Անարգանք Յիշողութեանը. Ո՞վ Է Պատասխանատու Սեբաստահայերի Յիշատակի Յուշարձանի Համար
By adminx - Fri Nov 02, 5:36 am
- 0 Comments
- 35 views
- Tweet
Email
Print
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԷՍԵԱՆ
Ի յիշատակ Սեբաստիայի եւ շրջակայ գիւղերի 1915 թուականի ցեղասպանութեան նահատակների կառուցուած յուշարձանը յայտնուել է անմխիթար վիճակում. այն գրեթէ ամբողջովին պատուել է տարբեր գրառումներով, կողքը աղբերի կոյտեր են, բարձիթողի վիճակում է: Յուշարձանը գտնւում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնեակ համայնքների սահմանագծին` Ա. Սարգսեանի փողոցի վերջնամասում, նոյն փողոցում են գտնւում ոստիկանութեան Մալաթիայի բաժանմունքը եւ Աջափնեակ թաղապետարանի աշխատակազմը: Յուշարձանը տեղադրուել էր դեռ խորհրդային տարիներին` 1970 թուականին` «Համասեբաստահայ վերապրածների միութեան» կողմից:
Տեղի բնակիչները յայտնեցին, որ յուշարձանը երկար տարիներ է նման վիճակում եւ որպէս միակ բարեկարգում` եղել է յուշարձանի մօտ Հայաստանի պետական դրօշի տեղադրումը:
Իր հերթին Հայաստանի մշակոյթի նախարարութեանը կից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի Երեւանի բաժնի պետ Արթուր Մկրտչեանը մեզ հետ զրոյցում յայտնեց, որ մայրաքաղաքում յուշարձանների արտաքին տեսքի հետ կապուած գործնական աշխատանքները կատարում է քաղաքապետարանը, իսկ այս դէպքում պէտք է իրականացնի Աջափնեակի թաղապետարանը: «Յուշարձանի վրայ տարբեր հետքերի եւ գրածների մաքրման աշխատանքները պէտք է կազմակերպի թաղապետարանը», շեշտեց նա` ընդգծելով, որ մշակոյթի նախարարութեան գործառոյթներում է միայն յուշարձանի ընդհանուր պահպանութիւնը, նրա անվտանգութեան ապահովումը:
«Մենք, ի հարկէ, պարբերաբար շաբաթօրեակներ ենք կազմակերպում, ոչ աշխատանքային, այլ` կազմաւորութեան սկզբունքով, բայց այս դէպքում գործնական քայլեր պէտք է իրականացուեն քաղաքի իշխանութիւնների կողմից, քանի որ այս յուշարձանը Երեւանի քաղաքապետարանի իրաւասութեան տակ է: Համայնքը պէտք է զբաղուի յուշարձանների մաքրման, այլ աշխատանքներով: Մենք, ի հարկէ, հետեւում ենք», նշեց նա:
Արթուր Մկրտչեանը նաեւ շեշտեց, որ յուշարձանների նկատմամբ նման բարբարոսութիւնները պէտք է կանխուեն ոստիկանութեան կողմից, իսկ իրականացնողները պատժուեն ըստ օրէնքի: «Մշակոյթի նախարարութեան գործառոյթներից է միայն նման փաստի արձանագրումը եւ համապատասխան միջոցների ձեռնարկումը», ասաց նա:
Սպասում ենք համապատասխան արձագանգ` Աջափնեակի թաղապետարանից:
Ցաւալի է, որ յուշարձանը յայտնուել է նման վիճակում, այն էլ` Ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումների նախապատրաստական փուլում:
Panorama.am
- 0 Comments
- 35 views
- Tweet
Email
Print



