Երեւանից Անգարա` Շնորհաւորական Ուղերձ. Ե՞րբ Ենք Յիշելու Հոկտեմբերի 30-ը` Կարսի Անկման Օրը
By adminx - Mon Oct 29, 5:46 am
- 0 Comments
- 50 views
- Tweet
Email
Print
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի նախագահի գրասենեակը տարածեց մամուլի կարճ հաղորդագրութիւն, որն ընդամէնը մէկ նախադասութիւն էր. «Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր շնորհաւորական ուղերձ է յղել Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Ապտուլլա Կիւլին` Թուրքիայի ազգային տօնի` Հանրապետութեան օրուայ առթիւ»:
Լրատուամիջոցները գրեթէ ուշադրութիւն չդարձրին այս հաղորդագրութեանը: Պատճառը պարզ էր: Սա արդէն անընդմէջ երրորդ տարին է, որ Հայաստանի նախագահը շնորհաւորում է Թուրքիայի ազգային տօնը: Մի քանի ընդդիմադիր լրատուամիջոցներ հիւմըրով եւ հեգնանքով գրեցին, որ Սարգսեանը հինգ օր առաջ է շնորհաւորել Կիւլին եւ Թուրքիային, որպէսզի ոեւէ այլ պետութեան նախագահ նրանից առաջ չհասցնի շնորհաւորել:
Իրաւամբ, Թուրքիայում ազգային տօնը` Հանրապետութեան օրը, նշում են հոկտեմբերի 29-ին: Թէ ինչո՛ւ են Հայաստանում այս տարի այդքան շտապել, մնում է միայն ենթադրութիւններ անել: Չի բացառւում, որ օրուայ հարցում պարզապէս սխալուել են: 2010 եւ 2011 թուականներին եւս Սարգսեանը շնորհաւորական ուղերձներ էր յղել Կիւլին, բայց դա արել էր հոկտեմբերի 28-ին` թուրքերի տօնից մէկ օր առաջ:
Հայաստանը եւ Թուրքիան նախագահների մակարդակով միմեանց ազգային տօները ուղերձներով շնորհաւորում են 2010 թուականից, ընդ որում` առաջինը դա արել է Կիւլը 2010-ի սեպտեմբերի 21-ին: Ի պատասխան, Սարգսեանը մօտ մէկ ամիս անց շնորհաւորեց Կիւլին` գրելով. «Իմ անկեղծ շնորհաւորանքներն եմ յղում Թուրքիայի Հանրապետութեան ազգային տօնի` Հանրապետութեան օրուայ առթիւ: Օգտուելով առիթից` մաղթում եմ ձեզ քաջառողջութիւն, իսկ հարեւան Թուրքիային` առաջընթաց»: Անցեալ տարի եւ այս անգամ, սակայն, Սարգսեանի շնորհաւորական ուղերձը հակիրճ էր` առանց Թուրքիային առաջընթացի մաղթանքների:
Բայց անգամ նման կարճ շնորհաւորանքները շատ հայերի համար անընդունելի եւ վիրաւորական են մի քանի պատճառներով: Առաջին, Թուրքիայի Հանրապետութիւնը ստեղծուել է նաեւ այն տարածքների վրայ, որոնք ժամանակին եղել են հայկական` Արեւելեան Հայաստան (Կարս, Արտահան, Սուրմալու) եւ Արեւմտեան Հայաստան (Կարին, Վան, Մուշ, Պիթլիս, Սեբաստիա եւ այլն): Աւելի՛ն. Թուրքիայի Հանրապետութիւնը ստեղծուել է բազմաթիւ ժողովուրդների, այդ թւում հայերի արեան վրայ: Երկրորդ, ինչո՞ւ շնորհաւորել մի պետութեան, որի առաջնորդները ամէն պատեհ առիթով հերքում են Հայոց ցեղասպանութիւնը, սպառնալիքներ հնչեցնում հայութեան հասցէին, Արցախի հարցում աջակցում Ազրպէյճանին եւ արդէն 20 տարի շրջափակման տակ պահում Հայաստանը, որպէսզի վերջինս ստիպուած լինի տնտեսական զրկանքների ենթարկուել: Երրորդ, ինչո՞ւ շնորհաւորել մի երկրի ազգային տօնը, երբ այդ երկրի հետ չկան դիւանագիտական յարաբերութիւններ, իսկ Հայաստան-Թուրքիա շփումները ամենացածր կէտի վրայ են: Կարելի է նաեւ այլ փաստարկներ բերել` ցոյց տալու, որ նման շնորհաւորանքը տեղին չէ եւ արդարացուած չէ, անգամ եթէ Թուրքիան շնորհաւորում է սեպտեմբերի 21-ը:
Հայաստանի առաջին նախագահը, որին ժամանակին կպցրել էին «թուրքամէտ» պիտակը, իր նախագահութեան ութ տարիներին չի շնորհաւորել թուրքերի ազգային հիմնական տօնը` հոկտեմբերի 29-ը: Ճիշդ է, ինչպէս Սերժ Սարգսեանը, այնպէս էլ Լեւոն Տէր Պետրոսեանը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն յարաբերութիւնների հաստատումը համարում էին կենսական Հայաստանի համար: Յիշում եմ, որ երբ Տէր Պետրոսեանը 1993-ի ապրիլին մեկնեց Անգարա եւ մասնակցեց նախագահ Թուրկութ Օզալի յուղարկաւորութեան արարողութեանը, շատ հայեր ամենախիստ կերպով քննադատեցին Հայաստանի ղեկավարին: Յատկապէս սփիւռքում շատ սուր քննադատուեց արտաքին գործերի նախարար Վահան Փափազեանը, ով 1994-ին Պոլսից Պէյրութ ժամանեց` օգտուելով «Թուրքական օդային ուղիներից»:
Հայաստանի երկրորդ նախագահը եւս երբեք չի շնորհաւորել Թուրքիայի ազգային տօնը: 1998-ին, երբ Թուրքիայում շուքով նշում էին Հանրապետութեան հիմնադրման 75-ամեակը, Ռոպերթ Քոչարեանը եւս մասնակցութեան հրաւէր ստացաւ, սակայն հրաժարուեց մեկնել Անգարա` յստակ բացատրելով, թէ ինչո՛ւ Հայաստանի նախագահը չի կարող ներկայ լինել նման տօնակատարութեան:
Ընդհանրապէս, նախքան Սարգսեանի նախագահութեան ստանձնումը, Հայաստանի եւ Թուրքիայի պաշտօնեաները միմեանց ուղերձներ են յղել հիմնականում ողբերգական իրադարձութիւնների դէպքերում: Օրինակ, 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչութեանը զոհ գնացած հայ բարձրաստիճան պաշտօնեաների յուղարկաւորութեան արարողութեանը Թուրքիան ներկայացել էր պետական նախարարի մակարդակով: Նոյն տարի, երբ Թուրքիայում տեղի ունեցաւ աւերիչ երկրաշարժ, Հայաստանը ցաւակցութիւն յայտնեց եւ փրկարարներ ու մարդասիրական օգնութիւն ուղարկեց: Հայաստանի եւ Թուրքիայի պաշտօնեաները` նախագահները, վարչապետները եւ արտաքին գործերի նախարարները, միմեանց շնորհաւորել են պաշտօնը ստանձնելու առիթներով նաեւ: Այսպէս, երբ 2007-ին Կիւլը դարձաւ նախագահ, նրան շնորհաւորական ուղերձներ յղեցին Ռոպերթ Քոչարեանը, Վարդան Օսկանեանը եւ Րաֆֆի Յովհաննիսեանը:
Թուրքիայի Հանրապետութեան ազգային տօնը Հայաստանի կողմից նախագահի մակարդակով շնորհաւորելը իրաւամբ հակասական ու քննադատական մեկնաբանութիւնների տեղիք կարող է տալ Հայաստանում եւ սփիւռքում: Անշուշտ, ինչպէս Թուրքիայի հանդէպ այլ նախաձեռնութիւնների դէպքում (նախագահ Կիւլին Երեւան հրաւիրելը, ապրիլի 24-ի նախօրէին «ճանապարհային քարտէսի» մասին յայտարարելը, Հայաստան-Թուրքիա երկու արձանագրութիւններ ստորագրելը, փակ սահմանների առկայութեան պայմաններում Պուրսա մեկնելը, արձանագրութիւնները յետ չկանչելը), Թուրքիայի ազգային տօնը շնորհաւորելու հարցում եւս նախագահ Սարգսեանին պաշտպանողների պակաս, գոնէ` Հայաստանում, չի զգացւում:
Թուրքերը իրենց ազգային տօնը նշում են հոկտեմբերի 29-ին: Բայց թուրքերի համար տօն է նաեւ յաջորդ օրը` հոկտեմբերի 30-ը: Թուրքերը այդ օրը նշում են հայերից Կարսի «ազատագրումը»: Կարսում կազմակերպուող ամէնամեայ միջոցառմանը յաճախ մասնակցում են Թուրքիայի բարձրաստիճան պաշտօնեաները` նախագահները եւ վարչապետները:
Հայ ժողովրդի պատմութեան մէջ հոկտեմբերի 30-ը ամենաողբերգական օրերից է: 1920 թուականի այդ օրը Հայաստանի Առաջին Հանրապետութեան մեծութեամբ երրորդ քաղաքը եւ Բագրատունեաց Հայաստանի մայրաքաղաքներից մէկը` Կարսը, անցաւ քեմալականներին: Քեազիմ Քարապեքիրի զօրքերը, գրեթէ չհանդիպելով դիմադրութեան, գրոհով վերցրին քաղաքը, ապա եւ ամբողջ Կարսի մարզը: Հազարաւոր հայեր սրի քաշուեցին ու գերի ընկան: Հայաստանի Հանրապետութիւնը Կարսի եւ համանուն մարզի անկումով կորցրեց աւելի քան 20 հազար քառակուսի քիլոմեթր տարածք:
1991-ից ի վեր Հայաստանում որեւէ մակարդակով չի յիշատակւում Կարսի անկման օրը: Երբեմն թերթերում այդ մասին յօդուածներ են գրւում: Կարսը արժանի չէ՞ յիշատակուելու: Եթէ Հայաստանը եւ նրա գործող առաջնորդը իրենց շռայլութիւն են տալիս եւ շնորհաւորում Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման օրը` հոկտեմբերի 29-ը, ապա գոնէ Հայաստանի շարքային քաղաքացիները իրաւունք եւ համարձակութիւն չունե՞ն հոկտեմբերի 30-ին ինչ-որ կերպ յիշել ու յիշատակել Կարսի ողբերգական եւ անարդար անկումը:
Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան
- 0 Comments
- 50 views
- Tweet
Email
Print



