դիտարկում անել, համարժէք պատասխան տալ` առանց կեանքը վտանգելու»:

Նախարարը շեշտում է, որ նախորդ տարի հակառակորդը բազմաթիւ փորձեր է կատարել խափանարարական հետախուզութեան միջոցով ներթափանցելու բանակի խորքը: Մի քանի անգամ թշնամու գործողութիւնները յաջողուել են, մեծ մասամբ հայկական կողմը եղել է իր բարձրութեան վրայ: Սակայն ՊԲ-ում սրանով սահմանափակուել չեն ցանկանում: Ծաւալած աշխատանքի նպատակն է, որ հակառակորդը չկարողանայ ծածուկ թափանցել բանակի խորքը: Այս տարի հակառակորդը 7 անգամ խափանարարական յարձակում է կատարել, եւ եօթն էլ կանխուել է:

«Բանակի լաւագոյն ձեռքբերումներից մէկը կորուստների նուազումն է», ասում է նախարարը: Նախորդ տարի Պաշտպանական բանակում գրանցուել է մահացութեան ամենաքիչ ցուցանիշը: Թէպէտ տարին չի աւարտուել, սակայն նախարարը լիայոյս է, որ այս տարի այդ թիւն առաւել կը նուազի: Յատկապէս լուրջ նուազում է նկատւում հակառակորդի կողմից գրանցուած մահերի առումով: Դրան զուգահեռ աճել են ինքնասպանութեան դէպքերը:

Հոկտեմբերի 1-ի դրութեամբ, հակառակորդը հրադադարը խախտել է 12189 անգամ: Անցեալ տարի նոյն ժամանակահատուածում խախտումները եղել են 9519: ՊԲ-ն պատասխան կրակ է բացել համապատասխանաբար 755 եւ 645 անգամ: «Առաջին գծում հակառակորդն անընդհատ փորձում է իրավիճակը լարուած պահել: Նրանք փորձում են ամէն գնով հայ զինուորին վնաս պատճառել, կրակոցներն ուղղուած են իրենց զօրքի մարտունակութիւնն ու բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելուն»:

Մովսէս Յակոբեանը շեշտում է, որ երբ Ազրպէյճանի նախագահը ներում շնորհեց Ռամիլ Սաֆարովին, հակառակորդի կրակոցների թիւը գերազանցեց 1000-ը: «Նրանք նշում էին Սաֆարովին ներումը: Ես յարգանքով եմ վերաբերւում իմ հակառակորդին, բայց այն հակառակորդին, որ մարտի դաշտում կարողանում է իր դիմացինին յաղթել: Պէտք չէ շատ մեծ ջանքեր գործադրել` բացատրելու, թէ ո՞վ է մեր հակառակորդը: Զինուորը հասկանում է, որ եթէ ինքը սահմանին պարտուի, ապա թշնամին կը յայտնուի իր տանը, կը սպաննի իր երեխային ու ծնողներին եւ կ՛արժանանայ հերոսի կոչման: Մեր զինուորը հասկանում է, որ ամէն գնով պէտք չէ թոյլ տայ այդ բանը»:

«Ազգ»-ի հարցին, թէ որքանո՞վ է խոցելի Ստեփանակերտի օդակայանն ու ի՞նչ արժեն ազրպէյճանական կողմի յայտարարութիւնները, Յակոբեանը պատասխանեց. «Հակառակորդն ունի այնպիսի զէնք, որ կարող է Ստեփանակերտի օդակայանը խոցել, բայց մենք էլ ունենք հնարաւորութիւն Պաքուի օդակայանի բոլոր օդանաւերը խոցելու: Այս տարի ՊԲ-ի հակաօդային պաշտպանութիւնն Ազրպէյճանի տարածք է ուղեկցել 2226 ինքնաթիռ, այսինքն մենք կարող էինք այդքան ինքնաթիռ խոցել: Քաղաքացիական ինքնաթիռ խոցելը լուրջ մարդու յայտարարութիւն չէ», ասաց նա` յաւելելով, որ ինքը շատ յաճախ է գալիս Երեւան եւ օդակայանի շահագործումից յետոյ միայն ինքնաթիռից է օգտուելու:

Խօսելով ընթացիկ տարուայ գործողութիւններից` նախարարը շեշտում է, որ սպառազինութիւնն աւելացել է, ընկերային ապահովութեան ծրագրերը կրկնապատկուել են: Ելեկտրոնային սարքերով կահաւորուել է առաջին գիծը, որպէսզի զինուորն իր դիտարկումն աւելի հեշտ կատարի:

Մշակուած նոր կարգի համաձայն էլ կը թեթեւանայ նաեւ զինուորների հերթապահութիւնը: Թէպէտ հայ զինուորը դիրքում չի քնում, սակայն նա լրջագոյն լարուածութեան մէջ է առաջին գծում: ՊԲ-ում որոշել են, որ զինուորը պէտք է արթուն հերթապահութիւն անի 2 ժամ, քնի 4 ժամ: Դա կը նպաստի, որ զինուորը շուտ չյոգնի եւ լարուած իրավիճակում չանցկացնի հերթապահութիւնը:

 

«Ազգ»

Leave a Reply

Advertisement